24.11.2024
Կայացել են հայ-հունական բարձր մակարդակի բանակցությունները
prev Նախորդ նորություն

Մամուլի տեսություն. Ոստիկանությունը բերման է ենթարկում քրեական հեղինակությունների

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան տպագիր մամուլի տեսությունը, որում ներառված է կարևոր իրադարձությունների մասին ընդգրկուն տեղեկատվություն:

«Հրապարակ» օրաթերթը գրում է. ««ԲՀԿ-ից հեռացած Վարդան Օսկանյանը երեկ հայտարարեց նոր կուսակցություն ստեղծելու մասին, տեղեկություններ կան, որ հաջորդ կուսակցությունը Վահան Բաբայանն է հիմնելու։ Այսպես ասած՝ ՀՀԿ-ի դուստր ձեռնարկություն։ «Իմ քաղաքական պլաններում դեռևս նման հարց չկա»,-երեկ մեր լրագրողին վստահեցրել է Բաբայանը՝ այնուամենայնիվ, կտրուկ չբացառելով նման հեռանկարը։ Իսկ եթե կուսակցություն չստեղծի, ո՞րն է լինելու իր հաջորդ հանգրվանը՝ ՄԻԱԿ-ը, ՀՀԿ-ն, ո՞րը։ Բաբայանն ասաց, որ դեռ որևէ պլան այս պահին չունի, փոխարենը կտրականապես բացառեց, որ կհայտնվի Օսկանյանի կուսակցությունում. «Այդ մեկը հաստատ բացառում եմ»։ Ի դեպ, առաջիկայում Էլինար Վարդանյանը, Ստեփան Մարգարյանը և Վահե Հովհաննիսյանը կհայտարարեն Օսկանյանի կուսակցությանն անդամագրվելու մասին, թեպետ երեկ հայտարարում էին, որ դեռ նման առաջարկ չեն ստացել»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ոստիկանությունը վերջին օրերին տարբեր պատճառաբանություններով քրեական հեղինակություններին բերման է ենթարկում ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ օրեր առաջ ոստիկանություն են տարվել Յուրա Ուտոեւը, որը առավել հայտնի է Կիեւյանցի Յուրա ածականով, նրա ընկերները եւ հարազատ եղբայրը` Ռոստիկ Ուտոեւը: Ազգությամբ եզդի եղբայրների մոտից մեծ քանակությամբ զենք-զինամթերք է առգրավվել: Չի բացառվում, որ սա «նախընտրական գույքագրում» կոչվող գործընթաց է: Բանն այն է, որ սահմանադրական հանրաքվեի արդյունքում քրեական հեղինակությունների մի մասն իշխանությունների առջեւ ստանձնած իր պարտավորությունները չկատարեց, եւ նրանց ինչ-որ բաներ հասկացնելու անհրաժեշտություն կա: Իսկ թե իրականում ինչ նպատակ ունի գործընթացը, դժվար է ասել: Համենայնդեպս, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն այսօր աննախադեպ մի հավաք է կազմակերպել. նա փակ հանդիպում է ունենալու օպերատիվ ծառայության աշխատակից շարքային օպերների հետ` առանց ղեկավարների»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԲՀԿ-ի ներսում ծավալված խմորումները շարունակում են զարգանալ: Ինչպես հայտնի է՝ կուսակցության ներսում երկու թեւ է ձեւավորվել, որոնցից մեկը կուսակցության նախագահ Նարիա Զոհրաբյանի կողմնակիցներն են: Մյուս թեւը ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Աբրահամ Մանուկյանի կողմնակիցներն են: Կողմերի միջեւ ծավալված դիրքային պայքարի առաջին փուլի արդյունքներով Նաիրա Զոհրաբյանին հաջողվեց կասեցնել իրեն պաշտոնանկ անելու նպատակով սկսված գործընթացը եւ կուսակցության կառավարման ղեկն ամբողջությամբ վերցնել իր ձեռքը: ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի քաղաքականությունից հեռանալուց հետո ԲՀԿ-ի կառավարումը մասերի էր բաժանվել. ֆինանսական մասը թողնվել էր Աբրահամ Մանուկյանին: Սակայն ներկայումս այդ գործընթացը եւս Զոհրաբյանն է վերահսկում: Ի դեպ, Աբրահամ Մանուկյանն իր անձի հետ կապված «վտանգավոր» իրավիճակներում նախընտրում է Հայաստանից հեռանալ: Այս անգամ եւս նույն կերպ է վարվել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ներկայումս նա գտնվում է Մոսկվայում»:

«168 ժամ» թերթը գրում է. «Անցած տարի ամռանը հայ բեռնափոխադրողները բավականին երկար ժամանակ էին կորցնում Լարսի անցակետում, որտեղ վրացական, թուրքական և այլ փոխադրողների հերթեր էին գոյանում։ Լուծում գտնելու հույսով ՀՀ կառավարությունը դիմեց ԵՏՄ-ին՝ անդամ երկրների համար առանձին ռեժիմ գործարկելու առաջարկով։ Դրանից հետո որևէ արձագանք կամ պատասխան չի եղել, ՀՀ կառավարության անդամներն էլ այդ մասին չեն խոսել։ 168.am-ը ՀՀ տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ վիճակում են բանակցությունները, որևէ լուծում հնարավո՞ր է։ Փոխնախարարը նշեց, որ աշխատանքներն այդ ուղղությամբ ակտիվորեն շարունակվում են։ «Մենք համատարած լուծումներ ենք քննարկել ռուս գործընկերների հետ, որ ինչքան հնարավոր լինի ճանապարհի լայնացում լինի։ Նախարարը բեռնափոխադրողների հետ քննարկել է, այն կողմից էլ լիարժեք պատկերացումը և ընդառաջ գնալու, խնդիրները լուծելու պատրաստակամությունը կա։ Ոչ միայն առանձին անցակետ կլինի, մենք ուզում ենք լուծումներն այնպես տրվեն, որ այնտեղ առաջացող հիմնական խնդիրները լուծվեն»,- ասաց Ա.Առաքելյանը։ Ըստ նրա այդ տարածքում երկու սարի արանքում սեղմված ճանապարհ է, և մեքենաների հերթերն ավելի շատ գոյանում են կլիմայից ելնելով, նաև գետն աշնանն ու գարնանը վարարում է, դա էլ է խնդիր ճանապարհի լայնացման համար. «Տեղում մի քանի անգամ եղել ենք և գործընկերների հետ լուծումներ ենք առաջարկել։ Դա ոչ միայն հայկական, այլև ԵՏՄ բոլոր փոխադրողների համար առավելություն կլինի։ Այժմ նախագծային աշխատանքներ են իրականացվում, բայց քանի որ իրենց տարածքն է, մենք չենք կարող ակտիվ ներգրավվել։ Դրանց ավարտից հետո պարզ կլինեն ժամկետները»։ Հայաստանի բեռնափոխադրողների միության նախագահ Մակար Առաքելյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ճանապարհը լայնացնելու համար մեծ ներդրումներ են անհրաժեշտ, տեխնիկապես բարդ ու վտանգավոր է, պայթեցումների խնդիր կա։ Ներդրումների արդարացվածությունը, ըստ նրա, կապված է փոխադրվող բեռների ծավալների հետ. «Ես կարծում եմ, որ իրենք պետք է զգան, որ Հայաստանն այդքան բեռնափոխադրումների ծավալներ ունի։ Ձմռան պատճառով ճանապարհները հաճախակի փակվում էին, գարնան հետ կապված մեր արտահանումներն ակտիվանում են, և ծավալները կմեծանան»»,–գրում է թերթը:

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրազդանում տեղի ունենալիք քաղաքապետի ընտրությունների ընթացքը վերահսկելու նպատակով «Քաղաքացիական պայմանագիրը» ՀԱԿ-ի հետ բանակցել է հանձնաժողովներում իր տեղերը ՔՊ-ին զիջելու համար։ ՀԱԿ կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանի եւ ԱԺ պատգամավոր, Սասուն Միքայելյանի շտաբի պետ Նիկոլ Փաշինյանի բանակցությունները, սակայն, հաջողությամբ չեն պսակվել։ Ի վերջո, որն է լինելու ԱԺ ընդդիմադիր երկու կուսակցությունների՝ «Ժառանգության» եւ ՀԱԿ-ի դիրքորոշումը Հրազդանի ընտրությունների ժամանակ։ «Ժառանգությունը» երբեւիցե որեւէ մեկին տեղ չի տվել, այս պարագայում էլ նորից «Ժառանգության» անդամներն են լինելու։ «Ժառանգությունը» պայքարում է բացառապես Ընտրական օրենսգրքում գրվածը կյանքի կոչելու համար։ Որեւէ մեկին տեղ տրամադրելու խնդիր գոյություն չունի, «Ժառանգությունն» ինքն է լրացնելու տեղերը։ Սա համապետական ընտրություն չէ։ Մենք որոշել ենք, որ այս պարագայում պետք է պրոֆեսիոնալ թեկնածուներ լինեն հանձնաժողովականները»,- հարցին արձագանքեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։ Նա հավելեց, որ Սասուն Միքայելյանի վստահված անձինք կարող են համագործակցել «Ժառանգության» անդամների հետ։ «Ինչու պետք է տրամադրենք, մենք ունենք հանձնաժողովի անդամ, որին հարյուր տոկոսով վստահում ենք եւ գիտենք, թե ոնց է պայքարելու, ինչո՞ւ պետք է այդ տեղը տրամադրենք մեկ ուրիշի»,- հարցին հարցով արձագանքեց Վլադիմիր Կարապետյանը»:

«Իրատես de facto» թերթը գրում է. «Սահմանադրական բարեփոխումների առնչությամբ Սերժ Սարգսյանի ծրագրային ելույթից հետո քաղաքական ուշագրավ վերադասավորումներ սկսվեցին։ Պարզվում է, մեկնարկել է նաև կուլիսային ակտիվ քննարկումների և հրահանգների շարքը։ Մեր տեղեկություններով այդ ելույթից հետո բավականին լուրջ խոսակցություն է եղել Սերժ Սարգսյանի և Տարոն Մարգարյանի միջև։ Նախագահը քաղաքապետին ասել է, որ ընտրություններում հիմնական խաղադրույքը դրված է Երևան քաղաքի վրա։ Ակնհայտ է, որ մայրաքաղաքում դժգոհողների թիվը բավականին մեծ է, և վերջիններիս խնդիրների առնչությամբ կոնկրետ քայլեր են պետք։ Սերժ Սարգսյանը նշել է, որ ամեն ինչ պետք է արվի, որ այս անգամ հնարավորինս մաքուր անցկացվեն ընտրությունները, քանի որ միջագգային հանրությունն այդ ամենին ուշի ուշով հետևում է։ Թերևս, սրանով է պայմանավորված վերջին շրջանում Տարոն Մարգարյանի ակտիվ խորհրդակցությունների շարքը քաղաքապետարանի տարբեր բաժինների ներկայացուցիչների հետ։ Թե նրա այդ քայլի մեջ որքանն է իրական, որքանը PR, կերևա ընտրությունների արդյունքներից։ Իսկ առայժմ փաստ է, որ Սերժ Սարգսյանը հստակ հրահանգ է տվել զբաղվելու երևանցիների խնդիրների լուծմամբ, որպեսզի ընտրությունների ժամանակ անակնկալ չմատուցեն իշխանություններին»: