VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» թերթը գրում է. «Այս օրերին Արցախում են Հովիկ Աբրահամյանը, Վլադիմիր Գասպարյանը, Արմեն Գեւորգյանը, Յուրի Խաչատուրովը, Սեյրան Օհանյանը։ Արցախ է մեկնել «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։ Այստեղ է նաեւ Ռոբերտ Քոչարյանը՝ կրտսեր որդու հետ։ ՀՀ երկրորդ նախագահը հանդիպումներ է ունեցել Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Լեւոն Մնացականյանի, Վիտալի Բալասանյանի, Արշավիր Ղարամյանի եւ ուրիշների հետ։ 90-ականների պատերազմի բովով անցած հրամանատարներն ու պետական գործիչները քննարկում են իրավիճակը, փորձում գնահատել, թե ինչ զարգացումներ են սպասվում Արցախում, եւ ով ինչով ու ինչպես կարող է օգտակար լինել հաղթանակի գործին»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 27-ից Արցախում տիրող լարվածությունը հանգեցրել է նրան, որ ընդունվում եւ անհետաձգելի են համարվում օրենսդրական նախաձեռնություններ, որոնք պայմանավորված են սահմանային լարվածությամբ: Երեկ էլ խորհրդարանում ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանի կողմից առաջին ընթերցմամբ ներկայացվել եւ ընդունվել է «Պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այս նախագծով առաջարկվում է պաշտպանության ոլորտում կառավարության լիազորությունների շարքում ներառել նաեւ հանրապետության տնտեսության զորահավաքային պլանը հաստատելու իրավասությունը: Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ այսօր այսպիսի զորահավաքային պլան հաստատելն արդիական է՝ պայմանավորված Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններով եւ ՀՀ-ում հայտարարված ռազմական դրությամբ: Ընդ որում, կառավարությունը նախագծի ընդունումը համարել է անհետաձգելի. ավելին՝ հանրապետության տնտեսության զորահավաքային պլանն արդեն մշակված է եւ համաձայնեցված ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ: Առաջարկվող կարգավորմամբ լրացում է կատարվելու «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածում, որը վերաբերում է պաշտպանության ոլորտում ՀՀ կառավարության լիազորություններին: Լրացման արդյունքում զորահավաքային պլանը հետայսու կհաստատվի ՀՀ կառավարության կողմից` ղեկավարվելով «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի լրամշակված 7-րդ հոդվածով:
Նկատենք, որ նախկին Սահմանադրության պայմաններում զորահավաքային նախապատրաստական տարբեր աշխատանքների ընթացքում հաստատման ենթակա պլանները եւ կարգերը հաստատվում էին ՀՀ նախագահի հրամանագրերով: Երկու տարի առաջ Իլհամ Ալիեւը հույս ուներ, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արցախյան հիմնահարցում կգնա զիջումների, քանի որ բացասական վերաբերմունք է ունեցել այդ կլանի, այսինքն՝ Հայաստանի նախկին նախագահների նկատմամբ, սակայն այդ հույսերը չարդարացան: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ռուս ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեեւը: Նրա խոսքով՝ այս իրավիճակը 2016 թվականից տարբերվում է հատկապես Թուրքիայի ակտիվ մասնակցության առումով: «Եթե այդպես շարունակվի, Թուրքիան «վա բանկ» կգնա, որովհետեւ Թուրքիայում տնտեսությունը անկում է ապրում: Ռուսաստանը շատ խիստ է լինելու Թուրքիայի նկատմամբ, հատկապես որ թուրքական ինքնաթիռը խախտել է Հայաստանի օդային սահմանը` խփելով ինքնաթիռը: Դա միջազգային իրավունքի կոպիտ խախտում է», – նշեց նա եւ ընդգծեց, որ այս օրերին ՌԴ նախագահը երկու անգամ խոսել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, սակայն Ադրբեջանի եւ Թուրքիայի ղեկավարների հետ՝ ոչ: Միեւնույն ժամանակ նա նկատեց, որ ադրբեջանական կողմին չի հաջողվի «բլից կրիգ» անել, կորուստները բավականին շատ են, հայկական կողմը կարողացել է ճեղքել Ադրբեջանի շրջափակումը, եւ երկար այդպես դիմանալ չի կարող: «Ադրբեջանը պետք է ինչ-որ բան կորցնի, որ հասկանա, որ եթե նորից հարձակվի, ավելին կկորցնի»,- հավելեց նա»:
«Հրապարակ» թերթը գրում է. « Սահմանադրության համաձայն, վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր` պատերազմական այս օրերին, երկրի գերագույն հրամանատարը չէ։ Բանն այն է, որ, մայր օրենքի համաձայն, վարչապետը գերագույն հրամանատար է դառնում միայն փաստացի հայտարարված պատերազմի ժամանակ։ Իսկ Սահմանադրությունը պատերազմի եւ խաղաղության հաստատումը սահմանում է 118-րդ հոդվածով, ըստ այդմ՝ «ԱԺ-ն՝ կառավարության առաջարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ կարող է ընդունել պատերազմ հայտարարելու կամ խաղաղություն հաստատելու մասին որոշում», ԱԺ նիստ գումարելու անհնարինության դեպքում «պատերազմ հայտարարելու հարցը լուծում է կառավարությունը»: Փաստ է, որ ո՛չ ԱԺ-ն է նման որոշում ընդունել, ո՛չ կառավարությունը՝ մենք գործ ունենք բանավոր հայտարարությունների հետ, որոնք չեն կարող հիմք դառնալ, որ վարչապետը հռչակվի ՀՀ գերագույն հրամանատար։ Սա նշանակում է, որ ԶՈՒ պատասխանատուն շարունակում են մնալ ՀՀ պաշտպանության նախարարը եւ գլխավոր շտաբը։ Այսինքն, մի խելքը գլխին իրավաբան չկա, որ հուշի իմքայլականներին՝ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ, որ իրենց ֆեյսբուքյան էջերը չողողեն Նիկոլ Փաշինյանի լուսանկարներով՝ վերնագրելով՝ «գերագույն հրամանատարը»։ Կամ էլ գուցե գիտեն, բայց հաճոյանում են առաջնորդին։ Աբսուրդն այն է, որ այս արտահայտությունն օգտագործում են նաեւ ընդդիմադիրները․ Էդմոն Մարուքյանը եւ նրա կուսակիցները ԱԺ ամբիոնից Փաշինյանին դիմում էին «գերագույն հրամանատար» ձեւակերպմամբ»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մտադրությունը՝ զորակոչին մասնակից դարձնել նաև բանակից նոր զորացրված իր որդուն, ոգևորությամբ է ընդունվել Արցախում: Բազմաթիվ արցախցիներ համոզված են, որ այդ քայլին կհետևի Արցախի մեծ թվով գեներալների ու պաշտոնյաների որդիների զորակոչը բանակ, որոնք, չնայած պատերազմին, շարունակում են վայելել քաղաքացիական կյանքի ազատություններն ու վայելքները: Չի կարող, չէ՞, վարչապետ Փաշինյանի որդին զորակոչվել բանակ, իսկ գործող ու պաշտոնաթող գեներալների որդիները՝ ոչ»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Տնտեսության վրա Արցախյան մեծ պատերազմի հետևանքների մասին կարող ենք խոսել ռազմական գործողությունների ավարտից հետո։ Այստեղ պետք է կարևորը լինի հետևանքների վերացումը։ Իսկ թե ինչպիսին կլինեն հետևանքները, դժվար է ասել։ Տարբեր երկրների փորձը, սակայն, ցույց է տալիս, որ հետպատերազմական շրջանում վերականգնման մի քանի սկզբունքներ կան, ու շատ կարևոր է, որ մեր քաղաքականությունը կառուցենք այդ սկզբունքների վրա։ Այս մասին «ժամանակ»-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Արմեն Քթոյանը»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 6-ին կմեկնարկի ԱԺ հերթական քառօրյան, բայց քանի որ որեւէ մեկին հայտնի չէ, թե պատերազմը որքան կձգվի, նախօրեին «Իմ քայլը» խմբակցության դռնփակ նիստում որոշել են ԱԺ հանձնաժողովներում տապալել պատերազմին չառնչվող եւ ոչ հրատապ նախագծերի ընդունումը․ դրանք չընդգրկել առաջիկա օրակարգում, ընդգրկել միայն հրատապ հարցերը։ Ուստի ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովում երեկ քննարկումը հետաձգվեց՝ հիմնական զեկուցողների չներկայանալու հիմքով, իսկ տնտեսական հարցերի հանձնաժողովում նախագծերի հեղինակներն առաջարկեցին քննարկումը հետաձգել 2 ամսով։ Բայց պաշտպանության հարցերի հանձնաժողովում ընդունել են «Պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է կառավարության լիազորություններն ընդլայնել հանրապետության տնտեսության զորահավաքային պլանը հաստատելու իրավասությամբ։ Սա պայմանավորված է Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններով եւ ռազմական դրությամբ: Զորահավաքային պլանը գործողությունների համալիր է, որը թույլ է տալու պատշաճ կերպով զորահավաքային նախապատրաստություն տեսնել, կազմակերպել պետական եւ տարածքային կառավարման, ՏԻՄ-երի, կազմակերպությունների, տնտեսության, բնակչության կենսապահովման, կապի եւ տեղեկատվության համակարգի գործունեության փոխադրումը «պատերազմական ժամանակաշրջանի աշխատանքային ռեժիմի», ինչպես նաեւ «զորքերի ֆինանսավորման, սպառազինման, բնակավորման, էներգետիկ եւ այլ ապահովման ոլորտներում, զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների, զինծառայողներին հավասարեցված անձանց սոցիալական պաշտպանության գործընթացում պետական եւ տարածքային կառավարման մարմինների գործունեությունը»։
«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը պատրաստվում է լրացում կատարել «Զենքի մասին» օրենքում: Օրենքի փոփոխությամբ առաջարկվում է զենք կրելու հնարավորություն տալ նաև պետական եկամուտների և մաքսային ծառայության այն աշխատակիցներին, որոնք զբաղվում են օպերատիվ-հետախուզական գործունեությամբ: Նման փոփոխությունը բացատրվում է այն հանգամանքով, որ օրինակ՝ մաքսային ծառայության աշխատակիցները շատ դեպքերում գործ են ունենում թմրանյութերի կամ զենքի ապօրինի շրջանառությամբ զբաղվող հանցավոր խմբավորումների հետ»:
«Հրապարակ» թերթը գրում է. «ԲՀԿ-ում հույս ունեն, որ իշխանությունները կգնահատեն իրենց աջակցությունը եւ ազատ կարձակեն Գագիկ Ծառուկյանին՝ երկրում ստեղծված պատերազմական իրավիճակով պայմանավորված։ Մեծությամբ երկրորդ խորհրդարանական խմբակցությունում որոշել են թթու խոսք չասել իշխանություններին, որոշ դեպքերում նրանցից ուժեղ ռազմահայրենասիրական ճառեր արտասանել՝ անտեսելով բացթողումներն ու թերությունները։ Ինչպես հայտնի է՝ Գագիկ Ծառուկյանի պաշտպանները բողոքարկել են նրան կալանավորելու դատարանի որոշումը։ Սակայն բողոքի քննության վերաբերյալ նիստ դեռ նշանակված չէ, եւ հասկանալի չէ, թե ինչու են ԲՀԿ-ում նման լավատեսությամբ լցված։ Հիշեցնենք․ Գ․ Ծառուկյանը կալանավորվել է սեպտեմբերի 25-ին, մեղադրվում է 2017 թվականի ընտրությունների հետ կապված գործով։ Նա այժմ գտնվում է առանձնախցում։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 3-ին նշանակված էր նրա ավագ որդու հարսանիքը, որը Ծառուկյանի կալանքի պատճառով հետաձգվել է»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նոր գործընթաց է սկսվում՝ Վճռաբեկ դատարանի նախագահի ընտրության հետ կապված: Ինչպես հայտնի է, Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Երվանդ Խունդկարյանն արդեն ՍԴ անդամ է ընտրվել Ազգային ժողովի կողմից, եւ նրա տեղը թափուր է մնացել: Եվ, ահա, մեզ հասած տեղեկություններով՝ Բարձրագույն դատական խորհուրդն այսօր գործընթաց է սկսում եւ դիմելու է Վճռաբեկ դատարանի անդամներին, հետաքրքրվելու է, թե ովքեր ցանկություն ունեն առաջադրվել որպես Վճռաբեկ դատարանի նախագահ, կամ ում թեկնածությունն են տեսնում: Այսինքն՝ այսօրվանից է գործընթացը մեկնարկում, եւ ԲԴԽ-ն պետք է հասկանա, թե դատավորներից ովքեր կարող են հավակնել այդ պաշտոնին, ովքեր ինքնաբացարկ կհայտնեն, կամ, առհասարակ, ում շանսերն են ավելի մեծ: Նկատենք, որ Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի հոդված 135-ի համաձայն՝ «Դատական դեպարտամենտը պետք է կազմի եւ Բարձրագույն դատական խորհուրդ ներկայացնի Վճռաբեկ դատարանի բոլոր այն դատավորների ցուցակը, որոնք տվյալ դատարանում ունեն ոչ պակաս, քան երեք տարվա դատավորի փորձառություն, չունեն կարգապահական տույժ, չեն պաշտոնավարել Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնում եւ Բարձրագույն դատական խորհրդի անդամ չեն»: Եվ այս գործընթացից դուրս են մնացել Ստեփան Միքայելյանը, որը դարձավ Բարձրագույն դատական խորհրդի անդամ, Էդգար Սեդրակյանը, որի մասով չի բավականացրել միայն ստաժը, քանի որ երեք տարուց պակաս փորձառություն է ունեցել տվյալ դատարանում»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Արդարադատության նախարարությունը ներկայացրել է «Կուսակցությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ: Գործող օրենքով գրանցման պահին կուսակցությունը պետք է ունենա ոչ պակաս, քան 800 անդամ: Գործող օրենքը պահանջում է, որ գրանցման համար անհրաժեշտ այլ փաստաթղթերի հետ արդարադատության նախարարություն ներկայացվի կուսակցության հիմնադիրների ցանկը, անուն-ազգանունները: Կառավարությունն առաջարկում է, որ հիմնադիրների փոխարեն, ներկայացվի կուսակցության անդամների ցանկը՝ անուն-ազգանունները, անձնագրային տվյալները և ստորագրությունները: Կուսակցության հիմնադիրների թիվը կարող է լինել ոչ պակաս 100 մարդ, իսկ անդամների թիվը՝ 800: Սա նշանակում է, որ եթե փոփոխությունների ընդունումից հետո կուսակցությունների վերագրանցում իրականացվի, ապա պետական գրանցում ստացած կուսակցությունների թիվը չի անցնի մեկ տասնյակը, առկա 75-ի փոխարեն»: