24.11.2024
Պեսկով. Մոսկվան ողջունում է Ղարաբաղում լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած քայլ
prev Նախորդ նորություն

Վիեննայում մայիսի 16-ին նախատեսվում է ՀՀ ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը

ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր հայտարարել է, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մտադիր է Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հետ միասին մասնակցել մայիսի 16-ին Վիեննայում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի հանդիպմանը:

«Հաջորդ շաբաթ Վիեննայում պլանավորված է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպում: Պլանավորված է նաև, որ դրան մասնակցելու են ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երեք երկրների՝ Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա, արտգործնախարարները»,- ասել է Զախարովան: Զախարովան ընդգծել է, որ խոսքը հենց պլանների մասին է. «Մենք կհայտնենք, երբ կլինեն ստույգ պայմանավորվածություններ ու ժամկետներ: Ռուսաստանը հուսով է, որ հանդիպումը նպաստելու է տարածաշրջանում իրավիճակի բարելավմանը:

Ներկայումս այդ պլաններն ակտիվորեն մշակվում են: Մենք ելնում ենք նրանից, որ նման հանդիպումը կարող է և պետք է նպաստի հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանը, և բնականաբար պետք է անհրաժեշտ պայմաններ ստեղծի բանակցային գործընթացի վերսկսման համար, որն ուղղված կլինի համապարփակ կարգավորմանը հասնելուն»:

Իր հերթին, ԵԱՀԿ-ում ՌԴ-ի ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը հայտարարել է, որ հանդիպումը կկայանա մայիսի 16-ին, փոխանցում է "Интерфакс"-ը: ՀՀ նախագահի մամուլի խոսնակը ասել է, որ հայկական կողմը հնարավոր հանդիպման մասին հանդես կգա հայտարարությամբ: