Սիրիական հեղինակավոր Ալ-Ազմենահ թերթը հրապարակել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի բացառիկ հարցազրույցը, որում արտացոլված է ՀՀ նախագահի դիրքորոշումը Սևրի պայմանագրի մասով:
- Պարոն նախագահ, օգոստոսին 10-ին լրանում է Սևրի պայմանագրի 100-ամյակը, որն Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո Փարիզի խաղաղության կոնֆերանսի ընթացքում ստորագրվել էր մի կողմից Անտանտի հաղթող 13 երկրի, մյուս կողմից պարտված Օսմանյան կայսրության միջև: Պայմանագիրը նախատեսում էր լուծել տասնամյակներով այնքան չարչրկված Հայկական հարցը և վերջ տալ հայոց տառապանքներին: Ի՞նչ կասեք այդ մասին:
- Սևրի պայմանագիրն իր բնույթով խաղաղության պայմանագիր էր, և այդ առումով, իրոք, այն կարող էր արմատապես լուծել մեր ռեգիոնի ամենախրթին հարցերից մեկը՝ Հայկական հարցը:
Սևրի պայմանագրին նախորդել էր 1920թ. փետրվար-ապրիլին Լոնդոնում կայացած առաջին համաժողովը, որտեղ ընդունվել էր քաղաքական որոշում առ այն, որ պետք ստեղծել մեկ, միասնական հայկական պետություն: Ընդսմին, որպես հայոց պետականության խարիսխ ճանաչվել էր արդեն իսկ Փարիզի վեհաժողովի կողմից 1920թ. հունվարի 19-ին de facto ճանաչված Հայաստանի Հանրապետությունը, որին պիտի միացվեին Օսմանյան կայսրության տիրապետության տակ գտնվող Արևմտյան Հայաստանի որոշ տարածքներ:
Սևրի հաշտության պայմանագրով Թուրքիան Հայաստանը ճանաչում էր որպես ազատ ու անկախ պետություն։ Թուրքիան ու Հայաստանը համաձայնում էին Էրզրումի, Տրապիզոնի, Վանի ու Բիթլիսի նահանգներում (վիլայեթներ) երկու պետությունների միջև սահմանազատումը թողնել ԱՄՆ որոշմանը (նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճռին, որի 100-ամյակը նույնպես լրանում է առաջիկա նոյեմբերի 22-ին), և ընդունել ինչպես նրա որոշումն անմիջապես, նույնպես և բոլոր առաջարկները՝ Հայաստանին դեպի ծով ելք տալու և հիշյալ սահմանագծին հարող օսմանյան բոլոր տարածքների ապառազմականացման վերաբերյալ։
- Սակայն Սևրի պայմանագիրը մնաց թղթի վրա...
- Ավելի շուտ, Սևրի պայմանագիրը չարժանացավ լիակատար վավերացման (հետևաբար մնում է անկատար (unperfected) և, ճիշտ է, Հայաստանի մասով որոշումները միջազգային քաղաքական իրադրության փոփոխության պատճառով չեն իրականացվել, սակայն այն նաև երբևէ չեղյալ չի հայտարարվել:
Սևրի պայմանագիրն օրինական, միջպետական, նաև de facto գործող փաստաթուղթ է, քանի որ այս փաստաթղթի վրա են խարսխված եղել կամ սրանից են ածանցվել Միջինարևելյան մի շարք երկրների Առաջին աշխարհամարտին հաջորդող որոշ ժամանակահատվածի կամ ներկայիս կարգավիճակները, մասնավորապես՝ Սիրիայի (ներկայումս՝ Սիրիա-Լիբանան) և Միջագետքի (ներկայումս՝ Իրաք-Քուվեյթ), Պաղեստինի (ներկայումս՝ Իսրայել և Պաղեստինի իշխանություններ), Հեջազի (ներկայումս՝ Սաուդյան Արաբիա), Եգիպտոսի, Սուդանի, Կիպրոսի, Մարոկոյի, Թունիսի և Լիբիայի:
Այս շարքում Սևրի հաշտության պայմանագիրը կարող էր նպաստել Հայկական հարցի լուծմանը և հայ ժողովրդի համախմբմանը իր պատմական տարածքների վրա։
Այն կարող էր մասամբ դարմանել 1915թ. Հայոց ցեղասպանության հետևանքով հայ ժողովրդին հասցված վնասները՝ դրանով պայմաններ ստեղծելով Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև մեր տարածաշրջանի ժողովուրդների միջև տևական խաղաղության հաստատման:
Սակայն 1920թ. սեպտեմբերին քեմալականների սանձազերծած արշավանքը Հայաստանի Հանրապետության դեմ ավարտվեց Հայոց անկախ պետականության վերացմամբ և Հայաստանի խորհրդայնացմամբ:
Այսպիսով, հայ ժողովրդի դարավոր պայքարը՝ մեկ պետական կազմավորման մեջ միավորելու բաժանված Հայաստանի մասերը, չպսակվեց հաջողությամբ:
Բայց Հայաստանի Հանրապետությունը և աշխարհով մեկ սփռված ողջ հայ ժողովուրդը մնում է ժառանգը և տերը իր հազարամյակների պատմության և քաղաքակրթության: Ինչ էլ արել են և անեն, ինչքան էլ ժխտեն ակնհայտ փաստերը, ինչքան էլ պատմական Հայաստանի տարածքներում ոչնչացնեն և ջնջեն հայոց պատմության և քաղաքակրթության նյութական հուշարձանները և հայերի հետքերը, նրանք չեն կարող ոչնչացնել հայ ժողովրդի հիշողությունը:
Սևրի հաշտության պայմանագիրն այսօր էլ մնում է որպես կարևոր փաստաթուղթ՝ Հայկական հարցի արդարացի լուծման հասնելու հայ ժողովրդի իրավունքի մասին։
- Կա տարածված տեսակետ, թե իբր 1923թ. Լոզանի պայմանագիրը չեղարկել է Սևրի պայմանագիրը:
- Բնավ այդպես չէ և չէր կարող այդպես լինել: Լոզանի պայմանագրում ոչ միայն չկա նման չեղարկում, այլև անգամ Սևրի պայմանագրի մասին հիշատակում չկա: Հայաստանի Հանրապետությունը չի ստորագրել, հետևաբար մաս չէ Լոզանի պայմանագրին: Ըստ այդմ, այն որևէ պարտավորություն չի ստեղծում Հայաստանի Հանրապետության համար: Այս իրավիճակում գործում է միջազգային իրավունքի Res inter alios acta (մասն չես, պարտավոր չես) սկզբունքը: Սևրի պայմանագիրը և Լոզանի պայմանագիրը երկու տարբեր իրավական փաստաթուղթ են: