22.11.2024
Մամուլ. Նիկոլ Փաշինյանը Վանեցյանի հետևից «հսկիչներ» է ուղարկել Արցախ
prev Նախորդ նորություն

Մամուլ. Հայկ Մարությանն ու կինը խափանել են Վիկտոր Մնացականյանի նշանակումը

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է․ «Դեռեւս հունվարին մենք գրել էինք, որ Կենտրոնի նախկին համայնքապետ Վիկտոր Մնացականյանին պաշտոն են առաջարկել․ առաջարկն արել էր փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, թվում էր՝ նշանակումն օրերի հարց է, բայց տեղի չունեցավ։ Խոսքը Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի պաշտոնի մասին էր՝ կալանավորված Վահագն Վերմիշյանի փոխարեն։ Իշխանական մեր աղբյուրները պատմեցին, որ նշանակումը չի կայացել Հայկ Մարությանի եւ նրա կնոջ ջանքերով։ Իմանալով, որ երկուշաբթի օրը լինելու է Մնացականյանի հրամանը, ամուսինները հանգստյան օրը հյուրընկալվել են կառավարական ամառանոցում եւ Նիկոլ Փաշինյանին համոզել, որ չեղարկի որոշումը։ Հիմնավորել են, որ թաղապետի պաշտոնից Մնացականյանն ազատվել է չարաշահումների պատճառով, թեեւ իրականում ազատվել է սեփական դիմումով։ Ի դեպ, Մարությանը եթե հեռացվի պաշտոնից, հիմքում կլինեն քաղաքապետարանում կոռուպցիոն ինչ-որ գործարքների հետ կապված բացահայտումները, որոնց մասին Փաշինյանը վերջերս է տեղեկացել»։


«Հրապարակ» թերթը գրում է․ «Այսօր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրում է պաշտոնաթողությունից հետո առաջին ասուլիսը՝ 2016 թ․ ապրիլյան պատերազմի թեմայով, ինչպես խոստացել էր ԱԺ ապրիլյան թեմայով քննիչ հանձնաժողով այցելելու օրը։ Ասուլիսի վայր է ընտրել «Հարսնաքար» ռեստորանային համալիրի բացօթյա հատվածը։ Հիշեցնենք, որ համալիրը պատկանում է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին։ Ռեստորանում բժիշկ Վահե Ավետյանի մահվան ելքով ծեծկռտուքից հետո տեւական ժամանակ հանրությունը բոյկոտում էր համալիրը, մինչ այժմ էլ վերաբերմունքը միանշանակ չէ։ Ինչո՞ւ հենց «Հարսնաքարում»․ հարցին ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պատասխանեց․ «Արտակարգ դրության երկարաձգումը կտրուկ նվազեցրել է նման կանխատեսելի մարդաշատ ասուլիսի անցկացման վայրի ընտրության հնարավորությունը՝ պարտադրելով կազմակերպիչներին մի շարք սահմանափակումներ: Մենք պատասխանատու ենք զգում մեզ լրագրողների հանդեպ եւ ստեղծված իրավիճակում գտել ենք տեխնիկական եւ հակահամաճարակային պահանջներին լավագույնս համապատասխանող լուծում: Մնացած իբր թե քննադատությունը պարզունակ երեսպաշտություն է, որի հիմքում բացառապես Սերժ Սարգսյանի՝ հանրային քաղաքական հարթակ վերադառնալու կապակցությամբ իշխանական եւ մերձիշխանական վախերն են: Թող չեղարկեին արտակարգ դրության այս անիմաստ ռեժիմը, եւ ասուլիսն այլ վայրում տեղի կունենար»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանն իր ձեռքն է վերցրել Երեւանի քաղաքաշինության ոլորտն ամբողջությամբ։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի համակարգմամբ եւ Սիսեռյանի անմիջական մասնակցությամբ են այդ ոլորտում որոշումները կայացվում: Ու, ըստ մեր տեղեկությունների, Քաղաքաշինության կոմիտեի նախագահի ԺՊ Արմեն Ղուլարյանն ամեն հարց զեկուցում է Սիսեռյանին ու միայն նրա համաձայնության դեպքում է որոշումներ կայացնում: Ի դեպ, նշվում է, որ Սիսեռյանը նպատակ ունի Երեւան քաղաքի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի պաշտոնանկությունից հետո այդ պաշտոնում նշանակել տալ Ավետիք Էլոյանին, որը նախկինում զբաղեցնում էր հենց Քաղշինկոմիտեի ղեկավարի, ապա փոխվարչապետի խորհրդականի պաշտոնը։  «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Վարագ Սիսեռյանի հետ՝ պարզելու համար, թե որքանով է իրական այս տեղեկությունը: «Մեր գրասենյակը եւ Քաղաքաշինության կոմիտեն համակարգում է Տիգրան Ավինյանը, ու, այո, մեր գրասենյակն էլ զբաղվում է: Բայց որ քաղշինթույլտվությունները մենք ենք տալիս, կամ բոլորը մեզ հետ են այն համաձայնեցնում, ու մենք ենք համակարգում, դա աբսուրդ է: Իհարկե նման բան չկա:»,-հայտարարեց Սիսեռյանը: Հիշեցնենք, որ Սիսեռյանի հանդուգն պահվածքի համար մի անգամ արդեն ՀՀ վարչապետը հրահանգել էր կապարակնքել նրա աշխատասենյակի դուռը, եւ նրան տրվել է կառավարությունում ավելի փոքր աշխատասենյակ»


«Հրապարակ» թերթը գրում է․ «Արտակարգ դրությունը պարբերաբար երկարացնելու կառավարության որոշումը դժգոհության ալիք է բարձրացրել նաեւ իշխանության ներսում։ Շատերն են հասկացել, որ ռեժիմը երկարացնելը ոչ այնքան կորոնավիրուսով է պայմանավորված, որքան քաղաքական շարժառիթներ է հետապնդում, իսկ արդյունքում տուժում են ոչ միայն իշխանությանը քննադատողներն ու ընդդիմախոսները, այլ նաեւ իշխանականները։ Վերջին անգամ այն երկարաձգվեց օգոստոսի 12-ին։ Որոշ տեղեկություններով՝ մինչ ԱԺ հատուկ նիստը թեժ քննարկում է ծավալվել «Իմ քայլում», շատերն են կարծիք հայտնել, որ առանց արտակարգ դրության էլ կարելի է պայքարել համավարակի դեմ, իսկ սահմանափակումների հետեւանքն իրենք էլ են զգում։ Հատուկ նիստում պատգամավոր Սասուն Միքայելյանը նույնիսկ չթաքցրեց դժգոհությունը՝ ելույթ ունեցավ ընտանեկան միջոցառումների մասնակիցների քանակի սահմանափակման մասին․ «Սահմանափակումը, որ կա 40 հոգու, կարելի է անել 60 հոգով: Մարդիկ ամուսնանում են, հարսանիք է, ուտուշ-խմուշ է, մենք սպեցիֆիկ ժողովուրդ ենք, 60 հոգով հնարավորություն կտանք, կան հարյուրավոր մարդիկ, որ նշանվել են, հարսանիք չեն կարողանում անել, հնարավորություն կտանք, որ անեն հարսանիքը: Կամ տարածքները, որ ասում եք՝ բաց տարածքներում է միայն թույլատրվում, մարզերում էլ երեկոները ցուրտ է, փակ տարածքներում կարող է արվել 60 հոգանոց հարսանիք` պահպանելով սեղանների հեռավորությունը»: Բնականաբար, նրա առաջարկն անտեսվեց, իսկ Միքայելյանի ելույթից հետո բոլորն ակտիվորեն քննարկում են, որ պատգամավորն անձնական պատճառ ունի․ մեկ տարուց ավելի է՝ նրա դուստրը նշանված է փոխմարզպետի հետ, ու չեն կարողանում հարսանիք անել, իսկ Միքայելյանը՝ որպես սրսուռ ավանդապաշտ, չի ուզում աղջկան առանց հարսանիքի ճանապարհել»։


«Հրապարակ» թերթը գրում է․«Ախ, այդ չարաբաստիկ պարգևավճարները: Թեմա, որ մեկ տա­րուց ավելի է` չի իջնում օրակարգից: Ստացողներն արդարացնում են, չստացողները` դատապարտում: Իսկ վարչապետը, որն այս ավանդույթը հիմնեց, շարունակում է պնդել, թե ճիշտ է անում, կոռուպցիայի մեջ չթաղվելու, լիարժեք աշխատե­լու համար մարդիկ պետք է լավ վարձատրվեն: Ընդդիմախոսները բազմաթիվ առարկություններ են բե­րում: Օրինակ` այն, որ չի կարող նախարարի և նախարարության շարքային աշխատողի վարձատրության միջև տարբերությունը լինել անմարդկային, ասենք` 20 անգամ: Չի կարող հարկ վճարող ՀՀ քաղաքացին ստանալ գրոշներ, իսկ նախարար-փոխնախարարները` ամսական 2 միլիոն դրամի կարգի գումար: Եվ վերջապես, Ագորայի սկզբունքով կա­ռավարելու խոստումներ տվող իշխա­նությունը, որը չի դադարում կրկնել, որ 2018 թվականին ժողովուրդն է եկել իշխանության, չի կարող անմասն լի­նել այդ գործընթացից: Ավելին` պարգևավճարները շնորհվեն ծածուկ` կառավարության կուլիսներում, և բացահայտվեն միայն պատահաբար: Սակայն այս ամենի մեջ մի ավելի չա­րագուշակ բան կա. ինչո՞ւ չի փորձում Փաշինյանը վարձատրությունների այս համակարգն օրինականացնել: Որ ոչ թե պարգևավճարների կամա­յական ու անօրինական համակարգ աշխատի, այլ բարձրաստիճան պաշ­տոնյաների վարձատրության մասին օրենքով նախատեսված դրույքա­չափերը փոխվեն, օրենքում համապատասխան փոփոխություններ կատարվեն, այդ փոփոխություններն իրականացվեն Ազգային ժողովի կող­մից, ապա մտնեն օրինական ուժի մեջ, և քննադատողներն ել իմանան, որ սա արվում է Հայաստանի Հանրա­պետության օրենքով սահմանված կարգով: Պատճառն այն է, որ այդ պարագայում բոլորը` վերից վար, պետք է օրենքով սահմանված չափով վարձատրվեն: Եվ դրա չափն այլևս կախված չի լինելու ոչ վարչապետի, ոչ քաղաքա­պետի, ոչ էլ որևէ նախա­րարի կամքից»։


 


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մինչ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը մեկ տարի առաջ խորհրդարանում վստահեցնում էր, թե ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելով՝ կարող են պայքարել «օրենքով գողերի», քրեական հեղիանակությունների դեմ եւ, ընդհանրապես, քրեական ենթամշակույթի դեմ, այսօր իրավապահ համակարգը ռեալ կյանքում չի կարողանում դատարանում ապացուցել, թե ովքեր են «օրենքով գողերը» կամ քրեական հեղինակությունները, որպեսզի պատժեն։ Նշենք, որ այդ օրենքում փոփոխությամբ նախատեսվում էր քրեական պատասխանատվություն քրեական աստիճանականությամբ բարձրագույն կարգավիճակ տալու կամ ստանալու, պահպանելու համար, քրեական ենթամշակույթով խմբավորում ստեղծելու կամ ղեկավարելու համար, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավվելու համար: Եվ, ահա, վերջին օրերին ՀՀ գլխավոր դատախազությունը մեծ շուքով հայտարարում է տարբեր դեպքերի բացահայտման մասին, որոնք կապ ունենք «օրենքով գողերի» հետ: Սակայն «օրենքով գող» Ալոն կամ քրեական հեղինակություն Տիզը չեն կալանավորվել, քանի որ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, քննիչը դատարանում չի կարողացել ապացուցել, թե այդ մարդիկ ինչու են համարվում քրեական ենթամշակույթ կրող, եւ որն է նրանց հանցանքը։ Հենց այդ պատճառով էլ նրանք օրինական հիմքերով ազատ են արձակվել: Ստացվում է, որ օրենքը կա, բայց այն գործածել այդպես էլ չի ստացվում, ինչպես կանխատեսվում էր ի սկզբանե»:


«Հրապարակ» թերթը գրում է․ «Աշխարհի բռնցքամարտի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանը 6-րդ օրը դադարեցրեց հացադուլը, որը հայտարարել էր «Հայաստանի ճակատագրով մտահոգ բոլոր քաղաքական ուժերին եւ անհատ գործիչներին» ուղղված կոչով՝ հավաքվել մի տեղ, քննարկել ստեղծված իրավիճակը, հատկապես՝ իշխանությունների «ազգադավ ծրագրերը», եւ ելքեր գտնել։ Նրան ամեն օր ընդդիմադիր գործիչներ էին այցելում եւ համոզում՝ դադարեցնել հացադուլը։ Երեկ բժիշկները եւս հորդորել էին դադարեցնել, քանի որ նրա առողջական վիճակն օրեցօր վատթարանում էր։ Երեկ վերջապես մարզիկը որոշել է դադարեցնել հացադուլը՝ անսալով իր ընկեր հոգեւորականի եւ մի խումբ կանանց հորդորներին»։


«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը հանդես է եկել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու նախաձեռնությամբ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ պատգամավորն առաջարկում է օրենսգրքի 35-րդ՝ վարչական տույժեր նշանակելը մի քանի վարչական իրավախախտումներ կատարելու դեպքում հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ: Այսպես, անձի կողմից երկու կամ ավելի վարչական իրավախախտումներ կատարելու դեպքում վարչական տույժը կարող է նշանակվել յուրաքանչյուր իրավախախտման համար առանձին-առանձին, բացառությամբ նախատեսված դեպքերի: Ըստ պատգամավորի՝ գործող կարգավորումը էական խոչընդոտ է ստեղծում հատկապես տնտեսվարողների համար, որոնք հարկային մարմիններին ինչ-ինչ պատճառներով ամսական հաշվետվությունները չներկայացնելու պատճառով ենթարկվում են մի քանի վարչական տույժերի: Իսկ հետեւյալ նախագծով առաջարկվում է բացառությամբ Ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման դեպքերի, եթե անձը կատարել է մի քանի վարչական իրավախախտումներ, որոնց վերաբերյալ գործերը միաժամանակ քննվում են նույն մարմնի կողմից, վերջնական տույժը նշանակվի նվազ խիստ տույժն ավելի խիստ տույժով կլանելու միջոցով»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկութուններով՝ կրթության ոլորտի ներկայացուցիչները բացահայտել են, որ կրթական նոր աղմկահարույց չափորոշիչներում առկա են կետեր, որոնց հետ կապված լուրջ տարաձայնություններ ու թեժ քննարկումներ են ծավալվել։ Ըստ մեր տեղեկությունների՝ կրթության ոլորտի ներկայացուցիչները նախարարության առջեւ չափորոշիչներում փոփոխություններ կատարելու պահանջ են դրել, քանի որ կարծում են, որ եթե նման ձեւաչափով երեխաներին ինֆորմացիան հասնի, ապա երեխաները նույնիսկ հոգեբանորեն լուրջ խնդիրների առջեւ կկանգնեն: Նկատենք, որ հատկապես դժգոհություն են առաջացրել 8-րդ դասարանի Կենսաբանություն առարկայի դասագրքում տեղ գտած մի քանի դրվագներ, որոնք վերաբերում են սեռական կրթությանը. կան հակաբեղմնավորիչների օգտագործման, սեռավարակներից պաշտպանվածության, պաշտպանիչ միջոցների տրման եւ նմանատիպ այլ թեմաների մասին տեղեկություններ: Այս թեմայի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի հետ: «Գրեթե բոլոր առարկաներում խնդրահարույց կետեր կան, որոնք քննարկվում են, եւ մենք ուսումնասիրում ենք բոլոր առարկայական չափորոշիչները: Մեր բոլոր դիտարկումները ներկայացրել ենք նախարարություն, որը դիտարկումները վերցրել է ի գիտություն, եւ փոփոխելու հարցը առաջ է քաշված: Հիմա հաջորդ քննարկումը լինելու է Պատմություն առարկայում, որը կքննարկենք այս ուրբաթ օրը», – մանրամասնեց պատգամավորը: