VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակը» գրում է. «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանի «հարցը» շարունակում է քննարկվել իշխող թիմում։ Լողափային հայտնի փարթիի պատմությունը որոշել են պատգամավորի քթից բերել։ Այդ գործի «առաջամարտիկը» Լիլիթ Մակունցն է։ «Իմ քայլը» խմբակցությունում վստահ են, որ դա արվում է Փաշինյանի «դաբրոյով»։ Մեր տեղեկություններով՝ Մակունցն արդեն քանի օր է` հարցումներ է անում` հայտնի լողափի եւ պատգամավորի կապը ստուգելու համար, նա նյութեր է հավաքում եւ խմբակցության որոշ անդամների տեղեկացրել է, որ թղթապանակը պատրաստ լինելուն պես ներկայացնելու է վարչապետին ու ամեն ինչ անելու է, որ այս պատմությունը Սարգսյանի համար անհետեւանք չմնա։ Չնայած ընկերներին ասել է, որ իր ակտիվության պատճառն իրեն խաբելն ու անհարմար վիճակի մեջ դնելն է։ Հիշեցնենք, որ պատգամավոր Հայկ Սարգսյանը խաբել էր Մակունցին, թե ինքը մի քանի րոպեով է միայն մտել լողափ, եւ լողափն իրեն չի պատկանում։ Ինչի մասին Մակունցը հայտարարել էր ասուլիսում եւ հայտնվել հանրային կարծիքի թիրախում։ Սակայն խմբակցությունում վստահ են, որ Մակունցն ինքնագլուխ չէր ընդվզի իշխանության ամենաարտոնյալ ներկայացուցիչներից մեկի դեմ, որի եղբայրն էլ վարչապետի օգնականն է։ Հիշեցնենք. մամուլում գրվեց, որ լողափի վարձակալը մի անձ է, որը նախկինում Սարգսյանների աշխատակիցն է եղել»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության երեկ տեղի ունեցած նիստը շատ բուռն է անցել: Անգամ կարծիքներ են հնչել, թե այսպիսի բաց, թափանցիկ եւ թեժ քննարկումներով նիստ երբեւէ տեղի չէր ունեցել: Բանն այն է, որ նիստի ժամանակ յուրաքանչյուր պատգամավոր իր տեսակետն է հայտնել, անգամ բանավեճի են բռնվել իրենց գործընկերների հետ: Ինչպես հայտնի է, երեկ պատգամավորները քննարկել են, թե ինչպես են քվեարկելու ՍԴ երեք թեկնածուներ՝ Վահրամ Ավետիսյանի, Երվանդ Խունդկարյանի եւ Արթուր Վաղարշյանի թեկնածությանը: Նշենք, որ խմբակցության նիստին մասնակցել է նաեւ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, եւ գրեթե բոլոր պատգամավորները ելույթներ են ունեցել ու, բացի այս թեմայից, առհասարակ դժգոհել են կառավարության մոտեցումից, որոնք մտածում են, թե ինչ նախագիծ ներկայացնեն, պատգամավորները պետք է կողմ քվեարկեն: Եվ ահա, չի բացառվում, որ քննարկումների արդյունքում որոշում կայացվի քվեարկությունը թողնել ազատ: Բանն այն է, որ իմքայլական պատգամավորների մի մասն ավելի շատ դեմ է կառավարության եւ նախագահի ներկայացրած թեկնածուներ Ավետիսյանին եւ Վաղարշյանին, իսկ Խունդկարյանի շուրջ այնքան էլ բուռն քննարկումներ չեն եղել, եւ նրա դեմ տրամադրվածությունն այդքան վատ չէ: Նկատենք, որ այդքան թեժ նիստի արդյունքում վերջնական որոշում այդպես էլ չի կայացվել:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ռազմական ոստիկանության պետի պաշտոնակատար Ալեքսանդր Աղաջանյանին այդ պաշտոնում պաշտոնավարելու համար մնացել է 15 օր: Նա, լինելով ՌՈ պետի գծով տեղակալ, սկսեց կատարել պետի պաշտոնակատարի պարտականությունները փետրվարի 21-ից, երբ աշխատանքից ազատվել էր նախկին պետ Արթուր Բաղդասարյանը: Եվ, ահա, լրանում է օրենքով տրված վեցամսյա ժամկետը, ու արդեն պետք է նշանակվի ՌՈ պետ, որը, կարծես թե, Աղաջանյանը չի լինելու: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ռազմական ոստիկանության պետի պաշտոնում նշանակվելու է Զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարեւոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի պետ Գուրգեն Հակոբյանը: Ուշագրավ է, որ վերջինս հուլիսի 1-ի՝ Դատախազության օրվա առթիվ պարգեւատրվել էր ՀՀ նախագահի կողմից: Եվ հենց այդ ժամանակ եւս լուրեր էին տարածվել, թե նրան պատահական չեն պարգեւատրել: Հենց այդ ժամանակ էլ Հակոբյանին, որը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի մտերիմներից է, դիտարկել էին որպես հավանական թեկնածու, իսկ այժմ արդեն վերջնական որոշում է կայացվել»:
«Հրապարակը» գրում է. « Մեր տեղեկություններով՝ Արգիշտի Քյարամյանի հրահանգով ԱԱԾ-ի, այսպես կոչված, ռուսական կադրերի նկատմամբ տեռոր է սկսվել։ Այն ծառայակիցներն, ովքեր ուսանել են Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունում (ФСБ) եւ կասկածներ կան, որ այդ կառույցի հետ կապերը պահպանել են, հայտնվել են երիտասարդ տնօրենի թիրախում։ ԱԱԾ մեր աղբյուրների փոխանցմամբ, Քյարամյանը հանձնարարել է ոմանց նկատմամբ ծառայողական քննություն սկսել, մյուսներին ուղղակի հեռացնել՝ ինչ ճանապարհով ուզում է լինի, համակարգը «մաքրել ռուսական «շպիոններից»»։ Քյարամյանի նշանակման առաջին օրերին նրան ճանաչողներն ասում էին, որ շուտով հակառուսական քայլեր է նա իրականացնելու, քանի որ հայտնի է իր ռուսատյացությամբ։ Եւ որպես օրինակ բերում էին Հայաստանում գործող Հարավկովկասյան երկաթուղու դեմ պետական հարձակումները 2018-ին, որոնք իրականացվել են հենց Քյարամյանի ձեռքով։ Այն ժամանակ նա Պետական վերահսկողության ծառայությունում էր»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ օրերս ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպում է ունեցել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ: Մեր տեղեկություններով՝ պատճառն այն է, որ արդեն մի քանի ամիս է՝ ինչ լարված են եղել Գարեգին Բ-ի եւ Ալեն Սիմոնյանի հարաբերությունները, իսկ պատճառն էլ Կաթողիկոսի կողմից դեռ ամիսներ առաջ արված հայտարարությունն է եղել: Բանն այն է, որ այս տարվա ապրիլի 14-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն հայտարարել էր, թե կարեւոր է համարում Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխությունը: Եվ, ահա, նրա այս հայտարարությունը մեծ աղմուկ էր բարձրացրել իշխանության ներկայացուցիչների շրջանում, արձագանք էր եղել անգամ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանի մակարդակով: Եվ, ահա, պարզվում է՝ այդ շրջանում հեռակա վեճեր են եղել նաեւ ԱԺ փոխնախագահի եւ կաթողիկոսի միջեւ, ու նրանք այս ամիսների ընթացքում այլեւս չեն շփվել: Եվ, ահա, օրերս կայացած հանդիպումը նրանց «բարիշացնելու» մտադրություն է հետապնդել: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց տեղեկությունը պարզել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանից, որը հաստատեց հանդիպման մասին մեր ունեցած տեղեկությունը, սակայն այլ մանրամասներ չցանկացավ հայտնել»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս օրերին կրկին աղմուկ էր բարձրացել Մաշտոցի պուրակի շուրջ: Պուրակում սրճարան է կառուցվում, ինչի հետեւանքով մի քանի օր առաջ չորս հաստաբուն ծառ էր հատվել: Եվ այս հանգամանքը չվրիպեց քաղաքացիների ու բնապահպաններից աչքից, որոնք ահազանգում էին ծառերի հատման մասին, միաժամանակ հիշեցնում, թե ինչպես էին այսօր իշխանության մեջ գտնվող մարդիկ ժամանակին պայքարում պուրակի ծառերի համար, երբ այն ժամանակ Երեւանի քաղաքապետը Տարոն Մարգարյանն էր, իսկ պայքարողների մեջ էր նաեւ այսօրվա քաղաքապետ Հայկ Մարությանը: Հիշեցնենք, որ պայքարը թեժ էր դեռ 2012 թվականին, երբ ծառահատումներին դեմ էին բազմամարդ ցույցերով, ի վերջո, ամիսներ տեւած պայքարից հետո՝ արդեն 2013 թվականին, ՍԵրժ Սարգսյան Մարգարյանին հրահանգեց՝ «Տարոն ջան, սիրուն չէ», եւ ակտիվիստները հասան իրենց նպատակին: Այսօր արդեն պուրակի շուրջ կրկին աղմուկ է. արդեն 2019 թվականին Հայկ Մարությանի կողմից որոշում էր կայացվել «Դավիթ Վանուշ» ՍՊԸ-ի և Մաշտոցի պուրակի այս վարձակալված հատվածում կառուցապատման իրավունք տալ: Ի դեպ, պարզվում է, որ «Դավիթ Վանուշ» ՍՊԸ-ն այնքան էլ օրինակելի կառուցապատող չէ: Երեւանի քաղաքապետարանից տեղեկացանք, որ այն արդեն մի քանի անգամ վարչական տույժի է ենթարկվել շինարարարությունը ճիշտ չկազմակերպելու պատճառով:
Ստացվում է՝ հեղափոխությունից երկու տարի անց, սակայն, արժեքների փոփոխություն տեղի չի ունենում, եւ այս անգամ էլ հեղափոխության արժեքները ոտնակոխ է անում քաղաքապետ Հայկ Մարությանը, որը, նկատենք, տարիներ առաջ այս պուրակի պայքարի առաջամարտիկներից էր: Հենց այսպիսի դրվագներն են ազդում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարկանիշի վրա: Օրեր առաջ էլ հեղափոխության արժեքները տապալել էր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, որի անվան շուրջ աղմուկը դեռևս չի դադարում, իսկ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն էլ դեռ ուսումնասիրություն է իրականացնում՝ հասկանալու համար, թե որքանով վերջինս կապ ունի White Shorja անվամբ լողափի հետ: Եվ ի՞նչ ունենք այս երկու իրադարձությունների արդյունքում. Հայկ Մարությանն ու Հայկ Սարգսյանը ոտնակոխ են անում հեղափոխության արժեքները՝ ազդելով վարչապետ Փաշինյանի վարկանիշի վրա»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում մարտի 16-ից հայտարարված արտակարգ դրության ժամկետն օգոստոսի 12-ից կերկարաձգվի եւս մեկ ամսով, բայց մի շարք սահմանափակումներ կվերանայվեն, օրինակ՝ հանրահավաքների ու հանրային միջոցառումների արգելքները: Այս մասին երեկ՝ պարետատան նիստին հաջորդած ճեպազրույցի ժամանակ, հայտնեց պարետ Տիգրան Ավինյանը: Այսպիսով, Ազգային ժողովը օգոստոսի 12-ին պետք է հատուկ նիստ գումարի եւ քննարկի այդ նախագիծը: Մինչ այդ նկատենք, որ Հայաստանում հայտարարված արտակարգ դրությունը երկարաձգվելու է արդեն 5-րդ անգամ: Իսկ այն եւս մեկ ամսով երկարաձգելու պատճառն այն է, որ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, իշխանությունները դեռ երկմտում էին՝ ինչպես վարվել՝ մեկ ամսով էլ երկարաձգել արտակարգ դրությունը եւ նոր օրենսդրություն ընդունել արդեն հերթական նստաշրջանում՝ այն կիրառելով սեպտեմբերից, թե ավարտել արտակարգ դրությունը եւ առաջնորդվել այլ կարգով: Ամեն դեպքում, քննարկումները հանգել են առաջին տարբերակին: Եվ ինչպես իր խոսքում շեշտեց Տիգրան Ավինյանը, մի շարք սահմանափակումներ վերանայվելու են, այդ թվում՝ հանրահավաքների ու հանրային միջոցառումների արգելքները: Նկատենք՝ սա հենց այն արգելքն է, որի դեմ մշտապես ելույթ էին ունենում ընդդիմադիրները, եւ որի պատճառով նաեւ հավաքների ժամանակ ոստիկանական ուժերը մարդկանց են բերման ենթարկում: Հավելենք նաեւ, որ, մեր տեղեկություններով, արդեն պատրաստ են նաեւ օրենսդրական փոփոխությունները, որը հնարավորություն կտա այլեւս չերկարացնել արտակարգ դրությունը, եւ իշխանությունները այլեւս չեն սպասի սեպտեմբերյան ԱԺ հերթական նստաշրջանին եւ այն քննարկելու համար մինչեւ օգոստոսի վերջ մեկ արտահերթ նիստ եւս կգումարեն»: