24.11.2024
Ռեկորդային ցուցանիշով նվազել է պետության պարտքը տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ. ՊԵԿ
prev Նախորդ նորություն

Ուկրաինան բարդույթ ունի՝ ընկալելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության էությունը. Մնացականյան

Կարծես՝ Ուկրաինան բարդույթ ունի՝ ընկալելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության էությունը, ընկալելու այն լրջագույն սպառնալիքները, որոնց բախվում է Արցախի ժողովուրդը, Արցախի Հանրապետությունը, այն իրական սպառնալիքը, որը վերաբերում է մեր տարածաշրջանի անվտանգությանը, եւ բարդույթ ունի՝ տարանջատելու հակամարտությունները եւ գնահատելու հակամարտությունները՝ ըստ իրենց արժանիքի, էության, պատմության:


Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարին տված հարցազրույցում նշել է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:


«Այդ առումով է, որ մենք այստեղ ունենք անհամաձայնություն:


Մենք երկու տարվա ընթացքում շատ հետեւողականորեն աշխատում ենք Ուկրաինայի հետ այդ առումով, քանի որ Ուկրաինայի բարեկամ ժողովրդի հետ մենք որեւէ բարդույթ, որեւէ խնդիր չունենք, եւ շարունակելու ենք հետեւողականորեն աշխատել այդ ուղղությամբ եւ հասցնել մեր ազդակները եւ պատգամները: Մենք համբերատար ենք եւ շարունակելու ենք դա անել: Բայց շարունակելու ենք անընդունելի համարել դիրքորոշումներ, որոնք կտրված են իրողությունից, որոնք հիմնված են այդ համընդհանուր մոտեցումների վրա: Սա ո՛չ տարածաշրջանին, ո՛չ իրենց, ո՛չ մեզ որեւէ օգուտ չի բերում»,-ընդգծել է Մնացականյանը:


Հայ-դրբեջանական սահմանին հուլիսյան մարտերի ժամանակ Ուկրաինայի ԱԳՆ-ն աջակցել էր Ադրբեջանին՝ հանդես գալով այդ երկրի տարածքային ամբողջականության աջակցությամբ, որի համար գերատեսչությանը քննադատել էին ուրաինացի որոշ քաղաքական գործիչներ:


Մասնավորապես Գերագույն Ռադայում Հայաստանի հետ բարեկամության խմբի նախկին ղեկավար Իգոր Մոսիյչուկը նշել է, որ միայն Ուկրաինայի թշնամիները կարող էին դիվանագիտորեն կանգնել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ զինված հակամարտության կողմերից մեկի կողքը։