ՀՀ-ն երախտապարտ է ՌԴ-ին կորոնավիրուսային համաճարակի դեմ պայքարում օգնության համար
Հայաստանը երախտապարտ է Ռուսաստանին կորոնավիրուսային համաճարակի դեմ պայքարում ցուցաբերած օգնության համար։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 4-ին, Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք շնորհակալ ենք այն անգնահատելի օգնության համար, որը մեզ ցուցաբերվել է ՌԴ-ի կողմից համաճարակի դեմ պայքարում և հաղթահարել բոլոր այն դժվարությունները, որոնց մեր ժողովուրդը բախվել է վերջին մեկ տարվա ընթացքում», - նշել է նա:
VERELQ-ը հիշեցնում է, որ վերջին օրերին Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու հաստատված դեպքերի թիվն աճել է 1184-ով և հասել 139692-ի։ Վերջին տվյալներով՝ ապաքինվել է 114990 հիվանդ։ Ընդհանուր առմամբ կորոնավիրուսային վարակից մահացել է 2277 մարդ, եւս 583-ը մահացել են այլ հիվանդությունների պատճառով, սակայն նրանց մոտ կորոնավիրուսային վարակ է ախտորոշվել:
Նոյեմբերի 21-ին ՌԴ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ գերատեսչության ղեկավար Միխայիլ Մուրաշկոն Երեւանում հայկական կողմին է փոխանցել «Սպուտնիկ V» կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի նմուշները:
Ավելի ուշ, առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը տեղեկացրել է, որ պատվաստանյութը փորձարկվելու է կամավորների վրա: