5.10.2024
Սիրիայից դուրս գալը Ռուսաստանի «ելքի ստրատեգիան է». փորձագետներ
prev Նախորդ նորություն

Տուրիզմի խնդիրները ՀՀ-ում. ինչո՞ւ է նվազել զբոսաշրջիների քանակը

Հայաստանի լոգիստիկ հասանելիության բարդությունը, Ռուսաստանում տնտեսական դժվարությունները, հայկական ավիացիայի շուկայում ստեղծված իրավիճակը, մարքեթինգի բացերը և ներքին ենթակառուցվածքների՝ հատկապես ճանապարհների ոչ բարվոք վիճակը, խոչնդոտում են զբոսաշրջության զարգացմանը: Այս մասին երեկ «Մեդիա կենտրոնում» հայտարարեցին ավիացիայի և զբոսաշրջության ոլորտի փորձագետները:

Պաշտոնական տվյալներով, որոնք ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը, 2015-ին 2014-ի համեմատ ներգնա զբոսաշրջիկների այցելությունը նվազել է 1%-ով:

«Նվազումը պայմանավորված է հիմնականում Ռուսաստանից այցելությունների նվազմամբ, որի պատճառը ռուբլու արժեզրկումն էր: Ընդհանրապես անցյալ տարի արտագնա տուրիզմի ծավալները Ռուսաստանից շատ կտրուկ նվազել են», - հայտնեց Ապրեսյանը՝ հավելելով, որ Արաբական Էմիրություններից, Իրանից, Իրաքից, Իսպանիայից Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվն ավելացել է:

Ապրեսյանի խոսքով՝ Հայաստանի նկատմամբ զբոսաշրջիկների հետաքրքրությունն աճում է:

Քննարկմանը ներկա տնտեսագետ Արտակ Մանուկյանի խոսքով՝ անցյալ տարի տուրիզմի ոլորտում ոչ թե անկում, այլ աճ պետք է գրանցվեր, քանի որ երկրում տեղի ունեցան երեք կարևոր իրադարձություններ՝ Քիմ Քարդաշյանի այցը, Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները եւ Համահայկական խաղերը:

«Ռուսաստանի տնտեսական դժվարությունները ևս Հայաստանի պարագայում մեծ խնդիր չէ, քանի որ հարևան Վրաստան ռուս զբոսաշրջիկների այցելությունները չեն նվազել»,-հակադարձեց Մանուկյանը:

Համեմատության համար նշենք, որ անցյալ տարի Հայաստան այցելել է մոտ 1,18 մլն զբոսաշրջիկ, իսկ Վրաստան՝ 5,8 մլն: Տարեկան Հայաստանում պետական բյուջեից հատկացվում է մոտ 400 հազա դոլար տուրիզմի համար: Ոլորտը հայտարարված է որպես տնտեսության գերակա ճյուղ:

Այնուամենայնիվ հայկական տուրիզմի խնդիրներից մեկը դիվերսիֆիկացիայի թուլությունն է: Հղում անելով պաշտոնական վիճակագրությանը՝ Մանուկյանը նշեց, որ Հայաստան ժամանող զբոսաշրջիկների մոտ 70%-ը հայկական արմատներ ունեն, եւ նրանց այցը հայրենիք պայմանավորված է հայկական ծագմամբ:

«Սա կարճաժամկետ ազդեցություն է, քանի որ մեկ սերունդ հետո այդ այցելությունները ավելի ու ավելի են նվազելու: Բացի այդ նրանց մեծ մասը գալիս են Հայաստան և մնում բարեկամների տանը: Նրանք չեն օգտվում հյուրանոցային ծառայություններից: Եթե չի փոխվում ասյ դինամիկան արդեն տևական ժամանակ, ապա անհասկանալի է, թե ինչի վրա են փողեր ծախսվում»,- ասաց Մանուկյանը, ում հետ չհամաձայնեց Մեխակ Ապրեսյանը:

Միևնույն ժամանակ Ապրեսյանը չներյակացրեց հստակ վիճակագրական տվյալներ, թե Հայաստան ժամանող տուրիստների որ մասն է տեղավորվում հյուրանոցներում: Նա միայն նշեց, որ ոլորտում ծախսվող գումարները զբոսաշրջության զարգացումն ու աճն են ապահովում: Ապրեսյանի վստահեցմամբ՝ նախորդ տարիներին մինչեւ 10% աճ է արձանագրվել:

Ըստ պաշտոնական տվյալների՝ 2014-ին Հայաստան ժամանած 1,2 մլն զբոսաշրջիկներից, հյուրանոցային տնտեսությունում են տեղավորվել 164 հազարը (կամ 13,7%): 2015-ին ժամանել է 1 մլն 189 հազար զբոսաշրջիկ, որից հյուրանոցային տնտեսությունում են տեղավորվել կրկին 164 հազարը (13․8%)։ Նույն աղբյուրը` ԱՎԾ-ն, տարբերակում է նաև բարեկամի կամ հարազատի տանը, վարձով տրվող բնակարաններում տեղավորվողների թիվը: Ստացվում է միջազգային զբոսաշրջիկների միայն 14% է օգտվում հյուրանոցային ծառայություններից։

Քննարկմանը մասնակից «Ավիատրանս» ընկերության ղեկավար Տիգրան Աչոյանն էլ անդրադառնալով քաղավիացիային և դրա հետ կապված զբոսաշրջության խնդիրներին, նշեց, որ Հայաստանում հայտարարված «Բաց երկնքի» քաղաքականությունը, որի արդյունքում միայն մեկ ուղղությամբ՝ Երեւան-Մոսկվա-Երեւան 5 ռուսական ավիաընկերություններ են աշխատում, նոր իրավիճակ է ստեղծել:

Շուկա է մտնում նոր ավիաընկերություն՝ «Արմենիան», սակայն պարզ չէ վերջինիս ապագան, քանի որ ստեղծված պայմաններում այդ ընկերությունը չի կարող հույսը դնել պետական աջակցության կամ քվոտաների վրա:

«Կապրենք՝ կտեսնենք,- այսպես բնորոշեց նա նոր ավիաընկերության ապագան՝ հավելելով,-«Բաց երկնքի» քաղաքականության դեպքում դժվար կլինի այդ ավիաընկերությանն աշխատել»:

Քննարկման մասնակիցները նշեցին, որ հատկապես Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկման ֆոնին հնարավորություն է ստեղծվում ինչ-որ չափով միավորել Հայաստան-Վրաստան-Իրան տուրիսատական շուկաները, ստեղծել միասնական տուր-փաթեթներ:
Փորձագետները Եվրոպայում ահաբեկչության վտանգի մասին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mid.ru
05.10.2024
Հայաստանի նորանշանակ դեսպանը հանդիպել է Լավրովին. քննարկվել են երկկողմ հարաբերությունները