25.11.2024
ԱԱՏՄ անակնկալ ստուգայցեր․ վերջին մեկ ամսում խախտումները զգալիորեն նվազել են
prev Նախորդ նորություն

ՍԴ-ի շուրջ խնդիրը կլուծվի առանց հանրաքվեի՝ Ազգային ժողովում. նախարար

Ազգային ժողովում այսօր Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը և ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը խոսել են Սահմանադական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամային իրավիճակի մասին՝ հայտնելով տրամագծորեն հակասող կարծիքներ:


ՍԴ խնդիրը հնարավոր է լուծել խորհրդարանում, ասել է ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: Նա վստահ է՝ Ազգային ժողովում հնարավոր է լուծում գտնել:


Նա սակայն չի նշել, թե դատաիրավական բարեփոխումների արդյունքում ինչ կփոխվի դատական համակարգում:


«Որևէ մեկ կամ երկու քայլով ՀՀ արդարադատության համակարգում պետք չէ միանգամից արդյունքների սպասել, դրանք խորքային, բազմակի գործողություններ ենթադրող պրոցեսներ են, բայց սա անհրաժեշտ նախապայման է առաջ շարժվելու, որովհետև ունեք ՍԴ մոդել, որը չի իրացվել», - ասել է նա։


Նրա խոսքով, ակնկալվող արդյունքում կլինի ավելի հավասարակշռված Սահմանադրական դատարան, որը կյանքի կկոչի այն մոդելը, որը նախատեված էր 2015 թվականի սահմանադրական փոփոխություններով։


Եթե որևէ մեկը խոսում է ՍԴ թվացյալ ճգնաժամի մասին, պարտավոր է պատասխանել հետևյալ հարցերին՝ ե՞րբ է առաջացել այդ ճգնաժամը, ի՞նչ հանգամանքներում և ինչպե՞ս է դրսևորվում: Եթե որևէ մեկը պատասխանի այս հարցերին, կհանգի այն կարծիքին, որ ՍԴ-ում ճգնաժամ չկա և երբևէ չի եղել, Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ ասաց ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը:


«ՍԴ նախագահը և դատավորներն ընտրվել են օրինական ճանապարհով, և այդ օրինականությունը ոչ մի կերպ չի կարող տրամաբանական վիճարկման առարկա դառնալ», - նշեց նա:


Հայաստանի իշխանությունները ցանակնում են Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված խնդիրը լուծել ոչ թե ամիսներ առաջ նախատեսած ու հետաձգված հանրաքվեի միջոցով, Ազգային ժողովում: 


Իշխանությունները քննարկում են Սահմանադրական դատարանի ճգնաժամը խորհրդարանում լուծելու տարբերակը, որի մասին շաբաթներ առաջ բարձրաձայնեց նաև Նիկոլ Փաշինյանը։ Առնվազն մեկ տարի, պայմանավորված կորոնավիրուսի համավարակով, հանրաքվե չի կարող անցկացվել, մյուս կողմից էլ, ըստ վարչապետի, սահմանադրական ճգնաժամի լուծմանն այդքան սպասել չի կարելի:


Ազգային ժողովն օրեր առաջ ընդունեց «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը: Վերջինս առաջարկում է, որ այն դեպքերում, երբ ռազմական կամ արտակարգ դրությունը հայտարարվել է սույն օրենքով նախատեսված հանրաքվեն նշանակվելուց հետո, ապա մինչև ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելն սկսված հարցը հանրաքվեի դնելու հետ կապված բոլոր գործողություններն ու ժամկետները կասեցվում են օրենքի ուժով:


Ըստ օրենսդրական փոփոխության՝ ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելուց հետո 12 ժամվա ընթացքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հանդես է գալիս հանրաքվեն կասեցնելու մասին հայտարարությամբ: Հանրաքվեն վերսկսվում է ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո սույն օրենսգրքով սահմանված կարգով:


Նախատեսված է, որ արտակարգ կամ ռազմական դրության պատճառով կասեցված հանրաքվեն անցկացվում է ռազմական կամ արտակարգ դրության ավարտից ոչ շուտ, քան 50 և ոչ ուշ, քան 65 օր հետո: Ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո՝ եռօրյա ժամկետում, Հանրապետության նախագահը ընդունում է հրամանագիր, որով նշանակվում է կասեցված հանրաքվեի գործընթացը մեկնարկելու օրը և քվերակության օրը, որը պետք է լինի կիրակի: