22.11.2024
Մամուլ. Թեժ նստաշրջան՝ Ստամբուլյան կոնվենցիան գալիս է ԱԺ
prev Նախորդ նորություն

Մամուլ. Դու չես որոշում՝ երբ գնաս. Փաշինյանը հանձնարարել է ստուգել Արսեն Թորոսյանին

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. «Որքան էլ Արսեն Թորոսյանի շրջապատը ջանում է լուրեր տարածել, թե նա մնալու է՝ Նիկոլ Փաշինյանը գոհ է նրա աշխատանքից, մեր աղբյուրներն ասում են, որ այդպես չէ։ Ավելին՝ 2 օր առաջ Թորոսյանը դիմում է գրել աշխատանքից ազատվելու, սակայն Փաշինյանը խիստ զայրացել է, պատռել է դիմումը եւ ասել, թե՝ դու չես որոշում՝ երբ գնաս, ես եմ որոշում։ Պատմեցին, որ տհաճ խոսակցություն է եղել վարչապետի եւ նախարարի միջեւ։ Վարչապետն ասել է, որ այժմ իրավապահները ստուգում են իր գործունեությունը, եւ եթե պարզվի՝ իրականությանը համապատասխանում են խոսակցությունները, որ Թորոսյանը կոռուպցիոն գործարքների մեջ է խճճված, ապա նա ոչ թե հեռանալու է, այլ՝ պատժվելու։ Խոսակցությունը Թորոսյանը ծանր է տարել եւ այդ դեպրեսիայի պատճառով է նաեւ «ջնջվել» Ֆեյսբուքից»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ պարետատունը մանրամասն հաշվետվություն է ուզել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից` պարզելու համար, թե վերջինս ինչպես է ծախսել կորոնավիրուսի կանխարգելման նպատակով հավաքված գումարները, ինչ է արել, եւ ինչ աշխատանքներ են կատարվել: Ընդ որում, պարետատան պահանջած հաշվետվության մեջ պահանջվել է ամեն ինչ մանրամասն նկարագրել, քանի որ արդյունավետության մասով կասկածներ կան։ «Ժողովուրդ» օրաթերթը դեռեւս հուլիսի 11-ին գրել էր, որ ՀՀ առողջապահության նախարարությոոնը կարծես թե թաքցնում է, թե որքան գումար է ծախսվել մեկուսացված քաղաքացիներից յուրաքանչյուրի վրա, որ հյուրանոցը որքան գումար է ստացել եւ այլն։ Նրանք, մեր հարցման ի պատասխան, միայն նշել էին, որ հունիսի 1-ի դրությամբ ծախսերը կազմել են 687 մլն 518 հազար դրամ, իսկ մեկուսացման գործընթացի կազմակերպիչների ամսական վարձատրությունը կազմել է 150-ից 300 հազար դրամ, բայց ոչ մի մանրամասն»։


«Հրապարակ» թերթը գրում է. «Մարդիկ զարմանում են, թե ինչն է ստիպում վարչապետին «ատամներով» պահել Արայիկ Հարությունյանին, Արսեն Թորոսյանին եւ Հայկ Մարությանին, որոնցից այսքան դժգոհություն կա։ Բանն այն է, որ, մի կողմից, հավատարիմ մարդիկ շատ քիչ են, մյուս կողմից՝ մասնագետները չեն ուզում կապվել իշխանությունների հետ՝ ապագան անորոշ է։ Մի պատճառ էլ կա․ այս կարեւոր ոլորտներում ձախողումները շատ են վնասում իշխանությունների իմիջին, ուստի նոր մարդիկ՝ նոր ձախողումներ Երեւանում, կրթության ու առողջապահության ոլորտներում իշխանությունը չի մարսի։ Դա է պատճառը, որ Փաշինյանը փորձում է կոծկել սրանց թերությունները, ներշնչել, թե ամեն ինչ լավ է։ Հենց սա է դեր խաղացել, որ որոշել է «ձեռք չտալ» Հայկ Մարությանին։ Նա էլ, օգտվելով առիթից, խրոխտ տեքստ էր տարածել նախկինների ու «պատվեր կատարող» լրատվության մասին։ Իրականում՝ ՔՊ-ում կարծում են, որ վաղուց հասունացել է քաղաքապետին փոխելու հարցը, եւ նա Նիկոլ Փաշինյանի «ամենաանհաջող կադրն» է»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Հրազդանի «Խնձորի այգի» ռեստորանում անցած շաբաթ տեղի է ունեցել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի դստեր՝ Սաթենիկի հարսանիքը: Փեսան Կոտայքի փոխմարզպետ Վասակ Վարդանյանն է, զույգը նշանադրվել էր մոտ 2 տարի առաջ, եւ քովիդի պատճառով շուրջ կես տարի հարսանիքը չէր կայանում: Հարսանիքին մասնակցել է ավելի քան 40 մարդ, հնչել է կենդանի երաժշտություն, սակայն վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հավանաբար, աղմուկից խուսափելու համար, չի մասնակցել: Մարզպետարանից էլ հյուրեր չեն եղել, «Իմ քայլից» էլ՝ 1-2 պատգամավոր»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Անցած հանգստյան օրերը՝ շաբաթ-կիրակին, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընտանյոք հանդերձ անցկացրել է Դիլիջանում: Նա անգամ քաղաքի հայտնի ռեստորաններից մեկից՝ «Պոպոք»-ից, լուսանկար հրապարակեց: Սակայն պարզվում է՝ նրա այցն անհարմարություն է պատճառել քաղաքի բնակիչներին եւ այնտեղ հանգստանալու մեկնած մեր հայրենակիցներին: Ոստիկաններն ամեն քայլափոխի տուգանել են դիմակ չկրող քաղաքացիներին, իսկ տեղացիները մեր լրագրողին վստահեցրել են, որ սովորական օրերին ոստիկանությունն այդքան խիստ չէ, ու վստահություն են հայտնել, որ այդպիսի վերաբերմունքը միայն վարչապետի այցով է պայմանավորված»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Ըստ ՀՀԿ-ին մոտ կանգնած մեր աղբյուրի՝ այդ կուսակցությունում քննարկվում է կուսակցության վերանվանման հնարավորության հարցը: Կուսակցության որոշ անդամներ կտրականապես դեմ են դրան՝ նկատի ունենալով այն պատմությունը, որն իր ետևում ունի կուսակցությունը, մյուսները համարում են, որ այդ պատմությունը և անվանումը դեռ երկար ժամանակ թույլ չեն տալու իրենց լինել ակտիվ քաղաքականության մեջ»:


«Փաստ» թերթը գրում է. «Ապրիլյան պատերազմի թեման իշխանությունը նորից ակտիվացրեց՝ այս անգամ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանի միջոցով։ «Փաստ» թերթի տեղեկություններով, Բաբայանի՝ թեմայի մեջ ներգրավվելու թեման պատահական չէ, որովհետեւ ի սկզբանե պարզ էր, որ Բաբայանին ակտիվացնելու միակ նպատակը նախկին իշխանությունների դեմ որպես միջոց օգտագործելն էր, որի ֆունկցիան Բաբայանը տարբեր ժամանակահատվածում քանիցս իրականացրել է։ Փորձագիտական շրջանակների կարծիքով, այստեղ խնդիրն այդքան թեմայի քաղաքական մասը չէր, որքան ռազմական, որովհետեւ Սամվել Բաբայանն իր վերջին հարցազրույցում խոսում էր այնպիսի թեմատիկայից, որն ավելի շատ վնաս էր հասցնում զինված ուժերին, այլ ոչ թե նախկիններին։ Դեռ պարզ չէ, թե ապրիլյանի թեման անընդհատ քննարկման մեջ պահելու իրական նպատակը, սակայն արդեն նկատելի է, որ այդ թեմայի մեջ օգտագործվում են դրվագներ, որոնք ուղիղ հարված են հասցնում բանակին»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը, որ վերջին շրջանում բնակվում է Մոսկվայում, պարզվում է գիտական լուրջ հաջողություններ է գրանցել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Կոստանյանը միայն վերջին 2 տարում իր գիտական գործունեության արդունքում հրապարակել է 3 մենագրություն, 2 դասագիրք եւ 25-ից ավելի գիտական հոդվածներ, որոնք լույս են տեսել ինչպես ՀՀ-ում, այնպես էլ՝ երկրի սահմաններից դուրս մի շարք հեղինակավոր ամսագրերում (Ռուսաստան, Բուլղարիա, Իտալիաեւ, այլն), հայերեն, ռուսերեն եւ անգլերեն լեզուներով: Նկատենք, որ իրավաբանական գիտությունների դոկտոր Գեւորգ Կոստանյանն իր գիտական հոդվածներում եւ հարցազրույցներում բարձրաձայնում է մեր հասարակությունում, ինչպես նաեւ հետխորհրդային երկրներում եւ իրավագիտության ոլորտում առկա խնդիրներն ու բացթողումները, համեմատական վերլուծություն իրականացնելով ՄԻԵԴ-ի կայացրած վճիռների եւ արտահայտած դիրքորոշումների հետ: Հասարակության լայն շրջանակներին անհայտ էր նաեւ Կոստանյանի ներդրումը մանկավարժական գործունեությունում: Կոստանյանը շուրջ 12 տարի դասավանդել է Երեւանի Պետական համալսարանի իրավաբանական, եւ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, ՀՀ ոստիկանության ակադեմիայում, իսկ այս պահին դասավանդում է Ռուսաստանի Դաշնության Գլխավոր դատախազության կրթական հաստատություններում»:


«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանի կողմից Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին շնորհավորելու փաստի հետ կապված ներիշխանական կուլիսներում բավականին լուրջ տարաձայնություններ են եղել, որոնք առկա են մինչ օրս։ Այս հարցում հիմնական քննադատողի դերում է իշխանության արեւմտյան ուղղվածության թեւը, որը բացահայտ դժգոհ է եղել Փաշինյանի այդ քայլից։ Կառավարության մեր աղբյուրի փոխանցմամբ, այս առումով բավական կոշտ են եղել հատկապես, այսպես կոչված, սորոսական սեկտորից եկած գնահատականները։ Ի դեպ, սրան զուգահեռ, մեր տեղեկություններով, ծրագրեր են քննարկվում հակառուսական եւ հակաԵԱՏՄական նոր արշավներ կազմակերպելու համար: Իսկ ՀՀ-ում նման տրամադրությունների կնքահայրերը հենց արեւմտյան ֆինանսավորում ունեցող մի քանի կառույցներն են, որոնք այս գործում էական ու գրեթե անկյունաքարային դերակատարություն ունեն, ավելին՝ հատուկ հանձնարարության համաձայն, այս կառույցներում ներառված եւ սատելիտ հանդիսացող ներկայացուցիչները պետք է ամեն ինչ անեն՝ ցանկացած հակառուսական ալիքի առաջացմանը զուգահեռ տեղեկատվական եւ հանրային դաշտում ողջ բողոքավոր հատվածում կազմակերպված կոնսոլիդացիան ապահովելու համար։ Թերթի տեղեկություններով, այս ֆոնին տեղի է ունենալու մի նոր նախաձեռնություն, որն, ըստ Արեւմուտքի, ավելի է խարխլելու հայ-ռուսական հարաբերությունները։ Մասնավորաբար, մենք տեղեկություններ ունենք, որ առաջիկայում նախատեսվում է, որ ԵՄ-ն եւ արեւմտյան հիմնադրամները կտրուկ կավելացնեն ՀՀ-ին տրվող դրամաշնորհները»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որի համաձայն սահմանվում են տեղական ինքնակառավարման մարմիններում աշխարհազորի ստեղծման և ղեկավարման, աշխարհազորայինների հավաքագրման հետ կապված հարաբերությունները: Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ դրա ներկայացումը բխում է ՀՀ պաշտպանությանը համընդհանուր և համազգային բնույթ հաղորդելու, հավանական հակառակորդի ցանկացած ոտնձգություններին արժանի և պատշաճ հակահարված տալու նպատակով քաղաքացիների կամավորության սկզբունքով աշխարհազորային համակարգի ներդրման և կազմակերպման անհրաժեշտությամբ: Նշվում է, որ ներկայումս Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը յուրաքանչյուր քաղաքացու մասնակցությունն օգտագործվում է ոչ լրիվ ծավալով, այն չունի համակարգված, կազմակերպված ու նպատակաուղղված բնույթ, առավել ևս ՀՀ վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ ռազմական գործողությունների պայմաններում:  Հավանական հակառակորդի ռազմական գործողությունների ուսումնասիրումը ցույց է տալիս, որ ռազմական գործողությունների ծանրության կենտրոնը կարող է տեղափոխվել երկրի տարածքի խորքը՝ դիվերսիոն կամ ահաբեկչական կամ հետախուզական կամ հատուկ օպերացիաների ուժերի և այլ գործողությունների, ինչպես նաև հակառակորդի զինված ուժերի ներթափանցած խմբերի լայնորեն կիրառմամբ: Դրանց դիմակայելու, չեզոքացնելու և ոչնչացնելու նպատակով անհրաժեշտ է ստեղծել միասնական ղեկավարության ներքո գործող ուժերի և միջոցների համախումբ՝ աշխարհազոր, որոնք պատերազմի ժամանակ ի զորու կլինեն հակառակորդի հավանական գործողություններից հուսալ իորեն պաշտպանելու երկրի տարածքը, բնակչությունը, կարևորագույն օբյեկտներն ու ենթակառուցվածքները:


«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «Գազպրոմ-Արմենիա» ընկերության Lոռու գազաֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղի Վանաձորի տարածքային տեղամասում կրճատումներ են սկսվել, ինչն առաջացրել է աշխատանքից ազատվող հսկիչների դժգոհությունը: 2 ամիս հետո աշխատանիքից կազատվեն ավելի քան 20 հսկիչներ (թաղամասային տեսուչներ), եւս 10 հսկիչի ազատվելու հարցն, ըստ աշխատակիցների, դեռեւս քննարկման փուլում է: ՀԺ-ի հետ զրույցում աշխատակիցները պատմեցին, որ ազատման ծանուցագրեր ստացել են օգոստոսի 20-ին, ըստ որի, աշխատելու են մինչեւ հոկտեմբերի 20-ը: Ծանուցագրեր ստացած աշխատակիցներից մեկը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ իրենց կրճատելը ղեկավարությունը որեւէ կերպ չի հիմնավորել, ասել են՝ համատարած կրճատումներ են սպասվում: Աշխատակիցներն ասում են նաեւ, որ իրենց աշխատանքից ազատելիս ոչինչ հաշվի չի առնվել՝ ոչ աշխատանքային փորձը, ոչ էլ աշխատակցի ընտանեկան ու սոցիալական կարգավիճակը: Մինչ աշխատանքից ազատվելու մասին ծանուցելը, ղեկավարությունը հայտնել է նաեւ, որ աշխատավարձերն այսուհետ վճարվելու են 20 տոկոս պակաս, որին հսկիչները համաձայնվել են, իսկ ահա աշխատանքը կորցնելու հետ չեն համակերպվում. «Այսօր գազի 50 տոկոս հսկիչ աշխատողներին դրել կրճատում են, մեզ զրկում են մեր մի կտոր հացից, ասում են, թե դա անում են ըստ ռեյտինգավորման, բայց այդ ռետինգավորումն արվել է ոչ ճիշտ սանդղակով, քանի որ հաշվի չեն առել, թե տվյալ մարդը քանի աբոնենտ է սպասարկել:


Սկզբում մեր աշխատավարձը 20 տոկոսով իջեցրին, հաջորդ քայլն էլ արդեն 50 տոկոս կրճատումն էր, ոչ մի բան հաշվի չառան»,- ասաց աշխատակիցներից մեկը: «Կոմպյուտերային սիստեմով, մկնիկի մի հարվածով դրեցին մեզ կրճատեցին»,- ավելացրեց նա: Հսկիչներին աշխատանքից ազատելու, ինչպես նաեւ սպասվող լրացուցիչ կրճատումների մասին ՀԺ-ն գրավոր հարցմամբ դիմել էր «Գազպրոմ-Արմենիա» ընկերություն՝ խնդրելով հայտնել, թե նախ Վանաձորի տեղամասի քանի աշխատակից է ազատվելու աշխատանքից, եւ երկրորդ՝ ինչ հիմնավորմամբ: Ընկերության հասարակայնության եւ ԶԼՄ-ների հետ կապերի ծառայության պատասխանը ներկայացնում ենք ամբողջությամբ. ««Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում ընդհանուր առմամբ նախատեսվում է շուրջ 1000 աշխատողների կրճատում, որն իրականացվելու է փուլային տարբերակով՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի պահանջների պատշաճ պահպանմամբ: Ընկերության կողմից աշխատանքներ են տարվում կրճատումների իրավական հիմքերը նախապատրաստելու համար: Գործընթացը նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ: Տեղեկացնում ենք նաև, որ մոտ 50%-ով կրճատվելու է հսկիչների թվաքանակը, քանի որ ՀՀ ՀԾԿՀ համապատասխան որոշմամբ հաստատված ԳՄՕԿ-ի փոփոխությունների համաձայն՝ վերանայվել են հսկիչների գործառույթները, մասնավորապես, վերջիններիս կողմից սպառած բնական գազի գույքագրումը նախատեսվում է իրականացնել վեց օրվա ընթացքում նախկինում սահմանված երկու օրվա փոխարեն»,- նշված է հարցման պատասխանում»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2020 թվականի երկրորդ եռամսյակում նոր կորոնավիրուսի հետեւանքով Հայաստանի տնտեսության մեջ ճգնաժամային դրսեւորումներ են առկա: Եվ, ահա, համաձայն 2020 թվականի առաջին եւ երկրորդ եռամսյակների համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) նախնական տվյալների` հունվար-հունիս ամիսներին արձանագրվել է տնտեսական անկում 5.7%-ով` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 7.1 % աճի դիմաց: Ընդ որում, այդ անկումը պայմանավորված է եղել շինարարության ծավալների անկմամբ` 1.5 տո­կոս, ծառայությունների անկմամբ` 1.4 տոկոս, առեւտրի ծավալների նվազմամբ` 1.4 տոկոս, եւ արդյունաբերության անկմամբ 0.3 տոկոսային կետով: Իսկ ինչ վերաբերում է գյուղատնտեսությանը, ապա այն հակազդել է տնտեսական անկմանը 0.1 տոկոսային կետով: 2020 թվականի առաջին կի­սամյակի կտրվածքով արձանագրվել է տնտեսական ակտիվության մակարդակի անկում 4.7 %-ով: Համեմատության համար նշենք, որ 2019-ի առա­ջին կիսամյակում գրանցվել էր աճ 6.6 %-ով: Առաջին կիսամյակի բացասական ՏԱՑ-ը պայմանավորված է առեւտրի, ծառայությունների եւ շինարա­րության ոլորտների անկմամբ»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Քրեակատարողական հիմնարկներում հավեհարդարներ են սկսվել «գողականների» դեմ, այսինքն՝ այն անձանց, ում ՔԿՀ ղեկավարությունը համարում է քրեական ենթամշակույթ կրող: Հատուկ ջոկատայինները դիմակներով մտնում են խցեր եւ դաժան ծեծի ենթարկում նրանց: Վերջին մեկ շաբաթում նման պրոֆիլակտիկ միջոցառումներ են կիրառվել «Արմավիր», «Վանաձոր», «Նուբարաշեն» ՔԿՀ-ներում: Իրավապահներն օգտվում են նրանից, որ այս դեպքում տուժողները չեն դիմում իրավապահներին եւ հրաժարվում են դիմում գրելուց: Հանցավոր աշխարհում իրավապահներին բողոքելը համարվում է ամոթալի երեւույթ, որոշ դեպքերում՝ խարան: Մեր տեղեկություններով, ծեծվածներից ոմանք շատ վատ վիճակում տեղափոխվել են հիվանդանոցներ: Հիվանդանոց տեղափոխելը վնասվածքներն արձանագրելու պարտավորությունից խուսափելու հնարք է նաեւ, այդ պարտականությունը մնում է տվյալ բուժհաստատության վրա: Ինչո՞վ են պայմանավորված ՔԿՀ-ներում այս բռնությունները, ո՞ր մարմիններն են մտել կալանավայրեր, ի՞նչ իրավունքով են ծեծի ենթարկել կալանավորներին․ ՔԿԾ մամուլի խոսնակ Նոնա Նավիկյանը պարզաբանեց. «Քրեակատարողական հիմնարկներում օրենքով սահմանված կարգով պարբերաբար իրականացվում են չնախատեսված խուզարկություններ՝ խցերում արգելված իրեր եւ առարկաներ հայտնաբերելու նպատակով: Ներքին կանոնակարգի պահանջների կոպիտ խախտումները բացառելու նպատակով, ըստ անհրաժեշտության, միջոցառումներին ներգրավվում են նաեւ կենտրոնական մարմնի տարբեր ստորաբաժանումների, այդ թվում՝ հատուկ նշանակության բաժնի ծառայողները: Պետք է նկատի ունենալ նաեւ, որ գործող օրենսդրական կարգավորումներով, ՔԿ ծառայողներն իրավասու են օրինական պահանջները չկատարելու կամ խոչընդոտելու դեպքերում գործադրել նաեւ ֆիզիկական ուժ եւ հատուկ միջոցներ»: Փաստորեն, ուժի կիրառման մասին մեր տեղեկությունները հաստատվեցին»:


«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, նախօրեին տեղի ունեցավ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում առաջարկ էր ներկայացվել ՀՀ իրավական համակարգում նոր՝ Գերագույն դատարան ստեղծելու մասին։ Նախնական տարբերակով այդ նոր համակարգի ստեղծումը պետք է տեղի ունենա Սահմանադրական եւ Վճռաբեկ դատարանների միավորման արդյունքում։ Այս թեման իրավաբանական ողջ հանրության ուշադրության կենտրոնում էր եւ լայն քննարկման ու կոշտ քննադատության առիթ դարձավ։ Մասնագետները պնդում են, որ սա իշխանության կողմից «ոտքի վրա ընդունված» հերթական որոշումների շարքից է, քանի որ գրեթե ոչ մի ռիսկ հաշվարկված չէ, ավելին՝ այն իր մեջ բավական լուրջ ականներ է պարունակում, որոնք կարող են «պայթել» հիմնականում վճիռները բողոքարկելիս, բացի այդ, ունի նաեւ ակնհայտ քաղաքական ուղղվածություն։ Տիրապետող կարծիքներից էր նաեւ այն, որ մեր դատաիրավական համակարգը ընդհանուր առմամբ պատկանում է ռոմանոգերմանական դատական ճյուղին, իսկ Գերագույն դատարան ձեւավորելով՝ մեզ պարտադրում են անգլոսաքսոնական դատական համակարգը։ 


Թերթի տեղեկություններով, այս գործընթացում, ինչպես եւ օրվա իշխանության «սահմանադրական» գրեթե բոլոր հարցերում, հիմնական ու առանցքային դերակատարությունը Վահե Գրիգորյանինն է, որն այս առիթով որոշ հանձնաժողովականների հետ ինտենսիվ հանդիպումների մեջ է։ Նախնական տարբերակի համաձայն՝ այս հարցը առաջիկա ամիսներին դրվելու է հանրային քննարկման։ Մենք տեղեկություն ունենք նաեւ, որ տվյալ հարցի վերաբերյալ ԱԺ առաջիկա նստաշրջանի ընթացքում տեղի են ունենալու խորհրդարանական լսումներ։ Միեւնույն ժամանակ, կարծիքներ են հնչում, որ այս գործընթացն ընդամենն իմիտացիա է, ու այս նախաձեռնությունն ամբողջովին մնալու է թղթի վրա. այս կարծիքը հիմնված է այն հանգամանքի վրա, որ իշխանությունները շնչակտուր ՍԴ դատավորներ են «փոխում», իսկ Գերագույն դատարան կազմելու իրական ցանկության դեպքում գործընթացը կա՛մ տեղի չէր ունենա, կամ ուղղակի կձգձգվեր։ Մյուս կողմից՝ թերթի հետ զրույցում հայտնի իրավաբաններից մեկը տեսակետ է հայտնել, որ նշյալ հապշտապությունը պայմանավորված է առաջիկա մեկ տարվա ընթացքում իշխանության քիմքին հաճելի, բացառապես քաղաքական ենթատեքստ ունեցող հարցերը ՍԴ-ով լուծելու խնդրով, իսկ այդ պարագայում ՍԴ նոր դատավորների ժամանակավորությունը Փաշինյանին չի հետաքրքրում։ Այսինքն, առկա է երկու տարբերակ. կա՛մ իշխանությունները ՍԴ նոր դատավորներին պարզապես կօգտագործեն ժամանակավորապես, կա՛մ Գերագույն դատարան այդպես էլ չի ստեղծվի»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Դատական համակարգում մտահոգված են ՀՀ գերագույն դատարան ստեղծելու նախնական որոշման մասով: Ինչպես հայտնի է, դեռեւս օգոստոսի 22-ին սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը հավանություն էր տվել Սահմանադրական եւ Վճռաբեկ դատարանների միավորման հարցին, ինչպես նաեւ նոր փոփոխությամբ ՀՀ յուրաքանչյուր դատարան լիազորված կլինի իր վարույթում քննվող գործի շրջանակներում օրենքի սահմանադրականության վերաբերյալ որոշում կայացնել, այսինքն, պատկերավոր ասած, վերահսկել ինքն իրեն։ Ու այս որոշումներին հանձնաժողովի 15 անդամներից 8-ը կողմ էր եղել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ դատական համակարգում ներքին քննարկումներ են ծավալվել, որոնց ժամանակ առաջին ատյանի դատավորները կողմ են արտահայտվել Գերագույն դատարան ստեղծելու որոշմանը, եւ հատկապես նրանց դուր է եկել այն, որ իրենք կկարողանան իրենց վարույթում քննվող գործի շրջանակներում օրենքի սահմանադրականության վերաբերյալ որոշում կայացնել։


Սակայն, դրան զուգահեռ, այս որոշմանը դեմ են Վճռաբեկ դատարանի անդամները: Բանն այն է, որ եթե հանրային քննարկման արդյունքում հավանության արժանանա սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը, ապա 2021 թվականին տեղի կունենա սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, իսկ արդեն 2022 թվականից կսկսի գործել նոր դատական մոդելը: Եվ հենց այս ժամկետներն են քննադատության պատճառ դարձել, քանի որ Գերագույն դատարանի կազմավորման պարագայում այն գործելու է նոր կազմով, դատավոր դառնալու համար նոր պահանջներով, եւ արդեն ակնհայտ է, որ այժմյան ՍԴ անդամները կամ Վճռաբեկ դատարանի դատավորներից շատերը նոր մարմնում չեն լինի, ինչն արդեն դժգոհությունների պատճառ է հանդիսացել: Վերջիններս հատկապես մտահոգված են, որ այդ դեպքում իրենք պետք է վեթինգի ենթարկվեն: Եվ ուշագրավ է նաեւ, որ դատավորները սկսել են բարեկամներ փնտրել իշխանությունների ներսում, որպեսզի կարողանան ապահովագրել իրենց»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Կորոնավիրուսի համավարակը անցած ամիսների ընթացքում մեծ ազդեցություն ունեցավ կրթական գործընթացների վրա, և կրթության որակի անկում նկատվեց, քանի որ դասերի հեռավար իրականացման պարագայում առաջ եկան բազմաթիվ խնդիրներ՝ սկսած տեխնոլոգիական միջոցներից, վերջացրած դրանց հետ աշխատելու հմտությունների պակասով։ Սակայն օրերս պարզ դարձավ, որ հանրակրթական դպրոցներում սեպտեմբերին կազմակերպվելու է առկա դասապրոցես։ Եվ ԿԳՄՍ նախարարությունը հրապարակել է ուղեցույց այն մասին, թե ինչպես պետք է հանրակրթական դպրոցներում կազմակերպվի դասապրոցեսը: Սոցցանցերում և լրատվամիջոցներում այս ուղեցույցը լայն քննարկման առարկա է դարձել։ Խնդիրն այն է, որ նախարարության մշակած փաստաթուղթը ավելի շատ նոր հարցերի տեղիք է տալիս, քան պատասխանում է առկա մտահոգություններին։ Այս փաստաթղթով սահմանված է, որ յուրաքանչյուր դասարանում աշակերտների թիվը չի կարող 20-ից ավել լինել, իսկ դրանից ավելի աշակերտ ունեցող դասարանները պետք է կիսվեն, և դասերն անցկացնեն դահլիճներում, միջանցքներում և բացօթյա տարածքներում: Սակայն մասնագետներն արդեն իսկ զգուշացնում են, որ մի շարք դպրոցներում կարող են խնդիրներ առաջանալ դասարանների կիսվելու պահանջի առնչությամբ։ Հարցն այն է, որ ոչ բոլոր դպրոցների շենքային պայմաններն են դա թույլ տալիս։ Հատկապես պետք է հաշվի առնել, որ Երևանի կենտրոնի մի շարք դպրոցներ պարզապես գերծանրաբեռնված են։ Տաք եղանակին հնարավոր է դասերը կազմակերպել բացօթյա տարածքներում, բայց ցուրտ եղանակին եթե անհրաժեշտություն առաջանա դասերն անցկացնել, օրինակ՝ միջանցքներում, ապա սա պրոբլեմատիկ է։ Ոչ բոլոր դպրոցներն են ամբողջությամբ ապահովված ջեռուցման համակարգով։ Մասնավորապես, գյուղական դպրոցներում ձմռանը դժվարությամբ են ջեռուցում նույնիսկ դասասենյակները, այդ դեպքում միջանցքներն ինչպե՞ս են ջեռուցելու»։