25.11.2024
Մհեր Գրիգորյանը ԵՄ գործընկերների հետ քննարկել է համատեղ ծրագրերը
prev Նախորդ նորություն

ԱԱՏՄ անակնկալ ստուգայցեր․ վերջին մեկ ամսում խախտումները զգալիորեն նվազել են

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ուժեղացված վերահսկողական աշխատանքները շարունակվում են․ դրանք այսօր ընթացել են Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում եւ Էջմիածնում։ Հանրային առողջապահական տեսանկյունից լրջագույն նշանակության կանոնների պահպանումը դիտարկվել է բջջային օպերատորների սպասարկման գրասենյակներում, դեղատներում, ատամնաբուժարաններում, առեւտրի մեծ ու փոքր կենտրոնններում եւ այլն։ Անակնկալ ստուգայցերի արդյունքում արձանագրված խախտումներին հաջորդում են ՀՀ պարետի կասեցման որոշումները։ Կրկնախախտումների կամ առավել ռիսկային խախտումների դեպքում հնարավոր են առավել երկարատեւ կասեցումներ։


ԱԱՏՄ ստուգայցերի ամփոփ պատկերը փաստում է՝ տնտեսավարողներն անվտանգության նորմերն այժմ առավել բարեխղճորեն են պահպանում։ Եթե շուրջ մեկ ամիս առաջ արձանագրված խախտումների հիմքով պարետի կասեցմանն էր ուղարկվում մոտավորապես ամեն երրորդ տնտեսավարողի մոտ կազմված արձանագրությունը, ապա հիմա մոտավորապես ամեն տասներորդ տնտեսավարողի վերաբերյալ է կասեցման միջնորդություն ուղարկվում։ Մայրաքաղաքում արձանագրված այս պատկերին մոտ է նաեւ մարզերում դիտարկվող իրավիճակը։


Միաժամանակ, հաճախ նկատվող խախտումներից են շարունակում մնալ կուտակումները, հերթերի թերի կառավարումը, ախտահանման եւ ջերմաչափման խնդիրները։


Կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հաստատված կանոնները ենթակա են պարտադիր կատարման։ Խախտումները բացառելու նպատակով ԱԱՏՄ մասնագիտական խմբերը նաեւ խորհրդատվություն են տրամադրում տնտեսավարողներին, մասնավորապես, որ ՀՀ պարետի թիվ 110 որոշմամբ սահմանվել են անձնակազմի ջերմաչափման եւ ախտահանման գործընթացի վերաբերյալ գրանցամատյանների ձեւեր։ Մանրամասնվում է, որ ձեռնոցի պարտադիր պահանջը հանվել է գործունեության լայն ոլորտների համար՝ որոշ բացառություններով։