VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» թերթը գրում է. ««Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչներն արդեն մի քանի օր Արցախում են՝ կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի գլխավորությամբ։ Հաղորդագրություններ են տարածում խորհրդարանական, արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպումների մասին, սակայն գլխավոր ինտրիգը մնում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպումը։ Բանն այն է, որ չնայած Վանեցյան-Արայիկ Հարությունյան վաղեմի մտերմությանն ու բարեկամությանը, Հարությունյանը Նիկոլ Փաշինյանի ահից մերժել է նախապես պայմանավորված հանդիպումը։ Իսկ Փաշինյանն այնքան է զայրացել այդ հանդիպման հնարավոր փաստից, որ «հսկիչներ» է ուղարկել Արցախ․ Սիփան Փաշինյանը եւ Հայկ Գեւորգյանն այժմ Արցախում են»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Արձակուրդի մեջ գտնվող Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի շուրջ օղակը սեղմվում է։ Թեպետ մի քանի անգամ գրվել է, որ նա ազատման դիմում է գրել, որն ինչ-ինչ պատճառներով չի ընդունվել, սակայն կորոնավիրուսի համաճարակն ընդհանրապես ակնհայտ դարձրեց, որ քաղաքապետը տեղում չէ։ Քաղաքապետարանի մեր աղբյուրներն ասում են, որ այժմ նրանից խիստ դժգոհ է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Եվ համառ լուրեր կան, որ Մարությանը հնարավոր է թողնի պաշտոնը։ Ու քանի որ դեռեւս չի լրացել նրա պաշտոնավարման ժամկետը, եւ Երեւանի ընտրություններին 3 տարի դեռ կա, ըստ օրենքի՝ ավագանու մեծամասնություն կազմող խմբակցությունը պետք է իր կազմից ընտրի քաղաքապետ։ Այժմ շրջանառվում է ավագանու «Իմ քայլի» անդամ, նախկին ակտիվիստ, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի անունը։ Մենք ողջ օրը փորձեցինք կապ հաստատել Կոտոլյանի հետ․ նա մեկ անգամ պատասխանեց զանգին՝ ասելով, թե ավելի ուշ փորձենք, ապա այդպես էլ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին։ Ի դեպ, նշենք, որ Կոտոլյանը հսկայական ունեցվածք էր հայտարարագրել, որի շուրջ ժամանակին աղմուկ բարձրացավ։ 2018թ. հայտարարագրում «8 միլիոն դրամը գերազանցող կամ դրան համարժեք արտարժույթից ավելի արժեք ունեցող ցանկացած գույք» հատվածում, օրինակ, Արմեն Կոտոլյանը հայտարարագրել է ձեռքի ժամացույց: Իսկ պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցները կազմել են 35 հազար ԱՄՆ դոլար եւ 260 հազար ռուսական ռուբլի»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Տևական ժամանակ է` խոսվում է, որ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը վերջին ժամանակներս լոբբինգ է անում, որպեսզի ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի փոխարեն այդ պաշտոնում նշանակվի հայտնի պլաստիկ վիրաբույժ Արտավազդ Սահակյանի որդին՝ Արամ Սահակյանը: Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների, Արման Սահակյանը Հակոբ Սիմիդյանի ընկերն է եւ այդ պատճառով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունում նրա լոբբինգն է անում՝ ասելով, թե նա է ամենահարմար և ընդունելի թեկնածուն՝ ասելով, թե միակ մարդն է, որ կարող է այդ ճգնաժամային իրավիճակից դուրս հանել ոլորտը: «Ժողովուրդ» օրաթերթը այս առիթով մեկնաբանության համար դիմեց Աժ «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանին, որը հերքեց մեր ունեցած տեղեկությունները՝ ասելով. «Չկա նման բան: Առողջապահության նախարարի հարց չի քննարկվել, հետեւաբար ես որեւէ թեկնածուի մասին չեմ խոսել, որեւէ թեկնածու չեմ առաջադրել: Այսինքն, Ձեր ունեցած տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»: Սիմիդյանը հավելեց նաև, որ այս թեմայով որեւէ քննարկում չի ունեցել եւ լոբբինգ որեւէ մեկի համար չի արել»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարության կողմից Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրված Վահրամ Ավետիսյանի ինքնաբացարկը երեկ ցնծությամբ են ընդունել իշխող խմբակցությունում։ Մեր հարցին, թե ինչպես կամ ինչու Նիկոլ Փաշինյանը հետ կանգնեց իր քայլից եւ չստիպեց ԱԺ-ին ու «Իմ քայլին»՝ ընտրելու իր թեկնածուին, իշխանական մեր աղբյուրը պատասխանեց, որ վարչապետը, ըստ էության, պատժեց արդարադատության նախարար, կարկառուն սորոսական Ռուստամ Բադասյանին, ով, ասում են, մոլորեցրել է Փաշինյանին եւ ճիշտ չի զեկուցել իրականությունը։ Բանն այն է, որ Բադասյանը մինչ այդ, Փաշինյանի վստահելի իրավաբանների շրջանակում քննարկել է մի շարք թեկնածություններ, կարելի է ասել՝ մինի քասթինգ են անցկացրել, մասնակցել են նաեւ ՀԱԿ-ին հարող իրավաբաններ։ Մեզ ասացին, որ անգամ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն է «ներկայացուցիչ» ունեցել, եւ բոլորը կարծես եկել են եզրակացության, որ Ավետիսյանը չի կարող ՍԴ գործուղվել։ Թեկնածուների թվում է եղել նաեւ Արտակ Զեյնալյանի անունը։ Բայց երբ Բադասյանը մի քանի «ընտրյալներից» կազմված ցանկը ներկայացրել է Փաշինյանին, վերջինս գայթակղվել է Ավետիսյանի գիտնականի կոչումով եւ ընտրել է հենց նրան, իսկ Բադասյանը չի տեղեկացրել, որ վարչապետի վստահելիների «նեղ կռուգը» մերժել է նրան։ Միայն առաջադրումից եւ բարձրացված աղմուկից հետո է ջրի երես դուրս եկել իրականությունը։ Ասում են, որ Բադասյանն այժմ կառավարությունում «պերսոնա նոն գրատա» է հայտարարված, եւ չի բացառվում, որ շուտով նրան հրաժեշտ տան»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել, թե ինչու է Սահմանադրական դատարանի դատավոր դառնալու որոշումից հրաժարվել կառավարության թեկնածու Վահրամ Ավետիսյանը: Հիշեցնենք՝ երեկ հայտարարություն տարածելով նա հայտնել էր, թե Ազգային ժողովում 80 ձայն ստանալը համարում է անիրատեսական, իսկ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրվելու հետագա գործընթացին մասնակցելը՝ աննպատակահարմար։ Ինչպես հայտնի է, իշխող «Իմ քայլ»-ը խմբակցության պատգամավորների մեծ մասը սվիններով էր ընդունել կառավարության թեկնածուին և նրա հետ կապված տարբեր շրջանակներում դժգոհություն էր հասունացել: Եվ մի քանի նիստ անելուց եւ իրավիճակը հասկանալուց հետո իշխող խմբակցությունը հասկացել է, որ անհնար է դառնում կառավարել խմբակցությանը եւ այնպես անել, որ կողմ ձայներ ապահովեն ու այդ մասին անկեղծորեն ասել են կառավարությանը: Ըստ այդմ՝ արդեն նախկին թեկնածուին՝ Ավետիսյանին՝ խորհուրդ տալով հրաժարվել եւ վերջինս էլ համաձայնվել է: Եվ ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, այժմ կառավարությունը նոր թեկնածու է փնտրում, սակայն իշխող թիմն ուզում է ամեն ինչ անել, որ նա չլինի հենց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի թեկնածուն. Մի մասի համար նույնիսկ նախընտրելի է արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանի թեկնածությունը: Միեւնույն ժամանակ ընդգծենք, որ Վահրամ Ավետիսյանի տապալումը ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի լոբբինգի արդյունքն էր»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դեռեւս օգոստոսի 5-ին ՀՀ Գլխավոր դատախազությունը հայտարարություն էր տարածել՝ հայտնելով, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հանձնարարությամբ հետախուզման մեջ գտնվող Ռուբեն Հայրապետյանի՝ այլ երկրի քաղաքացի հանդիսանալու պայմաններում ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրվելու իրավաչափության վերաբերյալ մամուլի համապատասխան հրապարակումներն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտե: Բայց պարզվում է՝ այդ հանձնարարությունը բավականին ուշացած է եղել ու անտեղյակ գործընթացներից: «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան այն մասին, որ ՀՀ Քննչական կոմիտեում դեռեւս 2020 թվականի ապրիլ ամսին վերոնշյալ հարցի հետ կապված ուսումնասիրություններ են կատարվել, կոմիտեն կոնկրետ հարցումներ է ուղարկել Կենտրոնական ընտրական հանձնաժողով, Անձնագրային վարչություն եւ մի շարք այլ գերատեսչություններ եւ ստացել պատասխաններ: Այստեղ հարց է առաջանում՝ միթե՞ Ռուբեն Հայրապետյանի գործը հսկող դատախազը տեղյակ չի եղել, թե կոմիտեն ինչ աշխատանքներ է տանում, տեղյակ է եղել, սակայն իր վերադասների մոտ է ցույց տվել, թե իր հանձնարարությունն է անհրաժեշտ, որպեսզի Հայրապետյանի մանդատ ստանալու օրինականության հարցն ուսումնասիրվի: Ստացվում է, որ Գլխավոր դատախաղությունը մեղմ ասած տեղում չէ եւ հանրության աչքին թոզ է փչում, թե բոլոր գործընթացների օրինականության մասով խիստ մտահոգ է: Նշենք, որ Ռուբեն Հայրապետյանն առաջին անգամ պատգամավոր էր ընտրել 2003 թվականի մայիսի 25-ին, դրանից մոտ մեկ ամիս անց դարձել էր Ռուսաստանի Դաշնության քաղաքացի։ Երկրորդ անգամ Հայրապետյանը պատգամավոր էր ընտրվել 2007 թվականի մայիսի 12-ին, երրորդ անգամ էլ՝ 2012-ին։
Եվ ահա, պարզվում է, որ նա ամենեւին էլ Սահմանադրության խախտումով չէ այդ տարիներին պատգամավոր ընտրվել: Բանն այն է, որ 2005 թվականին ընդունված Սահմանադրության հոդված 64-ն ասում է. «Պատգամավոր կարող է ընտրվել քսանհինգ տարին լրացած, վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին հինգ տարում Հանրապետությունում մշտապես բնակվող և ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք»: Իսկ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին ընդունված Սահմանադրության հոդված 48-ում ասվում է. «Ազգային ժողովի պատգամավոր կարող է ընտրվել քսանհինգ տարին լրացած, վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք»: Ինչպես նկատելի է, 2015 թվականին ընդունված Սահմանադրության մեջ ընդգծված է «միայն» բառը, այսինքն այդ տարվանից հետո է պարտադիր դարձել, որ պատգամավորը պետք է լինի միայն ՀՀ քաղաքացի, իսկ մինչ այդ գործող Սահմանադրության մեջ նման պարտադրանք չի եղել: Եվ ահա, ստացվում է, որ Ռուբեն Հայրապետյանի՝ պատգամավոր ընտրվելու գործընթացում որեւէ խախտում չի եղել. Սահմանադրությունը թույլատրել է նրան լինել եւ երկքաղաքացի եւ պատգամավոր»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հարցազրույց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հետ.
-Պարոն Սիմոնյան, ձեր իշխանությանը պարբերաբար մեղադրում են Սորոսի հիմնադրամի հետ կապ ունենալու, նրանցից ղեկավարվելու մեջ, իսկ այդ հիմնադրամը երկիրը քանդելու ծրագիր ունի, Վլադիմիր Գասպարյանն էլ խոսեց այդ մասին:
-Քչերը գիտեն, և թերևս դրա մասին խոսելը որոշների մոտ այդքան էլ հաճույք չի առաջացնում, բայց Սերժ Սարգսյանի ժամանակահատվածում, երբ Վլադիմիր Գասպարյանը երկար տարիներ եղել է ոստիկանության ղեկավար, ՀՀ ոստիկանությունը եղել է ամենաշատ գրանտ ստացած կազմակերպություններից մեկը: Հարց է ծագում, թե ինչու Վլադիմիր Գասպարյանը չի խոսում ժամանակին իր ենթակայության տակ եղած գրանտների ու ծագումնաբանության մասին:
-Իսկ դուք ի՞նչ կապ ունեք Սորոսի հիմնադրամի հետ, ասում են` Սորոսն է կառավարում այսօր մեր երկիրը, սորոսականները բաժին ունեն իշխանության մեջ:
-Ուրեմն, Հայաստանի իշխանությունը, որը լեգիտիմ է, որևիցե մեկը չի կարող ղեկավարել և իշխել կամ որևիցե բան թելադրել: Ուզում է Սորոսը լինի, ուզում է` Սորոսի հերը…
-Իսկ Սորոսի վաստակնե՞րը:
-Նաև Սորոսի վաստակները չեն կարող Հայաստանի Հանրապետությունը ղեկավարել: ՀՀ-ն ղեկավարում է ՀՀ ժողովուրդը և ձևավորում է իր իշխանությունն ընտրությունների միջոցով…»:
«Հրապարակ» թերթը գրում է․«Պաշտոնաթողությունից հետո էլ ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանը հանգիստ չունի: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ԵՊՀ ռեկտորի ընտրություններին ընդառաջ, իշխանությունը հերթական շոուն կբեմադրի` կապված Սիմոնյանի հետ: Մեր աղբյուրն ասաց, որ խոսքը 20 միլիոն դրամի ենթադրյալ չարաշահումների մասին է, որը Սիմոնյանը 2016-17 թվականներին վճարել է ԵՊՀ-ին մատուցված ծառայությունների համար, հենց ինչի առթիվ էլ շուտով նոր քրեական գործ կհարուցվի: Հիշեցնենք, որ իշխանափոխությունից հետո Արամ Սիմոնյանն առաջիններից էր, որ հայտնվեց իշխանությունների թիրախում, նրա նկատմամբ քրեական գործեր հարուցվեցին, որոնք արդեն 2 տարի է` նախաքննության փուլում են. վարույթն իրականացնող մարմինը ոչ մի կերպ չի կարողանում պատշաճ ապացույցներ հավաքել, գործը հանգուցալուծել և ուղարկել դատարան, դրան գումարած էլ, փաստորեն, նոր քրեական գործ են պատրաստվում հարուցել, որն իր ապացուցողական բազայով ավելի ուժեղ չի լինելու, քան նախորդը: Պարզապես այն ժամանակ տպավորություն էր, թե գործերը հարուցվում են, որ նա ռեկտորի պաշտոնից հրաժարվի` տեղն ազատելով իշխանություններին ընդունելի անձի համար, սակայն պարզվեց` հրաժարականը բավարար չէր: Եվ հրաժարականը պարտադրեցին, և քրեական գործեր հարուցեցին: Հավանաբար` որպես պատիժ իրենց ասած պահին դիմումը չգրելու համար: Մենք կապվեցինք Արամ Սիմոնյանի հետ` խնդրելով պատասխանել, թե տեղյա՞կ է արդյոք իր դեմ պատրաստվող նոր քրեական գործի հարուցման մասին: Սիմոնյանը նախ չցանկացավ պատասխանել` խնդրելով իրեն հանգիստ թողնել, ապա ասաց, որ իր նկատմամբ նախկինում հարուցված քրեական գործերը դեռ ընթացքի մեջ են, և ինքն այսօր չի կարող ասել` կա նոր գործ, թե ոչ: «Ես տեղյակ չեմ, նախաքննությունը դեռ շարունակվում է, այդ գործը դեռ չի փակվել, երբ կլինեն արդյունքներ, այն ժամանակ կիմանանք»,- ասաց Սիմոնյանը»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Սեւանի ափին գտնվող Ծովասար լողափին ամիս-ամիսուկես առաջ հանգստացած մեր համաքաղաքացիներից մեկը մի ուշագրավ պատմություն պատմեց։ Նրա հանգստանալու օրերին այդ հանգստավայրում է հանգստանալիս եղել նաեւ հայտնի Պզոն։ Մի օր մեծ թվով ոստիկանական ուժեր են անսպասելի հայտնվել ափին՝ ուղղակի ներխուժել են հանգստյան տան տարածք, մեծ աղմուկով հայտնաբերել են Պզոյին, պառկեցրել գետնին, ձեռքերը ոլորել ու բերման ենթարկել։ Այդ ահասարսուռ գործողությունը, որը սարսափեցրել է բոլոր հանգստացողներին, նկարահանել են 4 տեսախցիկով։ Բայց որքան մեծ է եղել հանգստացողների զարմանքը, երբ ընդամենը 3-4 ժամից Պզոն հանգիստ վերադարձել է լողափ, իսկ տեսագրությունը չի հեռարձակվել»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեւանի քաղաքապետարանը որպես աջակցություն 5 մլն 982 հազար դրամ հատկացրել է «Երեւանտրանս» ընկերությանը՝ Հայաստանում կորոնավիրուսային վարակի կանխարգելմանն ուղղված միջոցառումների շրջանակներում: Ինչպես հայտնի է՝ այս տարվա ապրիլի 1-ին դադարեցվել էր հանրային տրանսպորտի գործունեությունը եւ այն վերաբացվել էր միայն մեկ ու կես ամիս անց՝ մայիսի 15-ին՝ անվտանգության որոշակի կանոններով, այդ թվում կանգնած ուղևորներ տեղափոխելու արգելքով: Եվ ահա, երբ հայտնի դարձավ, որ տրանսպորտային միջոցները պետք է նաեւ ախտահանվեն, ուղեւորափոխադրող ընկերությունները դժգոհեցին, թե չեն կարող այդքան գումար հատկացնել՝ յուրաքանչյուր օր դրանք ախտահանելու համար: Եվ այս որոշումը նպատակ ունի փոխհատուցել նրանց վնասները: «Ժողովուրդ» օրաթերթին պաշտոնական փաստաթղթերից հայտնի դարձավ, որ մոտ 6 մլն դրամ է կազմել ուղեւորափոխադրամիջոցների հուլիս ամսվա աշխատահանման աշխատանքները: Բացի այս, մեկ այլ որոշմամբ «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ին քաղաքապետարանի կողմից հատկացվել է 62 մլն դրամ` Հայաստանում կորոնավիրուսային վարակի կանխարգելմանն ուղղված միջոցառումների շրջանակներում՝ կատարված եւ չվճարված ծախսերի փոխհատուցման նպատակով։»։