23.11.2024
Արձանագրենք՝ ԳՇ պետի զգուշացումներից հետո Փաշինյանը գնաց ամենավատ պայմանների. Աբրահամյան
prev Նախորդ նորություն

Հրճվանքը զարմանալի է, քանի որ ՌԴ և Պուտինի համար Փաշինյանը բնական է դավաճան չի. Զոհրաբյան

Չեմ կարծում, որ Ռուսաստանի նախագահի հայտարարությունները պետք է տարընթերցման տեղիք տան: Վլադիմիր Պուտինը շատ հստակ տվեց մի քանի հարցերի պատասխաններ: Այս մասին VERELQ-ի հետ զրույցում ասաց ԱԺ "Բարգավաճ Հայաստան" խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:


"Երբ Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն ստում և ասում էր մինչև վերջին պահը և ասում է նաև հիմա, որ պատերազմի  դադարեցման ցանկացած ելքի դեպքում մենք Շուշին  պիտի հանձնեինք առանց մարտի, Փաշինյանը ստում է, որովհետև ՌԴ նախագահը շատ հստակ ասաց, որ երբևէ խաղաղ բանակցության գործընթացում  Շուշիի հարց դրված չի եղել և այն ծագել է այս հակամարտության ընթացքում",- ասաց պատգամավորը:


Այն, որ Պուտինի հայտարարությունները տարընթերցման առիթ դարձան պատգամավորին զարմացնում է.


"Երբ Փաշինյանն իր փառասիրությանը հագուրդ տալու համար, անտեսելով ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտապի պետի տված տեղեկատվությունը, որը նրան ներկայացվել է պատերազմի 4-րդ օրը, թե պատերազմը պետք է դադարեցվի, քանի որ մեր ռեսուրսները բավարար չեն, իր ընտանիքի անդամների սելֆիները ապահովելու համար շարունակեց պատերազմը, ինչն արձանագրեց նաև ՌԴ նախագահը՝ նշելով, որ հոկտեմբերի 20-ին ռեալ հնարավորություն կար Հայաստանի համար նվազագույն կորուստներով  և նաև Շուշին պահպանելով գնալ պատերազմի դադարեցման, այստեղ որևէ տարընթերցման տեղիք ևս չկա: Եվ եթե մնացել է դեռևս ՀՀ-ում որևէ քաղաքացի, ով կասկածում է, որ  Նիկոլ Փաշինյանը սեփական փառասիրությունը, սեփական  աթոռը պահպանելու  համար վաճառել է Շուշին և հանձնել է Արցախը, ապա ես ուզում եմ տեսնել ու նայել այդ քաղաքացու աչքերին: Հստակ ասվեց Ռուսաստանի նախագահի կողմից՝ Շուշին հանձնելու հարց բանակցային գործընթացում չի եղել, պատերազմը հնարավոր էր դադարեցնել հոկտեմբերի 20-ին, ինչի առաջարկը եղել է և ինչին համաձայնել է Ալիևը, պահպանելով Շուշիի նկատմամբ հայկական վերահսկողությունը, Նիկոլ Փաշինյանը դա մերժել է: Եվ այսքանից հետո, եթե նա չհավաքի իր ողջ քաղաքական թիմը  և չհեռանա իշխանությունից և հայ ժողովուրդը չպահանջի այդ քաղաքական թիմի հեռացումը, ուրեմն ցավոք սրտի, մենք պիտի արձանագրենք, որ չունենք արժանապատվություն",- ասաց նա:


Նաիրա Զոհրաբյանի խոսքով, Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ այս պահին ինքն այլևս չի կարող իր մանիպուլյացիաներով, 30 տարվա իր մշտական "լոլոներով"՝ թալանը, օլիգարխները և այլն շարունակել կերակրել իր կողմից դավաճանված հասարակությանը.


"Կարծում եմ, Փաշինյանը կշարունակի իր հիստերիկ լայվերով խաղալ  հասարակության ցածրակարգ բնազդների վրա, թե՝ թալանը բերելու է կոպեկ առ կոպեկ, սրան-նրան նստացնելու է, հստակ հաշվարկելով, որ կա հասարակության մեջ մի խավ, ով ատելության այս մթնոլորտում ջղաձիգ ելույթներից էմոցիոնալ ադրենալին է ստանում",- շեշտեց նա:


Ինչ վերաբերում է Վլադիմիր Պուտինի այն հայտարարությանը, թե Նիկոլ Փաշինյանին ճիշտ չէ դիտարկել որպես դավաճան, Զոհրաբյանն ասաց, որ  զարմանում է, որ Փաշինյանի թիմակիցներն ու նրա աջակիցները պոկել են Պուտինի ամբողջ ասածից մի  նախադասություն և ակտիվ այն տարածում.


"Բնականաբար Ռուսաստանի և Պուտինի համար Նիկոլ Փաշինյանը  դավաճան չէ:  Հայաստանի և Արցախի համար Փաշինյանը դավաճան է: Ավելին՝ ես առաջարկելու եմ "Հիշատակի և տոն օրերի մասին" օրենքում փոփոխություն, որտեղ  նոյեմբերի 10-ը՝ Նիկոլ Փաշինյանի կողմից Արցախը թուրքին հանձնելու եռակողմ համաձայնության ստորագրման օրը նշվի որպես սգո օր, որպես դավաճանության օր",- հավելեց մեր զրուցակիցը:


VERELQ-ը հիշեցնում է, որ նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատմել է Փաշինյանի պատճառով Ալիեւի հետ ձախողված բանակցությունների մասին, մասնավորապես, որ Փաշինյանը հրաժարվել է խաղաղ փախստականներին Շուշի քաղաք վերադարձնելու Ադրբեջանի պայմանին, ինչը ենթադրում էր ոչ միայն հայկական կողմի հսկողության Շուշիում, այլև ռուս խաղաղապահների ներկայություն: Այդ առաջարկը եղել է հոկտեմբերի 19-20-ին.


«Ինձ վարչապետն այդ ժամանակ ասել էր. «Ոչ, չենք կարող դա ընդունել, մենք կպայքարենք, կպատերազմենք»: Այդ պատճառով նրա հասցեին արված ինչ-որ դավաճանության մասին հայտարարություններն անհիմն են: Խնդիրն այլ է՝ ճիշտ էր, թե սխալ, բայց այդ հարցում խոսք անգամ չէր կարող գնալ ինչ-որ դավաճանության մասին»,- հայտարարել է ՌԴ նախագահը: