Հետընտրական զարգացումները սպասելի էին, բայց դրանք մասշտաբային չեն դառնա. Սանդիկով
Այս պահին Մինսկը ապրում է իր բնականոն կյանքով, մայրաքաղաքում աշխատանքային եռուզեռ է, ամեն ինչ հանգիստ է: Այս մասին VERELQ-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը, ով ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի պատվիրակության կազմում միջազգային դիտորդի կարգավիճակով գտնվում է Բելառուսում:
Անդրադառնալով բուն ընտրական գործընթացին, պատգամավորն ասաց, որ ընտրողները բավականին ակտիվ էին, մասնակիցների ցուցանիշը բարձր էր և այնպիսի խախտումներ ԱՊՀ դիտորդները չեն արձանագրել, որոնք կարող էին ընտրության արդյունքները հարցականի տակ առնել: Ըստ Սանդիկովի, եղել են մի քանի զուտ տեխնիկական բնույթի խախտումներ, որոնք էական ազդեցություն չեն կարող ունենալ գործընթացի լեգիտիմության առումով:
Ինչ վերաբերում է հետընտրական գործընթացներին, ապա Սանդիկովը նշեց, որ այս նախագահական ընտրությունները նախորդներից, թերևս, տարբերվում էին ընդդիմության ակտիվությամբ և սպասելի էր, որ որոշակի գործընթացներ կլինեն.
«Դա բնական է, որ կարող էր որոշակի բողոքի ալիք բարձրանալ և իշխանությունները դրան պատրաստ էին՝ մեր հյուրանոցը տեղակայված է Մինսկի փոքր կենտրոնում և երեկ վաղ առավոտվանից դրա տարածքում ուժեղացված ծառայություն էր: Ըստ մեզ հասած տեղեկությունների, գիշերը քաղաքի տարբեր հատվածներում բախումներ են եղել, սակայն հենց մեր տարածքում նման բան չի եղել: Կոռեկտ չէր լինի, եթե մենք, որպես միջազգային դիտորդներ, գիշերը դրսում լինեինք : Մենք գերադասեցինք դուրս չգալ փողոց, բայց գիշերը 2-ի սահմաններում, որքան հասկանում եմ, ամեն բան ավարտվել էր և առավոտյան վեցից քաղաքն ապրում է իր բնականոն կյանքով»,- ասաց պատգամավորը՝ նշելով, որ երեկ օրվա երկրորդ կեսից երկրում ինտերնետն անջատված է:
Ալեքսեյ Սանդիկովը հրաժարվեց մեկնաբանել նախագահի ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի կողմնակիցների հայտարարությունները, թե ընտրություններում Լուկաշենկոյին վերագրված 80-ից ավելի տոկոսը իրականում իր օգտին է.
«Որպես դիտորդ՝ մենք չենք կարող և դրա կարիքն էլ մեկնաբանելու նման հայտարարություններ և ասել, թե ով ինչքան ձայն է հավաքել իրականում: Մենք հետևում ենք ընտրական գործընթացին, որում, կրկնում եմ, էական խախտումներ չենք նկատել, միայն մանր տեխնիկակակն: Հետընտրական զարգացումները սպասելի էին, բայց անձամբ ես դժվար եմ պատկերացնում, որ դրանք շարունակական բնույթ կունենա ու ավելի մասշտաբային կդառնան: Եվ արդեն այս պահին Մինսկում ամեն ինչ խաղաղ ու հանգիստ է»,- հավելեց մեր զրուցակիցը:
VERELQ-ը հիշեցնում է, որ Բելառուսի ԿԸՀ հրապարակած նախնական տվյալների համաձայն՝ կիրակի օրը երկրում կայացած նախագահական ընտրություններում գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի օգտին քվեարկել է 4 միլիոն 652 հազար մարդ կամ 80,23 %-ը: