24.11.2024
Օբաման կրկին խուսափեց «ցեղասպանություն» եզրույթից
prev Նախորդ նորություն

Սարգսյան. մատնացու՛յց արեք ագրեսորին, որ հնարավոր լինի առաջ շարժվել

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման գործընթացում Ռուսաստանի դերակատարության մասին հարցի շուրջ՝ ասելով, որ առանց մատնացույց անելու ագրեսորին հնարավոր չի լինի դասեր քաղել և բանակցություններում առաջ շարժվել:

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ համաժողովի աշխատանքներին մասնակցող ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը նիստերի միջև նախատեսված ընդմիջման ժամանակ շփումներ է ունեցել համաժողովի պատվիրակների հետ, զրուցել տարբեր մասնակիցների հետ, ներկայացրել Հայաստանի տեսակետը առանձին հարցերի վերաբերյալ:

Իր խոսքում Սարգսյանը հիշեցրել է, որ ապրիլի 22-ին ընդունել է Երևան ժամանած ՌԴ արտգործանախարար Սերգեյ Լավրովին ու ներկայարցել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ ապրիլի 2-ին սանձազերծված լայնածավալ հարձակման արդյունքում ստեղծված իրավիճակից հետո հայկական կողմի դիրքորոշումը:

"Երեկ ես ընդունել եմ Երևանում այցով գտնվող արտգործնախարար Լավրովին, ում ներկայացրել եմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ հարձակման արդյունքում ստեղծված իրավիճակից հետո մեր դիրքորոշումը:

«Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, ակտիվ ներգրավված է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում: Տարիներ շարունակ մենք այդ գործընթացի պատասխանատու մասնակիցն ենք եղել, փորձել ենք գտնել փոխընդունելի որոշումներ, լինել կառուցողական: Ակնհայտ է, որ Ադրբեջանի կողմից 1994թ. հրադադարի համաձայնագիրը կոպտորեն ոտնահարելը բանակցային գործընթացը մղեց հեռու մի կողմ: Մենք համոզված ենք եղել, որ իսկապես այդ հարցը կարող է լուծվել բացառապես փոխզիջումների հիման վրա, խաղաղ ճանապարհով, բայց այսօր ունենք այլ իրավիճակ:

Ոտնահարվել են զինադադարի և դրա ամրապնդման մասին համաձայնագրերը, արհամարհվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների համատեղ 5 հայտարարությունները, կատարվել են ռազմական սահմռկեցուցիչ հանցագործություններ. ու մենք հիմա ասում ենք բոլորին՝ մատնացու՛յց արեք ագրեսորին, մատնացու՛յց արեք, որ դասեր քաղվեն ու հնարավոր լինի առաջ շարժվել»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ապրիլի 2-ի գիշերը կտրուկ սրվեց իրավիճակը: Սկսվել էին թեժ մարտեր հակամարտ զորքերի միջև, ինչից հետո կողմերը մեղադրեցին միմյանց հրադադարի խախտման մեջ: Ապրիլի 5-ին ժամը 12:00-ին կրակի դադարեցման պայմանավորվածություն ձեռք բերվեց, որն ինչպես հետագայում պարզվեց հնարավոր դարձավ Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի Զինված ուժերի շտաբի պետերի հանդիպման արդյունքում: Ադրբեջանն ընդունել է 31 զինծառայողի զոհվելու մասին լուրը:

Ադրբեջանական ընդդիմադիր ԶԼՄ-ները, սակայն, հրապարակել են 93 հոգու զոհվելու, 33 վիրավորի, ևս 6 անհետ կորածի փաստը հաստատող տեղեկություններ: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 500-ը: Հայկական կողմն ունի 92 զոհ, 122 զինծառայող վիրավորվել է: