22.11.2024
Մամուլ. Ծառուկյանը էլի հեռանում է քաղաքականությունի՞ց
prev Նախորդ նորություն

Մամուլ. Թեժ նստաշրջան՝ Ստամբուլյան կոնվենցիան գալիս է ԱԺ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Սեպտեմբերի 14-ին ԱԺ-ն սկսելու է հերթական նստաշրջանը, որը խոստանում է թեժ լինել․ գարնանային նստաշրջանի ժամանակ կիսատ մնացած, չքննարկված աղմկոտ նախագծեր կան, որոնք կտեղափոխվեն աշնանայինի օրակարգ։ Բացի այդ, ըստ տեղեկությունների, օրակարգ է բերվելու նաև Ստամբուլյան աղմկահարույց կոնվենցիան։ «Իմ քայլը» սեպտեմբերին պատրաստվում է նաև անվստահություն հայտնել ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանին և հասնել հանձնաժողովի ղեկավարի պաշտոնից նրա հեռացմանը։ Հիշեցնենք, որ ԱԺ հերթական նիստերն ավարտվել էին հունիսին, սակայն հուլիսին արտահերթ նիստեր էին լինում»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Ի՞նչ հնարավորության մասին է խոսքը, երբ մի կողմից՝ ինչ կա-չկա, բարդում են կորոնավիրուսի վրա, մյուս կողմից՝ ասում, թե այն հնարավորություն է ստեղծում: Տնտեսագետ Վարդան Բոստանջյանի դիտարկումն է, ում կարծիքով, երկիրը հնարավոր է ղեկավարել անգամ նման պայմաններում, եթե, իհարկե, կան անհրաժեշտ հմտություններ: «ՀՀ պետական պարտքն աճում է, այն արդեն հասնում է 8 միլիարդի, որն անցած տարվա ՀՆԱ-ի 59 տոկոսն է կազմում: Սա շատ ծանր է: Պատկերավոր ասած՝ յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի 3000 դոլարի չափ պարտք ունի: Այս պարագայում պետական պարտքի վերոնշյալ ցուցանիշը դեֆոլտի մեծ ռիսկեր է առաջացնում: Դեֆոլտի ռիսկերը շատ ակնհայտ են ու տեսանելի»,-«Փաստի» հետ զրույցում ասաց տնտեսագետը: Մյուս կողմից՝ Բոստանջյանը շեշտում է՝ պետք է մեծապես մեր քաղաքացիների, հայ մարդու շնորհքին ապավինենք. «Այդ իրողության շնորհիվ է, որ մենք չենք հայտնվում կոլապսային վիճակում, որովհետև անգամ ամենածանր վիճակում հայ մարդը թեկուզ մեծագույն դժվարությամբ, բայց կարողանում է գտնել իրավիճակից դուրս գալու միջոցը: Եթե այս բաղադրիչը չլիներ, մեզ մոտ նաև դեֆոլտի հավանականությունը շատ ավելի ցցուն կլիներ»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պարզվում է՝ Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուների ով լինելը ոչ միայն հարուցել է Ազգային ժողովի իշխող՝ Իմ քայլը խմբակցության պատգամավորներից շատերի դժգոհությունը, այլ նաեւ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի: Եվ հենց դա է պատճառը, որ վերջինս այս ընթացքում աշխատանքային խումբ էր ստեղծել, որի միջոցով ցանկանում է ուսումնասիրել Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուներ Երվանդ Խունդկարյանի, Արթուր Վաղարշյանի եւ արդեն նախկին թեկնածու Վահրամ Ավետիսյանի անցած ուղիները: Ընդ որում, վերջինիս եւ նրա ընտանիքի շուրջ ամենամեծ ուսումնասիրությունն արդեն կատարվել էր, սակայն հաշվի առնելով, որ նա հրաժարվեց պայքարից, գործընթացը դադարեցվել է: Այստեղ ուշագրավն այն է, որ ուսումնասիրվել է թեկնածուների մասին ամեն հնարավոր տվյալները. իրենք ինչ ունեցվածք ունեն, ինչ աշխատանքներ են կատարել, ուսումնասիրվել է նաեւ թեկնածուներից յուրաքանչյուրի հարազատների լայն շրջանակին պատկանող գույքը, գիտական աշխատանքները՝ Հայաստանում եւ արտերկրում, դատական ակտերը, անգամ հարցազրույցներ են արվել թեկնածուների գործունեությունից հնարավոր տուժած անձանց հետ: Եվ Ժողովուրդ օրաթերթի տեղեկություններով, այժմ ամբողջացվում են ուսումնասիրության արդյունքները, որպեսզի մինչ ընտրության օրը ներկայացվեն և պատգամավորները թեկնածուներին հնարավորություն չտան՝ դառնալու ՍԴ դատավորներ»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դատական համակարգում տեղեկություններ են տարածվել, թե առաջիկայում Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանի՝ Սահմանադրական դատարանի անդամ դառնալու պարագայում, վերջինիս պաշտոնը բաժին կհասնի Գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանին, որը հիշեցնենք իր պաշտոնին նշանակվեց Դատական ակտերի կատարման մասին օրենքում փոփոխություններ անելու եւ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի շնորհիվ, քանի որ վերջինիս ընկերն է: Եվ ահա, «Ժողովուրդ» օրաթերթը դատական համակարգում տարածված լուրերից տեղեկացավ, որ չի բացառվում առաջիկայում փոփոխություններ արվեն նաև ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնը զբաղեցնող անձի համար սահմանված չափորոշիչներում եւս հերթական անգամ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին կհաջողվի իր ցանկալի թեկնածուին կարգել այս անգամ էլ ՍԴ նախագահ: Ամեն դեպքում, այս սցենարն այժմ ամենաքննարկվողներից է: Միեւնույն ժամանակ մեր տեղեկություններով, Վճռաբեկ դատարանի նախագահ, Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Երվանդ Խունդկարյանն ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ հանդիպումից հետո դատական համակարգի որեւէ ներկայացուցչի հետ չի շփվել, ինչը դատական համակարգում պայմանավորում են ներքին անհանգստությամբ: Բանն այն է, որ նա ի սկզբանե համաձայնվել էր Վճռաբեկ դատարանի նախագաի պաշտոնից հրաժարվել ՍԴ նախագահ դառնալու ակնկալիքով եւ հիմա անհանգիստ է՝ կհաջողվի՞ պլանները մինչև վերջ առաջ տանել»:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երբ կառավարությունը, Դատավորների ընդհանուր ժողովը և ՀՀ նախագահը ներկայացրին ՍԴ դատավորի իրենց թեկնածուներին, թվում էր՝ ՍԴ-ն կհամալրվի, և գործընթացը ավարտին կհասնի, բայց պարզվեց, որ 3 թեկնածություններն էլ միանշանակ չեն ընդունվում: Կառավարության առաջադրած Վահրամ Ավետիսյանը ստիպված եղավ ինքնաբացարկ հայտնել, ում փոխարեն կառավարությունը, որոշ տեղեկություններով, կառաջադրի Էդգար Շաթիրյանի թեկնածությունը։ Վերջինս անցած տարի կարճ ժամանակով եղավ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ, բայց երբ քաղաքական կոմպրոմիսի արդյունքում որոշվեց հանձնաժողովի նախագահ նշանակել ԼՀԿ քվոտայով հանձնաժողով գործուղված Հայկուհի Հարությունյանին, Շաթիրյանը հրաժարական տվեց։ Լուրեր տարածվեցին, թե նա նեղացել է թիմից։ Վաղը տեղի կունենա թեկնածուի և «Իմ քայլի» հանդիպումը, իսկ մինչ այդ կառավարությունը պաշտոնապես կհաղորդի նրա առաջադրման մասին։ Նրա թեկնածությունը կառավարությանը հուշել են ԱԺ իրավաբան պատգամավորները։ Սակայն «Իմ քայլում» իրավիճակ չի փոխվել նախագահի առաջադրած և մեկ անգամ արդեն իրենց կողմից մերժված Արթուր Վաղարշյանի հարցում։ Պատգամավորները վճռական են տրամադրված՝ «թքածը չեն լիզելու»․ նրան չեն ընտրելու։ Փոխարենը մեծ մասը լոյալ է տրամադրված Դատավորների ընդհանուր ժողովի առաջադրած թեկնածուի՝ Երվանդ Խունդկարյանի հարցում։ Նրան են դիտարկում նաև ՍԴ նախագահի պաշտոնում։ Օգոստոսի 19-ին «Իմ քայլի» հետ հանդիպմանը նրան չեն նեղել, թեպետ նա համարվում է նախկին իշխանությունների կամակատարը։ Բանն այն է, որ կադրերի դեֆիցիտ կա, և իրեն հարգող իրավաբանը չի ցանկանում մտնել մի գործընթացի մեջ, որն անորոշ ապագա ունի, իսկ իշխանությունը չի կարող անվերջ թեկնածուներ փոխել․ օգոստոսի 26-ը ՍԴ կազմը ձևավորելու վերջնաժամկետն է»:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Դատական համակարգի մեր աղբյուրներն ասում են, որ դանդաղ ու հետևողական քայլերով շարժվում ենք դեպի «զանգովի արդարադատություն», մինչդեռ 2 տարի առաջ հույս կար, որ հեղափոխությունից հետո դրանից ազատվելու ենք։ Դարձյալ սկսել են դատավորներին հրահանգավորել, ուղիղ տեքստով ասվում է, թե ինչպես լուծեն վեճերը, ինչ դատավճիռներ կայացնեն։ Ընդ որում, մեր աղբյուրն ասում է, որ դա արվում է, որպես կանոն, վարչապետին վկայակոչելով, և իրենք՝ նախկինի նման, հնարավորություն չունեն պարզելու, թե որ հրահանգն է իսկապես վարչապետը տալիս, որը՝ ուղղակի նրա անունն օգտագործելով։ Այս առումով երկու բուրգ է սկսել գոյանալ․ մեկը Արդարադատության նախարարության բուրգն է՝ նախարար Ռուստամ Բադասյանի գլխավորությամբ, մյուսն Աննա Վարդապետյանն է համակարգում՝ վարչապետի խորհրդականը։Այս երկու բուրգը, որի ղեկավարները՝ Աննա Վարդապետյանն ու Ռուստամ Բադասյանը, շատ լարված հարաբերություններ ունեն, խանդի տեսարաններ են միմյանց նկատմամբ սարքում, և ազդեցության գոտիների բաշխման շուրջ կատաղի պայքար է գնում։ Իսկ ԲԴԽ-ն չի միջամտում այս գործընթացներին և դատավորներին պաշտպանելու փորձեր չի անում»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Օրաթերթը տեղեկացավ, որ այսօր տեղի կունենան Ընտրական օրենսգրքի վերաբերյալ հերթական քննարկումները, որոնք այս անգամ նվիրված կլինեն ընտրական վարչարարություն, դիտորդներ, ԶԼՄ-ներ, վստահված անձինք, այցելուներ թեմային: Սա արդեն թվով չորրորդ հանրային քննարկումն է: Քննարկումները նախաձեռնել է ընտրական բարեփոխումների խորհրդարանական աշխատանքային խումբը, սակայն թեմատիկ մի քանի հատվածներ տարբեր կազմակերպությունների միջոցով են մշակվում: Օգոստոսի 18-ի քննարկումն առնչվում էր ընտրական ցուցակներին։ Ընտրական ցուցակների առնչությամբ ներկաները փաստել էին, որ տարիներ շարունակ մտահոգություններ են հնչել, որ ընտրական ցուցակները բավականին ուռճացված են: Եվ, ահա, մենք տեղեկացանք, որ առաջարկվում է օրենքով ամրագրել, որ ընտրական ցուցակներն ունենան որոնման հնարավորություն: Բանն այն է, որ այժմ էլ հնարավոր է ընտրական ցուցակներում որոնում կատարել, սակայն տեսականորեն հնարավոր է, որ ոստիկանությունն այնպիսի ձևաչափով ընտրական ցուցակները հրապարակի, որ հնարավոր չլինի որոնում կատարել: Տեղեկացանք, որ առաջարկվում է նաև փոստային ծառայության ծանուցումը փոխարինել այլ ձևերով, օրինակ` հեռախոսային հաղորդագրություններով: Առցանց քննարկումները կավարտվեն օգոստոսի 25-ին, և վերջին քննարկումը նվիրված կլինի ԱԺ կանոնակարգին: Դրանից հետո կամբողջացվեն հանրային քննարկման արդյունքները, և նախագիծը կներկայացվի հանրային քննարկման»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, կառավարության կողմից առաջադրված ՍԴ դատավորի թեկնածու Վահրամ Ավետիսյանը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրվելու մասին համաձայնությունը հետ կանչելու մասին դիմում էր ներկայացրել: Ավետիսյանը մասնավորաբար իր ՖԲ էջում գրել էր. ««Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ հանդիպումից և հետագա քննարկումներից ինձ համար ակնհայտ դարձավ, որ պատգամավորների մի մասի՝ Սահմանադրական դատարանի դերակատարության, Սահմանադրական դատարանի դատավորի ապաքաղաքականացվածության և անկախության վերաբերյալ մոտեցումներն ու պատկերացումներն իմ մոտեցումներին և պատկերացումներին համահունչ չեն, իսկ որոշ դեպքերում նաև ինձ համար անընդունելի»։ «Փաստ» թերթի տեղեկություններով` իրականում բազմաթիվ հարցերի շարքում գերակշռող են եղել հարցերը կապված «Մարտի 1»-ի գործի հետ: Իմքայլական պատգամավորները թափանցիկ կերպով հասկացրել են Վահրամ Ավետիսյանին, որ նրա թեկնածությանը կողմ կքվեարկեն, եթե հավաստիացնի, որ գործելու է Վահե Գրիգորյանի «գծի մեջ», հակառակ դեպքում չի ընտրվի: Ավետիսյանը, սակայն, նշել է, որ ինքը պրոֆեսիոնալ իրավաբան է, և լուրջ չէ ի սկզբանե որևէ գործի հետ կապված որոշում ակնկալել, յուրաքանչյուր գործ պետք է ուսումնասիրել մանրամասնությամբ և ըստ այդմ որոշում կայացնել, այլ ոչ թե առաջնորդվել կանխակալ վերաբերմունքով: Հիմնական այս հակասությունն էլ պատճառ է դարձել, որ Ավետիսյանը հետ կանչի իր համաձայնությունը»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Թերթի տեղեկություններով` վերջին շրջանում բացասական առումով լրջագույնս փոխվել է ՀՀ իշխանությունների հանդեպ Արևմուտքի, մասնավորաբար ԱՄՆ-ի վերաբերմունքը, քանի որ նրանք ի դեմս Նիկոլ Փաշինյանի այլևս չեն տեսնում այն ուժին ու լիդերին, որը կարող է տարածաշրջանում ամերիկյան քաղաքականություն իրականացնել։ Մեր աղբյուրների փոխանցմամբ` վերջին օրերին դիվանագիտական խողովակներով որոշակի քայլեր են կատարվել, որոնք առաջիկայում ուղղակիորեն իրենց ազդեցությունն են ունենալու հայաստանյան ներքաղաքական գործընթացների վրա։ Մեր տեղեկություններով` օրերս տեղի է ունեցել քննարկում, որտեղ հստակ կետերով դրվել են այն պահանջները, որոնք անհրաժեշտ են գործընթացը սկսելու համար։ Ըստ այդմ, ներկա փուլում ԱՄՆ-ն փորձում է կոորդինացնել հայաստանյան տիրույթում գործող այն քաղաքական ուժերին, որոնց գաղափարներն ու մոտեցումներն այս կամ այն չափով մոտ են իր քաղաքականությանը։ Այս առումով, մեր ունեցած տեղեկությունների համաձայն, ԱՄՆ-ի խաղադրույքը կանգնել է ներկա դրությամբ ակնհայտ արևմտյան «ռասկլադում» տեղավորվող մի քանի ուժերի վրա։ Ի դեպ, հստակ արևմտյան կողմնորոշում ունեցող սոցցանցային օգտատերերը, որոնք դեռևս երկու տարի առաջ խելակորույս սատարում էին Նիկոլ Փաշինյանին, վերջին մեկ ամսվա ընթացքում ամբողջովին վերանայել են քաղաքական «գիծը» և բավականին կոշտ քննադատական գրառումներ են շրջանառում։ Ի դեպ, քաղաքագետներից մեկը մեզ հետ զրույցում չբացառեց, որ, այսպես կոչված, սորոսականների հետ իշխանությունների գոնե արտաքուստ հակասությունները կարող են տեղավորվել այս գործընթացի շրջանակներում»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրեր առաջ հայտնի դարձավ, որ իշխանություններն առաջիկայում պատրաստվում են լուրջ պարգևատրումներ տալ հուլիսին Տավուշի գործողությունների ժամանակ աչքի ընկած զինվորներին և սպայակազմին, տեղեկություններ կան նաև, որ այդ պարգևատրումների շարքում լինելու են նաև նոր կոչումներ, այդ թվում՝ բարձր սպայական կազմում։ Թերթի տեղեկություններով, այս պարգևատրումների մասին լուրը, մեղմ ասած, միանշանակ չի ընդունվել Ապրիլյան պատերազմին մասնակցած տղաների կողմից. խոսքն, իհարկե, բնավ տավուշյան գործողությունների մասնակից պարգևատրվողների արժանիության մասին չէ: Մեր ունեցած տեղեկության համաձայն` նրանք առաջիկայում չեն պատրաստվում որևէ հստակ գործողությունների դիմել և քայլեր իրականացնել, այլ ընդամենը սպասում են Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի եզրափակիչ զեկույցի հրապարակմանը, որը նախատեսվում է ԱԺ ներկայացնել արդեն սեպտեմբերին։ Ի դեպ, մեր տեղեկություններով, քննիչ հանձնաժողովի զեկույցում օգոստոսին ինչ-ինչ փոփոխություններ են կատարվել, ինչը տրամագծորեն փոխել է զեկույցի ողջ բովանդակությունը»:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Օրերս միջադեպ է գրանցվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախկին անդամ Արա Դորվանյանի և Նիկոլ Փաշինյանի թիկնազորի միջև։ ՔՊ նախկին անդամը, տեսնելով վարչապետի ավտոշարասյունը, «Իմ քայլի» նախընտրական բուկլետներ է նետել վարչապետի շարասյան վրա և հայհոյել։ Միջադեպից հետո Դորվանյանին տարել են ոստիկանություն։  «Հրապարակ»-ի հետ զրույցում Արա Դորվանյանը հաստատել է տեղեկությունը՝ ասելով, որ դա իր քաղաքացիական ակցիան է եղել։ «Նույն օրը, երբ բուկլետները շփեցի իր ապակու վրա։ Ինքը չէր էլ սպասում։ Այդ բուկլետներն ինձ մոտ էին մնացել։ Ոստիկանությունում ասացին՝ ո՞նց, երկրի վարչապետի մեքենայի դեմը կտրո՞ւմ ես։ Ասացի՝ լավ եմ անում, ես ակցիա եմ արել, ոնց տեսել, սովորել եմ։ Ինքն ինչպես Սերժ Սարգսյանի ավտոշարասյան վրա էր բուկլետներ շպրտում, նույնն էլ ես իրեն եմ արել և իրավունք ունեմ, ո՞վ կարող է ինձ իմ խոսքի ազատությունից զրկել ու ինձ ասել, թե ոնց անեմ։ Մոտ 5 ժամի չափ մնացել եմ ոստիկանությունում, ու այնպես չէ, որ ես ինձ ոստիկանությունում ընկճված եմ զգացել։ Իմ խոսքը նաև այնտեղ եմ շարունակել, որ ես իրեն առճակատ բան ունեմ ասելու։ Ես իրենց հարցրի՝ ինչ-որ քրեորեն պատժելի բա՞ն եմ արել, քա՞ր եմ նետել, ընդամենը բուկլետները շփել եմ ու ապացուցել եմ, որ սուտասան է։ Ինձ հարցրին՝ բա ինչո՞ւ առձեռն չվերադարձրիր բուկլետները, եթե հետը մոտիկ ես, ասացի՝ մոտիկ չեմ, ես նման մարդու հետ չունեմ շփվելու։ Ես իշխանափոխությունից հետո իրենից գործ էլ չեմ ուզել, դրա համար լեզուս երկար է, շատ երկար է, որովհետև ամբիցիա չեմ ունեցել, սպասելիքներ չեմ ունեցել, ոչ մի ակնկալիք չեմ ունեցել»,-ասել է նա։


Արա Դորվանյանը թերթի հետ զրույցում հայտնել է, որ կուսակցությունից դուրս է եկել իր դիմումի համաձայն, մոտ 15 օր առաջ դիմում է գրել։ «Բայց մինչև դուրս գալս Ֆեյսբուքում գրառում եմ արել՝ լեսբուհի Լարա Ահարոնյանի պատճառով, որն ապականում է մեր արժեհամակարգը։ Ես ժամանակին չեմ իմացել, որ ինքը կուսակցությունում կա, որովհետև ես դա չեմ կիսում։ Մինչև այդ ես Նիկոլին շատ աջակցել եմ։ Սևան քաղաքում ես եմ իրեն դիմավորել, իմ տան մեջ հյուրասիրել, հաց ենք կիսել, իրեն ընդունել եմ որպես նորմալ մարդ, բայց զգացի, որ, չէ, սուտասանի մեկն է։ Իմ տան մեջ ասած իր ոչ մի խոսքը չի կատարել, մեր տան մեջ ես ու ընկերս իրեն հարցեր ենք ուղղել, ինքը մեզ ուրիշ բան է ասել, իշխանափոխությունից հետո լրիվ այլ բաներ է արել։ Իր պահվածքը, իր գործելաոճը չհամընկավ իր ասածների հետ, դրա համար ինքս լքեցի կուսակցությունը, գնացի դիմումս էլ գրեցի, և բոլոր տեղերում ես իր դեմքը ներկայացնում եմ, որ ինքը սուտասան է»,-ասել է նախկին ՔՊ-ականը»:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ի պաշտպանություն Ամուլսարի՝ երեկ ավտոերթ էր կազմակերպվել։ Ջերմուկից ժամանել էին, Ազատության հրապարակում էլ հավաքվել էին մի խումբ բնապահպաններ ու քաղաքական ուժերի ներկայացուցիչներ։ Նրանք թմբուկ էին զարկում և պաստառներ էին պարզել՝ «Ամուլսար ասելիս ծնկներս դողում են», «Ամուլսարի ՇՄԱԳ-ը ուժը կորցրած պիտի ճանաչենք», «Մենք ենք մեր սարերը ու կողքի մանր-մունր քարերը» գրություններով։ Իսկ Ամուլսարին հարակից համայնքների մի խումբ բնակիչներ հայտարարություն տարածեցին, թե ավտոշարասյունով են անում բողոքի ակցիան, որ չերևա մասնակիցների փոքրաթիվությունը։ Նաև կոչ արեցին․ «Դադարեցրե՛ք հանդես գալ մեր անունից, դադարեցրե՛ք մեր և մեր ընտանիքների ճակատագրերի հաշվին դիվիդենտներ քաղելու փորձերը․․․ Մենք ուզում ենք ապրել օրենքի երկրում, և դրա ուղղակի պատասխանատուն ՀՀ կառավարությունն է»»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Օրաթերթը տեղեկացավ, որ երեկ նախադպրոցական հաստատությունների շատ ղեկավարներ ժողով են հրավիրել՝ հասկանալու համար, թե ինչպես են կազմակերպելու մանկապարտեզների աշխատանքները: Բանն այն է, որ ինչպես դպրոցների, այնպես էլ նախադպրոցական հաստատությունների պարագայում հրահանգ է առկա, որ տարիքով ավագ դաստիարակներն ու դայակները պետք է տանը մնան՝ կորոնավիրուսով չվարակվելու համար, քանի որ գտնվում են ռիսկային գոտում և այս իրավիճակում ղեկավարությունը ցանկացել է հասկանալ՝ քանի դաստիարակ է այդ տարիքի, ինչ ռիսկեր կան, եթե այդպես որոշվի կազմակերպել աշխատանքները: Մեր տեղեկություններով` արդեն դաստիարակներին զգուշացվել է, որ առավելագույնը 12 հոգանոց խմբերում առաջնահերթ պետք է ընդգրկված լինեն այն երեխաները, որոնց երկու ծնողներն էլ աշխատում են: Այսինքն` մեկ ծնողի աշխատելու և խմբի ծանրաբեռնվածության պարագայում շատ երեխաներ կարող են դուրս մնալ: Եվ այս հանգամանքն արդեն հարուցել է նաև շատ ծնողների դժգոհությունը: Ամեն դեպքում դաստիարակները պետք է առաջիկայում ցուցակ ներկայացնեն, թե երկու ծնողի աշխատելու պահանջի պարագայում առավելագույնը քանի հոգանոց խմբեր հնարավոր կլինի ձևավորել: Հավելենք, որ պարետի նոր որոշման համաձայն, խմբերում պետք է լինի առավելագույնը 12 երեխա»