24.11.2024
Ռոբերտ Քոչարյանն ու Բակո Սահակյանը քննարկել են շփման գծում իրավիճակը
prev Նախորդ նորություն

Միջնորդներ. Սարգսյանն ու Ալիևը կարող են հանդիպել հաջորդ շաբաթ

Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կարող են հաջորդ շաբաթ հանդիպել Վիեննայում: Այդ մասին ասված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ, որը հրապարակվել է կազմակերպության կայքում:

Հայտարարության մեջ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը՝ Ռուսաստանի Դաշնությունից, Ջեյմս Ուորլիքը՝ Միացյալ Նահանգներից, և Պիեռ Անդրյոն՝ Ֆրանսիայից, վերահաստատել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական կարգավորման միջնորդ հանդես գալու իրենց հանձնառությունը:

«Շփման գծում վերջերս տեղի ունեցած բռնության սրման և լարվածության շուտափույթ նվազման անհրաժեշտության ֆոնին մենք կարծում ենք, որ եկել է Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպման ժամանակը»,- նշել են համանագախահները:

Ինչպես վստահեցրել են համանախագահները, Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի արտգործնախարարները «պատրաստ են կազմակերպել այդ հանդիպումը հաջորդ շաբաթ Վիեննայում»:

«Նրանց հիմնական խնդիրները կլինեն ամրապնդել հրադադարի ռեժիմը և համաձայնության փորձել հասնել վստահության կառուցման միջոցների վերաբերյալ, ինչը բարենպաստ պայմաններ կստեղծի քննարկվող բաղադրիչների և սկզբունքների հիման վրա համապարփակ կարգավորման շուրջ բանակցությունների վերսկսման համար »,- նշել են Մինսկի խմբի համանագախահները:

«Բանակցությունները չեն պսակվի հաջողությամբ, եթե բռնությունը շարունակվի, և չի կարող լինել խաղաղություն առանց բանակցային գործընթացի»,- նշել են դեսպանները՝ ընդգծելով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում:

Մինչ այդ, պաշտոնական Երևանը հայտարարել էր, որ կմասնակցի ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններին երեք պայմանների առկայության դեպքում՝ շփման գծում ողբերգական իրադարձությունների հետաքննությունների մեխանիմզի ներդրման, հրադադարի ռեժիմի խախտումների հետ կամպած միջնորդների հասցեական հայտարարությունների, ինչպես նաև Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիայի չձեռնարկելու երաշխիքների դեպքում:

Հիշեցնենք, որ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել էր լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման էին ենթարկվել ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը։