25.11.2024
Գործադիրը հաստատեց ՀՀ էներգետիկայի բնագավառի զարգացման մինչև 2040թ ռազմավարական ծրագիրը
prev Նախորդ նորություն

«Ռուս գործակալներին» չի բացահայտել, այլ ամրապնդել է հայ-ռուսական հարաբերությունները

Հայաստանի ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանը Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում պատասխանել է իր հասցեին հնչող մեղադրանքներին, թե պաշտոնավարման ընթացքում հակառուսական քաղաքականություն է վարել եւ բացահայտել «ռուս գործակալներին»:


Նրա խոսքով՝ ԱԱԾ տնօրեն նշանակվելուց հետո երկրորդ օրը նա կանչել է համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցներին եւ հանձնարարել, ամեն ինչ անել, որպեսզի «հնարավորինս բարելավվեն հայ-ռուսական հարաբերությունները, հատկապես՝ հատուկ ծառայությունների ոլորտում»: «Այդ ուղղությամբ տրվել են բազմաթիվ առաջադրանքներ, ինչպես նաև կազմվել են բազմաթիվ գրավոր փաստաթղթեր, որոնք այժմ առկա են ԱԱԾ-ում», - հայտարարեց Քյարամյանը:


Նրա խոսքով՝ այդ ամենն ինքն արել է՝ ելնելով նրանից, որ, նախ, բարձր է գնահատում հայ-ռուսական հարաբերությունների կարևորությունը, երկրորդ՝ վստահ է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների որակից է կախված Հայաստանի ազգային անվտանգության մակարդակը։


Ինչ վերաբերում է կոնկրետ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությանը, թե Քյարամյանը զբաղված է եղել ԱԱԾ-ում «ռուսական գործակալների» որոնմամբ, նա պատասխանել է հետեւյալ կերպ: «Մարդը, որն իր թիկունքում ունի երեք նախագահական ժամկետ, պետք է հասկանա, որ բարեկամ երկրները միմյանց մոտ գործակալներ չունեն», - ասել է նա:


VERELQ-ը հիշեցնում է, որ Արգիշտի Քյարամյանն ազատվել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից։ Հրաժարականի պատճառները չեն նշվել։ 2020 թվականի դեկտեմբերի 24-ին Արգիշտի Քյարամյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ։