VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչքան էլ իշխանությունը հայտարարում է, որ ազատվելու է «նախկինների մնացորդներից», իրականում նախկինների ամենակարկառուն ներկայացուցիչներն այս ընթացքում իրենց բոլորովին վատ չեն զգում, եւ շատերը, կարելի է ասել, շարունակում են պաշտոնավարել կամ ազդել կարեւոր որոշումների կայացման վրա։ Մեզ պատմեցին Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի՝ պաշտոնի նշանակման եւ պաշտոնավարման ողջ պատմությունը։ Երբ քաղաքապետ Հայկ Մարությանը նրան առաջարկել է զբաղեցնել այդ կարեւոր պոստը, Մեսչյանը մի պայման է դրել՝ Երեւանի նախկին ճարտարապետ Նարեկ Սարգսյանը պետք է իր համաձայնությունը տա։ Եվ Հայկ Մարությանը ստիպված է եղել հայցել Նարեկ Սարգսյանի թույլտվությունը։ Երկու տարի շարունակ պաշտոնավարելով՝ Արթուր Մեսչյանը մշտապես շփվել եւ խորհրդակցել է Նարեկ Սարգսյանի հետ՝ բոլոր հարցերում։ Նրանք գրեթե ամեն շաբաթ հանդիպել եւ ճաշել են միասին։ Երբ Հայկ Մարությանի հետ աշխատելը դարձել է անհնարին, քանի որ նա խիստ սահմանափակել է գլխավոր ճարտարապետի ազատությունը, ու ցանկացած հարցի լուծում անչափ բարդ է եղել, Մեսչյանը որոշել է հրաժարական տալ։ Հիմա նա «վերջին» բառերով է արտահայտվում Մարությանի հասցեին՝ համարելով, որ իրեն տարել-«փչացրել» է»:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Կորոնավիրուսը պատերազմ է հայտարարել Հայաստանին»,- դեռեւս հունիսի 5-ին նման հայտարարություն էր արել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ հավելել. «Պատերազմը վարելու բեռն ընկած է իշխանության ուսերին: Ով պայքարում է իշխանության դեմ, կամա թե ակամա դավաճանում է ազգին»։ Իսկ պատերազմական իրավիճակն ինքնին ենթադրում է լրջություն, պատասխանատվություն եւ աչալրջություն: Եվ, ահա, այս իրավիճակում, երբ խոսք է գնում հանրակրթական եւ նախադպրոցական ուսումնական հաստատությունների վերաբացման մասին, ու անհրաժեշտ է կատարել ահռելի առողջապահական աշխատանք մեր երեխաներին կորոնավիրուսից փրկելու եւ երկրորդ ալիքին դիմագրավելու համար, պարզվում է՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը որոշել է օգոստոսի 31-ից 18 օրով մեկնել արձակուրդ։ Երկրում, առողջապահական վիճակով պայմանավորված, արտակարգ դրություն է, սակայն նախարարը գնում է հանգստի, եւ ավելին՝ ապաակտիվացրել է նաեւ սոցիալական ցանցում իր էջերը, որոնց միջոցով հանրությանը պարբերաբար իրազեկումներ էր անում»:
«Փաստ» թերթը գրում է. «Վերջին երկու օրերին հայկական տեղեկատվական հոսքերի էպիկենտրոնում նորից առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն է։ Նախօրեին Թորոսյանն ապաակտիվացրեց իր ֆեյսբուքյան օգտահաշիվը (նաեւ պաշտոնական էջը), իսկ դրանից առաջ էլ անընդհատ տեղեկություններ էին շրջանառվում, որ Թորոսյանը հրաժարական է ներկայացրել կամ ներկայացնելու։ Երեկ հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ մինչեւ սեպտեմբերի 18-ը Արսեն Թորոսյանը մեկնում է արձակուրդ. այս լուրը նախորդ զարգացումների ֆոնին այնքան էլ զարմանալի չէ, քանզի քիչ չեն դեպքերը, երբ պաշտոնյաները աշխատանքից ազատվում են «արձակուրդից հետ չգալով»։ «Փաստ» թերթի տեղեկություններով, Թորոսյանի հետ կապված որոշակի «հարցեր» կան, այդ թվում՝ կորոնավիրուսի թեսթերի հետ կապված։ Ի դեպ, կառավարության մեր աղբյուրը փոխանցում է, որ պարզապես ներկա փուլում կառավարությունում որոշում են կայացրել Թորոսյանին կորոնավիրուսային «պատերազմի» շրջանում ուղարկել արձակուրդ, իսկ այդ ընթացքում կպարզվեն բոլոր հանգամանքներն ու «հարցերը», ըստ այդմ էլ կորոշվի Թորոսյանի ապագան»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Բաց հասարակության հիմնադրամների» նախագահ Լարիսա Մինասյանի նամակն ընդդեմ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի, ուրբաթ օրը մուտքագրվել է Ազգային ժողով։ ԱԺ նախագահի խորհրդական Վահան Կոստանյանը մեզ հայտնեց, որ դիմումն ԱԺ նախագահի աշխատակազմում է, դեռ ուսումնասիրում են, հետո պարզ կդառնան անելիքները։ Հիշեցնենք, որ դեռեւս օգոստոսի 14-ին տիկին Լարիսան բաց նամակ էր հղել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին, որտեղ վերջնագրի տոնով առաջարկում էր Ալեն Սիմոնյանին պատժել՝ էթիկայի հանձնաժողով ձեւավորել, լսումներ կազմակերպել այն բանի համար, որ փոխխոսնակը մեր թերթին տված հարցազրույցում, ըստ Մինասյանի, վիրավորել է «Բաց հասարակության հիմնադրամների» նախագահ Ջորջ Սորոսին՝ իր հետեւյալ հայտարարությամբ․ «Սորոսը, իրա հերը կամ որեւիցե մեկն ո՞ւմ շունն են, որ ՀՀ-ում իշխանության վրա ազդեցություն ունենան»։ «ԱԺ կանոնակարգ» օրենքի 162-րդ հոդվածի համաձայն, «Մինչեւ պատգամավորական էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելը, պատգամավորական էթիկայի հարցերով դիմումներն ուսումնասիրում եւ երկշաբաթյա ժամկետում խմբակցություններին եզրակացություն է ներկայացնում աշխատակազմի իրավասու փորձագետը (մասնագետը), որը հանձնաժողով ստեղծվելուց հետո իրականացնում է հանձնաժողովի գործունեության մասնագիտական սպասարկումը: Աշխատակազմի իրավասու փորձագետը (մասնագետը) քաղաքացիական ծառայող է»: Իսկ մինչ այդ սորոսական ՀԿ-ները հերթով հանդես են գալիս եւ պահանջում են պատժել Ալեն Սիմոնյանին»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Առանց արտակարգ դրության ռեժիմի երկարացման սահմանափակումները պահպանելու համար կատարված աշխատանքները մոտեցել են ավարտին: «Ժողովուրդ» օրաթերթին ՀՀ արդարադատության նախարարության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Լուսինե Մարտիրոսյանը հայտնեց, որ օրենքների նախագծերի մշակման աշխատանքներն ավարտվել են եւ ուղարկվել վարչապետի աշխատակազմ։ Այլ մանրամասներ, սակայն, Լուսինե Մարտիրոսյանը չհայտնեց: Ինչպես հայտնի է, արդեն մոտ մեկ ամիս է, ինչ Առողջապահության նախարարությունը Արդարադատության նախարարության հետ միասին օրենսդրական նախաձեռնություն է մշակում, որ հնարավոր լինի սպտեմբերի 11-ին արտակարգ դրության ժամկետը եւս մեկ անգամ չերկարաձգել, սակայն սահմանափակումները պահպանել: Հիշեցնենք, որ արտակարգ դրության իրավական ռեժիմի ժամկետը երկարաձգվել է մինչ սեպտեմբերի 11, հետեւաբար մինչ այդ օրը պետք է կա՛մ այդ նախագծերն ընդունվեն, կա՛մ էլ արտակարգ դրության ժամկետը կերկարաձգվի: Սակայն օգոստոսի 12-ին՝ խորհրդարանում քննարկման ժամանակ, ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը հայտնել էր, թե արտակարգ դրությունը երկարաձգվում է վերջին անգամ, այսինքն՝ մինչեւ սեպտեմբեր նոր օրենքը պետք է ընդունված լինի»:
«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ վերնախավի ներկայացուցիչները հանդիպումներ են ունենում մարզային կառույցների ներկայացուցիչների հետ՝ փորձելով պարզել, թե ինչպիսի իրավիճակ ունեն կուսակցությունում, և ինչ ռեսուրս է մնացել: Պատկերը առավել քան դաժան է. հարյուր հազարանոց կուսակցությունը մարզերում չի կարողանում մի քանի տասնյակ մարդ հավաքել, իսկ որոշ մարզկենտրոններում և մեծ քաղաքներում ՀՀԿ-ն, որպես այդպիսին, ընդհանրապես գոյություն չունի»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, արեւմտյան ֆինանսավորմամբ գործող ՀԿ-ների ներկայացուցիչները կամ, այսպես ասած, սորոսականները, որոնք, ինչպես հայտնի է, առանցքային դերակատարություն ունեն Նիկոլ Փաշինյանի իշխանության մեջ, բաշխված են ըստ ոլորտների։ Մեր տեղեկություններով, նրանք ՀՀ իշխանության հետ «համագործակցում» են կոնկրետ մի քանի նեղ ոլորտներում, որտեղ ունեն հստակ «անելիքներ» ու բազմամյա փորձ։ Այսպիսով, նրանք առանցքային դերակատարություն ունեն հատկապես կրթության, դատական իշխանության եւ 1-2 այլ ոլորտների «բարեփոխումների» հարցերում։ Ըստ էության, խոսքը բավականին զգայուն ու առանցքային նշանակության ոլորտների մասին է։ Իսկ կոնկրետ ինչպիսի՞ կարգավորումների ու «բարեփոխումների» մասն է խոսքը: «Դե, դա ակնհայտ երեւում է մասնավորաբար կրթության ու դատաիրավական ոլորտներում կատարվող իբր բարեփոխումներից, առաջարկվող կոնվենցիաներից ու օրենսդրական փոփոխություններից, որոնք հանրային մեծ դժգոհություն են առաջացրել»,-նշեց մեր զրուցակիցը»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Հանրակրթության համակարգում պայթող սկանդալները կարող են գործող իշխանությունների համար կործանարար լինել։ Ոչ միայն չափորոշիչների, դասագրքերի, բուհական ընդունելության քննությունների, սեպտեմբերի 15-ից սկսվող ուսումնական գործընթացի ուղեցույցի հետ կապված է կրթական համակարգում դժգոհություն հասունանում, այլ նաեւ ֆինանսավորման նոր կարգի, որի նախագիծն օրերս հրապարակվեց։ Երբ 1999-2000 թվականներին հանրակրթության ոլորտն անցավ աշակերտ-թվով ֆինանսավորման, դա արվեց Համաշխարհային բանկի եւ միջազգային ֆինանսական կազմակերպությունների ակտիվ մասնակցությամբ ու հսկայական վարկային միջոցների ներգրավմամբ, որն այսօր արտաքին պարտքի ձեւով ծանրացած է ՀՀ քաղաքացիների վրա։ Այժմ, փաստորեն, գաղտագողի փորձ է արվում անցում կատարել դասարան-թվով ֆինանսավորման, որը կտրուկ տարբերվում է նախկինից եւ էականորեն նվազեցնելու է դպրոցների ֆինանսավորումը, հատկապես՝ փոքր դպրոցներինը, ինչը նշանակում է, որ պետությունը որոշել է կրթությանը հատկացվող ֆինանսները նվազեցնել, ավելի պարզ ասած՝ միջոցներ խնայել դպրոցների վրա»:
«Ժամանակ» թերթը գրում է. «2021 թվականին էապես փոխվելու է հանրակրթական դպրոցների ֆինանսավորման համակարգը, գործող աշակերտների թվից կախված ֆինանսավորումը փոխարինվելու է դասարանների թվից կախված ֆինանսավորմամբ: Այս համակարգը էապես նվազեցնելու է դպրոցների ֆինանսական ինքնավարությունը և հանգեցնելու է որոշ հաստիքների կրճատման: Օրինակ՝ դպրոցներում այլևս չեն լինի դաստիարակչական աշխատանքների կազմակերպման գծով փոխտնօրեններ՝ կազմակերպիչներ, փոքր դպրոցները կզրկվեն այլ հաստիքներից ևս»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Շարքային ոստիկանների շրջանում բուռն դժգոհություն է հասունանում․ երեկ մեզ պատմեցին, որ քաղաքացիներին դիմակ չկրելու համար տուգանելու իրենց վրա դրված «լիմիտն» ավելացրել են, եթե նախկինում օրական 10 քաղաքացու պիտի պարտադիր տուգանեին, որ համարվեր հանձնարարականը կատարված, ապա վերջին օրերին հինգով ավելացրել են․ «Եթե 15 հոգու չենք տուգանում, գիշերը 12-ին են թողնում տուն գնանք, իսկ եթե տուգանում ենք, որ պահին ուզենք, կգնանք»։ Ոստիկանությունից, բնականաբար, կհերքեին այս տեղեկությունը, ուստի մեկնաբանություն չխնդրեցինք, քանի որ իրականությունն ավելի խոսուն է եւ շատերին է հայտնի, քան պաշտոնական հերքումները»:
«Փաստ» թերթը գրում է. «Փորձագիտական շրջանակների համոզմամբ, ՏԻՄ ոլորտը ներկայիս իշխանության զգայուն սեկտորն է, որտեղ Նիկոլ Փաշինյանն ակնհայտ իրեն թույլ է զգում։ Մեր ունեցած տեղեկության համաձայն, այս հարցում հստակեցումների հերթական ալիքն է սպասվում, որին ականատես կլինենք մինչեւ տարեվերջ։ Մասնավորաբար, թերթին տեղեկություններ են հասել, որ նախորդ շաբաթ տեղի ունեցած մի խորհրդակցության ժամանակ գրեթե բոլոր մարզպետներին հանձնարարվել է խստագույնս ուսումնասիրել, ընդհանուր պատկեր ունենալ, թե հատկապես որ համայնքապետներն են, որոնց նկատմամբ ներկայումս քրեական վարույթներ կան քննչական կոմիտեում եւ ՀՔԾ-ում։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, առաջիկայում իշխանությունները պատրաստվում են բավական կոշտ մեթոդներով, այդ թվում՝ ապօրինի գույքի ձեռքբերման «աստառով», վերջնականապես ազատվել այն համայնքապետներից, որոնք «նախկին կոռումպացված» համակարգի կա՛մ ներկայացուցիչներն են, կա՛մ պարզապես համայնքապետ են դարձել այդ ժամանակաշրջանում: Ի դեպ, այդպիսիք բավական մեծ թիվ են կազմում։ Այս կերպ նրանք փորձում են ամբողջապես «մաքրել» նաեւ ՏԻՄ համակարգը եւ սեփական թիմի անդամներին տեղերում ներառել կառավարման գործընթացին։ Ըստ էության, սա այդ ուղղությամբ հերթական փորձը կլինի, քանզի երկու տարի շարունակ իշխանությունները ջանք ու եռանց չեն խնայում ձերբազատվել ոչ «սվոյ» համայնքապետներից, անկախ նրանց աշխատանքի որակից»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Շաբաթ օրը՝ օգոստոսի 29-ին, տեղի կունենա սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հերթական քննարկումը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ օրակարգում լինելու է դատավորների եւ Բարձրագույն դատական խորհրդի անդամների տարիքային եւ այլ ցենզերի՝ օրենսդրական մակարդակում սահմանման կարգի քննարկումը: Սակայն, մեր տեղեկություններով, այս պահին դեռեւս հստակություն առկա չէ, թե ինչ մոդել կքննարկվի, եւ ի վերջո տարիքային ինչ ցենզի վրա կանգ կառնի հանձնաժողովը: Նշենք, որ մասնագիտական հանձնաժողովի անդամները որոշել են յուրաքանչյուր շաբաթ օր հավաքվել եւ ոչ միայն հարցեր քննարկել, այլեւս որոշում կայացնել եւ դա ներառել սահմանադրական փոփոխությունների հայեցակարգում, ինչպես դա եղավ նախորդ շաբաթ: Բանն այն է, որ մինչեւ այժմ հանձնաժողովը միայն երեք որոշում է կայացրել՝ կառավարման համակարգի պահպանում, կայուն մեծամասնության վերացում եւ Գերագույն դատարանի ստեղծում: Սակայն նկատենք, որ այս հանձնաժողովն աշխատում է փետրվարից, եւ որոշել են ավելի ակտիվ աշխատել եւ որոշումներ կայացնել, որպեսզի տեղավորվեն ժամկետներում: Նախատեսվում է, որ սահմանադրական փոփոխությունների նախնական հայեցակարգը կհրապարակվի հոկտեմբերի վերջին, որին հաջորդող քննարկումներից հետո՝ մինչեւ տարեվերջ, պատրաստ կլինի վերջնական հայեցակարգը: Իսկ նախագիծը հանրաքվեի դնել հնարավոր կլինի, ամենայն հավանականությամբ, 2021-ի ամռանը»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը ներկայացրել է էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագիրը (մինչև 2040թ.): Նախկինում ևս նման ծրագիր էր ներկայացվել, սակայն այս մեկն ավելի հավակնոտ է: Մասնավորապես՝ նոր ծրագրով նախատեսվում է մինչև 2030 թվականը արևային էներգիայի արտադրության մասնաբաժինը ընդհանուրի մեջ հասցնել առնվազն 15%-ի կամ 1.8 մլրդ կՎտժ-ի։ Նախատեսվում է մինչև 2030թ. էլեկտրաէներգիայի արտադրությունը հասցնել տարեկան 12 մլրդ կՎտժ-ի, որից 5 մլրդ-ը պետք է արտահանվի»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Չնայած կորոնավիրուսի համավարակը դեռևս հաղթահարված չէ, բայց ինչպես աշխարհի շատ երկրներում, այնպես էլ Հայաստանում տնտեսական վերականգնման հարցը դարձել է առավել քան հրատապ։ Սակայն արագ տեմպերով տնտեսության վերականգնմանը հասնելը հեշտ գործ չէ, և այդ նպատակն իրականացնելու համար առաջին հերթին անհրաժեշտ է ախտորոշել իրավիճակը, հասկանալ նախորդ ամիսների գրանցված արդյունքները և տեսնել, թե ինչպիսի պայմաններ են ստեղծված տնտեսության ճյուղերում և ինչ վերականգնման հնարավոր սցենարներ կարող են գործի դրվել։ Իրավիճակը գնահատելու տեսանկյունից որպես փաստական տվյալներ կարող են առաջինը դիտարկվել վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները։ Օրերս պարզ դարձան 2020 թ. 2-րդ եռամսյակի տվյալները, ըստ որոնց, ՀՀ-ում ՀՆԱ-ն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած նվազել է 13,7 %-ով, իսկ 2020 թ. առաջին եռամսյակի նկատմամբ անկումը եղել է 0,4 %: Ըստ էության, հրապարակված ցուցանիշները վկայում են, որ այս տարվա երկրորդ եռամսյակում ՀՀ տնտեսությունը գտնվել է խոր անկման մեջ։ Եվ սա պատահական չէ, քանի որ երկրորդ եռամսյակի ընթացքում Հայաստանը գտնվում էր կորոնավիրուսի տարածման ինտենսիվ փուլում և խիստ սահմանափակումները կիրառության մեջ էին, այդ թվում՝ տնտեսական գործունեության, և սահմանափակումներից շատերը միայն մայիսին հանվեցին։ Նկատենք, որ մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն մարդկանց բարեկեցության, կենսակերպի մակարդակի տեսանկյունից էական ցուցիչ է։
Դրա նվազումը վկայում է այն մասին, որը մարդկանց բարեկեցությունը ևս նվազել է, աճել է գործազրկությունը։ Իսկ իրավիճակը գնահատելու տեսանկյունից շատ կարևոր է վերլուծել գրանցված ցուցանիշների կառուցվածքը, տեսնել, թե որ ուղղություններով կարելի է խթանել տնտեսական զարգացումը։ Երկրորդ եռամսյակում գրանցված ցուցանիշները վկայում են, որ 13,7 % տնտեսական անկման վրա ամենամեծ ազդեցությունն ունեցել են առևտրի ու ծառայությունների ոլորտը, որը վերջին տարիներին ապահովում է Հայաստանի համախառն ներքին արդյունքի կեսից ավելին։ Եվ այս ֆոնին ուշագրավ է, որ վիճակագրական կոմիտեի առանձնացրած քսան ոլորտներից միայն մի քանիսն են երկրորդ եռամսյակը աճով փակել։ Դրանք են՝ հանքարդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, կապը, ֆինանսական ոլորտը, կրթությունը և պետական կառավարումը (պաշտպանություն, պարտադիր սոցիալական ապահովություն): Հետաքրքրական է իրավիճակը հատկապես հանքարդյունաբերության ոլորտում։ Դատելով հանքարդյունաբերության ցուցանիշներից՝ դժվար կլիներ ենթադրել, որ երկրում տնտեսական ճգնաժամ է, առավել ևս արտակարգ դրություն է հայտարարվել։ Խնդիրն այն է, որ հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման ծավալները այս տարվա երկրորդ եռամսյակում, նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ, 22,4 %-ով ավելացել են։ Սա փաստում է այն մասին, որ տնտեսական անկումն ավելի խորը չի եղել նրա հաշվին, որ հանքարդյունաբերությունը երկնիշ թվով աճ է գրանցել։