24.11.2024
Օհանյան. հակառակորդը ցանկացած պահի կարող է վերսկսել գործողությունները
prev Նախորդ նորություն

ԱԳՆ. ՀՀ նախագահը նախապես կտեղեկացնի գործընկերներին ԼՂ անկախության ճանաչման մասին

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման որոշում կայացնելու դեպքում Հայաստանի Հանրապետության նախագահը նախապես այդ մասին կտեղեկացնի իր գործընկերներին, հայտարարել է Հայաստանի արտգործնախարարությունը:

«ՀՀ Ազգային ժողովի երկու պատգամավորների` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման մասին նախաձեռնության վերաբերյալ կառավարության եզրակացության շուրջ ասեկոսեներն անտեղի են: Կառավարության եզրակացությունը չի նշանակում հավանություն այդ նախաձեռնությանը», - նշված է ԱԳՆ հայտարարությունում:

«Որպես կանխատեսելի և վստահելի գործընկեր՝ նման կարևոր որոշման կայացման պարագայում Հայաստանի Հանրապետության նախագահը նախապես կտեղեկացնի իր գործընկերներին, առաջին հերթին` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարներին», - նաև ասված է հայտարարությունում:

Հայաստանի արտգործնախարարությունը նաև հույս է հայտնել, որ` «Ադրբեջանն իր մեջ բանականություն կգտնի և զերծ կմնա ապրիլի սկզբին սանձազերծած արկածախնդրության կրկնությունից»:

«Ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման այլընտրանքի բացակայության գիտակցմամբ է միայն հնարավոր վերադարձնել գործընթացը բանակցային դաշտ և գտնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրագործման արդար և արդյունավետ ուղին», - նաև ասված է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեչության տարածած հաղորդագրությունում: