23.11.2024
Մամուլ. Արցախցի գեներալները ռազմի դաշտում են
prev Նախորդ նորություն

Մամուլ. Արայիկ Հարությունյանը մարտական մկրտություն ստացավ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. «Այս օրերին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մարտական մկրտություն ստացավ։ Շատերն են հիանում նրա պահվածքով, սակայն առավել ողջունելի է այն, որ նա, ինչպեսեւ խոստացել էր, երկիրը չբաժանեց նախկինների ու ներկաների։ Հակառակը՝ գիտակցում է միասնականության կարեւորությունը, հպարտանում դրանով։ Երեկ նա գրել է․ «Այսօր խորհրդակցություն ենք անցկացրել ՊԲ ձեւավորման ու կայացման ակունքներում կանգնած բարձրաստիճան նախկին հրամանատարների մասնակցությամբ: Այս օրհասական պահին նրանք իրենց միասնականությամբ ու Պաշտպանության բանակի հրամանատարությանը լիովին աջակցելու պատրաստակամությամբ բացառիկ օրինակ են ցուցադրում աշխարհին, որ հայն անպարտելի է, որ հայ ժողովուրդը կարող է միայն հպարտանալ իր հերոս զավակներով»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Մարդիկ առիթը բաց չեն թողնում նախկիններին մեղադրելու համար, որ իշխանությունների ձախողումն են երազում եւ ամեն անհաջողությունից ուրախանում են։ Անգամ ոմանք հայտարարում են, թե նրանց ցանկություններն է կատարում Ալիեւը, իսկ Նիկոլ Փաշինյանն օրերս հայտարարեց, որ Ալիեւի ու ընդդիմադիրների տեսակետները, լեքսիկոնը համընկնում են։ Իրականում, այս օրերին մեծ թվով նախկիններ, որոնք շատ են տուժել Փաշինյանի իշխանությունից, իրենց նեղացածությունը մի կողմ դրած, լծվել են Արցախին օգտակար լինելու գործին՝ չնայելով, թե ով է պետության ղեկին։ Երեկ «Գալաքսի» ընկերության սեփականատերերը՝ մեկ տարուց ավելի բանտում գտնվող, առողջական լուրջ խնդիրներ ունեցող Գագիկ Խաչատրյանի որդիները, 50 միլիոն դրամ փոխանցեցին Զինվորների հիմնադրամին եւ ամեն ինչով օգնում են սահմանի տեխնիկական զինման հարցերում։ Հետախուզման մեջ գտնվող Գեւորգ Կոստանյանը երեկ ողջ օրը հանդիպումներ էր ունեցել ՄԻԵԴ-ի գործընկերների հետ՝ Հայաստանից ուղարկված հայցի հետ կապված։ Միջազգային կապեր ունեցող ՀՀԿ-ականները (Արմեն Աշոտյան, Արփինե Հովհաննիսյան) համակարգիչներից չեն հեռանում՝ նամակներ են գրում, կապվում են եվրոպացի եւ ռուս գործընկերների հետ՝ հայկական տեսակետն են առաջ մղում։ Իսկ Սերժ Սարգսյանի Հանրային կապերի եւ տեղեկատվության ՊՈԱԿ-ի ղեկավար Արա Սաղաթելյանը մի մեծ խմբով երեկ շտապում էր Արցախ՝ միջազգային լրատվականների համար ինֆորմացիոն շտաբ ձեւավորելու, ինչպիսին գործում էր 2016-ի ապրիլին։ Դե, իսկ օրվա ընթացքում էլ տեղեկացանք, որ Մարտի 1-ի գործով «ամբաստանյալներ» Սեյրան Օհանյանն ու Ռոբերտ Քոչարյանն են Արցախ շտապել»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը, ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանն այս օրերին պատրաստակամություն են հայտնում Հայաստան գալու եւ իրենց մասնակցությունն ունենալու սահմանի պաշտպանության գործին: Միեւնույն ժամանակ նրանք դիմել են ՀՀ գլխավոր դատախազին՝ իրենց նկատմամբ հայտարարված հետախուզումը վերացնելու եւ Հայաստան անխոչընդոտ վերադառնալու համար: Եվ չնայած Արցախում լարվածության հենց առաջին օրն էր Գլխավոր դատախազություն դիմել ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը, սակայն մինչեւ այժմ այդ գերատեսչությունից արձագանք չի եղել, եւ վերջիններս չեն կարողանում գալ Հայաստան: Ավելին, ՀՀ գլխավոր դատախազությունը չի պատասխանում անգամ լրատվամիջոցների հարցերին, եւ «Ժողովուրդ» օրաթերթը չի կարողանում իր հարցի պատասխանը ստանալ գերատեսչությունից: «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանին՝ ճշտելու համար՝ արդյոք որեւէ քաղաքական խնդիր է առկա: Ի՞նչ են մտածում իշխանությունները եւ ինչու ընթացք չեն տալիս նախկին պաշտոնյաների դիմումին: Ի պատասխան՝ Մանե Գեւորգյանը նշել է. «ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի կարող է ազատորեն վերադառնալ Հայաստան, իսկ մնացածի պատասխանատուն ՀՀ գլխավոր դատախազությունն է»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն եւ մասնակի զորահավաք։ Սակայն քչերը գիտեն, որ զորահավաքից խուսափելը քրեորեն պատժելի արարք է։ Այսպես․ Քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածը սահմանում է՝ այն քաղաքացիները, ովքեր պատերազմի, ռազմական դրության պայմաններում խուսափում են զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքային ծառայությունից, պատժվում են ազատազրկմամբ` 4-8 տարի ժամկետով»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Անհրաժեշտ է անհապաղ վերականգնել հրադադարը եւ վերադառնալ բանակցային գործընթացին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո: Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն քաղաքական-դիվանագիտական մեթոդներով»,-նախօրեին այդպիսի հայտարարություն է տարածել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը: Այս օրերին կրկին ակտուալ է դարձել իրավիճակին ՀԱՊԿ-ի միջամտության հարցը: Սա ավելի առաջնային դարձավ հատկապես երեկ տեղի ունեցած իրադարձություններից հետո, երբ ադրբեջանական թիրախում հայտնվեց նաեւ Հայաստանը, եւ քաղաքացիական զոհ ունեցանք Վարդենիսի ուղղությամբ գործողությունների հետեւանքով: Հայաստանը հանդիսանում է ՀԱՊԿ անդամ, եւ կրկին նշվում է, որ կազմակերպությունը պետք է Ադրբեջանի՛ն կոչ անի դադարեցնել կրակը։ ՀԱՊԿ պայմանագրի 4-րդ հոդվածում գրված է. «Եթե կազմակերպության անդամ-պետություններից մեկը ենթարկվում է ագրեսիայի, ապա անդամ-պետությունների կողմից այդ ագրեսիան կդիտարկվի ագրեսիա՝ ընդդեմ պայմանագրի բոլոր անդամ-պետությունների: Անդամ-պետություններից որեւէ մեկի նկատմամբ ագրեսիայի դեպքում մյուս բոլոր անդամ-պետությունները այդ անդամ-պետության խնդրանքով անհապաղ կերպով նրան են տրամադրում անհրաժեշտ օգնություն, այդ թվում՝ ռազմական»:


Բացի այդ, կազմակերպության կանոնադրության համաձայն՝ ՀԱՊԿ անդամ երկրներից որեւէ մեկի նկատմամբ ագրեսիայի դեպքում այդ պետությունը պետք է դիմի կազմակերպությանը օգնության խնդրանքով, սակայն նկատենք, որ պաշտոնական Երեւանը չի դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը: «Մենք այժմ քննարկում ենք այս հարցը՝ իրավիճակի զարգացման հետ կապված, երկրի ղեկավարությունն է քննարկում», – երեկ նշել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը: Միեւնույն ժամանակ ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, թե Մոսկվայի ժամանակով 17: 00-ին Հայաստանից դիմում դեռ չեն ստացել իրավիճակի վերաբերյալ: Միեւնույն ժամանակ ՀԱՊԿ-ում Հայաստանի ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովն ընդգծել է, որ Երեւանը կօգտագործի կազմակերպության մեխանիզմները, եթե հակամարտության ընդլայնումը սպառնա հանրապետության անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը եւ ինքնիշխանությանը: Բացի այդ, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրումը ՀԱՊԿ շրջանակներում խորը վերլուծության թեմա է»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի երեկ ընդունած որոշմամբ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հետ կանչվեց արձակուրդից։ Նա սեպտեմբերի 14-30-ը ներառյալ արձակուրդ էր մեկնել։ Թվում է՝ պատերազմի առաջին իսկ օրը ինքնակամ պետք է ընդհատեր արձակուրդը եւ այս օրհասական պահին վերադառնար աշխատանքի՝ հրաժարվելով մինչեւ վերջին օրը հանգիստը վայելելուց, ինչպես, օրինակ, իշխանությունների կողմից «մերժված» կաթողիկոսն ընդհատեց Իտալիա կատարած այցը եւ վերադարձավ։ Նիկոլ Փաշինյանը երեկ եւս մեկ արտասովոր որոշում է ընդունել՝ ուժը կորցրած է ճանաչել իր նախորդ որոշումը, որով սեպտեմբերի 14-18-ը հայկական պատվիրակություն պետք է գործուղվեր Ռուսաստան՝ մասնակցելու ՀՀ եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստին։ Թե ինչու է վարչապետը միջոցառումից տասն օր անց որոշել չեղարկել այն, պաշտոնապես ճշտել չհաջողվեց․ կառավարությունում այս օրերին գրեթե չեն պատասխանում հեռախոսազանգերին։ Բայց այս քայլը մի տեսակ խռովածի որոշման է նման»:


«Հրապարակ» թերթը գրում է. ««Իմ քայլը» խմբակցությունը Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում կրկին առաջադրել է Կարեն Առուստամյանի թեկնածությունը, ում դեռեւս անցած տարվա հոկտեմբերի 10-ին Ազգային ժողովի ֆինանսավարկային հանձնաժողովի արտահերթ նիստում մերժել էր։ Իշխանականները հայտարարում էին, որ թեկնածուն արժանի չէ իրենց վստահությանը։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Կարեն Առուստամյանը Հաշվեքննիչ պալատի նախագահ, Սերժ Սարգսյանի ընկեր Լեւոն Յոլյանի ընկերոջ փեսան է, ով այդ ժամանակ Հաշվեքննիչ պալատի մեթոդաբանության վարչության պետն էր, իսկ այս տարվա ապրիլից նշանակվել է Հաշվեքննիչ պալատի անդամի ժամանակավոր պաշտոնակատար։ Սա նշանակում է, որ կա՛մ իշխանությունում կադրեր չունեն, կա՛մ այլեւս նախկինների բարեկամ լինելը խարան չեն համարում»: