23.11.2024
Մամուլ. Ռոբերտ Քոչարյանը ցանկություն չունի՞ պայքարելու իշխանության համար
prev Նախորդ նորություն

Մամուլ. Փոխվարչապետ դառնալու Արայիկ Հարությունյանի երազանքը հօդս է ցնդում

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Նիկոլ Փաշինյանի գլոբլիստական հենասյուն ԿԳՄՍ նախարարը կաշվից դուրս է գալիս, որ կարողանա դառնալ փոխվարչապետ, «շեֆին» ազատի Տիգրան Ավինյանի մեծ «հոգսից»: Սակայն աստղերը բարեհաճ չեն անհավատ, Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ հալածանքներ սկսած, ոտնձգություններ անող (վերջինը` չմկրտված նախարարի` Տավուշում հարսանիքի քավոր դառնալու անթույլատրելի քայլն էր), Արայիկ Հարությունյանի հանդեպ։ Վերջինս նոր սկանդալի մեջ է հայտնվել դիմորդների հարցով, ինչն էլ իր հերթին լավագույնս օգտագործում է նրա նկատմամբ «լիչնի նեպրիյազն» ունեցող, ԱԺ կրթության հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը: Ասում են` Գոգյանից հետո այս մի «ոսկորը» հնարավոր է մնա Մել ու Կարաբինա «հարգող» Արայիկ Հարությունյանի կոկորդում, և նա ոչ միայն չհասնի փոխվարչապետ Ավինյանի աթոռին, մանավանդ որ Ավինյանը «Յուքոմի» դեմ դեմարշով, Եսայան եղբայրների «հարցերը լուծելու» կասկադով իր հրաժարականի հարցը ոչ ևս է արել, այլ ընդհանրապես կորցնի սուպեր նախարարի աթոռը»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երեկ հայտնի դարձավ, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ԱԺ նախագահին գրություն է ուղարկել ու տեղեկացրել, որ դուրս է գալիս «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Սերգեյ Բագրատյանը խմբակցությունից հեռանալու պատճառներ ունի: Բանն այն է, որ, մեր տեղեկություններով, վերջերս Սերգեյ Բագրատյանն իմացել է, որ իրավապահները հայտնաբերել են՝ ինքը չարաշահումներ է թույլ տվել: Ըստ մեր աղբյուրների՝ անձամբ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն է միջնորդել, որպեսզի Բագրատյանի նկատմամբ իշխանությունները խիստ չվարվեն, փոխարենն ինքը կվերականգնի պետությանը հասցված վնասը: Ընդ որում, մեր տեղեկություններով՝ Գագիկ Ծառուկյանը մինչ հունիսի 5-ի իր հայտնի ելույթը արդեն իմացել է, որ ՀՀ գլխավոր դատախազը հայտնաբերված չարաշահումների մասով գալու է Ազգային Ժողով Բագրատյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու համար: Ավելին, մեր տեղեկություններով՝ Ծառուկյանի միջնորդությամբ Բագրատյանը այդ հարցերի շուրջ հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանի հետ ու խնդրել է իրեն ընդառաջել այդ հարցում. պայմանավորվել են, որ 50 տոկոսը ամբողջական է վճարելու, իսկ մյուս մասը՝ ըստ ժամանակացույցի: Թվում է՝ սա է ԲՀԿ-ից դուրս գալու միակ պատճառը, սակայն, բացի դրանից, Բագրատյանի անունը կապվում է նաեւ ՀԷԿ-ի հետ կապված այլ չարաշահման հետ, եւ խմբակցությունից դուրս գալու որոշումը եւս պայմանավորված է այս հանգամանքով: Թերեւս «ղազագիր» գրած Բագրատյանը կարծում է՝ եթե դուրս գա խմբակցությունից, կներվեն իր բոլոր արարքները: Տեւական ժամանակ է, ինչ այս տեղեկությունը փորձում ենք ճշտել Սերգեյ Բագրատյանից, սակայն վերջինիս հեռախոսն անհասանելի է: Մենք փորձեցինք զրուցել նաեւ վարչապետի օգնական Աննա Վարդապետյանի հետ, սակայն ապարդյուն. վերջինս մեր հեռախոսազանգերին չպատաասխանեց»:


«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ-ում արդեն գրեթե մեկ ամիս է՝ որևէ լուր չեն ունեցել Սերգեյ Բագրատյանից. նա ոչ միայն չի մասնակցել խորհրդարանի նիստերին, այլ նաև ներկուսակցական և ներխմբակցային որևէ միջոցառման: Նրա հետ հնարավոր չի եղել կապվել անգամ խմբակցությունից դուրս գալու մասին հրապարակային տեղեկատվության տարածումից հետո: «Երբ Ծառուկյանի դեմ քրեական գործ հարուցվեց, նա անմիջապես անհետացավ»,- ասում է ԲՀԿ մեր աղբյուրը, ըստ որի՝ մինչ այդ էլ Բագրատյանը աչքի էր ընկնում իր պրոիշխանական պահվածքով»:


«Հայկական ժամանակ» թերթը գրում է. Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը տեղյակ չէ, թե ինչ պատճառով է պատգամավոր Սերգեյ Բագրատյանը խմբակցությունից դուրս գալու որոշում կայացրել։ ՀԺ-ի հետ զրույցում Աբովյանը հավելեց, որ այս ընթացքում որեւէ կոնֆլիկտ չի եղել, իսկ Բագրատյանի որոշման մասին իմացել է համացանցից։ Հարցին, թե վերջին շրջանում այս թեմայի շուրջ եղե՞լ է խոսակցություն, Աբովյանը բացասական պատասխան տվեց:


«Հրապարակ» թերթը գրում է. «Եկեղեցու, եկեղեցու սպասավորների հետ ամենաանհաշտ պայքար մղող ԿԳՄՍ նախարարի թեթեւ ձեռքով դասագրքերից հանվեց «Հայ առաքելական եկեղեցու պատմություն» առարկան, իսկ դպրոցում հայտնված քահանային էլ նա ժամանակին վտարեց դպրոցից։ Սակայն նախարար Արայիկ Հարությունյանն օրերս Մովսես գյուղի եկեղեցում հարսանյաց արարողության քավոր էր: Սոցցանցերում գրվեց, որ նա մկրտված չէ, իսկ ըստ առաքելական եկեղեցու վարդապետության` չմկրտված անձը չի կարող քավոր լինել: Մենք հարց ուղղեցինք ԿԳՄՍ նախարարին՝ Դուք մկրտվա՞ծ եք: ԿԳՄՍ-ից մեզ պատասխանեցին․ «Նախարարը մկրտված է»: Ո՞ր եկեղեցում է մկրտվել, ե՞րբ, ո՞վ է եղել նրա մկրտության քավորը՝ կարո՞ղ ենք իմանալ։ Նախարարության հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչությունից մեզ հայտնեցին, որ «այդ տեղեկատվությունը կրում է խիստ անձնական բնույթ, եւ նպատակահարմար չենք գտնում դրան որեւէ կերպ անդրադառնալ»: Ի դեպ, ժամանակ առաջ էլ Նիկոլ Փաշինյանի աներորդի Հրաչյա Հակոբյանը հարցազրույցում ասել էր, որ Փաշինյանի երեք զավակները մկրտված չեն: Փաշինյանն էլ հաղորդումներից մեկում ասել էր, որ ինքն ու Աննան եկեղեցով ամուսնացած չեն։ Այնպես որ, եկեղեցու հետ գործող իշխանության մյուս ներկայացուցիչներն էլ այնքան էլ հաշտ չեն»:


«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ, նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի շուրջ ասեկոսեները նրա պաշտոնաթողության ընթացքում էլ չեն դադարում: Առկա են հանրային սպասումներ, որ նրան էլ է մի օր հասնելու հեղափոխական արդարադատության անողոք ձեռքը: Մյուս կողմից էլ՝ նրա երբեմնի հզոր թշնամիները, նախկին իրավապահներն անհամբեր են՝ լուրեր են տարածում ինչ-որ քրեական գործի մասին, որը հարուցված է ու քննվում է, սակայն թե որ մարմնի վարույթում է այն եւ ինչ առնչություն ունի Աղվան Գառնիկիչի հետ, հայտնի չէ: Ըստ որոշ ԶԼՄ-ների տեղեկությունների, այն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն, որովհետեւ ՔԿ-ում կարող էին օբյեկտիվ չլինել իրենց նախկին ղեկավարի նկատմամբ: «Հրապարակը» հարցումներ կատարեց քննչական մարմիններ՝ ՀՔԾ, ՔԿ եւ ԱԱԾ, նաեւ՝ Գլխավոր դատախազություն, խնդրելով պատասխանել, թե արդյոք նախկին գլխավոր դատախազը եւ Քննչական կոմիտեի նախագահը որեւէ քրեական գործով ունի՞ դատավարական կարգավիճակ կամ որեւէ դեպքի կապակցությամբ բացատրություն տվե՞լ է հետաքննության մարմիններին: Հատուկ քննչական ծառայությունից հրաժարվեցին պատասխանել մեր հարցերին, ասելով. «Չենք մեկնաբանում»: Քննչական կոմիտեում եւ ԱԱԾ-ում Հովսեփյանին առնչվող քրեական գործ չգտան: Գլխավոր դատախազությունից, սակայն, տեղեկացրին. «ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ, ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Գառնիկի Հովսեփյանը ՀՀ քննչական մարմիններում քննվող մի քանի քրեական գործերով հարցաքննվել է որպես վկա: Քննվող քրեական գործերով այս պահի դրությամբ նա կասկածյալի կամ մեղադրյալի դատավարական կարգավիճակ չունի: Ելնելով նախաքննության տվյալների գաղտնիության սկզբունքից՝ հավելյալ տեղեկատվություն չի կարող տրամադրվել»:


«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հուլիսի 20-ին ստորագրել է խորհրդարանն ամենամյա արձակուրդ ուղարկելու որոշումը՝ 30 աշխատանքային օր։ Հուլիսի 20-ից մինչեւ օգոստոսի 28-ը գրեթե բոլոր պատգամավորները կգտնվեն արձակուրդում, բացառությամբ Արարատ Միրզոյանի, ով արձակուրդ չի մեկնի, եւ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի, ով 20-ից մինչեւ օգոստոսի 7-ը կլինի աշխատանքային ռեժիմում։ Հայտնի է նաեւ, թե ինչու Միրզոյանը չի գնում արձակուրդ՝ որ հարկ եղած պահին պատգամավորներին հետ կանչի արտահերթ նիստի, գոնե մեկ նիստ անպայման կայանալու է մինչեւ օգոստոսի 26-ը․ ԱԺ-ն պետք է համալրի ՍԴ կազմը։ Եվ պատգամավորները ստիպված կլինեն ընդհատել արձակուրդը, որ իրենց սրտի ՍԴ-ն ձեւավորեն»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Ադրբեջանի ԱԳ նոր նախարար Ջեյհուն Բայրամովի նշանակումը կարծես աննկատ անցավ հայկական փորձագետների կողմից․ ինչո՞ւ՝ հարցրինք «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանին։ «Նշանակումն այնպիսի փուլում եղավ, որ բոլորը կենտրոնացած էին ռազմական գործողությունների վրա, ու քանի որ նա դիվանագետ չի եղել, համակարգը չէր ներկայացնում, նման կարեւորագույն պաշտոնում ԿԳ ներկայացուցչի նշանակումը մասնակիորեն անտեսվեց, որովհետեւ այն ներկլանային բախումների արդյունքում էր հասունացել»: Ո՞ւմ կլանն է ներկայացնում։ «Կարծում եմ` մեհրիբանյան կադր է»: Տեսակետ կա, որ նշանակումն արվեց ղարաբաղյան բանակցություններն արհեստական ձգձգելու համար։ «Այն, որ բանակցությունների գործընթացն այդ նշանակմամբ տուժելու է՝ միանշանակ է, որովհետեւ կրթության նախկին նախարարը թեմային չի տիրապետում, եւ տպավորություն կա, որ ինչ-որ առումով միջնակյալ-գնացող անձ է»: Այդ դեպքում Զոհրաբ Մնացականյանն է շահում։ «Մի կողմից այդպես է թվում։ Թվում է` դիվանագիտական իր փորձով ու խնդրի տիրապետման նյուանսներով գուցեւ Մնացականյանը ճնշի դիմացինին, բայց պայմանավորվել Բայրամովի հետ, հաստատ դժվար կլինի»: Անուշադրության մատնվեց նաեւ «երրորդ կողմի հրահրման» մասին Փաշինյանի` ԵԱՏՄ-ում հնչեցրած բավականին կոշտ տեսակետը եւս․ ո՞ւմ նկատի ուներ։ «Երրորդ կողմը Թուրքիան է, որը սպառնում է ուղղակի եւ անուղղակի միջամտություն հանդես բերել»: Տեսակետ էլ կա, որ Ռուսաստանին նկատի ուներ, ինչպես ապրիլյան պատերազմի մասով առաջին ասուլիսում հնչեցրեց, ասելով` Ռուսաստանին էր ձեռնտու պատերազմը։ «Չեմ կարծում, ավելին` ակնկալիքը Ռուսաստանի միջոցով Թուրքիայի գործոնի չեզոքացումն էր»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Նախօրեին տեղի ունեցավ գործարարների ու վարչապետի հանդիպումը: Մի քանի գործարարներ արդեն խոսել են այդ հանդիպման մասին՝ մասնավորաբար նշելով, որ վարչապետն ավելի շատ խոսել է, մեղադրել գործարարներին, նույնիսկ մուննաթ եկել, բայց չի լսել: Այնինչ նման հանդիպումների նպատակներից մեկը պետք է լինի լսել մարդկանց, հասկանալ խնդիրները, որպեսզի հնարավոր լինի լուծումներ գտնել: Մեզ հետ զրույցում գործարարներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ, նշեց, թե դա հերթական անգամ ցույց է տալիս, որ այս իշխանություններն իրենց անսխալական են համարում, չեն ուզում այլ կարծիք լսել, իսկ վատ վիճակի համար մեղավոր են համարում բոլորին, միայն ոչ իրենց: Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանն էլ «Փաստի» հետ զրույցում զարմանք հայտնեց, որ ոլորտային նախարարները չեն հանդիպում գործարարների հետ, չեն հետաքրքրվում խնդիրներով, ինչը հենց իրենց ուղղակի աշխատանքն է: «Կա՛մ ցանկություն չկա իրականությունը լսելու, հասկանալու, որովհետև այդ վատ ինֆորմացիան կարող է իրենց ականջները ցավեցնել, կա՛մ էլ պարզապես ֆայմ չկա, որ պետք է խոսեն, հասկանան, թե ինչ պետք է անել: Օրինակ՝ ո՞վ է խանգարում համապատասխան նախարարներին, որ ավելի շուտ հանդիպեին գործարարների հետ, նախապատրաստեին վարչապետի հետ հանդիպումը: Մեկ հոգու վրա բեռը թողնելը սխալ է: Ընդհանուր առմամբ, կարևոր հարցերին անդրադառնալու ո՛չ ցանկություն, ո՛չ էլ պատկերացում չկա, ինչը նաև պայմանավորված է պատասխանատու անձերով»,-ասաց Գ. Մակարյանը»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Դատական համակարգում իրավիճակն այնքան էլ հանգիստ չէ: Ինչպես հայտնի է, հուլիսի 31-ին պետք է տեղի ունենա Դատավորների ընդհանուր ժողովը, որի ժամանակ, ի թիվս օրակարգային այլ հարցերի, պետք է հավանության արժանանար նաեւ այդ մարմնի կողմից ՍԴ դատավորի թեկնածու առաջադրելու մասին հարցը: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ մինչ այս դատական համակարգում հակված են եղել որպես թեկնածու ներկայացնել Վարչական դատարանի դատավոր Լիանա Հակոբյանին, սակայն, մեր տեղեկություններով, այս օրերին Հակոբյանին մրցակից է հայտնվել, եւ թեկնածուի հարցը դեռ վերջնական որոշված չէ: Այսպիսով, մենք տեղեկացանք, որ նրա հետ պայքարի մեջ է մտել նաեւ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիզա Գրիգորյանը: Եվ այստեղ ուշագրավն այն է, որ Լիզա Գրիգորյանը մեկ անգամ արդեն փորձել է 2018 թվականին որպես ՍԴ դատավորի թեկնածու հանդես գալ, սակայն այն ժամանակ ընտրությունը կանգ առավ Արմեն Դիլանյանի վրա: Եվ, ահա, այժմ Գրիգորյանը եւս նման հավակնություններ ունի: Թե ինչ որոշում կկայացնի դատական համակարգը, դժվար է ասել, սակայն փաստ է, որ Սահմանադրական դատարանի դատավորի հարցում դատական համակարգը բաժանվելու է երկու թեւի, եւ, եթե մինչ այս թեկնածուն մեկն էր, եւ ընտրություն կատարելու խնդիր չկար, ապա այժմ նոր զարգացումներ կարող են լինել»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ կառավարությունը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը։ Մենք արդեն գրել ենք, որ Վահրամ Ավետիսյանը ՀՀ ամենակոռումպացված դատավորներից մեկի՝ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանի որդին է։ Վահրամ Ավետիսյանը եղել է «Տոտոգեյմինգ» ընկերության իրավաբանը։ Ավետիսյանը ինքը կառավարության նիստի ժամանակ ասաց, որ տարբեր խոշոր մասնավոր ընկերություններում իրավաբանական ծառայության ղեկավար է եղել։ Մեզ պատմեցին, որ Ավետիսյանը նաև բիզնես ունի. նրան է պատկանում Նոր Նորք վարչական շրջանում գտնվող խոշոր բենզալցակայան, ավտոյուղերի կետով և այլն։ Որոշ տեղեկությունների համաձայն, Վահրամ Ավետիսյանի հայրը կոնսուլտացիաներ է տվել քոչարյանական կողմին, երբ գործն առաջին անգամ ՍԴ էր գնում ու դատավոր Դավիթ Գրիգորյանի վարույթում էր։ Այսքանից հետո թերևս խիստ տարակուսելի է, թե կառավարության ընտրությունը ինչու է կանգ առել այս թեկնածուի վրա»։


«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանամերձ իրավաբաններն ու սահմանադրագետները այս օրերին վերսկսել են ինտենսիվ քննարկումներ իրականացնել սահմանադրական փոփոխությունների մասով։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Սահմանադրության մեջ իշխանությունների կողմից նախատեսվում է մի շարք առանցքային փոփոխություններ իրականացնել: Մասնավորաբար, փոփոխություններից մեկը վերաբերելու է Սահմանադրության 18-րդ հոդվածին՝ «Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցին»: Ըստ մեր տեղեկությունների, Հայ Առաքելական եկեղեցին չի դիտարկվի որպես գլխավոր կրոնական կառույց, ինչը հիմքեր կստեղծի հետագայում համապատասխան օրենքում այնպիսի փոփոխություններ անել, որ այն հավասարեցվի ՀՀ-ում գործող մյուս կրոնական միավորների հետ, նվազեցվեն եկեղեցու՝ այսօր ունեցած լայն լիազորությունները, ինչպես նաեւ գույքահարկի եւ եկամտահարկի հետ կապված հստակեցումներ մտցվեն։ Էական փոփոխություններ են նախատեսվում դատաիրավական համակարգում, որոնց կանդրադառնանք առանձին։ Ի դեպ, մեր տեղեկություններով, կա առաջարկ թեթեւ «շտկումներ» իրականացնել սուպերվարչապետական համակարգում, որն ավելի շատ ունենալու է ձեւակերպումային, քան բովանդակային բնույթ։ Այս տարբերակի կողմնակիցների կարծիքով, նման կոսմետիկ փոփոխությունները թույլ կտան թուլացնել «Սերժի կոստյումը» սեփական հագով հարմարեցնելու հետ կապված քննադատությունները»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Մինչ հեղափոխական զանգվածները սպասում էին (են) նախորդների ամենաստվերային, գրեթե ռեկետի ֆոնդի՝ «Երևան» հիմնադրամի տնօրենի պատասխանատվությանը, վերջինս հավանաբար ինքն է մոռացել արդեն այդ վիթխարի շորթումների մասին, երբ բառացի ոչ մի գործարք Տարոն Մարգարյանը չէր հաստատում առանց «մուծվելու»։ Գաղտնիքը, ըստ ամենայնի, նրանում է, որ հիմնադրամի ղեկավարի տղան հարկայինի պետ է, իսկ հարսը՝ ոստիկանության պատասխանատու աշխատակից։ «Երևան» հիմնադրամի հետ կապված քրեական գործը հաջորդեց անմիջապես հեղափոխությանը, մեծ աղմուկ բարձրացավ, խոսվեց մեծ թվերից, մեծ չարաշահումներից, սակայն, կարծես թե, սահմանափակվեցին միայն այդքանով»։


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը երկու տարվա ընթացքում պետք է վերլուծի բոլոր դատավորների հայտարարագրերը, որոնք նրանք ներկայացնում են հանձնաժողովին: Ընդ որում, վերլուծության են ենթակա միայն 2017 թվականից սկսած ներկայացված հայտարարագրերն ու ձեռք բերված միջոցների օրինականությունը: Այս կանոնակարգումներն ուժի մեջ են մտել այս տարվա մայիսի 2-ից, եւ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հանձնաժողովում գործընթացն արդեն մեկնարկել է, եռամսյա եւ հինգամսյա ժամկետներում պետք է ուսումնասիրվեն ՍԴ դատավորների ու ԲԴԽ անդամների հայտարարագրերը, իսկ երկու տարվա մեջ՝ ամբողջ դատական համակարգինը: Ընդ որում, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին հասու է բոլոր տվյալները ստուգելու հնարավորություն, եւ անգամ նրանք կարող են հասանելիություն ունենալ անձի՝ բանկային գաղտնիք համարվող տվյալներին: Բացի այդ, ուումնասիրման ենթակա է լինելու նաեւ պաշտոնատար անձի ոչ միայն տնօրինման ենթակա, այլ փաստացի տիրապետման տակ գտնվող գույքը, եւ հանձնաժողովը կուսումնասիրի նաեւ դրանք: Սակայն եւս մեկ անգամ ընդգծենք, որ վերլուծության են ենթակա միայն 2017 թվականից հետո ներկայացրած հայտարարագրերն ու տվյալները»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Այսօր՝ հուլիսի 24-ին, կառավարության դիմաց բողոքի ակցիա են պատրաստվում իրականացնել Հայաստանի մի քանի մարզերի գյուղացիներ: Նրանք պահանջում են վերականգնել Կասյան փողոցի վրա ամառային ամիսներին կազմակերպվող գյուղատնտեսական ապրանքների շուկան, որը գործում էր վերջին հինգ տարիներին: Գյուղացիները կարծում են, որ արգելքն ուղղորդվում է սուպերմարկետների սեփականատերերի կողմից, ովքեր զբաղված են գյուղմթերքի վերավաճառքով և համարում են, որ գյուղատնտեսական տոնավաճառը էականորեն ազդում է շուկայում գներ թելադրելու և գերշահույթ ստանալու իրենց հնարավորության վրա: Գյուղացիներին արդեն առաջարկել են տեղափոխվել այլ վայր, սակայն նրանք մերժել են այդ առաջարկը՝ պատճառաբանելով, որ գնորդները արդեն սովորել են այս վայրին»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 12-ից սկսված բախումները մեծ ռեզոնանս առաջացրին ինչպես մեր հասարակության, այնպես էլ միջազգային հանրության շրջանում։ Խնդիրն այն է, որ այս հակամարտությունն իր մեջ լուրջ վտանգներ է պարունակում, և եթե այն շարունակություն ստանա ու վերաճի լայնամասշտաբ պատերազմի, ապա կարող է ամբողջ տարածաշրջանը գլորել անկայունության խոր փոսի մեջ։ Սակայն պետք է նկատել, որ կան երկրներ, որոնք շահագրգռված են, որ տարածաշրջանն ապակայունանա, որպեսզի կարողանան մեծացնել իրենց ազդեցությունը Հարավային Կովկասում և օգուտներ քաղել։ Օրինակ՝ Թուրքիան, լինելով Մինսկի խմբի անդամ, միակողմանի և Ադրբեջանին լիակատար աջակցող հայտարարություններ է անում՝ ավելի սրելով իրավիճակը։ Բացի այդ, թուրքական կողմը փորձում է զինյալ խմբեր և ռազմական մասնագետներ ուղարկել Ադրբեջան, որպեսզի ադրբեջանական կողմը հայկական կողմի հետ բախումներում առավելություն ձեռք բերի։ Իհարկե, Թուրքիան շատ կցանկանար անմիջական մասնակցություն ունենալ կոնֆլիկտում, երբ իր զինված ուժերը կներգրավվեին ռազմական գործողություններում։


Մենք տեսել ենք, թե ինչպես է թուրքական բանակը տարբեր պատրվակներ գտնելու միջոցով ռազմական ինտերվենցիա իրականացրել Կիպրոսում, Իրաքում, Սիրիայում և Լիբիայում։ Եվ ՆԱՏՕ-ում ունենալով երկրորդ մեծաքանակ բանակը ԱՄՆ-ից հետո՝ Թուրքիայի ռազմական հնարավորությունները թույլ են տալիս արագ Հայաստան ներխուժում կատարել, սակայն պետք է հաշվի առնել, որ առկա է այդ երկրին զսպող գործոն։ Տարածաշրջանում Թուրքիայի ագրեսիվ նկրտումներին դեմ հանդիման է կանգնած Ռուսաստանը, որը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է։ Եվ պատահական չէ, որ հայ-թուրքական սահմանի պահպանությունն իրականացնում են ռուս սահմանապահները, իսկ Գյումրիում գործում է ռուսական 102-րդ ռազմաբազան։ Բացի այդ, Հայաստանը և Ռուսաստանը գտնվում են ՀԱՊԿ-ի անվտանգային հովանոցի ներքո և անվտանգության բաղադրիչը երկու երկրների հարաբերությունների հիմնասյուներից մեկն է։ Ուստի տարածաշրջանում ուժերի դասավորությունն այնպես է, որ Ռուսաստանը Հարավային Կովկասում կայունությունն ապահովող ամենամեծ դերակատարությունն ունի, և պատահական չէ նաև, որ հուլիսյան դեպքերից հետո հայ հանրության շրջանում կտրուկ բարձրացավ Մոսկվայի դերն ու նշանակությունը։ Ու երկրորդ կարծիք չի կարող լինել նրանում, որ Մոսկվան ոչ միայն զսպում է Թուրքիային, այլև կարող է սաստել Ադրբեջանին և թույլ չտալ, որպեսզի այդ երկիրը ռազմական արկածախնդրության դիմի։


Բայց իրավիճակը Հայաստանի համար բարդանում է նրանով, որ հայ-ռուսական հարաբերությունները տևական ժամանակ է, ինչ սառը բնույթ են կրում, չկա նախկինում եղած ջերմությունը, կուտակվել է որոշակի երկկողմ անվստահություն։ Դա երևում է ինչպես պաշտոնական հանդիպումների ձևաչափերից, այնպես էլ երկկողմ գործակցության շրջանակից։ Դրան նպաստում է հայաստանյան իշխանությունների որոշակի շրջանակների ընդգծված ագրեսիվ հակառուսական տրամադրությունները, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի՝ մեղմ ասած, ոչ այնքան լավ հարաբերությունները մասնավորաբար Վլադիմիր Պուտինի հետ:


Իհարկե, չենք ասում, որ Հայաստանը Ռուսաստանի հետ իր հարաբերությունները պետք է զարգացնի այլ գործընկերների հետ հարաբերությունների հաշվին, բայց տարբեր պատճառներով հայ-ռուսական փոխհարաբերություններում կուտակված անվստահությունը բացասական է անդրադառնում մեր անվտանգային միջավարի վրա, ինչից փորձում են օգտվել այլ ուժեր։ Եթե այս ամենին գումարենք նաև այն հանգամանքը, որ սահմանադրական վերջին փոփոխություններից հետո, ամենայն հավանականությամբ, դեռ տևական ժամանակ Ռուսաստանի ղեկին կլինի Պուտինը, ապա ակնհայտ է դառնում, որ առաջնային նշանակություն է ստանում Հայաստանի ղեկավարի՝ Պուտինի հետ առնվազն լավ, եթե չասենք ջերմ հարաբերություններ ունենալու գործոնը: Սա բխում է բացառապես մեր երկրի շահերից: Ի վերջո, միջպետական հարաբերություններում փոխադարձ շահերին զուգահեռ մեծապես կարևորվում է նաև ղեկավարների անձնական հարաբերություններն ու վերաբերմունքը միմյանց հանդեպ: Սա նորություն չէ, հեծանիվ հայտնագործելու կարիք չկա, համաշխարհային քաղաքական պատմությունը վաղուց դա ապացուցել է: Մի խոսքով, առաջնային նշանակություն ունի վերջապես կոտրել հայ-ռուսական հարաբերություններում առաջացած սառույցը։ Որքան էլ իշխանությունները պնդում են, թե իրենց հարաբերությունները Ռուսաստանի ու այդ երկրի ղեկավարության հետ բնականոն են, ավելին՝ նույնիսկ ջերմ, անցած ժամանակահատվածը ցույց տվեց, որ, մեղմ ասած, դա այնքան էլ այդպես չէ, շատ մեղմ ասած»:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երկրի կարեւորագույն բնական մոնոպոլիստ «Վեոլիա ջուր» ընկերությունը հանրության հետ կապը չի պահում։ Մինչդեռ այն հանրային ամենալայն սպասարկում իրականացնող կազմակերպություններից է եւ պարտավոր է արագ արձագանքել ու հնարավորություն ընձեռել յուրաքանչյուր բնակչի՝ արագ կապվելու ջրի մատակարարումն իրականացնող ծառայությունների ու գրասենյակների հետ։ Բազմաթիվ քաղաքացիներից ահազանգեր ենք ստանում, որ օրերով, ամիսներով չեն կարողանում կապ հաստատել այս կարեւոր կառույցի հետ։ Սա թերեւս Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ուշադրությանը պետք է արժանանա։ Մենք էլ փորձեցինք «Վեոլիա ջուր» ընկերության օպերատորների հետ կապ հաստատել համացանցում գրանցված +374-11-300185 հեռախոսահամարով, սակայն՝ ապարդյուն։ Ընկերության պաշտոնական կայքէջում ընդհանրապես չգտանք ոչ մի պաշտոնյայի անուն կամ հեռախոսահամար, ինչպեսեւ ահազանգում էին քաղաքացիները»։