23.11.2024
Պայմանավորված պարտություն ու դավաճանություն, որի մեղավորը Փաշինյանն է. Մինասյան
prev Նախորդ նորություն

Հայաստանը պատրաստ է ակտիվ համագործակցության՝ ի նպաստ ԵԱՏՄ հետագա զարգացման. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին, որն անցկացվել է հեռահար կարգով: Նիստին մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի վարչապետ Ալեքսանդր Գոլովչենկոն, Ղազախստանի վարչապետ Ասկար Մամինը, Ղրղզստանի վարչապետի պաշտոնակատար Արտյոմ Նովիկովը, ԵԱՏՄ-ում դիտորդ պետության՝ Մոլդովայի վարչապետ Իոն Կիկը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը:


Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես նշել է.


«Կառավարությունների հարգելի ղեկավարներ,
Պատվիրակությունների հարգելի անդամներ,


Ուրախ եմ ձեզ հետ հանդիպելու և մեր համագործակցության օրակարգի հարցերը քննարկելու հերթական հնարավորության համար: Կցանկանայի շնորհակալություն հայտնել հեռավար ռեժիմով մեր հանդիպումը նախապատրաստելու և այս ծանր իրավիճակում Հանձնաժողովի կողմից կատարված կարևոր աշխատանքի համար:


Համավարակը նշանակալի մարտահրավերներ է ստեղծել բոլորիս համար: Այնուամենայնիվ, այսօր մենք կարող ենք վստահորեն պնդել, որ այն չի ազդել մեր Միության աշխատանքի արդյունավետության վրա:


Հուսով ենք, որ նոր կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի հետագա համաձայնեցված գործողությունները մոտ ապագայում կհանգեցնեն դրական արդյունքների: Համոզված եմ, որ մեր համատեղ աշխատանքը և ծագած դժվարությունները հաղթահարելու ջանքերի համախմբումը լրացուցիչ հիմք կծառայեն մեր միավորման շրջանակում ինտեգրման գործընթացները խորացնելու համար:


Բոլորիս համար այս դժվար ժամանակաշրջանում չափազանց կարևոր է գտնել բոլոր զգայուն հարցերի փոխընդունելի լուծումներ: Մեզ համար հիմնական խնդիրը մնում է ուղևորափոխադրումների հարցը և ՀՀ քաղաքացիների՝ ԵԱՏՄ մի շարք երկրներ մուտքի արգելքի չեղարկումը:


Հայաստանի համար այս տարին, բոլորիդ հայտնի պատճառներով, հատկապես բարդ էր: Բայց մենք չենք դանդաղեցրել համագործակցության մասնակցության տեմպերը և ակտիվորեն ներգրավված ենք եղել մեր ինտեգրացիոն տարածքում տեղի ունեցող բոլոր գործընթացներում:


Պետք է նշեմ, որ այս օրերին մենք լիովին զգացել ենք մեր ընկերների աջակցությունը: Մենք երախտապարտ ենք այն անգնահատելի օգնության համար, որը Ռուսաստանի Դաշնությունը մեզ ցուցաբերեց համավարակի դեմ պայքարում և այս տարի մեր ժողովրդի առջև ծառացած բոլոր դժվարությունները հաղթահարելու գործում:


Հարգելի գործընկերներ,


Հանդիպման օրակարգի վերաբերյալ կցանկանայի կանգ առնել հետևյալ հարցերի վրա․ հայկական կողմն առաջնահերթություն է համարում «Մինչև 2025 թվականը եվրասիական ինտեգրացիայի զարգացման ռազմավարական ուղղությունների» նախագծի լիարժեք իրականացումը:


Այս փաստաթուղթը նպատակաուղղված է անդամ պետությունների տնտեսական զարգացման մակարդակների մերձեցմանը, տնտեսական համագործակցության ոլորտների ընդլայնմանը, Միության կարգավորող ոլորտի և ինստիտուտների բարելավմանը:


Այդ փաստաթղթում նշված առանց խոչընդոտների, թերությունների և սահմանափակումների ընդհանուր շուկաների ձևավորման մեխանիզմները կարևոր գործոն են հանդիսանում չորս ազատությունների գործնական հաստատման և մեր երկրների ազգային տնտեսությունների համագործակցության ու մրցունակության մակարդակի բարձրացման համար: Փաստաթղթի իրագործումը կծառայի աշխարհում Միության հեղինակության ամրապնդմանը և, անկասկած, կնպաստի նրա ներդրումային և նորարարական գրավչության աճին:


Միության անդամ երկրների տնտեսությունների բոլոր ճյուղերում մրցակցության հավասար և ոչ խտրական պայմաններ ստեղծելու անհրաժեշտությունը մեզ համար մնում է կարևոր սկզբունքային հարց: Այդ իսկ պատճառով մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է իրականացնել համակարգված էներգետիկ քաղաքականություն՝ նավթի, նավթամթերքների և գազի ընդհանուր շուկաների, ինչպես նաև էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկայի ձևավորման ուղղությամբ:


Այս առումով, մեծ կարևորություն կունենա ԵԱՏՄ ընդհանուր գազի շուկայի վերաբերյալ միջազգային պայմանագրի ընդունումը, որը ենթադրում է ԵԱՏՄ ընդհանուր գազի շուկայում գնագոյացման և սակագնի սահմանման ընդհանուր մոտեցումների իրականացում, այդ թվում՝ բնական մենաշնորհ ունեցող սուբյեկտի կողմից գազի փոխադրման և տարանցման ընթացքում մատուցվող ծառայությունների միասնական սակագների հարցում:


Մենք կարևորում ենք ընդհանուր գազի շուկայի ձևավորման խնդրի միասնական լուծման որոնման և վերջնական կարգավորման անհրաժեշտությունը: Վստահ ենք, որ այդպիսով կապահովվեն Միության պետությունների էներգետիկ անվտանգության մակարդակի, տնտեսական ինտեգրման և մրցունակության մակարդակի բարձրացման համար անհրաժեշտ պայմաններ:


Հաջորդ հարցը, որին կցանկանայի անդրադառնալ, շինարարության ոլորտում ծառայությունների միասնական շուկայի ստեղծումն է: Այս ոլորտում գործողությունների ծրագրի հաստատումը կարևոր քայլ է այդ ուղղությամբ: Նախատեսվող միջոցառումների համատեքստում կարևոր է ԵԱՏՄ շրջանակում մշակել և կնքել միջազգային համաձայնագիր շինարարության ոլորտում առաջատար տեխնիկական անձնակազմի մասնագիտական որակավորումների փոխադարձ ճանաչման վերաբերյալ:


Եվ վերջում կցանկանայի անդրադառնալ զարգացող և նվազ զարգացած երկրներից ապրանքների և ծառայությունների սակագնային արտոնություններ տրամադրելու խնդրին: Անհրաժեշտ եմ համարում անհապաղ վերանայել սակագնային արտոնությունների միասնական համակարգից օգտվող երկրների ցանկը: Այն պետք է կազմել մեր կողմից իսկ կազմված չափանիշներին համապատասխան:


Հանդիպման հարգելի մասնակիցներ,


Եզրափակելով ելույթս՝ կցանկանայի վերահաստատել Հայաստանի՝ ակտիվ համագործակցության պատրաստակամությունն ի նպաստ եվրասիական ինտեգրման հետագա զարգացմանը, և կոչ անել աջակցել ԵԱՏՄ սակագնային արտոնությունների միասնական համակարգից օգտվող երկրների ցանկը ճշգրտելու մեր նախաձեռնությանը` համաձայն Միության իրավական նորմերի պահանջների:


Հաշվի առնելով, որ սա միջկառավարական խորհրդի այս տարվա վերջին նիստն է, կցանկանայի մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնել բոլորին ակտիվ համագործակցության համար և մաղթել ամենայն բարիք: Շնորհակալություն ուշադրության համար»։


Նիստի ընթացքում քննարկվել են եվրասիական ինտեգրման հարցերի լայն շրջանակ՝ առևտրի, ներքին շուկայի գործունեության, մրցակցության, արդյունաբերության, տեխնիկական կարգավորման և այլ ոլորտներին վերաբերող թեմաներ: Ընդլայնված նիստի ընթացքում ԵԱՏՄ պետությունների կառավարությունների ղեկավարները ստորագրել են նաև նիստի արձանագրություններն ու ընդունված որոշումների մասին փաստաթղթերը: