22.11.2024
Մամուլ. ԲՀԿ-ն ակտիվանում է. սկսել են մարզերից
prev Նախորդ նորություն

Մամուլ. Կենտրոնի թաղապետի գլխին սև ամպեր են. Հայկ Մարությանը նրա նկատմամբ հակակրանք ունի

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանի ջրերը, ասում են, մի առվով չեն հոսում սկանդալային քաղաքապետ Հայկ Մարությանի հետ։ ՀԱԿ-ից սերված այս կադրի նկատմամբ, ասում են, Մարությանը հակակրանք ունի, Պողոսյանն էլ որտեղ նստում՝ Մարությանից է դժգոհում, թե՝ չի թողնում աշխատեմ։ Եվ հնարավոր է առաջիկայում Ավետ Պողոսյանը դառնա քավության նոխազ՝ ազատվի պաշտոնից, որը կլինի վերջին մեկ տարում Կենտրոնի երկրորդ թաղապետի ազատումը։ Իշխանությունը որոշել է երեւանցիների դժգոհություններն ուղղորդել թաղապետի ուղղությամբ՝ քաղաքապետին մի անգամ էլ փրկելով պաշտոնանկությունից»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ կառավարության նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բավականին կոպիտ խոսեց ««Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքների և հարակից օրենքների նախագծերի քննարկման ժամանակ: Բանն այն է, որ այդ կարևոր նախագծի քննարկմանը, որն արդեն մշակվում է երկու ամիս, կառավարության անդամները եկել են հանպատրաստից, քանի որ միայն երեկ էին ստացել այդ ծավալուն փաստաթուղթը և չէին հասցրել ուսումնասիրել: Եվ հենց այդ հանգամանքն էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի զայրույթն առաջացրեց, որը փորձեց հասկանալ, թե ինչու է այդպես ստացվել, որ կարևոր նախագծերը նախապես չեն քննարկվում, և նույնիսկ ամենափոքր ուղղումներն էլ արվում են հենց կառավարության նիստում: Ավելին` «Ժողովուրդ» օրաթերթը ֆիքսեց, որ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում այդ նախագիծը հրապարակվեց կառավարության նիստի ավարտից անմիջապես հետո, այնինչ հակառակն է լինում. սկզբում նախագիծը պետք է հրապարակվի այդ կայքում, անցնի հանրային քննարկում, բոլոր գերատեսչություններն առաջարկներ ներկայացնեն, և նոր միայն այդ ամենի վերջնարդյունքում նախագիծ կազմվի և ներկայացվի կառավարություն: Այնինչ երեկ հակառակը եղավ, ինչը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, զայրացրել է վարչապետին, և նրա նախատինքը չի ավարտվել միայն կառավարության նիստում, և դրա ավարտից հետո ևս նա հասկացնել է տվել, որ դժգոհ է կառավարության անդամների այս գործելաոճից, իսկ վերջիններս էլ ձախողումն ընդունելու փոխարեն իրար վրա գցելով էին փորձում մեղավորներ գտնել: Սակայն նկատենք՝ խոսքը կարևոր նախագծի մասին է, որի կարգավորումները պետք է փոխարինեն արտակարգ դրության իրավական ռեժիմին: Եվ, ահա, այս փոփոխությունը հնարավորություն կտա կիրառել որոշակի միջոցառումներ և դրանցով պայմանավորված սահմանափակումներ վարակիչ հիվանդությունների՝ Հայաստանի Հանրապետության տարածք ներբերման, դրանց ծագման ու տարածման վտանգի, բռնկումների, համաճարակների առաջացման, ինչպես նաև դրանց հետևանքով արտակարգ իրավիճակ առաջանալու դեպքերում»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Որքան էլ առողջապահության նախարարությունից հերքեն, թե Արսեն Թորոսյանի գործերը լավ են, եւ նա դիմում չի գրելու, ոչ միայն մամուլի աղբյուրներն են վկայում այն մասին, որ այդպես չէ, այլեւ բազում փաստեր։ Ասենք, այն, որ Թորոսյանը Ֆեյսբուքից ջնջվել է, որ նա արձակուրդ է գնում, երբ համաճարակի դեմ պայքարը շարունակվում է։ Այն, որ արձակուրդն օգոստոսի 31-ից է, իսկ կառավարության օգոստոսի 27-ի նիստին նա չէր մասնակցում։ Այն, որ իր «ախոյանին»՝ Բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանին, հանգիստ է թողել եւ ԵՊԲՀ-ում հոգաբարձուների խորհրդում շատ քիչ «մարդ» է անցկացրել, իսկ խորհրդի նախագահն էլ իր թիմից չէ։ Եվ եթե դրսից ճնշումներին եւ մամուլի բարձրացրած աղմուկին չենթարկվելու Նիկոլ Փաշինյանի «կոմպլեքսը» եւ Միքայել Մինասյանի հոր պարագան չլինեին, նա հաստատ արդեն ազատված կլիներ պաշտոնից»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Դեռեւս 2019 թվականի դեկտեմբերի 25-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Լուսինե Առաքելյանը հայտարարել էր, որ ազատման դիմում է ներկայացրել: «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության պատմությունն այս փուլում այլեւս ավարտված է ինձ համար։ ՀՀ ԿԳՄՍՆ փոխնախարարի պաշտոնից ազատվելու դիմում եմ ներկայացրել իմ կամքով եւ փոխհամաձայնեցված որոշմամբ»,-հայտարարել էր Առաքելյանը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ դրանից հետո այդ ոլորտում աշխատանք գտնելու բոլոր դռները փակվել են նրա առջեւ, քանի որ նախարար Արայիկ Հարությունյանն ամեն ինչ արել է, որ նրան ոչ մի տեղ աշխատանքի չընդունեն: Ըստ մեր տեղեկությունների՝ Առաքելյանի ջանքերը՝ տարբեր ձեւերով աշխատանքի ընդունվելու պետական որեւէ հաստատությունում, ապարդյուն են անցել: Վերջինս ֆինանսական լուրջ խնդիրների առաջ է հայտնվել, քանի որ երկար ժամանակ է՝ աշխատանք չունի: Ու, ըստ մեր տեղեկությունների, Առաքելյանը որոշել է լքել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շարքերը: Մենք տեղեկացանք, որ նախկին փոխնախարարն իր կուսակցությանը տեղեկացրել է այդ մասին, ավելին՝ հայտնել, թե որն է այդ ամենի պատճառը: Մենք ողջ օրը փորձեցինք տեղեկությունը ճշտել Լուսինե Առաքելյանից, սակայն վերջինս մեր հաղորդագրություններին ու զանգերին չպատասխանեց»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Չնայած հավաստիացումներին, որ ՀՅԴ, ԲՀԿ, «Հայրենիք» համագործակցությունը շարունակում է գործել, այն, ըստ էության, գոյություն չունի: Այս կուսակցությունները միավորվել էին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման պահանջով, սակայն խնդիրն այն է, որ այս ուժերը այդպես էլ չգիտեն, թե ինչպես կարելի է հասնել այդ պահանջի իրականացմանը: Նրանք չունեն հանրային աջակցություն, որ այդ ուժով պարտադրեն իշխանությանը գնալ արտահերթ ընտրությունների, ուստի միակ հույսը մնացել է, որ իշխանությունը ներսից կկազմաքանդվի և կգնա նման քայլի, ինչը, մեղմ ասած, այնքան էլ իրատեսական չէ»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հանդեպ հարուցված քրեական գործով արդեն 20 մեղադրյալ է ներգրավված, չնայած նախաքննական մարմինն այս հարցով շատ բացահայտումներ դեռ չի անում: Ինչպես հայտնի է, հունիսի 14-ին Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություն իրականացրեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը։ Այնուհետեւ ԱԱԾ-ն հունիսի 15-ին հաղորդագրություն տարածեց, համաձայն որի՝ երեք առանձին դեպքի առնչությամբ քրեական գործեր են հարուցվել։ Դրանից հետո Գագիկ Ծառուկյանը հրավիրվեց ԱԱԾ` նշված գործերով հարցաքննության։ ԱԱԾ-ի հաղորդագրության համաձայն՝ քրեական գործերից մեկը վերաբերում է 2017թ. ապրիլի 2-ին կայացած ՀՀ ԱԺ ընտրությունների ժամանակ ընտրողներին կաշառք տալու, կաշառք ստանալու հարյուրավոր եւ համակարգային բնույթ կրող դեպքերին, որում ներգրավված են եղել ինչպես կուսակցության ղեկավար կազմը, այնպես էլ կուսակցության անդամները: Ապա Գագիկ Ծառուկյանի պաշտպանական խումբը Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված խուզարկությունը համարել էր ապօրինի եւ ՀՀ վերաքննիչ դատարան այն անօրինական համարելու համար բողոք էր ներկայացրել: ՀՀ վերաքննիչ դատարանը մերժել է վերջիններիս բողոքը եւ օրինական է համարել ԱԱԾ-ի գործողությունները, որից հետո Ծառուկյանի պաշտպանական խումբը դիմել է Վճռաբեկ դատարան»:


«Հրապարակ» թերթը գրում է. «ԲՀԿ-ում թեժ աշնանը նախապատրաստվելուն զուգընթաց, ամեն շաբաթ պիկնիկներ են կազմակերպվում, Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ շաբաթը մի մարզ են այցելում եւ հյուրընկալվում այդ մարզից ընտրված ԲՀԿ-ական պատգամավորներին։ Թեեւ որոշ պատգամավորներ մեզ վստահեցրին, որ դրանք ապաքաղաքական պիկնիկներ են՝ քաղաքական հարցեր չեն քննարկում։ «Մանավանդ որ ամեն քայլափոխի ԱԱԾ-ն մեզ հետեւում է»,- ասաց նրանցից մեկը։ Սակայն նպատակը քաղաքական է, եւ գաղափարի հեղինակն էլ Գագիկ Ծառուկյանն է, ով որոշել է ընդլայնել շփումները, տարբեր ֆորմատներով հանդիպել ոչ միայն ազգաբնակչության, այլեւ իր կուսակիցների հետ, որ իշխանությանը չհաջողվի Սերգեյ Բագրատյանից հետո ուրիշներին էլ «պոկել» ԲՀԿ-ից, հատկապես որ քրեական գործերի քննությունն ու հարուցումը շարունակվում են։ Օրերս էլ քաղաքաշինության նախկին նախարար Վարդան Վարդանյանի դեմ է գործ հարուցվել։ Այս շաբաթ ԲՀԿ-ն՝ Ծառուկյանի գլխավորությամբ, այցելելու է Շիրակ՝ հյուրընկալվելու են Վարդան Ղուկասյանին եւ Վարդեւան Գրիգորյանին։ Եկող շաբաթ կլինեն Արմավիրում, իսկ անցած շաբաթ եղել են Գեղարքունիքում»:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Առողջապահության համակարգն առողջապահության նախարարը չէ, ոչ էլ՝ նախարարությունը։ Այն կազմված է հազարավոր նվիրյալներից ու ամեն օր համեստորեն իրենց աշխատանքը կատարող մարդկանցից։ Այդ համակարգում կան փայլուն մասնագետներ ու շնորհալի տնօրեններ, որոնք հմտորեն կազմակերպում են բուժհիմնարկների աշխատանքը՝ ամեն օր փրկելով կյանքեր։ Եվ երբ երկրում շուրջ 6 ամիս դաժան պայքար է գնում կորոնավիրուսի դեմ, ու այդ մարդիկ՝ բժիշկներ, բուժքույրեր, բուժհիմնարկների ղեկավարներ, ամեն հիվանդի կյանքի համար մաքառում են և նրանց նոր կյանք պարգևում, մեր կառավարությունը որոշում է Հայրենիքի շքանշան, այսինքն՝ Ազգային հերոսի կոչում շնորհել օվկիանոսից այն կողմում ապրող մեր հայրենակցին՝ Հրայր Հովակիմյանին։ Ոչ ոք, անշուշտ, չի մոռացել Հովակիմյանի վաստակը․ նա է հիմնադրել Նորքում գտնվող հայտնի սրտի կլինիկան և նա Հայաստանում առաջինն է իրականացրել բարդ վիրահատություններ՝ փրկելով կյանքեր։ Բայց այդ հերոսական աշխատանքի համար նա ժամանակին գնահատվել է, անգամ շքանշաններ է ստացել՝ Սուրբ Մեսրոպ Մաշտոց, Հայրենիքին մատուցած ծառայությունների համար։ Սակայն տարիներ առաջ, ինչ-ինչ պատճառներով, նա հեռացել է Հայաստանից, ասում են՝ նեղացել է նախկին իշխանություններից։ Եվ հիմա երիտասարդ իշխանությունները որոշել են նրան հերոսի կոչում շնորհել։ Իսկապես որ «մարգարեն ընդունելի չէ իր քաղաքում»։ Ո՛չ այսօր հերոսական աշխատանք կատարող մեր բժիշկները, ո՛չ տարիներ շարունակ առողջապահական հիմնարկներ աշխատեցրած տնօրենները նման բարձր գնահատանքի չեն արժանանում։ Իսկ Հովակիմյանը թերևս արժանանում է մի պարզ պատճառով՝ նա կոնֆլիկտ է ունեցել նախկին իշխանությունների հետ, իսկ գործող իշխանությունները բոլոր հնարավոր մեթոդներով պայքարում են նրանց դեմ»:


«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանությունները բավական խառն են և չեն հասկանում, թե ի վերջո ինչպես են լուծելու ՍԴ խնդիրը, մասնավորաբար չեն կողմնորոշվում՝ ՍԴ անդամների ընտրությունը կազմակերպելու հարցում։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, գործադիրում հիմնականում հակված են հարցի քննարկումը արտահերթ կարգով կազմակերպելուն, որպեսզի մինչև հերթական նստաշրջանի մեկնարկը կարողանան ՍԴ անդամներ ընտրել, օրենսդիրում այս մոտեցման հետ, մեղմ ասած, այնքան էլ համամիտ չեն։ Իշխող ֆրակցիայում բավական մեծ թիվ են կազմում նրանք, որոնք ցանկանում են թեման քննարկել հերթական նիստերի ընթացքում՝ հանգամանալից և բովանդակալից, այլ ոչ թե արձակուրդային շրջանում արտահերթի ռեժիմով, «ոտքի վրա»։ Թե որ տարբերակը «հաղթող» դուրս կգա, դժվար է ասել, սակայն, մեր տեղեկություններով, խմբակցությունների ղեկավարներին զգուշացվել է, որ ամեն դեպքում պատգամավորները «շատ հեռու չգնան», որպեսզի անհրաժեշտության դեպքում արագորեն կարողանան հավաքվել»:


«Փաստ» թերթը գրում է. «Արդեն մի քանի օր է, ինչ ակտիվորեն քննարկվում է Սահմանադրական եւ Վճռաբեկ դատարանների միավորման եւ մեկ ընդհանուր՝ Գերագույն դատարան ստեղծելու՝ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի որոշումը։ Չնայած այս թեմայի շուրջ կարծիքները բազմազան են, այդ թվում՝ շատ են այն պնդումները, որ այս գործընթացը ֆեյք օրակարգ է եւ իշխանություններն ընդամենը շոու են անում, այդուամենայնիվ, որոշ շրջանակներ բավականին ոգեւորված են ու առանձնակի ակտիվություն են դրսեւորում։ Մասնավորաբար, իրավաբանական հանրույթի որոշ ներկայացուցիչներ, չնայած հարցը դեռ նախնական քննարկման փուլում է, իսկ իշխանությունները շարունակում են ՍԴ ձեւավորելու գործընթացը, շնչակտուր կուրծք են ծեծում եւ ամեն կերպ պաշտպանում Գերագույն դատարանի թեման: «Փաստ» թերթի տեղեկություններով, այս «թիմում» ոմանք պարզապես ցանկանում են հնարավոր բոլոր տարբերակներով սիրաշահել իշխանություններին եւ հույս ունեն ապագայում համալրել դեռեւս մշուշի մեջ գտնվող Գերագույն դատարանի կազմը։ Ավելին, թերթին տեղեկություններ են հասել, որ նախկին պաշտոնյաներից մեկը, որը նույնպես ոգեւորված է այս գաղափարով, տարբեր շրջանակներում հայտարարում է, թե ինքն արդեն նախնական պայմանավորվածություն է ձեռք բերել, եւ իշխանությունները Գերագույն դատարանի նախագահի պաշտոնը վստահելու են իրեն։ Մի խոսքով, ճիշտ հայտնի ասացվածքի մոտիվներով. «Ձուկը ջրում՝ բազար են անում»։


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հերթական վճիռն է կայացրել ընդդեմ Հայաստանի: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ խոսքը ««Օլիմպ» արտադրական կոոպերատիվը՝ ընդդեմ Հայաստանի» գործի մասին է, եւ հրապարակված վճռի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է դիմումատուին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում վճարել 2,400 եվրոյին համարժեք դրամ՝ վճռով սահմանված արդարացի հատուցման համար: Սակայն սա միակ վճիռը չէ. արդեն «Անահիտ Մկրտչյանը՝ ընդդեմ Հայաստանի» գործով կառավարությունը պետք է վճարի 26 հազար եվրոյին համարժեք դրամ: Նշենք, որ 2001 թվականի հոկտեմբերի 30-ին Անահիտ Մկրտչյանի որդին մահացել է իր գումարտակի հրամանատարի գրասենյակում գլխին ստացված հրազենային վնասվածքից: Միջադեպի պաշտոնական բացատրության համաձայն՝ մեկ այլ զորակոչիկ պատահաբար կրակել է Անահիտ Մկրտչանի որդու վրա: Սակայն սպանության մեջ Մկրտչյանը կասկածում է հրամանատարին, որը, ըստ նրա, ծաղրի է ենթարկել իր որդուն եւ գումար շորթել նրանից: Մեկ շաբաթ անց զորակոչիկներից մեկին մեղադրանք է առաջադրվել՝ զենքի օգտագործման կանոնների խախտման հետեւանքով անփութությամբ սպանության համար: ՄԻԵԴ-ը գործում արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի (կյանքի իրավունքի) խախտում։ Եվ հերթական անգամ նախկինների սխալների համար գումարներ է տալիս այս կառավարությունը»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին օրերին իրավապահները եռանդով լծվել են «օրենքով գողերի», քրեական հեղինակությունների եւ ենթամշակույթի դեմ պայքարին։ Թեպետ նման խոստումներ տալիս էին դեռ 1 տարի առաջ, բայց դրանք գործնական տեսք են ստացել վերջին օրերին։ Իսկ վերջին շաբաթվա ընթացքում «օրենքով գողերի» բերման ենթարկելու, ձերբակալելու, կալանավորելու բազմաթիվ դեպքեր եղան, այդ թվում՝ Անդրանիկ Սողոյանը (հայտնի «Զապ» մականվամբ), Գեւորգ Մելիքյանը՝ Օշականցի Գեւորիկը, Արտյոմ Կանեւսկոյը, Գող Ալոն՝ Ալեքսանդր Մակարյանը եւ այլք։ Փորձ է արվում քրեածին տարրերի դեմ գործողությունները կապել «Նուբարաշեն», «Արմավիր», «Վանաձոր» ՔԿՀ-ներում հատուկ ջոկատայինների կողմից կատարված գործողությունների հետ։ Ավելին, Օշականցու ձերբակալության հաղորդագրությամբ ասվում է, որ ազատության մեջ գտնվող քրեական ենթամշակույթ կրող անձանց կողմից ՔԿՀ-ներում պահվող անձանց նկատմամբ իրականացվել է վերահսկողություն: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ գողականների այս «որսը» նաեւ քաղաքական դրդապատճառ ունի։ Ներքաղաքական անկայուն իրավիճակում իշխանությունները փորձում են բռնել նրանց վախը, քանի որ գաղտնիք չէ, որ օրենքով գողերն ու գողականները բավականին մեծ ազդեցության դաշտ ունեն եւ նախկինում համագործակցել են գործող իշխանությունների հետ, եթե նրանք որոշեն պայքարել գործողների դեմ, ապա իշխանությունների վիճակը շատ կբարդանա։ Ուստի որոշվել է հավաքել նրանց, մշակել, քրգործեր հարուցել եւ զգուշացնել, որ դրանք համապատասխան ընթացք կստանան, եթե իրենց լավ չպահեն»:


«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ նախօրեին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների կողմից ձերբակալված քրեական հեղինակությունները՝ «օրենքով գողերը», զբաղված են դատարանների հետ իրենց հարցերի կարգավորմամբ։ Մասնավորապես, տարբեր կապերով փորձում են հասնել նրան, որ դատարանները կալանք չնշանակեն։ Հիշեցնենք, որ միայն վերջին մի քանի օրում ձերբակալվեց երկու «օրենքով գող»՝ Զապը և Օշականցի Գևորիկը։ Վերջինիս հետ ևս երեք քրեական հեղինակություն և զոն նայող։ Վերջիններից ոչ մեկը կալանավորված չէ։ Պարզապես զավեշտալի է, որ քրեական ենթամշակույթի դեմ պայքարող երկրում «օրենքով գողերը» դատարաններում հարց են լուծում և վստահ են, որ նոր Հայաստանի դատարանները իրենց չեն կալանավորի»։


«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո առանցքային թեմաներից մեկը, որի հետ կապված օրվա իշխանությունները կոշտ քննադատության են ենթարկվում, կապված է Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հետ։ Պարբերաբար նշվում էր, որ իշխանությունները հարմար առիթ են փնտրում այն խորհրդարանում անցկացնելու համար։ Սակայն քիչ չեն նրանք, որոնք հավատալով իշխանություններին, վստահ են, որ Նիկոլ Փաշինյանը երբեք նման քայլի չի գնա: «Փաստ» թերթի ունեցած տեղեկության համաձայն, այս թեման նոր զարգացում է ստանում։ Թերթի աղբյուրի փոխանցմամբ, իշխանությունները պատրաստվում են սեպտեմբերին Ստամբուլյան կոնվենցիան տանել խորհրդարան՝ այն վերջապես վավերացնելու նպատակով։ Մեր աղբյուրը փոխանցել է նաեւ, որ Փաշինյանն իր թիմակիցներին հորդորել է ամեն կերպ պատրաստվել առաջիկա գրոհներին, որոնք կլինեն ընդդիմախոսների կողմից»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Իշխանությունն այդպես էլ ոչ մի գործուն միջոցառում չձեռնարկեց սպանդանոցային մորթի մասին օրենքը գործողության մեջ դնելու համար, թեև օրենքը արդեն երկու ամիս է, ինչ ուժի մեջ է մտել: Մեր տեղեկություններով՝ այժմ վաճառվող մսի ընդամենը 5-10 տոկոսն է մորթվել օրենքին համապատասխանող պայմաններում: Իշխանությունը կոշտ պարտադրանքի չի գնում դժգոհության ալիք չբարձրացնելու նկատառումով»:


«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ Կապանի օդանավակայանի շինարարությունն ամբողջությամբ ավարտված է: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը: «Այնտեղ պետք է կապի միջոցները, ենթակառուցվածքները ներկվեն՝ անվտանգության նկատառումներից ելնելով: Ջրագծի հարց կա, դա էլ հենց ավարտվի առավելագույնը 2 ամսից կդիմեն Քաղավիացիայի կոմիտեին՝ հավաստագիր ստանալու համար»,- ասաց Սիմոնյանը: Հարցին՝ ե՞րբ է նախատեսված օդանավակայանի շահագործումը, փոխնախարարը պատասխանեց. «Մինչեւ տարվա վերջ կամ մյուս տարվա սկիզբ ամենաուշը կարծում եմ արդեն հավաստագիրը ստացած կլինեն: Մենք մաքսիմալ արագ ժամկետներում կփորձենք մեր մասով աշխատանքն իրականացնել»: Նշենք, որ նախապես հայտարարվել էր, որ օդանավակայանը պատրաստ կլինի 2018-ի ամռանը: