23.11.2024
Մամուլ. 90-ականների պատերազմի բովով անցած հրամանատարներ քննարկում են վիճակը
prev Նախորդ նորություն

Մամուլ. ԱՄՆ-ը պատժամիջոցներ կկիրառի՞ Էրդողանի նկատմամբ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժամանակ» թերթը գրում է. «Հայկական ուղղությամբ թուրքական և ադրբեջանական համատեղ հարձակումների ֆոնին Սենատի և Ներկայացուցիչների պալատի անդամները ջանում են օրենսդրական նախաձեռնություններով և Կոնգրեսի նամակներով հստակ փոփոխություններ կատարել, որոնք կդադարեցնեն ԱՄՆ ռազմական օգնությունը Ալիևի ռեժիմին և պատժամիջոցներ կկիրառեն Թուրքիայի նախագահ Էրդողանի նկատմամբ՝ համաշխարհային համաճարակի ֆոնին տարածաշրջանային պատերազմի ռիսկ ստեղծելու համար: Այս մասին տեղեկացնում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը: ԱՄՆ օրենսդիրներն ահազանգեր են հնչեցնում՝ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Արցախի և Հայաստանի դեմ վերջին հարձակման հետ կապված»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Ղարաբաղա-ադրբեջանական շփման գոտու ողջ երկայնքով ընթացող մարտերին զուգահեռ՝ Նախիջևանի հատվածում հանգիստ է։ Նախիջևանի սահմանակից համայնքների ղեկավարների խոսքով՝ կրակոցներ չկան, սահմանին ամեն ինչ հանգիստ է, ամեն մարդ իր գործին է։ «Ամեն ինչ նորմալ է, հանգիստ է, ոչ մի լարվածություն, առավել ևս՝ խուճապ չկա։ Բոլորն իրենց տեղերում, իրենց գործին են»,- միաբերան պնդում էին համայնքապետերը։ Սեպտեմբերի 27-ից հրադադարի ռեժիմի խախտման որևէ դեպք չի գրանցվել նաև Արարատի մարզի Զանգակատուն համայնքում։ Համայնքի ղեկավար Հովիկ Կարապետյանն ասաց, որ, օգտվելով խաղաղ իրավիճակից, ամբողջ գյուղով զբաղված են Արցախում կռվող տղաներին օգնություն ուղարկելու գործով։ Սահմանապահ գյուղերի ղեկավարները պնդում էին, սակայն, որ զգոնությունը չեն կորցնում»։


«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանյան իշխանություններին սկսել է անհանգստացնել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի աճող ռեյտինգը, եւ սպասվում է, որ առաջիկայում այդ ռեյտինգն «իջեցնելուն» ուղղված քայլեր են ձեռնարկվելու։ Այդ թվում՝ նրան մղելու են որոշ քայլեր կատարել, որոնք կնվազեցնեն նրա այս օրերի կոնսոլիդացնող, համախմբող, պայքարող ուժերի կազմակերպչի դերակատարումը, որ նրա ֆոնին հայաստանյան իշխանությունները հետին պլան չմղվեն։ Շատերը սպասում են՝ տեսնեն Արցախի նախագահը կգիտակցի՞, որ իրեն մղում են նման քայլերի, ձեռնպահ կմնա՞ դրանցից, թե՞ կուլ կտա այդ խայծը եւ կկորցնի այս օրերին շահած թանկ դիվիդենտները»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ռուսաստանի Դաշնության, Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի ղեկավարների համատեղ հայտարարությունը՝ Արցախի Հանրապետության մասով, ես համարում եմ ոչ միայն կարեւոր, այլև իր տեսակով եզակի փաստաթուղթ. «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում երեկ նման տեսակետ արտահայտեց Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովը: Նա նկատեց, թե պետք է հաշվի առնել այն քաղաքական եւ դիվանագիտական ֆոնը, որի ժամանակ երեք երկրների ղեկավարներին հաջողվեց ընդունել միասնական հայտարարություն: Կոմիտեի նախագահը ընդգծեց, թե այդ ֆոնի ոչ բարենպաստ լինելու մասին կարելի էր հասկանալ՝ հաշվի առնելով այդ երկրների միջեւ երկխոսության բացակայության հանգամանքը: Հիշեցնենք, որ երեկ հայտարարություն էին տարածել ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ հանդիսացող երկրների ղեկավարները՝ Վլադիմիր Պուտինը, Էմանուել Մակրոնն ու Դոնալդ Թրամփը: Հետաքրքիր է՝ երբ հայտնի դարձավ, որ պետք է նման հայտարարություն լինի, բոլորը կարծում էին եւ հույս էին փայփայում, թե հզոր հայտարարություն է լինելու, որը կարող էր փոփոխություններ մտցնել գործընթացում:


Սակայն երկրների ղեկավարների տարածած հայտարարության մեջ ընդամենը ասվում էր. «Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները մասնակից կողմերի զինված ուժերի միջեւ։ Մենք նաեւ կոչ ենք անում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին անհապաղ պարտավորություններ ստանձնել բարեխղճորեն եւ առանց նախապայմանների առաջադրման վերսկսելու կարգավորման էական բանակցությունները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ»: Ստացվում է՝ միջազգային հանրության կողմից հերթական անգամ ականատես ենք լինում առանց հասցեատիրոջ հայտարարության՝ առանց իրավիճակի մասին սթափ գնահատականի, այնինչ նրանց հայտարարության հետ շատերն էին հույսեր կապում: Սակայն կոմիտեի նախագահը մեզ հետ զրույցում նկատեց, թե հայտարարությունն իսկապես եզակի է ու ցույց տվեց, որ միջազգային դիվանագիտությունը դեռ ողջ է, եւ հանրությունը կարող է արձագանքել մարտահրավերներին եւ միասնական լինել՝ հետ թողնելով տարաձայնությունները: «Ես ուշադիր կլսեի նրանց տեսակետները: Այն հստակ ասում է, թե չի լինի աջակցություն նրանց, որոնք կրում են պատասխանատվություն շարունակվող ռազմական գործողությունների եւ քաղաքացիական անձանց զոհերի համար: Ուժեղ քայլ էր գերտերությունների ղեկավարների կողմից, եւ այն հույս է ներշնչում, թե իրավիճակը կբարելավվի», -նկատեց նա: Հավելենք, որ երեք երկրների ղեկավարների հայտարարությունից հետո մեկը մյուսի հետեւից հայտարարություններ տարածեցին նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներն առանձին-առանձին, եւ բոլորն էլ ընդգծում էին, թե իրենք տեղեկություններ ունեն այս պատերազմում վարձկանների առկայության մասին՝ դատապարտելով այն: Ստացվում է՝ ամեն դեպքում, հայկական կողմից հնչող այս օրերի հայտարարությունները տվեցին իրենց արդյունքը, եւ արդեն գերտերությունների ներկայացուցիչներն են խոսում Թուրքիայի ներգրավվածության մասին՝ դատապարտելով այն»:


«Իրատես» թերթը գրում է. «Այս պատերազմում մենք բավական ուժեղ ենք նաեւ վիրտուալ հատվածում։ Այն համախմբվածությունը, որ կա նաեւ այս տիրույթում, շատ հաջող չեզոքացնում է ադրբեջանական ապատեղեկատվությունը։ Գրոհները եւս հուժկու են։ Այդ ամենում մեծ դերակատարում ունեն նաեւ այս գործի մշտական «նվիրյալները», որոնք տարիներ շարունակ ադրբեջանական կեղծ եւ ապակողմնորոշող նյութերն արագ ռմբակոծել են, ներկայացրել Հայաստանի դիրքորոշումը եւ «ճակատային մարտերի» բռնվել հակառակորդի հետ։ Նաեւ այս ոլորտի մասնագետների շնորհիվ է, որ հայ հասարակությունն այսօր ավելի արագ է զանազանում ադրբեջանական «խայծը» իրականությունից։ Սակայն դեռ բավական շատ աշխատանք կա, որպեսզի մարդիկ հասկանան, որ պատերազմի օրերին սարսափազդու, կեսգիշերից սկսած «ռադիացիայի» տակ հայտնվելու մասին հաղորդագրությունները պետք չէ բոլորին լույսի արագությամբ ուղարկել, որպեսզի սեփական բանակի կորուստների, զինվորի մասին տեղեկությունները չդարձնեն հեռախոսային խոսակցության նյութ, սահման գնացող տրանսպորտային միջոցները չնկարեն ու համացանցով չտարածեն այն դեպքում, որ անգամ պաշտպանական գերատեսչությունն է հատուկ հայտարարությամբ հանդես գալիս, որ զերծ մնան նման քայլից։ Սրանք էլ համացանցային անվտանգության կանոններ են, որոնք պետք է խստագույնս պահպանվեն։ Այլապես ռազմական գործողությունների ժամանակ մասնագետներն իրենց բուն աշխատանքը թողած, զբաղված են վիրտուալ վտանգների մասին քաղաքացիներին զգուշացնելով, բացատրելով։ Ընդհանուր առմամբ ամեն անգամ մեր սահմաններին հակառակորդի հարձակումը, պատերազմը մեզ, որպես հասարակության, ավելի է հասունացնում, հերթական փորձության շրջանն ենք անցնում։ Յուրացնում ենք պատերազմական իրավիճակում մեզ դրսեւորելու ճիշտ կանոնները, զարմացնում արագ կողմնորոշվելու եւ հաշված ժամերի ընթացքում ազգ-բանակ դառնալու հատկությամբ»:


«Ժամանակ» թերթը գրում է. «ԵԿՄ Աջափնյակի կառույցի անդամները, կամավոր այլ քաղաքացիներ հավաքվել ու մարտական տրամադրվածությամբ պատրաստվում են այսօր մեկնել առաջնագիծ։ Նրանց խոսքով՝ սա վերջին պատերազմն է լինելու, Բաքուն գրավելու են, նոր հետ գան։ Մեկնում են առաջնագիծ, որովհետև ցանկություն ունեն փոխարինելու երիտասարդներին»։


«Հրապարակ» թերթը գրում է. «Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը որոշել է կրակային պատրաստության ուղարկել նախարարության աշխատակիցներին։ Ընդ որում՝ կրակել սովորելու են գնալու ոչ միայն տղամարդիկ, այլեւ կանայք։ Տղամարդիկ՝ իրական զենքերով, կանայք՝ նախ էլեկտրոնային, հետո՝ իրական։ Պատերազմական իրավիճակում սա նորմալ է, սակայն նախարարությունում տարակուսանք է առաջացրել կանանց կրակելու ուղարկելը, նաեւ շատերի մոտ հարց է առաջացել՝ իսկ նախարարը՝ ինքը, կրակել գիտի՞ եւ անձամբ գնալո՞ւ է կրակային պատրաստության։ Նշենք, որ արդարադատության նախարարությունն իր ենթակայության տակ հրաձգարան ունի, որը գտնվում է Կարբիում։ Մեզ ասացին, որ առաջին խումբն արդեն մեկնել է կրակելու։ Նախարարության լրատվական բաժնից չհերքեցին մեր տեղեկությունը, բայց չմեկնաբանեցին, միայն զարմացան, թե ինչու է այս հարցը մեզ հետաքրքրում»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Պետական գերատեսչությունները շարունակում են աշխատել ռազմական դրության թելադրած կանոններով։ Երեկ ՀՀ կառավարությունը նիստ չի հրավիրել, ինչպես դա արվում է յուրաքանչյուր հինգշաբթի։ Հեռավար քննարկել, ապա գրավոր քվեարկությամբ ընդունել են հրատապ նախագծերը, որոնք կհրապարակեն կառավարության կայքում։ Երեկվա դրությամբ դեռ որեւէ որոշման, նախագծի մասին կայքում լուր չէր տեղադրվել։ Մեկ օր առաջ էլ գրել էինք, որ ԱԺ-ն է նման ռեժիմով աշխատելու, օրակարգ են բերվելու միայն ռազմական դրությունից բխող նախագծերը։ Ի դեպ, երեկ կառավարության e-gov.am էլեկտրոնային հավելվածից հանվել էին անգամ նախկին որոշումներն ու արձանագրությունները։ Իրավիճակը նաեւ պահանջում է չեղարկել նախապես պլանավորված գործուղումները։ Երեկ ԱԺ նախագահն ուժը կորցրած է ճանաչել ԱԺ նախագահի տեղակալներ Ալեն Սիմոնյանին, Վահե Էնֆիաջյանին, ինչպես նաեւ ԱԺ պատգամավոր Սարիկ Մինասյանին «Բիշքեկ գործուղելու մասին» ավելի վաղ ստորագրած կարգադրությունը: Հիշեցնենք, որ պատգամավորներն ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության կազմում պիտի մասնակցեին Ղրղզստանում հոկտեմբերի 4-ին կայանալիք խորհրդարանի ընտրություններին, իսկ Ալեն Սիմոնյանը պիտի ղեկավարեր ԱՊՀ դիտորդական առաքելությունը»:


«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե այս օրերին ժամանակին միջազգային կառույցների հետ աշխատած, տարբեր բարեկամական խմբերում ընդգրկված նախկինները՝ «սեւերը», դրսի հետ ակտիվ աշխատանքներ են տանում, բոլոր խողովակներով ներկայացնում սահմանային իրավիճակը, ադրբեջանա-թուրքական հարձակման ողջ պատկերը եւ հայկական կողմի հստակ մոտեցումը։ ՈՒ, ամենակարեւորը, անաղմուկ։ Նախկին իշխանությունների ներկայացուցիչները ոչ միայն անտեսել են բոլոր ներքին տարաձայնություններն ու կանգնել առաջնագծի զինվորի թիկունքին, այլեւ դիվանագիտական ճակատում ավելի շատ են աշխատում, քան հայրենասիրական ճառերով ԱԺ ամբիոնը «գրաված» իշխանական մեծամասնության ներկայացուցիչները, որոնք «մարտական դիրքերից» շարունակում են «սեւի» ու «սպիտակի» պառակտիչ կռիվը»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ այսօր՝ ժամը 11-ին, Սահմանադրական դատարանի դատավորները նոր կազմով կհավաքվեն: Ըստ մեր տեղեկությունների՝ Արցախում տեղի ունեցող պատերազմական դությունը միավորել է նաեւ ՍԴ դատավորներին, վերջիններս որոշել են հավաքվել միասնական մեկ հարցի շուրջ` հանուն երկրի ապագայի: Բանն այն է, որ ՍԴ անդամները պետք է 6 միջազգային պայմանագրեր (վարկային համաձայնագրեր) քննարկեն՝ հասկանալու համար՝ արդյոք դրանք որեւէ ձեւով չեն խախտում ՀՀ սահմանադրությունը, որոնք էլ կօգնեն ՀՀ-ին մի քանի տարբեր երկրներից ֆինանսական լուրջ աջակցություն ստանալ: Իսկ քանի որ այժմ Արցախում պատերազմական իրավիճակ է, ու շատ գումար է անհրաժեշտ տարբեր նպատակներով, ՍԴ անդամները որոշել են թողնել բոլոր տարաձայնությունները եւ քննարկել այդ համաձայնագրերը: Նշենք, որ ՍԴ-ն անցած շաբաթ այդպես էլ չկարողացավ իր մեջից ՍԴ նախագահ ընտրել, որը կլինի երկրորդ փուլով, ինչը դեռեւս անհայտ է, թե երբ, իսկ այս իրավիճակում ոչ ոք ցանկություն չունի ՍԴ փոխնախագահի համար թեկնածու առաջադրել կամ ինքնառաջադրվել: Նկատենք, որ այս շրջանում, քանի որ ռազմական դրություն է եւ ընդհանուր զորահավաք, շատ իրադաձություններ տեղի չեն ունենում. գործուղումներ են չեղարկվում, նիստեր են հետաձգվում»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Իմ քայլն» ԱԺ է ներկայացրել «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում եւ կից օրենքներում փոփոխությունների փաթեթը, որի վրա աշխատում էր 1 տարուց ավելի։ Էական փոփոխություններ են կատարվել հատկապես կուսակցությունների ֆինանսավորման, եկամուտների, նվիրատվությունների, դրանց հաշվետվողականության եւ սանկցիաների հատվածում։ Օրինակ, կուսակցությունն իր հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետ կայքում հրապարակելուց հետո պարտավոր է հաշվետվությունը եւ դրա հրապարակման փաստը վկայող ապացույցը ներկայացնել նաեւ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։ Հաշվետվության հրապարակման եւ ներկայացման կարգը, ինչպես նաեւ հաշվետվության ձեւը սահմանում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։ Կուսակցություններն իր ավունք ունեն հաշվետվությանը կից ներկայացնել լրացուցիչ բացատրական նյութեր։ Կուսակցության տարեկան հաշվետվությունը պետք է պարունակի կուսակցության եկամուտները, մուտքի վճարներ, անդամավճարներ, նվիրատվություններ, վարկեր, փոխառություններ, կուսակցության գույքի առքուվաճառքից, վարձակալությունից եւ չարգելված այլ գործարքներից ստացված եկամուտներ, բյուջետային ֆինանսավորում եւ այլն։ Բացի այդ, կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի անդամները եւս պարտավորվում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացնել իրենց գույքի եւ եկամուտների հայտարարագիր։ Իսկ կուսակցության գործունեությունը հնարավոր կլինի կասեցնել, եթե հաշվետվության ստուգման համար անհրաժեշտ փաստաթղթերը հանձնաժողովին տրամադրելու օրենքով սահմանված կարգը դիտավորությամբ խախտվի եւ սահմանված մեկամսյա ժամկետում չշտկվի»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի խոշոր սուպերմարկետների ցանցերը թուրքական ապրանքները հանում են վաճառքից: Նման նախաձեռնություն են սկսել «Նոր Զովք», «Երևան Սիթի», «Սաս», «Ծիրան» սուպերմարկետային ցանցերը: «Սուպերմարկետի ողջ անձնակազմը հորդորում է իր գործընկերներին ևս միանալ այս ակցիային և հրաժարվել թուրքական արտադրության ապրանքներից»,- նշված է «Նոր Զովք»-ի հայտարարության մեջ»: