Այժմ աշխատանք է տարվում Ռուսաստանից պաշտպանական վարկով ձեռք բերված զենքի պայմանագրերի ստորագրման աշխատանքների արագացման ուղղությամբ: Այս մասին ապրիլի 27-ին հայտարարել է Միջազգային անվտանգության հարցերով համաժողովին մասնակցելու համար Մոսկվայում գտնվող՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Նրա խոսքով, նախնական պայմանագրերը համաձայնեցված են, բայց հիմա, ելնելով այն բանից, որ վարկի տրամադրման վերջնական որոշումը (իրենց տեխնիկական պայմանագրերով ու համապատասխան բնութագրերով) նոր է ընդունվել, հիմա դրանք ճշտվում են, որպեսզի աշխատանքներն ավելի արագ ընթացք ստանան: «Այդ աշխատանքների մի մասը, նախնական պայմանավորվածության համաձայն, արդեն կատարվում էր», - ասել է նախարարը:
Անդրադառնալով հայ-ռուսական հրաբերությունների որակին՝ Օհանյանն ասել է, որ չի կարող նշել գեթ մեկ փաստ, որ այդ հարաբերությունները, որպես ռազմավարական գործընկերոջ, ինչ-որ ձևով խախտված են ու չեն կատարվում: «Մանավանդ՝ ռազմական-պաշտպանական ոլորտում հարաբերությունները մնում են նույնը, դրանք նույնն են նույնիսկ մարդկային առումով: Կարծում եմ, որ այդ բոլոր խոսակցությունները, ասեկոսեները, ոչ խորը վերլուծության և իրադրության ոչ խորը գնահատականի արդյունք են», - հավելել է նա, հայտնում է
Ազատությունը:
Օհանյանը նաև տեղեկացևել է, որ Մոսկվայում չի հանդիպել ադրբեջանցի իր գործընկերների հետ և բանակցություններ չեն կախատեսվում, քանի դեռ Բաքուն խախտում է ապրիլի 5-ին ձեռք բերված կրակի դադարեցման պայմանավորվածությունը:
Խոսելով ՀՀ նախագահ Սեր Սարգսյանի՝ պաշտպանական համակարգից միանգամից երեք գեներալների պաշտոններից ազատելու որոշման մասին, նախարարը նշել է, որ նոր պաշտոնաթողություններ չի սպասվում: «Հայաստանի Հանրապետությունում կադրային քաղաքականությունն իրականացվում է պլանավորված, բարձր պաշտոնյաների նկատմամբ այդ քաղաքականությունն իրականացվում է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության հետ համաձայնեցված, և այսօր այդպիսի նոր պլաններ մենք չունենք», - ասել է նա:
Կառավարության ապրիլի 15-ի նիստի օրակարգում է ընդգրկված «ՀՀ կառավարության և Ռուսաստանի միջև ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին համաձայնագրի դրույթների իրականացման վերաբերյալ» որոշման նախագիծը: Այս նախագիծը վերաբերում է Ռուսաստանից Հայաստանին 200 միլիոն դոլար արժողությամբ ռազմական տեխնիկա մատակարարելուն:
Ավելի վաղ ՀՀ կառավարության ընդունած որոշման համաձայն ՊՆ-ին հանձնարարվել էր հստակեցնել ռուսական պաշտպանական 200 միլիոն դոլար վարկի դիմաց ՌԴ-ից Հայաստանին մատակարարվող ժամանակակից սպառազինության և ռազմական տեխնիկայի անվանացանկը, ՌԴ համապատասխան մարմինների (այդ թվում՝ ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության Դաշնային ծառայություն և «ՌոսՕբորոնԷքսպորտ» ԲԸ) հետ քննարկել ու ստորագրել տրամադրվող վարկի շրջանակներում ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարման պայմանագրերը՝ արտացոլելով մատակարարումների ծավալները, ժամկետներն ու գները: