VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վերջին շրջանում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն այնքան էլ աչքի չի ընկնում քաղաքական գործունեությամբ: Բանն այն է, որ վերջին շրջանում նա ավելի շատ հանդիպումներ է ունենում մարզիկների հետ կամ արտակարգ դրության եւ կորոնավիրուսի համավարակի պատճառով տուժած ոլորտների ներկայացուցիչներին: Այսինքն, որպես այդպիսին քաղաքական հայտարարություններով հանդես չի գալիս: Ավելին, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, այդպիսի պասիվությունն իր պատճառներ ունի եւ չի բացառվում, որ ԲՀԿ նախագահն առաջիկայում հայտարարի քաղաքականությունից հեռանալու մասին, ինչպես դա եղավ 2015 թվականի հայտնի դեպքերի ժամանակ: Եվ հենց դա է պատճառը, որ նա արդեն սկսել է քաղաքականապես պասիվություն դրսեւորել՝ գործունեություն ծավալելով միայն սպորտի եւ տնտեսության բնագավառում: Մեկնաբանության համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանին, որը հայտարարեց, թե այդ տեղեկությունները սուտ են: «Ոչ, իհարկե, բացարձակ սուտ է եւ այդ սուտը միտումնավոր կամ անմիտ տարածվում է, Այդպիսի լուրերը բացի ժպիտից ոչ մի բան չեն առաջացնում», – հավելեց նա»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքական կուլիսներում խոսում են, որ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը, ով շաբաթներ առաջ դրեց կառավարության 100 տոկոսի հրաժարականի հարց ու երդվեց, որ հետ չի կանգնելու, այնուամենայնիվ, մի քիչ «զադնի է դրել», գոնե՝ առայժմ։ Նա կապի դուրս չի գալիս նաեւ կուսակիցների հետ, վերջին անգամ հանդիպել են Սերգեյ Բագրատյանի՝ խմբակցությունից դուրս գալուց հետո։ Ծառուկյանը հանգստի է ուղարկել թիմին եւ ասել, որ ինքը կասի, թե երբ ինչպես ու ինչ անեն, իսկ առայժմ՝ ամառ է, հանգստացեք։ Ճի՞շտ է, որ ԲՀԿ-ն հետքայլ է անում, եւ դուք զբաղվում եք՝ ով ինչով պատահի, օրինակ՝ մոդա եք ցուցադրում, մետրոյի չկառուցմանն եք անդրադառնում,- երեկ հարցրինք խմբակցության քարտուղար Արման Աբովյանին, ով օրերս «Արմենիան բրենդի» հագուստն էր ցուցադրում։ Պատգամավորն «ուղղեց», թե մոդայի հարց չէ, այլ ազգայինը պրոպագանդելու, իսկ քաղաքական ծրագրերի մասով վստահեցրեց, որ փոփոխություն տեղի չի ունեցել․ «Մեր դիրքորոշման մեջ փոփոխություն չի արձանագրվել, պարզապես օգոստոսը քաղաքական դաշտի հանգստի շրջանն է»։ Բայց իշխանությունը չի հանգստանում՝ Նիկոլ Փաշինյանը մարզեր է այցելում, կարծես «քարոզարշավ» է սկսել․ «Ես չեմ քննարկում այլ ուժերի գործունեությունը։ Ես պնդում եմ, որ մեր դիրքորոշումում փոփոխություն տեղի չի ունեցել»։ Իսկ ե՞րբ եւ ինչպե՞ս են սկսելու կառավարության փոփոխությունը։ «Ես հիմա ոչ մի բան չեմ մանրամասնում»։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Լոռու ՔՊ-ական մարզպետ Անդրեյ Ղուկասյանի և Վանաձորի ՀՀԿ-ական քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի միջև անցած շաբաթներին սկսված հակամարտությունն առաջիկայում նոր թափ կստանա և հնարավոր է այլ մասշտաբներ ընդգրկի։ Մարզում շրջանառվող լուրերի համաձայն` Անդրեյ Ղուկասյանը Վանաձորում եկող տարի սպասվող քաղաքապետի ընտրություններից առաջ Մամիկոն Ասլանյանի դեմ քաղաքական արշավ է սկսել, ում նկատմամբ իշխանությունները լոյալ են տրամադրված։ Պատճառը հայտնի է․ որ Վանաձորում մեծ ազդեցություն ունեցող Մարուքյաններին չհանձնեն իշխանությունը։ Մարզպետը քաղաքապետի պաշտոնում տեսնում է իր տեղակալ Գայանե Մարկոսյանին և արդեն տարբեր շրջանակներում համեմատություններ է անում՝ եթե Էջմիածինը կարող է կին քաղաքապետ ունենալ, ինչո՞ւ Վանաձորը չպիտի ունենա։ Մյուս կողմից՝ Մամիկոն Ասլանյանն էլ վճռական է տրամադրված․ եթե իշխանությունները նրան «ծնկի» չբերեն ռեպրեսիվ ճանապարհով, քրեական գործեր «խոդի չտան», ապա նա պատրաստվում է կրկին առաջադրվել և դա չի թաքցրել օրերս մեր թերթին տված հարցազրույցում»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Աշխարհի դեմոկրատական երկրները քաղաքական պայքարի հստակ համակարգ են ձևավորել` կուսակցությունների միջոցով իշխանության գալու ուղին: Մեկը կամ մի քանիսը կոալիցիոն կառավարման եղանակով գալիս են իշխանության, մյուսները զբաղեցնում են ընդդիմադիր դաշտն ու պայքարում հաջորդ ընտրություններում հաջողելու համար: Ընտրությունների միջև ընկած ժամանակամիջոցում իշխող քաղաքական ուժը փորձում է լավ կառավարել և ընտրողին համոզել, որ լավ է կառավարում երկիրը: Իսկ ընդդիմադիր ուժերը փորձում են ապացուցել, որ իրենք ավելի լավ կկառավարեն, և դրա համար շարունակ բացահայտում են կառավարող ուժի սխալներն ու վրիպումները: Սա է քաղաքական պայքարի պարզունակացված բանաձևը: Սակայն ոչ մի երկրում իշխող ուժը չի մեղադրում ընդդիմադիրներին իշխանության գալու ձգտման համար, չի անվանում նրանց ռևանշիստներ և չի պախարակում իրեն քննադատելու համար: Ավելին` ոչ մի քաղաքական ուժ, գալով իշխանության, չի փորձում ներշնչել հասարակությանը, որ նախկին իշխանությունները հանցագործ էին, և իրավունք չունեն քաղաքական դաշտում տեղ զբաղեցնել ու կրկին ձգտել իշխանության: Օրինակ` ամերիկյան հասարակությունում դեմոկրատական և հանրապետական կուսակցությունները հերթագայում են միմյանց, ասենք` դեմոկրատ Բիլ Քլինթոնի մտքով չէր անցնում, որ իր նախորդին` Ջորջ Բուշ ավագին, անվանի թալանչի ու սրիկա և կոչ անի այլևս երբեք չընտրել Հանրապետական կուսակցությանը: Ավելին` Քլինթոնին կրկին հաջորդեցին հանրապետականները, այն էլ` Ջորջ Բուշ կրտսերը: Հետո նորից եկավ դեմոկրատների ժամանակը, իսկ այսօր իշխանության գլխին է հանրապետական Թրամփը: Անգամ եթե նախկինների կոռուպցիոն գործարքները բացահայտվում են, և քրեական գործեր հարուցվում, կուսակցությունների դեմ պայքար չի տարվում»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Առաջիկայում Հայաստանի գործազուրկների բանակը կհամալրվի մի քանի հազարով։ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում զանգվածային կրճատումներ են։ Ընկերության լրատվականից հստակեցրին․ «Նախատեսվում է շուրջ 1000 աշխատողների կրճատում, որն իրականացվելու է փուլային տարբերակով՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի պահանջների պատշաճ պահպանմամբ: Այդ առումով ընկերության կողմից աշխատանքներ են տարվում կրճատումների իրավական հիմքերը նախապատրաստելու համար»: Կրճատումների պատճառը հաստատված նոր սակագինն է, որն ավելի ցածր է, քան այն, որն իր հայտում ներկայացրել էր «Գազպրոմ Արմենիան»: Հիշեցնենք․ ներկայացրած հայտում «Գազպրոմն» առաջարկել էր գազի միջին սակագինը 1000 խմ-ի համար դարձնել 283.14 դոլար` ներկայիս 255.06 դոլարի փոխարեն, իսկ ՀԾԿՀ-ն հունիսի 19-ին սահմանեց 266.71 դոլար: Կրճատվելու են հիմնականում հսկիչները՝ շուրջ 7-8 հարյուր հոգի, ադմինիստրատիվ այլ աշխատողներ` ևս։ Աշխատակիցները մեզ ասացին, որ նաև աշխատավարձերն ու պարգևավճարներն են իջնելու, ինչն ընկերությունից ևս հաստատեցին․ ««Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագները սահմանելու որոշման շրջանակում սահմանվել են նաև ընկերության աշխատողների թվաքանակի և տարեկան աշխատավարձի ֆոնդի նոր մեծություններ, որոնք ցածր են ընկերության աշխատողների թվաքանակի և տարեկան աշխատավարձի ֆոնդի առկա մեծություններից․․․ Ֆինանսական միջոցների (գումարների) անհավասարակշռություն և, հետևաբար, անհրաժեշտություն է առաջացել ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված՝ տնտեսական պայմանների փոփոխման հիմքով նվազեցնել բոլոր աշխատողների վարձատրության չափը 20%-ով»»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ներսում դրական տրամադրվածություն է առկա Էդգար Շաթիրյանի հանդեպ, որին առաջադրելու են Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու, և օգոստոսի 22-ին նրա և ՔՊ-ականների հետ հանդիպումը նպատակ ունի վերջնականապես կարգավորել այդ հարցը, որոշում կայացնել և հայտարարել այդ մասին: Ընդ որում, նկատենք, որ ՔՊ-ականների հետ հանդիպումն ի սկզբանե նախատեսված է եղել վաղը՝ օգոստոսի 21-ին, սակայն օրվա փոփոխություն է եղել, որպեսզի հարմար լինի հանդիպման բոլոր կողմերին: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ դեռ Շաթիրյանի թեկնածությունն առաջադրելու մասին պաշտոնապես տեղեկություն առկա չէ և անգամ նրա հետ խոսակցությունները խիստ նախնական են եղել, և վերջնական որոշումը կկայացվի արդեն կուսակցության վարչության հետ հանդիպումից հետո, որին ըստ նախնական տեղեկությունների, մասնակցելու է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, քանի որ հենց կառավարության կողմից պետք է առաջադրվի Շաթիրյանը:
Օրաթերթը տեղեկացավ, որ նախկին թեկնածու Վահրամ Ավետիսյանի՝ պայքարից դուրս գալուց հետո կառավարության անդամները երկար ժամանակ փնտրտուքի մեջ են եղել՝ չիմանալով, թե ում առաջադրեն այդ պաշտոնում, մանավանդ որ նախկին թեկնածուն իշխող խմբակցության պատգամավորներից շատերի սրտով չէր: Եվ ի վերջո թեկնածությունը կանգ է առել Շաթիրյանի վրա, որը, նկատենք, կարճ ժամանակ եղավ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ, և հենց իշխող խմբակցության թեկնածուն էր այդ պաշտոնում՝ ստանալով 96 կողմ և 6 դեմ ձայներ: Ընդ որում, հինգ թեկնածուներից 2019 թվականի նոյեմբերի 19-ին տեղի ունեցած ընտրությանը հենց նրան էին տվել ամենաշատ թվով ձայները, և հենց դա է պատճառը, որ կառավարության ընտրությունը կանգ է առնում Շաթիրյանի վրա՝ հաշվի առնելով նախկին քվեարկությունը: Այստեղ ընդգծենք, որ միայն օգոստոսի 18-ից հետո Էդգար Շաթիրյանը կարող էր դառնալ ՍԴ անդամ, քանի ՀՀ Սահմանադրական դատարանի մասին օրենքի չորրորդ հոդվածում ասվում է. «Սահմանադրական դատարանի դատավոր կարող է ընտրվել քառասուն տարին լրացած, միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, ընտրական իրավունք ունեցող, բարձր մասնագիտական և բարոյական որակներով և մասնագիտական աշխատանքի առնվազն տասնհինգ տարվա փորձառությամբ, հայերենին տիրապետող, բարձրագույն կրթությամբ իրավաբանը»: Այստեղ նկատենք, որ օգոստոսի 18-ին Էդգար Շաթիրյանի ծննդյան օրն էր, և նա դարձավ 40 տարեկան»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ կառավարության կողմից ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրված Վահրամ Ավետիսյանի կողմից ԱԺ նախագահին ներկայացված հրաժարականի դիմումից հետո անելանելի դրության մեջ է հայտնվել Նիկոլ Փաշինյանը։ Բանն այն է, որ հեշտ չէ գտնել համապատասխան թեկնածու. «Փաստ» թերթի տեղեկություններով, պրոֆեսիոնալ իրավաբանները իշխանությանը լուրջ չեն վերաբերվում և չեն ցանկանում մասնակից դառնալ ներիշխանական «ռազբոռկաներին» և թաթախվել անկանխատեսելի արդյունքով գործընթացի մեջ։ Արդարադատության նախարար Բադասյանի և Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանի բոլոր ջանքերը՝ համոզել հարգված իրավաբաններին՝ համաձայնել մասնակցել այս գործընթացին, օրեր շարունակ հանդիպում էին «պատի»։ Մյուս կողմից, ինչպես մեզ հետ զրույցում նշում էին ոլորտի մի քանի մասնագետներ, պրոֆեսիոնալ իրավաբանները չեն ցանկանում մասնակցել, ինչպես նրանք են գնահատում, «սահմանադրական հեղաշրջման և իշխանության յուրացման» արդյունքում ազատված տեղերի լրացման գործընթացին՝ հասկանալով, որ դրանով վտանգի տակ են դնում իրենց մասնագիտական արժանապատվությունն ու հեղինակությունը, իսկ իշխանության օրեցօր թուլացող դիրքերը վստահություն չեն ներշնչում ապագայի նկատմամբ։ Այլ խոսքով ասած, ինչպես մեր զրուցակիցներից մեկն ասաց, ոչ ոք չի ցանկանում դառնալ «մատաղացու գառ» ներիշխանական բախումների և հակասությունների հանգույցում»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ վերջապես հաստատվել են Հայաստանի չորս պետական բուհերի հոգաբարձուների խորհուրդների կազմերը: Այս առումով տարաբնույթ կարծիքներ ու գնահատականներ կան փորձագիտական շրջանակների կողմից, այդ թվում՝ կապված ժամկետների, օրենսդրության և բուհերի կանոնադրությունների հետ համապատասխանության և այլ հարցերի հետ: Ինչ վերաբերում է բուն խորհուրդներին, ապա դրանց կազմերի հպանցիկ ծանոթությունն անգամ ի ցույց է դնում դրանց ընդգծված քաղաքականացվածությունը: Նախկին իշխանությունների հասցեին մշտապես մեղադրանքներ են հնչել, թե նրանք բուհերը քաղաքականացրել են, կամ, այլ կերպ ասած, «հհկականացրել» են: Ներկայիս իշխանությունները ևս գնում են այդ ճանապարհով, սակայն ոչ պատգամավորներ ընդգրկելու ճանապարհով: Բանն այն է, որ «Փաստ» թերթի տեղեկություններով, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը չի վստահում իր թիմի խորհրդարանական բլոկին և լիազոր մարմնի կողմից վարչապետին է առաջադրել հոգաբարձուների խորհրդի «արտախորհրդարանական» անդամների, որոնց հնարավոր կլինի լիարժեք վերահսկել և բուհերի ռեկտորներ անցկացնել իր համար ցանկալի թեկնածուների»:
«Փաստ» թերթը գրում է. «Նախորդ ամիսների համեմատությամբ կորոնավիրուսի համավարակի նոր դեպքերի թիվը սկսել է նվազել, և իշխանությունները փորձում են հանրությանը հավաստիացնել, թե գտնվում ենք համաճարակը հաղթահարելու ճանապարհին։ Այնուամենայնիվ, COVID-19-ի համավարակի լիարժեք հաղթահարման մասին խոսելը դեռ վաղ է, քանի որ ցանկացած պահի վարակի տարածման տեմպերը կարող են անկանխատեսելի բնույթ ստանալ, հատկապես, որ շուտով կրթական հաստատություններն սկսում են իրենց գործունեությունը։ Թվում է՝ այս իրավիճակում վարակակիրների թվի նվազմանը զուգահեռ պետք է որ աշխուժանար տնտեսությունը։ Մեկ անգամ չէ, որ վարչապետ Փաշինյանը խոսել է այն մասին, թե համաճարակային իրավիճակը երկրի տնտեսությանը մեծ վնասներ հասցնելու հետ մեկտեղ նաև տնտեսական առումով մեծ հնարավորություններ է բացում Հայաստանի առաջ։ Սակայն թե ինչ հնարավորությունից է օգտվել Հայաստանն արտակարգ դրության այս ամիսների ընթացքում, մնում է հարցական։ Խնդիրն այն է, որ ժամանակն անցնում է, իսկ երկրի տնտեսական վիճակի բարելավման որևէ նշույլ անգամ չկա, այլ ընդհակառակը՝ այն շարունակում է ծանրանալ։ Տնտեսության բազմաթիվ ճյուղեր, ինչպես, օրինակ՝ զբոսաշրջությունը և հյուրանոցային բիզնեսը, ահռելի վնասներ են կրում, մեծ թվով տնտեսվարողներ կանգնած են սնանկացման վտանգի առաջ։
Տնտեսության ծանր իրավիճակն իր արտացոլումն է գտել նաև հարկերի հավաքագրման բնագավառում։ Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այս տարվա առաջին կիսամյակում 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի համախառն եկամուտները նվազել են 41 801, 9 միլիոն դրամով։ Ուշագրավ է նաև, որ Հայաստանի 1000 խոշոր հարկատուները միասին 2020 թ.-ի առաջին կիսամյակում 18 մլրդ 356 մլն դրամ պակաս գումար են վճարել պետական բյուջե, քան 2019թ.-ի նույն ժամանակահատվածում: Այսպիսի իրավիճակում շարունակում է աճել ՀՀ պետական պարտքը։ 2020 թվականի առաջին 7 ամիսների ընթացքում պարտքն ավելացել է 618,2 մլն դոլարով՝ կազմելով 7,939 մլրդ դոլար, և սպասվում է, որ այն շուտով կանցնի 8 մլրդ դոլարի սահմանագիծը։ Ստացվում է, որ երկրի տնտեսական կայունությունը որոշակի չափով հնարավոր է եղել ապահովել պետական պարտքի մեծացման հաշվին, իսկ սա լրացուցիչ բեռ է պետության ուսերին։ Այս պայմաններում Փաշինյանի խոստացած ներդրումների մասին խոսք անգամ չի կարող լինել։ Գոնե կառավարությունը պետք է տնտեսական գործունեությունը խթանելու ռազմավարություն մշակեր, բայց դրա փոխարեն իշխանությունները բիզնեսին աջակցելու համար միայն ակտիվ վարկավորման գործիքն են կիրառում։ Իսկ թե տնտեսվարողներն ինչպես են կարողանալու փակել այդ վարկերը, եթե նորմալ չեն աշխատում, դեռ հարց է։ Բայց քանի որ Փաշինյանը հայտարարել է, թե գտնվում ենք համավարակի հաղթահարման փուլում, ապա դա իրեն պարտավորեցնում է հանրությանը ցույց տալ, թե տնտեսությունը ևս վերականգնման փուլում է։ Դրա համար էլ վերջինս մեկնում է մարզեր, հետևում է շինարարական աշխատանքների իրականացմանը։ Վարչապետ Փաշինյանն իր ուղիղ եթերներում այնպես է ներկայացնում, կարծես թե ճանապարհների ասֆալտապատումը կամ մանկապարտեզների վերանորոգումը աննախադեպ երևույթ է և նախկինում չի եղել։ Ու ընդհանրապես, մի քանի ճանապարհի ասֆալտապատումով ու մանկապարտեզի վերանորոգումով տնտեսության համար որևէ լուրջ հարց չի լուծվում»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում այս տարվա հունվար-հունիսին ավտոմեքենաների առևտրի ծավալները կազմել են 42 մլրդ 489 մլն 100 դրամ: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ այն 10.2 տոկոսով պակասել է: Հայաստանի ավտոմեքենաների ամենամեծ շուկայում, ինչպես ասում են, առևտուր չկա: Պատճառը ոչ միայն կորոնավիրուսն է, այլև այն է, որ ավտոմեքենաների հնարավոր գնորդները` ղազախները, այս տարեսկզբից ավտոշուկա ոտք չեն դրել: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ այս տարվա հունվար-հունիսին մանրածախ առևտրի շրջանառությունը ևս նվազել է` կազմելով 14.2 տոկոս: Ի դեպ, մեծածախ առևտրի շրջանառությունն այս տարվա 6 ամիսներին պակասել է 8 տոկոսով: Բայց, ըստ մասնագետների, այս ցուցանիշները սպասելի էին, քանի որ Հայաստանում վերջին մի քանի ամիսներին լարված է. կորոնավիրուսի պատճառով հայտարարված արտակարգ դրությունը չէր կարող չազդել առևտրի և բիզնեսի վրա»։