Ղազախստանը Հայաստան նավթամթերք կմատակարարի. համաձայնագիր է կնքվել
Ղազախստանի հետ դեպի ՀՀ նավթամթերքի մատակարարման բնագավառում համագործակցության մասին համաձայնագիր է կնքվել: Այդ մասին հայտնում են ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից:
Հուլիսի 16-ին Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում ՂՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գագիկ Ղալաչյանը և ՂՀ էներգետիկայի նախարար Նուրլան Նոգաևն ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև Հայաստանի Հանրապետություն նավթամթերքի մատակարարումների բնագավառում առևտրատնտեսական համագործակցության մասին» համաձայնագիրը:
Ղազախստանում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ համաձայնագիրը կնպաստի երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցությանը, առևտրատնտեսական կապերի զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, գործարար ակտիվության բարձրացմանը:
VERELQ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Հայաստանը նավթամթերք կներկրի Ղազախստանից՝ այդ կերպ ցանկանալով վերացնել մենաշնորհային երևույթները և խթանել մրցակցությունը բենզինի ու դիզվառելիքի ներքին շուկայում:
Կառավարության հուլիսի 2 նիստում հավանություն տրվեց «ՀՀ ու Ղազախստանի կառավարությունների միջև Հայաստան նավթամթերքի մատակարարումների բնագավառում առևտրատնտեսական համագործակցության մասին» համաձայնագրի նախագիծը:
Համաձայանգրի ստորագրումը, ինչպես այդ ժամանակ նշեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, հնարավորություն է տրվելու ղազախական վառելիքը բարելավված պայմաններով ներկրել Հայաստան, որը ենթադրում է ՀՀ վառելիքի շուկայում մրցակցության ուժեղացում: «Ուստի սա շատ կարևոր համաձայնագրի է և ազդելու է ՀՀ-ում զինի շուկայի վրա, որի շուրջ մեկ ու կես տարի բանակցություններ են վարվել», - տեղեկացրեց նա:
Նավթամթերքի շուկայում մենաշնորհային երևույթների վերացման առումով համաձայանգիրի վարվերացումը կարևորեց նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «2018 թվականից հետո նավթամթերքի շուկայում մենաշնորհային երևույթները մեղմացել, բայց չեն վերացել», - ասաց նա՝ հավելելով, որ շատ անելիքներ ունեն այդ ուղղությամբ:
Այժմ Հայաստանը նավթամթերք է մատակարարում հիմնականում ռուսական «Ռոսնեֆտ» ընկերությունը, որից գնում են այլ տեղական ընկերություններ և վերավաճառում այն ներքի շուկայում: