Կառավարությունը շարունակում է ապահովել սուբվենցիոն ծրագրերի իրականացումը
ՀՀ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում՝ համայնքներից ստացված տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի արդյունավետ իրականացման ապահովելու համար:
Ըստ այդմ՝ առաջարկվում է ՀՀ մարզպետարաններին հատկացնել 2,646,243.5 ՀՀ դրամ՝ համապատասխան շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները կատարելու համար:
Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հայտնել է, որ խոսքը վերաբերում է 2019-ին սկսված 83 համայնքի 106 սուբվենցիոն ծրագրի։ Հիմնավորման համաձայն՝ համայնքներից ստացված սուբվենցիայի ծրագրային հայտերը քննարկվել են միջգերատեսչական հանձնաժողովում և հավանության արժանացած ծրագրերի իրականացման համար համապատասխան համայնքները կազմակերպել են մրցույթներ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով որոշմանը, նշել է, որ այս տարվա համար 700 սուբվենցիոն ծրագիր կա: «Այս տարի սուբվենցիոն ծրագրերի աննախադեպ ծավալ ենք ունենալու: Եվ մենք պետք է համաֆինանսավորենք: Կարծում եմ՝ սուբվենցիոն ծրագրերը տարածքային համաչափ զարգացման ամենակարևոր ուղղություններից են»,-ասել է վարչապետը:
Սուրեն Պապիկյանը նշել է, որ այս տարի հաստատվել է 701 սուբվենցիոն ծրագիր՝ շուրջ 44 մլրդ դրամի, կառավարության համաֆինանսավորման բաժինը կազմում է 24 մլրդ դրամ: