Գիտաժողով-դպրոցը մեկ հարկի տակ կհամախմբի կայացած մասնագետներին և երիտասարդներին
ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնը /ԳԿՄԿ/ դեկտեմբերի 11-13-ը, համախմբելով գիտության տարբեր բնագավառների ուսումնասիրությամբ զբաղվող երիտասարդ հետազոտողների, գիտնականների, ասպիրանտների և մագիստրանտների, կազմակերպում է «Ապագայի Հայաստան» երիտասարդ գիտնականների գիտաժողով-դպրոց:
Ծրագիրը Գիտ. կոմիտեի աջակցությամբ նախատեսված է եղել իրականացնել դեռ մարտ ամսին, սակայն համավարակի և երկրում հայտարարված ռազմական դրության պատճառով հետաձգվել է: Նախատեսվող գիտաժողով-դպրոցի ընթացքում զեկուցումներով հանդես կգան դասախոսներ, ասպիրանտներ ու մագիստրոսներ, գիտության տարբեր ոլորտներում կայացած գիտնականներ: Գիտաժողով-դպրոցը մասամբ հեռավար է անցկացվելու՝ հնարավորություն ընձեռելով բազմաթիվ հետաքրքրվողների ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից, մասնակցելու աշխատանքներին:
Գիտաժողով-դպրոցը միտված է մեկ հարկի տակ համախմբելու երիտասարդներին ու կայացած մասնագետներին, որոնք հնարավորություն կունենան հագեցած օրակարգով բովանդակալից ու թիմային քննարկումներ կազմակերպել՝ ուղենշելով երկրի գիտական հնարավորություններն ու գիտական միտքը:
Գիտաժողովի բացումը կկայանա դեկտեմբերի 11-ին, ժամը 10:00-ին Գիտությունների ազգային ակադեմիայի Գիտակրթական միջազգային կենտրոնում: "Մենք հնարավորություն ենք ստեղծել, որպեսզի փորձառուգիտնականները կարողանան իրենց գիտելիքները հաղորդել երիտասարդ սերնդին",- ասում է կազմկոմիտեի անդամ, ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ դեկան Ատոմ Մխիթարյանը:
Համաճարակային իրավիճակից ելնելով՝ գիտաժողով-դպրոցն իր աշխատանքները կշարունակի փոքր խմբով՝ դեմ առ դեմ ձևաչափով: