23.11.2024
Մամուլ. Մեսչյանը համարում է, որ Հայկ Մարությանն իրեն տարել-«փչացրել» է
prev Նախորդ նորություն

Մամուլ. ԲՀԿ-ն ակտիվանում է. սկսել են մարզերից

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ակտիվորեն թեժ աշնանն է պատրաստվում ոչ միայն իշխանությունը, այլեւ ընդդիմությունը։ Գագիկ Ծառուկյանը հրահանգել է՝ ձեռնամուխ լինել ԲՀԿ տարածքային կառույցների վերակազմակերպմանը, վերահաշվառմանն ու ակտիվացմանը։ Իսկ ինքը՝ կուսակցության ղեկավարը, պատրաստվում է առաջիկայում շրջել բոլոր մարզերով եւ անձամբ հանդիպել ժողովրդի հետ՝ ճշտելու հանրային տրամադրությունները, հոգսերը, պահանջներն իշխանությունից եւ ընդդիմությունից։ ԲՀԿ-ն այն քիչ կուսակցություններից է, որն ամենուր մարզային գրասենյակներ ունի եւ դրանք պահում է նաեւ ընտրությունների միջեւ ընկած ժամանակաշրջաններում։ Այժմ ԲՀԿ մարզային կառույցներում իսկական իրարանցում է սկսվել»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Ռոբերտ Քոչարյանն ուզում է հավատարիմ մնալ իր նախկինում հռչակած՝ «Իմ կուսակցությունը ժողովուրդն է» նախընտրական կարգախոսին և քաղաքական դաշտում հանդես գալ ոչ թե սեփական կուսակցություն ստեղծելով, այլ փորձելով համախմբել մանր-մունր կուսակցություններ: Այդ նպատակով այժմ բանակցություններ են տարվում տարբեր կուսակցությունների հետ, և որպես նրանց համախմբման միջոց փորձում է օգտագործել իր ֆինանսական միջոցները: Թե ով կընդունի համախմբման հրավերը՝ պարզ կլինի առաջիկայում»:


«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, «Մեկ Հայաստան» կուսակցության անունից կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը դիմում էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին եւ ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ կորոնավիրուսի դեմ պայքարը տապալելու, մարդու կյանքի եւ առողջության համար վտանգ ներկայացնող տեղեկատվությունը թաքցնելու եւ աղավաղելու, ինչպես նաեւ պաշտոնեական դիրքը չարաշահելու փաստերով քրեական գործ հարուցելու պահանջով։ ՀՔԾ-ն ու դատախազությունը մերժել էին քրեական գործի հարուցումը, սակայն, մեր ունեցած տեղեկություններով, օգոստոսի 31-ին Ղազինյանի հայցն առաջին ատյանի դատարանի կողմից ընդունվելու է վարույթ: Դատարանն էլ հենց իրավասու է տալ իրավական որակում: «Փաստ» թերթի տեղեկություններով, պարետատան նիստում Արսեն Թորոսյանի հետ կապված վեճի հիմնական պատճառը եղել է հենց Ղազինյանի կողմից հանցագործության մասին հաղորդում ներկայացնելը: Հասկանալով, որ դատարանի կողմից քրեական գործի հարուցումը անխուսափելի է՝ հաղորդման մեջ տեղ գտած փաստերի ուժով, Նիկոլ Փաշինյանը Թորոսյանին հասկացրել է, որ ամբողջ պատասխանատվությունը մնալու է իր վրա, սակայն վերջինս նշել է, թե չի պատրաստվում քավության նոխազ դառնալ, քանի որ որոշումները միանձնյա չի ընդունել, ինչի մասին առկա են համապատասխան գրագրություններ, այդ թվում՝ անձնական: Այս թեմայի շուրջ էլ, ինչպես ասում են, կրքերը շիկացել են, ինչի մասին արդեն տեղեկություններ են շրջանառվել լրատվամիջոցներում»:


«Փաստ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի սատելիտ եւ աջակից (գոնե մինչեւ վերջերս) որոշ անձինք եւ քաղաքական ուժեր, այդ թվում՝ ՀԱԿ-ը, բացահայտ դժգոհ են դատաիրավական համակարգում տեղի ունեցող փոփոխություններից եւ կառավարության որդեգրած լուծումներից։ Նրանք համոզված են, որ Փաշինյանի կողմից իրականացվող կարգավորումները «կիսաքայլեր» են, որոնք փաստացի որեւէ շոշափելի արդյունքի չեն հանգեցնելու։ Ի դեպ, այդ մասին, մեր ստացած տեղեկությունների համաձայն, նշյալ ուժերից մեկի կարկառուն որոշ ներկայացուցիչներ տարբեր տեղեր իրենց դժգոհությունն են հայտնում: Հիմնական քննադատության մեխը կապված է հետեւյալ մտքի հետ, թե «ներկա փուլում ՍԴ դատավոր նշանակելը դատարկ եւ անիմաստ ժամավաճառություն է»։ Այս թեման բավականին կոշտ արձագանքներ է ստանում նաեւ հրապարակային դաշտում: Ընդ որում, ՍԴ անդամի նոր թեկնածուների դեմ կատեգորիկ բացասական կարծիքներ ու ամենատարբեր մեղադրանքներով համեմված քննադատություն են հնչեցնում այն ուժերն ու քաղաքական կառույցները, որոնք քարոզում են Գերագույն դատարանի անհրաժեշտության մասին։ Այս հանրույթի ներկայացուցիչները վերջին երկու-երեք օրերի ընթացքում կառավարության կողմից ներկայացված թեկնածուների նկատմամբ բացահայտ հակաքարոզ են իրականացնում՝ ամեն կերպ ապացուցելով, որ նրանք այս կամ այն կերպ ասոցացվում են «քրեաօլիգարխիկ համակարգի հետ» եւ չեն կարող լինել ՍԴ լիիրավ ու լեգիտիմ անդամ։ Ի դեպ, նրանք «ձեռքի հետ» նշանառության տակ են առել նաեւ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին «Իմ քայլը» խմբակցությունը նիստ է արել, բայց հրավիրված են եղել միայն մարզային պատգամավորները, այսինքն՝ նրանք, ովքեր խորհրդարան են անցել ռեյտինգային ցուցակներով։ Նիստը վարել է խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։ Պատգամավորներին հանձնարարվել է ակտիվացնել տեղի բնակչության հետ շփումները, որոնք գրեթե դադարեցվել էին կորոնավիրուսի պատճառով, փորձել հասկանալ, թե ինչ խնդիրներ ունեն մարդիկ, դրանք ներկայացնել պատկան մարմիններին եւ հետեւողական լինել դրանց լուծման հարցում։ Առաջիկայում մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրություններ են լինելու, եւ իշխող ուժը քննարկել է դրանց մասնակցության հարցը, պատգամավորներին ասել են՝ մրցունակ թեկնածուներ աչքի տակ առնել, որպեսզի կուսակցությունը քննարկի նրանց առաջադրման հարցը։ Այս օրերին մարզային ակտիվ այցելությունների, աջակիցների եւ գործընկեր ուժերի հետ հանդիպումների մեջ են նաեւ ընդդիմադիր կուսակցությունները․ իշխող ուժը որոշել է հակաքայլեր ձեռնարկել, մեղմել բնակչության դժգոհություններն ու լուծում տալ կուտակված խնդիրներին։ Ասվել է՝ թույլ մի տվեք, որ ընդդիմությունը դժգոհությունները գեներացնի եւ մեր դեմ օգտագործի։ Ի դեպ, ներկա են եղել ոչ բոլոր մարզային պատգամավորները»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վերջին օրերին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները, հատկապես՝ Պետաիրավական հարցերով հանձնաժողովի անդամները, քննարկումներ են ունեցել եւ փորձել հասկանալ, թե երբ կարող են խորհրդարանում կազմակերպել Սահմանադրական դատարանի երեք անդամների ընտրությունը: Եվ, մեր տեղեկություններով, պատգամավորները նախնական հանգել են այն եզրակացության, որ Սահմանադրական դատարանի դատավորների ընտրությունը պետք է կազմակերպել արտահերթ նիստով, եւ, ըստ այդմ, նախնական որոշում է կայացվել ընտրությունը կազմակերպել սեպտեմբերի 11-ին՝ ուրբաթ օրը: Նկատենք, որ արդեն սեպտեմբերի 14-ին սկսվելու է Ազգային ժողովի աշնանային նստաշրջանը, եւ իշխող խմբակցությունը եկել է այն եզրակացության, որ այդ հարցը ճիշտ կլինի քննարկել արտահերթ ռեժիմով՝ դրան մեկ ամբողջ օր հատկացնելով, քանի որ մեկ օրում պետք է տեղի ունենա երեք քվեարկություն: Միեւնույն ժամանակ իշխող խմբակցությունը մինչեւ այդ դեռ պետք է որոշի, թե վերջնականապես ինչպես են քվեարկելու թեկնածուներին: Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուներն են Էդգար Շաթիրյանը, որը առաջադրվել է կառավարության կողմից, Երվանդ Խունդկարյանը՝ Դատավորների ընդհանուր ժողովի կողմից, եւ Արթուր Վաղարշյանը, որն էլ նախագահի թեկնածուն է»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 4-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը դառնում է 65 տարեկան, եւ ՊՈԱԿ-ների մասին օրենքով նա այլեւս չի կարող տնօրեն աշխատել։ Կրթահամալիրի կոլեկտիվն ու ծնողները պահանջում են, որ ՊՈԱԿ-ը փոխեն հիմնադրամի, որպեսզի Բլեյանը շարունակի տնօրեն աշխատել։ Մենք հետաքրքրվեցինք կրթության նախարարությունից, թե ինչ լուծում են գտել․ ԿԳՄՍ հասարակայնության հետ կապերի վարչությունից պատասխանեցին, որ պահանջը մերժվել է՝ ՊՈԱԿ-ը հիմնադրամ չի դառնալու։ Արայիկ Հարությունյանը կարծում է, որ նպատակահարմար չէ։ Նախարարությունը մեկ ամիս առաջ ծանուցում է ուղարկել Բլեյանին՝ հիշեցնելով, որ նա չի կարող սեպտեմբերից պաշտոնավարել, նրա հետ պայմանագիրը լուծվել է։ Բլեյանի կողմնակիցները պնդում են, որ սա հեղինակային մանկավարժություն է, եւ ԿԳՄՍ-ն պետք է ընդառաջի ու պայմաններ ստեղծի, որ Բլեյանը մնա։ Հասարակայնության հետ կապերի վարչությունից մեկնաբանեցին, որ թեպետ իրավական տեսանկյունից ՊՈԱԿ-ից հիմնադրամ վերածվելու արգելք չկա, բայց նախկինում մի քանի ՊՈԱԿ-ի՝ հիմնադրամ դառնալուց հետո դժգոհել են եւ խնդրել, որ նորից ՊՈԱԿ դառնան։ Դժգոհության պատճառն այն է, որ հիմնադրամ դարձած դպրոցների կառավարմանը պետական մասնակցությունը նվազում է՝ պակասում են պետությունից ստացվող ֆինանսական միջոցները։ ԿԳՄՍ-ում նաեւ մտահոգություն ունեն, որ եթե մեկ հոգու ընդառաջեն, կդառնա վատ նախադեպ՝ 65-ը լրացած բոլոր տնօրենները կպահանջեն դառնալ հիմնադրամ։ ԿԳՄՍ-ից ասում են՝ եթե սա զարգացմանը միտված քայլ է, ինչո՞ւ հիմնադրամ դառնալու պահանջը ծագեց Բլեյանի 65 տարին լրանալուց 2 ամիս առաջ միայն՝ հունիսին»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Տավուշի մարզի Խաշթառակ գյուղի վեցամյա երեխայի մահը ցնցել է բոլորին։ Ընտանիքի պատմությունը դեռեւս մի քանի ամիս առաջ հանրայնացվել էր «Կիսաբաց լուսամուտներ»-ի ապրիլի 13-ի եթերում։ Հաղորդաշարի անձնակազմը տեսանկարահանումներ էր կատարել Հակոբջանյանների տանը։ Ընտանիքը հակահիգիենիկ պայմաններում էր ապրում, երեխաները բարձիթողի վիճակում էին ու անխնամ։ Մեկ սենյականոցում մեծացող 7 երեխաներից հինգի մայրը պատմում էր, որ ուտելիքի խնդիր ունեն, ինքն ամբողջ օրը ուտելիք հայթայթելով է զբաղված, դրա համար էլ չի կարողանում մաքրել տունը։ Այդ հաղորդումը դիտելիս պարզ է դառնում, որ երեխաներն այս ընտանիքում անպատշտպան են եղել, ու թերեւս չէր լինի այս ողբերգությունը, եթե պատկան մարմինները ժամանակին ուշադրություն դարձնեին ու զբաղվեին նրանցով։ Ավելին, հաղորդավարն անգամ եթերում խնդրել էր Տավուշի մարզպետին՝ տիրություն անել ընտանիքին։ Ինչո՞ւ են անտարբերության մատնել այս ընտանիքին ու երեխաներին․ մեր հարցին մարզպետ Հայկ Չոբանյանը երեկ նախ հերքեց, թե որեւէ մեկն իրեն այս ընտանիքի հարցով դիմել է, ապա հավաստիացրեց, որ ընտանիքը տարիներ շարունակ գտնվել է մարզի սոցիալական կենտրոնների հսկողության տակ։ «Նույնիսկ 2015-ին երեխաները մի քանի ամսով գտնվել են ՍՈՍ մանկական գյուղերում, բայց, գիտեք, երեխաների պաշտպանության համակարգում երեխաների ճակատագիրը, խնամքի կենտրոններում իրենց ապրելու իրավունքը տրվում է ծնողի համաձայնությամբ, իսկ երեխայի ծնողը նրանց նորից ետ է տարել տուն, բայց շարունակել են պատկան մարմիններն իրենց հսկողության տակ պահել։ Առայսօր որեւէ հաստատության կողմից չի արձանագրվել, որ երեխաների կյանքին սպառնացող վտանգ կա»,- ասաց մարզպետը։ Բայց երեխաները պատմում են, որ բազմիցս ծեծի են ենթարկվել, սա չի՞ նշանակում, որ դուք, պատկան մարմինները թերացել եք։ Մարզպետն ասաց՝ գործ է հարուցվել, ճիշտ կլինի՝ սպասել քննության ավարտին, որից հետո պարզ կդառնա իրականությունը։ Վստահ ենք, որ քննության արդյունքում կպատժվեն պապն ու մայրը, իսկ համապատասխան ծառայությունները ջրից չոր դուրս կգան»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, մայիսին ԱԺ-ն վավերացրեց հայտնի Լանզարոտեի կոնվենցիան, ինչի հետ կապված բազմաթիվ մտահոգիչ հարցեր բարձրացվեցին տարբեր մասնագետների և ընդհանրապես լայն հանրության կողմից։ Կոնվենցիան այն վավերացրած պետություններին պարտադրում է տարրական և միջնակարգ կրթության ընթացքում սեռական շահագործումից, սեռական բնույթի բռնություններից պաշտպանվելու հետ կապված տեղեկություններ հաղորդել երեխաներին: Հիշեցնենք, որ հապճեպորեն անցկացված այս փաստաթղթի շուրջ լայն քննարկում տեղի չի ունեցել։ Ըստ էության, կոնվենցիան վավերացվել է առանց հանրային քննարկումների, առանց մասնագիտական` մանկավարժական, իրավաբանական, հոգեբանական հանրույթի կարծիքն ու մոտեցումները հաշվի առնելու: Օրենքը, բնականաբար, չէր մնալու «թղթի վրա»։ «Փաստ» թերթի տեղեկություններով, Լանզարոտեի կոնվեցիայի հետ կապված՝ ՀՀ իշխանությունների կողմից նոր հաշվետվողական զեկույց է նախապատրաստվում, որտեղ ամփոփ ներկայացված է, որ մասնավորաբար ԿԳՄՍ-ն իր 2022-23 թթ. ծրագրի մեջ պետք է ներառի կոնվենցիայից բխող համապատասխանող կարգավորումներ։ Այնպես որ, առաջիկայում պետք է սպասել որոշակի ծրագրային մանրամասների՝ հասկանալու, թե կոնկրետ ինչ են առաջարկելու մեր երեխաներին»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել Երեւանի Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում գազի արտահոսքից տեղի ունեցած պայթյունից: Երեկ հայտնի դարձավ, որ պայթյունի հետեւանքով մասնակի փլուզվել է հինգերորդ շքամուտքում գտնվող 12 բնակարան։ Եվ, ահա, փլատակներից դուրս էին բերվել երկու քաղաքացիներ եւ տեղափոխվել հիվանդանոց, իսկ մեկին էլ արդեն գտել էին մահացած: Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, պայթյունը եղել է 41-ամյա Էդգար Մարգարյանի տանը, որը հիվանդանոց տեղափոխված քաղաքացիներից է եւ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Երեկ դեպքի վայրում հավաքվածները մեզ հետ զրույցում նշել էին, թե տեղեկություններ են լսել, որ երկրորդ հարկի բնակիչը ցանկացել է էսենցիա խմել եւ վերջ տալ կյանքին: Խոսքը կրկին Էդգար Մարգարյանի մասին է, եւ ավելին՝ մեր տեղեկություններով՝ նա խաղադրույքների հետեւանքով կորցրել է իր բնակարանը եւ գտնվել հոգեպես ծանր վիճակում: Մենք տեղեկացանք նաեւ, որ այս գիշեր տանը եղել է միայն Էդգար Մարգարյանը, նրա որդին՝ Էրիկը, գիշերել է ընկերների տանը, իսկ կինն ու դուստրն օրեր առաջ էին հեռացել տանից տիրող մթնոլորտի պատճառով: Եվ այժմ իրավապահները փորձում են հասկանալ, թե որքանով այս իրադարձությունները կարող են կապ ունենալ իրար հետ, եւ արդյոք պայթյունը պատահականության արդյունք է, թե միտումնավոր է արվել»:


«Ժողովուրդ» օթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հանրակրթական ուսումնական հաստատություններում դասապրոցեսի կազմակերպման կարգի շուրջ բողոքները շարունակվում են: Եվ ըստ երեւույթին բողոքներն այնքան շատ են թե՛ ուսուցիչների եւ թե՛ աշակերտների ծնողների կողմից, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը որոշել է կրկին քննարկել մի շարք դրույթներ, որոնք առկա են եղել ուղեցույցում։ Խոսքը վերաբերում է նաեւ դպրոցներում աշակերտների կողմից դիմակ կրելու պահանջին: Ինչպես հայտնի է, մոտ տասը օր առաջ ԿԳՄՍ-ն դպրոցներ է ուղարկել ուղեցույցները, որոնցում մանրամասն ներկայացված է, թե ինչպես պետք է անցկացվի դասապրոցեսը սեպտեմբերի 15-ից, որում նաեւ պարտադիր պահանջ է եղել հենց դիմակի կրումն աշակերտների կողմից: Այս դրույթը, մեր տեղեկություններով, դժկամությամբ է ընդունվել ավելի ցածր դասարանի աշակերտների ծնողների կողմից, որոնք տարակուսել են, թե ինչպես կարող են փոքրերը մի քանի ժամ շարունակ դիմակ կրել:


Բանն այն է, որ նախարարության հրապարակած ուղեցույցով դպրոցում գտնվելու ամբողջ ընթացքում աշակերտները եւ անձնակազմը դիմակներ պետք է կրեն, դասերի ժամանակը կրճատելու համար շաբաթ օրը նույնպես դպրոցական կլինի։ Դասարաններում աշակերտների թիվը չպետք է գերազանցի 20-ը. եթե նրանք ավելի շատ են, դասարանները խմբերի կբաժանվեն, յուրաքանչյուր խումբ դասի կգնա շաբաթական 3 օր: Եվ, ահա, մենք տեղեկացանք, որ դպրոցների տնօրենները բոլոր բողոքները հավաքագրել են եւ ուղարկել նախարարություն, որտեղից էլ որոշել են զիջումների գնալ եւ հավելյալ քննարկում անցկացնել: Եվ նախարարությունը մինչեւ սեպտեմբերի 15-ը նոր որոշում կունենա, թե ինչ պետք է անել համատարած դիմակ կրելու փոխարեն: Հավելենք, որ հանրակրթական հաստատություններում նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսվել են, գրքեր են բաժանում, ախտահանող նյութեր ստանում, սակայն դեռ հստակ չեն պատկերացնում՝ ինչպես պետք է պահպանեն անհրաժեշտ սոցիալական հեռավորությունն ու դասերն անցկացնեն նոր կանոններով: Այնպես որ, չի բացառվում՝ մինչեւ ուսումնական տարվա մեկնարկը նոր փոփոխություններ լինեն»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Կորոնավիրուսի համավարակով եւ արտակարգ դրությամբ պայմանավորված տնտեսական անկումը նոր թափ է հավաքում: Եվ եթե տնտեսության անկումը նախորդ ամիսներին որոշակի տեմպով դանդաղել էր, ապա հուլիսի տվյալներն այնքան էլ ոգեւորիչ չեն: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ այս տարվա հուլիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 10.2 տոկոսով նվազել է: Իսկ, ահա, տնտեսության առանձին ոլորտներ դիտարկելու արդյունքում պարզ է դառնում, որ անկման ամենամեծ տեմպերը եղել են արդյունաբերության ու ծառայությունների ոլորտում, իսկ ներքին առեւտրաշրջանառությունը Հայաստանում 2020թ. հուլիսին, 2019-ի նույն ամսվա համեմատ, նվազել է 10.4%-ով: Այս տարվա հունվար-հուլիսին առեւտրաշրջանառությունը կազմել է 1.518 տրլն դրամ, որը 2019-ի նույն ժամանակաշրջանի համեմատ՝ նվազել է 11%-ով: Հիշեցնենք նաեւ, որ այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանում գրանցված 3.9 % տնտեսական աճին երկրորդ եռամսյակում հաջորդել է շեշտակի անկումը։ Երկրորդ եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, տնտեսական անկումը կազմել է 13.7 %»։


«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարության նախաձեռնությամբ փոփոխություն կկատարվի «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում: Գործող օրենքով հին նմուշի անձնագրերի տրամադրման ժամկետ էր սահմանված 2021թ. հունվարի 1-ը, հիմա այդ ժամկետը երկարացվում է ևս մեկ տարով մինչև 2022թ. հունվարի 1-ը: Այս փոփոխությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ կենսաչափական անձնագրերի թողարկան համար նոր մրցույթ դեռ չի հայտարարվել, որը պայմանավորված է նաև կորոնավիրուսային համավարակով»: