Երբ թշնամին տեսնում է, որ երկրի ղեկավարը մեծամիտ է, խամաճիկ է և ունակ չէ որևէ բան ղեկավարելու, նա փորձում է իրագործել իր ծրագրածը ողջ մասշտաբով: Պատերազմը սկսվեց, որովհետև պաշտոնների նշանակվեցին մարդիկ, որոնք ունակ չէին ղեկավարելու համապատասխան ոլորտները: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը:
Նա ընդգծեց՝ պարտության պատճառ է ոչ միայն անադեկվատ կառավարումը, այլև այն, որ պաշտոնների էին նշանակում ու հերոսի կոչումներ շնորհում մարդկանց, ովքեր ոչինչ չէին արել.
«Երբ հրամանատարական կետերից հանում են վաստակ ունեցող հրամանատարներին, իսկ գեներարալիտետը, որ կռվել էր երկու պատերազմներում, հեռացվում է, և ասպարեզ են բերում մարդկանց, ովքեր ունակ չէին պատերազմ վարելու կամ չգիտեին՝ իրենից ինչ է ներկայացնում պատերազմը, բնականաբար, պետք է պարտություն կրեինք: Երբ չկայացած գերագույն գլխավոր հրամանատարը բանակը այլասերողին նշանակում է բարձր պաշտոնի ու վստահում սահամանային պաշտպանությունը, բնականաբար, մենք պետք է պարտություն կրեինք», - ասաց Մինասյանը: Ճշտեղ հարցին, թե ում նկատի ունի, Մինասյանը հստակեցրեց՝ խոսքը Սահմանապահ զորքերի հրամանատարի մասին է։
Նրա խոսքով, երբ պատերազմը դեռ Ջաբրայիլում էր, Փաշինյանը Գորիսում հանդիպում է համայնքների ներկայացուցիչների և զինվորականների հետ և ասում ժողովուրդ, եկեք փրկենք Սյունիքը: «Առաջին խուճապ տարածողը դառնում է գերագույն գլխավոր հրամանատարը: Մեղրեցին, կապանցին, ով կռվում է Ջաբրայիլում, երբ լսում է գերագույն գլխավոր հրամանատարի խոսքը՝ «եկեք փրկենք Սյունիքը», հարց է ունենում՝ «այդ դեպքում ես ինչո՞ւ եմ Ջաբրայիլում, երբ Սյունիքը վտանգված է» և, բնականաբար, պետք է հետ գար Սյունիքը պահելու»,- նշեց նա:
Աշոտ Մինասյանը գեներալ ընկերներին կոչ արեց խոսել ու ներկայացնել պատերազմի մասին ողջ իրականությունը, որպեսզի պարզ կդառնա՝ ովքեր են իրական պարտվողներն ու իրական դավաճանները:
«Սիսական» ջոկատի հրամանատարը նաև բացահայտում արեց.
«Գերագույն գլխավոր հրամանատարը ոչ ադեկվատ, գուցե հարբած վիճակում հրաման է արձակում, որ եթե կարողանան գրավել Լելե Թեփեն՝ հերոսի կոչումներով կպարգևատրի: Չկայացած գեներալիտետը փաստն ընդունում է որպես իրողություն և հրաման, անցնում է հարձակման: Երբ զեկուցում են, մեկին՝ գեներալի, երկուսին հերոսի կոչում է շնորհում: Իսկ նպատակն ընդամենն այն է, որ ներկայացնի՝ «դուք տվել եք Լելե Թեփեն, ես ազատագրել եմ»: Ոգևորվելով այդ ամենից՝ սկսում են առաջանալ մինչև համապատասխան խաչմերուկ: Այդ ժամանակ իրավիճակը Գրիգորյանի հետ քննարկելով, նա հարցնում է՝ «ի՞նչ վիճակ է, զորքը հասե՞լ է տանկերի հետևից»: Չներկայացնեմ՝ ինչքան տանկ ենք տվել թշնամուն, որքան զոհ ենք տվել: Եթե զինվորը տանկերի հետ նույն տեղում չի, մեր տանկերը դառնում են թիրախ թշնամու համար, զորքը սկսում է թափով նահանջել: Բայց փախնող զորքի հրամանատարին շնորհում են հերոսի կոչում և ոչ ոք չի ասում՝ ինչպե՞ս է այդպես ստացվում: Փախնող զորքի հրամանատարին, խոսքը նաև Սիսիանի գնդի հրամանատարի մասին է, նշանակում են Սովետաշենի գնդի հարամանատար»,- շեշտեց նա:
Ամփոփելով իր խոսքը, Մինասյանն ընդգծեց՝ այս ամենը վկայում է, որ պայմանավորված պարտություն տանելու իրավիճակ էր ստեղծվել, դավաճանություն, որի համար հիմնական մեղավորը Նիկոլ Փաշինյանն է:
Ի դեպ, Մինասյանը ևս մի դրվագ հիշեցրեց, որն, ըստ նրա, ապացուցում է պայմանավորված պարտության և դավաճանության մասին իր թեզը.
«Դեռ հունվարին Նիկոլ Փաշինյանն ասուլիսում հայտնել է, որ Տաթև-Աղվանի ճանապարհն է կառուցվում: Փաշինյանն այն գլխից դեռ գիտեր, որ Գորիս-Կապան ճանապարհը հանձնելու է: Ու այս ճանապարհը սկսեց կառուցել»: