23.11.2024
Սևրի պայմանագիրը կարևոր փաստաթուղթ է՝ Հայկական հարցի արդարացի լուծմանը հասնելու համար
prev Նախորդ նորություն

Մամուլ. Փաշինյանին Թրամփի հետ հանդիպել չհաջողվեց, Բայդենի հետ կփորձի հանդիպել

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մամուլում մի քանի անգամ գրվել է, որ Նիկոլ Փաշինյանը՝ իշխանության գալու պահից ի վեր փորձում է հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, արժանանալ նրա ընդունելությանը։ Ապա սկսեցին փորձել, որ Թրամփի վարչակազմից որևէ մեկն ընդունի ՀՀ վարչապետին կամ նրա ներկայացուցիչներին։ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը, ԱՄՆ հայ համայնքի հեղինակավոր անձինք, բոլոր հայկական կառույցներն ու կուսակցությունները ներգրավված էին այդ խնդրի լուծմանը, սակայն այն գլուխ բերել չհաջողվեց։ Մեր աղբյուրների վկայությամբ, ամիսներ առաջ սորոսական «իսթեբլիշմենտից» Նիկոլ Փաշինյանին տեղեկացրել են, որ ընդհանրապես անիմաստ է Թրամփի հետ հանդիպում ակնկալելը: Խորհուրդ են տվել՝ սպասել մինչև Ջո Բայդենի հնարավոր հաղթանակը և ԱՄՆ նախագահ կարգվելը։ Այդ պարագայում միայն հնարավոր կլինի կազմակերպել ԱՄՆ նախագահի հետ ՀՀ վարչապետի հանդիպումը, որովհետև Ջորջ Սորոսն ամերիկյան դեմոկրատական կուսակցության հիմնական ֆինանասավորողն է և երբ Սպիտակ տանը նստի իր աջակցությամբ ընտրված անձը, ում հետ ուզենան՝ հանդիպումը կկազմակերպեն: Փաստը մնում է փաստ, որ Թրամփի վարչակազմի որևէ բարձրաստիճան պաշտոնյայի հետ հայ գործընկերները երբեք չեն հանդիպել: Նկատենք նաև, որ սոցհարցումների վերջին տվյալներով, Ջո Բայդենի շանսերը մի փոքր ավելի են գնահատվում, քան Դոնալդ Թրամփինը»։ 


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել երեկ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության դռնփակ հանդիպումից, որի հիմնական թեման կրկին Սահմանադրական դատարանի անդամի թեկնածուներն ու նրանց քվեարկության հարցն էր: Մեր տեղեկություններով՝ երեքուկես ժամ տեւած փակ նիստի ժամանակ պատգամավորներն ավելի շատ այս անգամ անդրադարձ են կատարել Դատավորների ընդհանուր ժողովի կողմից առաջադրված թեկնածու Երվանդ Խունդկարյանին եւ այս անգամ ավելի շատ հավաքվել էին հասկանալու, թե ինչ դիրքորոշում ունեն՝ հենց նրա հետ կապված: Բանն այն է, որ կառավարության կողմից առաջադրված թեկնածու Վահրամ Ավետիսյանին եւ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից առաջադրված թեկնածու Արթուր Վաղարշյանին իշխանական խմբակցության պատգամավորներն արդեն անդրադարձել էին, եւ հստակ էր, որ պատգամավորների մի մասն ամեն դեպքում դեմ էր նրանց: Եվ եթե այդ երկու թեկնածուների մասով մոտեցումն այնքան էլ միանշանակ չէ, եւ կան պատգամավորներ, որոնք դեմ են, ապա Երվանդ Խունդկարյանի թեկնածությանը պատգամավորներն ավելի դրական են տրամադրված, եւ դեմ կարծիքներ այնքան էլ շատ չեն եղել:


Իհարկե, կարծիքներ եղել են այն տեսանկյունից, թե Վճռաբեկ դատարանի նախագահը չպետք է դառնա ՍԴ անդամ, սակայն ընդհանուր առմամբ կարծիքները դրական են եղել: Նաեւ խմբակցության ներսում որոշել են, որ վերջնական որոշում կկայացնեն նաեւ Խունդկարյանի հետ հանդիպումից հետո, որը կկայանա առաջիկա օրերին: Նկատենք, որ խմբակցության պատգամավորներին նաեւ ասվել է, որ առաջիկա օրերին խմբակցության այլ նիստեր եւս կանցկացվեն, նաեւ սպասվում է, որ արդեն վաղը կգումարվի Ազգային ժողովի հատուկ նիստ, որի ժամանակ կքննարկվի արտակարգ դրությունը եւս մեկ ամսով եւ վերջին անգամ երկարաձգելու հարցը: Իսկ, ահա, ՍԴ նորանշանակ անդամներին կընտրեն մինչեւ այս ամսվա վերջ արտահերթ նիստերի միջոցով»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի էթիկայի հարցերով հանձնաժողովը չի կարող ստեղծվել 2021 թվականի հունվարի 1-ից շուտ: Բանն այն է, որ Ազգային ժո­ղովի «Իմ քայլը» խմբակցությունն առաջարկում էր փոփոխություններ կատարել «ԱԺ կանոնակարգ» օրենքում և ստեղծել հնարավորու­թյուններ էթիկայի հանձնաժողովի ստեղծման համար` տալով դրան լայն լիազորություններ, սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Ազ­գային ժողովի աշխատակազմի փորձագիտական և վերլուծական վարչության կողմից փորձաքննության է ենթարկվել «ԱԺ կանոնակարգ» օրեն­քի նախագիծը: Խմբակցությունն առաջարկում էր, որ ԱԺ նախագահը պատգամավորի նկատմամբ կիրառի օրենքով նախատեսված կարգապահա­կան պատասխանատվության միջոց` էթիկայի հանձնաժողովի եզրակացության հիման վրա, սակայն վարչությունն առաջարկում է ամրագրել, որ Ազգային ժողովի նախագահը կարող է կիրառել, այսինքն` դա պարտադիր չէ: Բացի այդ, նրանք գտել են, որ նախագիծը պարունակում է ֆինան­սատնտեսական որոշ հիմնախնդիրներ: Մասնավորապես, նախագծով նախատեսվում է, որ սույն օրենքն ուժի մեջ է մտնում դրա հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը այն դեպքում, երբ ՀՀ Ազգային ժողովի ընթացիկ տարվա ֆինանսավորման ծավալներում այս հանձնաժողովի գործունեության և սպասարկման հետ կապված ֆինանսական միջոցներ հատկացված չեն: Եվ այդ պատճառով առաջարկվում է սահմանել, որ սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Օրաթերթի տեղեկություններով՝ Քննչական կոմիտեում ուշագրավ կադրային փոփոխություններ են սկսվել: Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ օրերս պաշտոնից ազատվել է ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետ Սամսոն Մաթևոսյանը և նշանակվել է ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետի տեղակալ, ինչը կոմիտեում համարում են պաշտոնի իջեցում: Բանն այն է, որ կոմիտեում տարածված լուրերի համաձայն՝ Սամսոն Մաթևոսյանը բավականին մտերիմ կապերի մեջ է եղել ՊԵԿ նախկին նախագահ Հովհաննես Հովսեփյանի հետ, իսկ Քննչական կոմիտեում տարածված լուրերի համաձայն՝ նախկին իշխանության հետ կապ ունեցող պաշտոնատար անձանց պաշտոնը որոշել են իջեցնել և հետո, ըստ էության, «հաջողություն մաղթել»: Եվ այստեղ ամենաուշագրավն այն է, որ Սամսոն Մաթևոսյանը Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի հորեղբայրն է: Այսինքն՝ Արմավիրի մարզպետի եղբայր լինելն ըստ էության չի խանգարել, որպեսզի նրա պաշտոնն իջեցնեն: Այստեղ ավելի շատ դեր է խաղացել նախկին իշխանության հետ կապ ունենալու հանգամանքը»։


«Հրապարակը» գրում է. «Դատական համակարգում քննարկում են ՀՀ սնանկության դատարանի դատավոր Գևորգ Նարինյանի գործն ու կալանավորում։ Երեկ վերաքննիչ քրեական դատարանը մերժեց նրա պաշտպանների բողոքը եւ Նարինյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Հիշեցնենք, Գևորգ Նարինյանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելը), ՔՕ 190-րդ հոդվածով (հանցավոր ճանապարհով գույքն օրինականացնելը), ՔՕ 310.1-րդ հոդվածով(ապօրինի հարստանալը), ՔՕ 314.3-րդ հոդվածով (Հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելը)։ Դատական համակարգում կարծում են, որ Նարինյանը ոչ թե հանցանք է կատարել, այլ զանցանք, ժողովրդական լեզվով ասած՝ «թամահ է արել»՝ սնանկացած անձի՝ աճուրդի դրված գույքն է գնել, ինչը օրենքով չի արգելվում, բայց «չպետք է աներ», որովհետեւ նման գույքի հետ նաեւ սնանկացած անձանց անեծքին են արժանանում։ Բայց վստահ են, որ իրավական առումով «փուչ գործ» է Նարինյանի գործը, ինչպես վերջին երկու տարվա գործերի մեծ մասը եւ եթե հասնի դատարան՝ փլվելու է աչքի առաջ։ Բայց դե, պարզ է, մինչեւ դատարան հասնալեը երկար ճանապարհ կա եւ այս գործն էլ իշխանությունը կօգտագործի իր փիառի համար, կարծում են դատավորները։ Նրանց հատկապես զայրացրել է այն, որ այսպես հեշտությամբ դատավոր են կալանավորում։ Նրանք ասում են՝․ «Էլի թող գործ հարուցեին, քննեին, բայց կալանավորելու իմաստը ո՞րն է՝ դատական համակարգը ավելի շատ վարկաբեկե՞լը»։