23.11.2024
Թուրքիան հրահրում է Ադրեջանին պատերազմ սկսել Հայաստանի հետ. Ավատկով
prev Նախորդ նորություն

Մամուլ. Ռոբերտ Քոչարյանը ցանկություն չունի՞ պայքարելու իշխանության համար

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Ռոբերտ Քոչարյանը իրեն դիմած մարդկանց հստակ տեղեկացրել է, որ ինքը ցանկություն և մտադրություն չունի պայքարելու իշխանության վերադառնալու համար: Նա ասել է, որ ինքը շարունակելու է զբաղվել քաղաքականությամբ, բայց ավելի շատ ակտիվ դիտորդի կարգավիճակում»:


«Հրապարակ» թերթը գրում է. «ԱՄՆ սկանդալային նախաձեռնությունը, որով պետդեպը հայտարարել էր, որ Հայաստանի կառավարության համար կոռուպցիայի գծով խորհրդականի մրցույթ է հայտարարել, ինչի մասին առաջինը տեղեկացրել էր Մարգարիտա Սիմոնյանի կողմից ղեկավարվող «Ռաշա թըդեյը», պարզվում է` Հայաստանի կառավարման համակարգի վրա դրսի ազդեցության այդ կարգի վերջին նախաձեռնությունը չէ: Եվրոպական միության կողմից էլ նախատեսվում է Հայաստանում նշանակել 4 բարձրաստիճան պաշտոնյա` երկրում ընթացող բարեփոխումները համակարգելու համար։ «Նման հնարավորություն տալիս էր ԵՄ-Հայաստան համաձայնագիրը, սակայն խնդիրն այն է, որ եվրոպական կողմը, օգտվելով Հայաստանում իրենց համար բարենպաստ վիճակից, պնդում է, որ այդ պաշտոնյաների մանդատը պետք է լինի մաքսիմալ համապարփակ ու ազատական, որոշ դեպքերում` կառավարման ֆունկցիաների ամրագրմամբ, եւ պնդում են, որ եվրոպացի այդ խորհրդականները պետք է նստեն կառավարության շենքում»,- ասաց մեր աղբյուրը: Կառավարությունը տվե՞լ է իր համաձայնությունը։ «Կարծես հակված է տալ»:


«Փաստ» թերթը գրում է. «Չնայած առողջապահական և սահմանային լարվածությանը՝ մեր երկրում որոշ շրջանակներ շարունակում են հաստատակամորեն առաջ տանել ՀՀ դատաիրավական ոլորտում արմատական փոփոխություններ իրականացնելու անհրաժեշտության թեզը։ Մասնավորաբար մեզ տեղեկություններ են հասել, որ ՀՀ-ում ակտիվ գործունեություն ծավալող, այսպես կոչված, սորոսական շրջանակները շարունակում են ակտիվորեն քննարկել անցումային արդարադատության հետ կապված տարբեր դրույթներ և մտադիր են այն ամեն գնով կյանքի կոչել։ «Փաստ» թերթի տեղեկություններով, նրանք պատրաստվում են մեկ նոր՝ ամբողջական առաջարկ ներկայացնել ՀՀ իշխանություններին և հերթական անգամ համոզել, որ անցումային արդարադատությունը երկրի համար ունի առանցքային կարևորություն։ Մեր աղբյուրը փոխանցել է նաև, որ, այսպես կոչված, սորոսականների համար առաջնային է այն գաղափարը, ըստ որի՝ «անցումային արդարադատությունը սովորական արդարադատություն չէ, դա արդարության վերականգնման արդարադատություն է»։ Իրենց կողմից առաջ քաշված տեսության մեջ անցումային արդարադատության հետ կապված հիմնական թեման վերաբերում է «պետության զավթման» թեզին, որն այդ շրջանակի համար ունի գերկարևոր նշանակություն։ Մեր ունեցած տեղեկություններով` Նիկոլ Փաշինյանի կողմից ստեղծված փաստահավաք խմբի գաղափարի «կնքահայրը» հիշյալ հիմնադրամի ներկայացուցիչներն են։ Վերջին մի քանի շաբաթներին նրանք մի քանի հանդիպումներ ու տեսակոնֆերանսներ են կազմակերպել և այս գաղափարները հերթական անգամ վերահաստատել»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Արդեն երկուսուկես ամիս Հայաստանը առանց շրջակա միջավայրի նախարարի է. վերջին նախարար Էրիկ Գրիգորյանը աշխատանքից ազատվել է այս տարվա մայիսի 5-ին:  Նախարարության աշխատակիցները խոսում են, որ նախարարությունը կարող է ընդհանրապես լուծարվել և միացվել արդեն գոյություն ունեցող նախարարություններից որևէ մեկին»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Թեեւ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը երեկ առավոտյան ստորագրեց Սահմանադրական դատարանի մասին եւ կից օրենքներում փոփոխությունների փաթեթը, որով դադարեցվեցին ՍԴ անդամներ Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանի եւ Հրանտ Նազարյանի լիազորությունները, իսկ Հրայր Թովմասյանն էլ զրկվեց ՍԴ նախագահի պաշտոնից, սակայն երեկ երեկոյան դեռ ՍԴ կայքում Թովմասյանը շարունակում էր մնալ նախագահ, իսկ երեքը՝ ՍԴ անդամներ։ ՍԴ-ի մասին օրենքի համաձայն, պաշտոնանկ արված նախագահին փոխարինում է փոխնախագահը, իսկ եթե վերջինս արձակուրդում է՝ ամենատարեց դատավորը։ ՍԴ փոխնախագահն Ալվինա Գյուլումյանն էր, ուրեմն նախագահի ժամանակավոր պաշտոնակատար կդառնա ավագ դատավոր Աշոտ Խաչատրյանը։ ՍԴ-ից պաշտոնապես հայտնեցին, որ հունիսի 25-ից Հրայր Թովմասյանը՝ 35, իսկ Արեւիկ Պետրոսյանը 51 աշխատանքային օրով արձակուրդ են գնացել, օրենքը թույլ է տալիս նախորդ տարվա «չօգտագործած» արձակուրդն էլ գումարել։ Սակայն ՍԴ աշխատակարգի համաձայն՝ դատարանի նախագահը, ելնելով ՍԴ բնականոն գործունեությունն ապահովելու անհրաժեշտությունից, կարող է արձակուրդն ամբողջությամբ կամ մասամբ «տարաժամկետել» կամ ՍԴ դատավորին արձակուրդից հետ կանչել՝ պայմանով, որ «տարաժամկետելը չպետք է խաթարի տվյալ օրացուցային տարվա ընթացքում Սահմանադրական դատարանի դատավորի ամենամյա հերթական վճարովի արձակուրդի իրավունքի իրականացումը», եւ հետո այն պետք է վերականգնվի։ Հաշվի առնելով, որ ՍԴ-ում առանց քննության են մնացել մի շարք վարկային համաձայնագրեր, ապա մեծ է հավանականությունը, որ եկող շաբաթ Աշոտ Խաչատրյանը 2 դատավորներին հետ կանչի։ Իսկ նրանք կարծես թե չեն կարող չենթարկվել այդ պահանջին, հակառակ դեպքում կարգապահական պատասխանատվության կենթարկվեն»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը երեկ ի վերջո ստորագրեց հունիսի 30-ին խորհրդարանի ընդունած «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքը։ Այն արդեն հրապարակվել է պաշտոնական տեղեկագրում եւ երեկվանից մտել ուժի մեջ։ Ըստ այդմ, նոր փոփոխություններով լուծվելու է Սահմանադրական դատարանում 12 տարի պաշտոնավարած Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանի ու Հրանտ Նազարյանի կենսաթոշակի հարցը: Իսկ ավելի վաղ էլ ուժի մեջ էին մտել սահմանադրական փոփոխությունները: Եվ, ահա, երկու ամսվա ընթացքում սահմանադրական մարմինները պետք է ըստ հերթականության ներկայացնեն իրենց թեկնածուներին` սկզբից Կառավարությունը, հետո Ազգային ժողովը, ապա Դատավորների ընդհանուր ժողովը: Արդեն Ազգային ժողովի կողմից ՍԴ անդամներ ընտրելուց հետո դատավորներն իրենց կազմից պետք է ընտրեն ՍԴ նախագահ, իսկ մինչ այդ Աշոտ Խաչատրյանը՝ որպես տարիքով ավագ դատավոր, ժամանակավորապես ստանձնել է բարձր դատարանի նախագահի պարտականությունները: 


Երեք թափուր տեղերի համար առաջադրումները սկսվելու են հունիսի 27-ից, թեկնածուներին հաջորդաբար առաջադրելու են Կառավարությունը, Նախագահը եւ Դատավորների ընդհանուր ժողովը։ Որպես հավանական թեկնածուներ շրջանառվում են արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանի, Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանի անունները, իսկ Դատավորների ընդհանուր ժողովն էլ առաջարկելու է Լիանա Սահակյանի թեկնածությունը: Սակայն նկատենք, որ այն դատավորները, որոնց լիազորությունները դադարեցվել են, ավելի վաղ հայտարարել էին, որ իրենց լիազորությունները դադարեցվել են խախտումներով։ Այդ էր պատճառը, որ նրանք միջնորդություն էին ներկայացրել Եվրոպական դատարան՝ պահանջելով սառեցնել սահմանադրական փոփոխությունները մինչեւ իրենց խախտված իրավունքների վերաբերյալ դիմումի քննության ավարտը: Եվրոպական դատարանը, սակայն, մերժել էր այս պահանջը: Այնուամենայնիվ, դատավորները պատրաստվում են մինչեւ օգոստոսի 28-ը ստրասբուրգյան դատարան ներկայացնել իրենց հիմնական գանգատը»։


«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել Սնանկության դատարանի դատավորների շուրջ տեղի ունեցող գործընթացներից: Ինչպես հայտնի է, հուլիսի 20-ին կալանավորվեց Սնանկության դատարանի դատավոր Գեւորգ Նարինյանը, կալանավորելու միջնորդություն էր ներկայացվել նաեւ մեկ այլ դատավորի՝ Արա Կուբանյանի նկատմամբ, որը, սակայն, մերժվեց: Եվ ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ դատական համակարգում եւ հատկապես Սնանկության դատարանում բոլորն անհանգիստ են: Բանն այն է, որ Սնանկության դատարանում տեղի ունեցած աղմկահարույց բացահայտումներից հետո պարզ է դարձել, որ տեղի է ունեցել ներքին դիտում, այսինքն՝ աշխատասենյակներում տեսախցիկներ են տեղադրված եղել, եւ այդկերպ են հետեւել դատավորների խոսակցություններին ու տեղաշարժերին: Եվ հենց դրանից հետո է, որ դատական համակարգում դատավորներն արդեն սկսել են միջանցքներում խոսել, քանի որ վախենում են, թե իրենց էլ կարող են հսկել, տեսախցիկներ տեղադրել, եւ նրանք շունչները պահած սպասում են, թե ով կարող է լինել հաջորդ «զոհը»: Հիշեցնենք, որ Արա Կուբանյանը մեղադրվում է պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու կամ ծառայողական պարտականությունները չկատարելու համար, իսկ Նարինյանը՝ 4 հոդվածով, եւ երկուսն էլ չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքները»:


«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ պետական տարբեր մարմիններ ստուգումներ են իրականացնում ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ խորհրդի անդամ Մհեր Սեդրակյանին պատկանող ընկերություններում: Այդ ստուգումների արդյունքում կազմված ակտերի գումարը գերազանցում է հարյուր միլիոնավոր դրամը: Ըստ մեր աղբյուրի՝ Սեդրակյանը չի էլ փորձում վիճարկել այդ ակտերի օրինականությունը և հանձնարարել է վճարել դրանք»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Ռուսաստանում պատվաստանյութի փորձարկումը շարունակվում է, սակայն լուրեր կան, որ ռուսական էլիտան պատվաստվել է դեռ ապրիլին: Իսկ Արսեն Թորոսյանը բանակցում է Նուբար Աֆեյանի Moderna Inc-ի հետ՝ պատվաստանյութի համար: Հնարավո՞ր է չեղարկեք պայմանավորվածությունները եւ Ռուսաստանից գնեք՝ հարցրինք առողջապահության նախարարության խոսնակին։ «Պատվաստանյութի մասով դեռ հստակություն չկա՝ հետեւում ենք բոլոր փորձարկումներին, եւ միայն դրական արդյունք գրանցած ընկերության հետ կտարվեն լուրջ բանակցություններ․․․ Ռուսաստանի պատվաստանյութի ստեղծման նկատմամբ կա հետաքրքրություն, միայն փորձարկումների ավարտից հետո կկարողանանք հասկանալ մեր հետագա քայլերը»:


«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. ««ՀՀ»-ն անդրադարձել է կառավարության պարտքի կառավարման 2020-2022 թթ. ռազմավարական ծրագրին՝ խոսելով համավարակի հետեւանքների հետ կապված սպասումներից: Փաստն այն է, որ 2020 թ. հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի ընդհանուր պետական պարտքը 7.3 մլրդ դոլար է (կառավարության պարտքի մասնաբաժինը մեծ մասն է), եւ պետք է այնպես անել, որ ռիսկերը կառավարելիության տիրույթում մնան: Պետությունը կառավարության պարտքի նվազեցման որոշում ունի (2019-2023 թթ. վերանայված ծրագրի մասին է խոսքը)՝ արդիականացված հարկաբյուջետային կանոնների համակարգի վրա հիմնված, որը մշակվել եւ ներկայացվել էր դեռ 2019-2021 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի կազմում եւ նախատեսում էր հինգ տարվա ընթացքում նվազեցնել կառավարության պարտքը ՀՆԱ 50 տոկոսից: Հիմա ծրագրի այս վերանայմամբ կանխատեսումները ներկայացվում են 4 տարվա հորիզոնով: 2018 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ կառավարության պարտքը շարունակում էր գերազանցել ՀՆԱ 50 տոկոսը` կազմելով 51.3 տոկոս: Կառավարության պարտքի նվազեցման 2019-2023 թթ. ծրագրին համահունչ նախատեսվում է, որ կառավարության պարտքը մինչեւ 2023 թ. կնվազեցվի ՀՆԱ-ի 50 տոկոսից: Ինչպես է դա արվելու, այդ 50 տոկոսի շեմը դեպի ներքեւ փոխելու համար ինչ քայլեր են ձեռնարկվելու»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը «Շանգրի լա» խաղատունը զրկեց արտոնագրից: Այսպիսով՝ Երևանի մերձակայքում այս պահին որևէ գործող խաղատուն չկա: Բայց այդ վիճակը կարող է կարճ տևել, և էկոնոմիկայի նախարարությունը կարող է արտոնագիր տալ «Դվին» հյուրանոցի սեփականատերերին՝ այնտեղ խաղատուն բացելու համար: Դրա համար անհրաժեշտ է, որ «Դվինի» սեփականատերերը փաստաթղթերով հիմնավորեն, որ իրենք 40 մլրդ դրամի ներդրում են կատարել: «Դվինի» սեփականատիրոջ մասին հայտնի է, որ նա ազգությամբ հայ Ուկրաինայի քաղաքացի Նվերն է»:


«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Ռազմական օպերացիաների ժամանակ քաղաքացիական բնակչության եւ ոչ ռազմական օբյեկտների թիրախավորումը միջազգային իրավունքի սկզբունքների կոպիտ ոտնահարում է։ Վերջերս Ադրբեջանի ՊՆ-ի մամուլի խոսնակը սպառնացել էր հարվածել ՀՀ տարածքում գտնվող Մեծամորի ատոմակայանին, ինչն ակնհայտորեն սպառնալիք կարող է համարվել միջազգային անվտանգության եւ խաղաղության համար։ «Չնայած քաղաքացիական ատոմակայանը թիրախավորելը նույնը չէ, ինչ միջուկային զենք օգտագործելը, սակայն այն խախտում է միջուկային տաբուն եւ վտանգավոր կերպով հատում է կարմիր գիծը: Սա կարող է վերաճել անվերահսկելի էսկալացիայի։ Եթե միջուկային պայթյունի պատճառով լինեն զոհեր, ապա դա կդիտարկվի որպես միջուկային միջոցների օգտագործում, որը չի կարող արդարացվել զսպման քաղաքականությունից բխող եւ ոչ մի պատրվակով», – «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակցի հետ զրույցում ասաց Խաղաղության միջազգային ինստիտուտի խորհրդականների խորհրդի նախագահ, Ավստրիայի զինված ուժերում գիտական հանձնաժողովի ռազմավարական եւ անվտանգային քաղաքականության հարցերով խորհրդատվական հանձնաժողովի նախագահ (BMLV), Վիեննայի համալսարանի պրոֆեսոր Հեյնց Գյարտները։ Նրա խոսքով, ատոմակայանը կարելի է համարել քաղաքացիական օբյեկտ, իսկ քաղաքացիական թիրախների վրա հարձակումն անօրինական է համաձայն 1949 եւ 1977 թվականների Ժնեւյան կոնվենցիաներին կից առաջին արձանագրության: Այդտեղ նշված է, որ քաղաքացիական անձանց հասցված վնասը չի կարող անհամաչափ լինել ուղղակիորեն ռազմական առավելություն ստանալու համար. «Քաղաքացիական ատոմակայանի ոչնչացումը հաստատապես խախտում է համաչափության սկզբունքը: Ատոմակայանը ոչ մի դեպքում չի կարող դիտարկվել որպես «օրինական ռազմական թիրախ»»:


«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի հետ զրույցում գյուղատնտեսության ոլորտի որոշ ներկայացուցիչներ եւ փորձագետներ, ինչպես նաեւ անասնապահությամբ զբաղվող մի շարք ֆերմերներ լուրջ մտահոգություն են հայտնել, որ առաջիկա աշնանը էական խնդիրներ են սպասվում անասնապահության ոլորտում, քանի որ, ինչպես փաստում են նրանք, ներկայումս առկա է անասնակերի լուրջ խնդիր։ Նրանք նշել են, որ տարին խոտի եւ այլ անասնակերերի համար անբարենպաստ էր, եւ իրենք չեն հասցրել բավարար չափի կեր կուտակել՝ ձմեռը պատշաճ անցկացնելու համար։ Թերթի զրուցակիցներից մեկը նշում էր, որ նմանօրինակ զարգացումների դեպքում աշնանը շուկայում կտրուկ բարձրանալու է մսի գինը։ Փորձագետներից մեկը մեզ հետ զրույցում չբացառեց նման հնարավորությունը՝ նշելով, որ գյուղացիական տնտեսությունները եւ ֆերմերները ձմռան համար համապատասխան չափով անասնակեր գնելու նպատակով ստիպված են լինելու նախատեսվածից շատ գումար ծախսել, ինչին եւ հաջորդելու է թանկ կերով պահված անասունների մսի ավտոմատ թանկացումը»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում երեկ հրավիրված քննարկման արդյունքում այդպես էլ չեն կարողացել լուծում գտնել բարձր միավորներով բուհերից դուրս մնացած դիմորդների խնդրին։ Քննարկմանը մասնակցել են ինչպես հանձնաժողովի անդամներ, այնպես էլ ԳԹԿ-ի, ԿԳՄՍՆ-ի, տեսչական մարմնի ներկայացուցիչներ: Բոլոր պատգամավորների հարցադրումը մեկն է եղել՝ ինչո՞ւ այսպես ստացվեց։ Նախարարության ներկայացուցիչները հիմնավորել են, որ խնդիրը մասնագիտության ընտրության առաջնային հայտի հետ է կապված, որի պատճառով էլ բարձր միավոր ստացած դիմորդները, որոնք առաջին հայտով չեն նշել տվյալ մասնագիտությունը, չեն ընդունվել, իսկ ցածր միավոր ստացած, բայց առաջին հայտ լրացրած դիմորդներն ընդունվել են։ Պատգամավորները խնդրել են ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներին, որ լուծումներ առաջարկեն։ Ի պատասխան լսել են, որ 739 դրական միավոր ստացած եւ դուրս մնացած դիմորդներից մոտ 500-ը համաձայնել է մասնակցել երկրորդ փուլով անցկացվող մրցույթին՝ թափուր տեղեր ունեցող ֆակուլտետներում, իսկ մնացածի հարցն առկախված է։ Նախարարության ներկայացուցիչները հստակ ասել են՝ բացառվում է, որ լրացուցիչ տեղեր բացվեն, քանի որ տեղերը հատկացվել են ըստ լիցենզիայով սահմանված քանակի»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երեկ խորհրդարանում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը թեժ է անցել: Գրել էինք, որ այդ քննարկումը կապված է այս օրերին Բարձրագույն ուսումնական հաստատություններ չընդունված դիմորդների ու նրանց ծնողների բողոքի հետ: Սակայն քննարկմանը չի մասնակցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը: Նրա փոխարեն քննարկմանը մասնակցում էր նախարարության կրթության վարչության պետը, ում պատգամավորները բազմապիսի հարցեր են տվել: Ընդ որում, պատգամավորները եւս զարմացած են եղել, որ նախարարը բացակայում է քննարկումից, եւ խիստ են խոսել այդ մասին հիշատակումով։ Նշենք, որ ԳԹԿ-ից եւս տեղակալի մակարդակով են քննարկմանը մասնակցել, ինչը հատկապես իշխանական պատգամավորները սխալ են համարել, անգամ իրար մեջ քննարկել, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Տավուշում հարսանեկան արարողությանը մասնակցելու եւ քավոր լինելու ժամանակ ունի, սակայն պատգամավորների հարցերին պատասխանելու համար՝ ոչ: Նկատենք, որ երեկվա քննարկմանը նույնիսկ մասնակցել են այլ հանձնաժողովների նախագահներ, օրինակ՝ Տնտեսական հարցերի հանձնաժողովից Բաբկեն Թունյանը, Առողջապահության եւ հանրային հարցերով հանձնաժողովից Նարեկ Զեյնալյանը… Սակայն վերջնական որոշում չի կայացվել, ու պատգամավորները պարզաբանումներ են սպասում հենց նախարարից, թե ինչպես է ստացվել՝ 18.5 միավոր հավաքած դիմորդը որեւէ բուհ չի ընդունվել»։


«Փաստ» թերթը գրում է. «Ընդունելության քննությունների հետ կապված դժգոհությունները չեն հանդարտվում: Առաջին հայտի գերակայության արդյունքում բարձր միավորներով բուհ չընդունված դիմորդներն ու նրանց ծնողները շարունակում են դժգոհել, փորձագետները տարաբեւեռ կարծիքներ են հայտնում: Ընդհանրապես բուհերի ընդունելության քննությունները մեր իրականության մեջ միշտ էլ վերածվել են յուրատեսակ «կյանքի ու մահվան» կռվի, երբ սեփական զավակի՝ բուհ ընդունվելը պատվի հարց է հայ ծնողի համար: «Փաստ» թերթի տեղեկություններով, տեւական ժամանակ է՝ իշխանության որոշակի շրջանակներ առաջարկում են 2021 թվականից ընդհանրապես վերացնել ընդունելության քննությունները: Մեր աղբյուրների փոխանցմամբ, վերջերս քննարկումներից մեկի ժամանակ կարծիք է արտահայտվել, թե ժամանակն է ձերբազատվել «սովետից մնացած» այս համակարգից: Այս գաղափարի կողմնակիցները քիչ չեն, սակայն հարցն այն է, որ դեռեւս չեն կարողանում գտնել լուծման ճանապարհը: Բանն այն է, որ քննարկվող տարբերակները, ասենք՝ ընդունելությունը կազմակերպել դպրոցական գնահատականներով, ապա զտման շեշտը դնել ռոտացիոն համակարգի, այսինքն՝ բուհական ընթացիկ գնահատականների վրա, ընդհանրապես վերացնել անվճար տեղերը եւ այլն, տարատեսակ խնդիրներ են առաջ բերում: Այդուամենայնիվ, մեր աղբյուրների փոխանցմամբ, այս թեմայով քննարկումները բավականին թեժ են, եւ փոքր չէ հավանականությունը, որ մինչեւ տարեվերջ այս առումով վերջնական որոշում ընդունվի»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Այս տարվա վեց ամիսներին միայն օդային ճանապարհով Հայաստանից մեկնել է եւ չի վերադարձել 8078 մարդ։ «Ժողովուրդ» օրաթերթը քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից տեղեկացավ, որ Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանից հունվար-հունիսին մեկնել է 280 հազար 741 մարդ եւ ժամանել` 273 հազար 548-ը։ Բացասական մնացորդը կամ արտագաղթածների թիվը 7193 մարդ: Իսկ, ահա, Գյումրու «Շիրակ» օդանավակայանով նույն ժամանակահատվածում մեկնել է 14 հազար 209 եւ վերադարձել 13 հազար 324 մարդ, բացասական մնացորդը` 885 հոգի։ Ասել է թե` այս տարվա վեց ամիսներին միայն օդային ճանապարհով միգրացիան 8 հազար 78 հոգի է կազմել: Մեկ փաստ էլ. Հայաստանից հիմնականում հեռանում են ցամաքային ճանապարհով: Այս տարվա հունվար-մարտ ամիսների արդյունքներով՝ ինքնաթիռով Հայաստանից ավելի շատ ուղեւոր է մեկնել, քան ժամանել: Այս տարվա հունվար-մարտ ամիսներին մեկնել է 269 հազար 72, իսկ ժամանել` 257 հազար 639 ուղեւոր: Ասել է թե` այս օդանավակայանով մեկնել եւ չի վերադարձել 11 հազար 433 հոգի: Մասնագետների խոսքերով` ժամանողների թվի նվազումը պայմանավորված է աշխարհը փոթորկած կորոնավիրուսով: Շատերը մեկնել են երկրից եւ սահմանների փակ լինելու պատճառով չեն կարողանում վերադառնալ հայրենիք»: