24.11.2024
ՄԻԵԴ–ի որոշումից ակնհայտ է դառնում, որ ընթացող գործով չի կարող կիրառվել 300.1-րդ հոդվածը
prev Նախորդ նորություն

Համայնքների միավորման գործընթացը կարևոր է առաջին հերթին հենց բնակչի համար. Պապիկյան

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է, որ նախարար Սուրեն Պապիկյանը և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության տնօրեն Դեբորա Գրիզերն այսօր հեռավար հանդիպում են ունեցել՝ քննարկելու ՏԿԵ նախարարության և ԱՄՆ ՄԶԳ համագործակցությամբ Հայաստանի վարչատարածքային բարեփոխումների գործընթացում արձանագրված հաջողությունները և նախանշելու համագործակցության հետագա շրջանակը:


Ինչպես հայտնում են ՏԿԵ նախարարությունից, շնորհակալություն հայտնելով Հայաստանում տեղական ինքնակառավարման բարեփոխումներին ուղղված օժանդակության համար՝ նախարար Պապիկյանը վստահություն է հայտնել, որ նոր կորոնավիրուսի համավարակի պատճառած անհարմարությունները չեն անդրադառնալու երկու երկրների կառավարությունների միջև բարեկամական հարաբերությունների վրա, և համատեղ աշխատանքի արդյունավետությունը չի տուժելու:


Դեբորա Գրիզերը ևս բարձր է գնահատել նախարարության հետ տեղական ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված գործընկերային հարուստ փորձը և վերահաստատել համայնքային կարողությունների զարգացման ու ապակենտրոնացված կառավարման գործում ՀՀ կառավարության նախաձեռնություններին աջակցելու պատրաստակամությունը:


Զրույցի ընթացքում նախարար Պապիկյանն անդրադարձել է համայնքների միավորման գործընթացում կառավարության իրականացրած քայլերին և օրենսդրական բարեփոխումներին


«Երկու տարվա ուսումնասիրություններից և եզրահանգումներից հետո մենք արդեն հրապարակային խոսում ենք համայնքների միավորման արդյունավետության մասին: Պետք է փաստել, որ այսօր ունենք խոշորացված համայնքներ, որոնք տարբեր ուղղություններով դարձել են ինքնաբավ և շնորհիվ իրենց տնտեսական ներուժի պատրաստ են վերցնել կառավարման որոշակի լիազորություններ»,-ընդգծել է Սուրեն Պապիկյանը:


Նախարարը նշել է, որ առաջիկայում Իջևան և Լերմոնտովո խոշորացված համայնքների ձևավորմամբ կտրվի համայնքների միավորման նոր փուլի մեկնարկը: Օրենսդրական բարեփոխումների շրջանակում նախարարը կարևորել է նաև բազմաբնակավայր համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգի ներդրումը, դրա արդյունքում ավագանու դերի մեծացումը և փոխզսպման մեխանիզմի ամրապնդումը:


«ԱՄՆ ՄԶԳ-ն ևս համայնքների միավորման գործընթացի շարունակակությունը համարում է կարևոր խնդիր և նպատակ: Մենք կարծում ենք, որ ապակենտրոնացված և առավել կայացած տեղական ինքնակառավարման շնորհիվ հնարավոր է գյուղական բնակավայրերում ապահովել տնտեսության զարգացման նոր հեռանկարներ:Սա նրանց կդարձնի առավել դիմակայուն, ինչը հատկապես կենսական է COVID-19 ճգնաժամին արձագանքելու տեսանկյունից»,-ասել է Դեբորա Գրիզերը և հավելել, որ համայնքային կարողությունների զարգացմանն աջակցելու հանձնառությունը կշարունակի մնալ ԱՄՆ ՄԶԳ 5-ամյա նոր ռազմավարության պլաններում:


Խոշորացված համայնքների կառավարման առավելությունների թվում նախարարը մատնանշել է աղբահանության իրականացումը, տրանսպորտային ցանցի գործարկումը, գյուղատնտեսական տեխնիկայով վերազինման հնարավորությունը: Սուրեն Պապիկյանը բարձր է գնահատել ԱՄՆ ՄԶԳ երկարամյա ներդրումները միավորված համայնքներում ծառայությունների բարելավման, բնակավայրերի ռեսուրսների հզորացման, տեխնիկական համալրման ուղղությամբ:


«Միավորման գործընթացը կարևոր է առաջին հերթին հենց բնակչի համար: Այն պետք է ընթանա սահուն, քաղաքացիների համար ընկալելի՝ հանրային քննարկումների արդյունքում վերհանելով գործընթացի դրական կողմերը: Լիահույս եմ, որ ձեր գործուն աջակցությամբ տեղական ժողովրդավարության ամրապնդման ճանապարհին կարձանագրենք իրական փոփոխություններ, իսկ համավարակին արձագանքելու արդյունավետ միջոցառումների ձեռնարկմամբ տնտեսական հեռանկարային առաջընթաց»,-ամփոփել է նախարար Պապիկյանը:


Զրուցակիցները վերահաստատել են առկա համագործակցությունը խորացնելու փոխադարձ պատրաստակամությունը: