Մեքենայում 1 անձից ավելի լինելու դեպքում դիմակ կրելը դառնում է պարտադիր. վարչապետ
Մեքենաների համար առկա կանոնները լրացվել են. եթե մեքենայում մեկից ավելի մարդ կա, ուրեմն բոլորն առանց բացառության այսուհետ պետք է լինեն դիմակով, դիմակով չլինելը բերելու է խստագույն վարչական պատասխանատվության: Այս մասին Facebook-ի ուղիղ եթերի ժամանակ մայիսի 24-ին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով, մասնագետները ուսումնասիրություն են անցկացրել, որով կանխորոշել են դիմակի կրման էֆեկտիվությունը:
«Դիմակի կրման կանոնները և ձեռքերի ախտահանման կանոնները պահպանելով մենք նվազեցնում ենք կորոնավիրուսակիրների թիվը: Վաղվանից, ի թիվս այլ կետերի, պարտադիր է դառնում մեքենաներում դիմակների կրման պահանջը: Կապ չունի՝ այդ մարդիկ մեկ ընտանիքի անդամներ են, հարազատներ կամ ամուսիններ»,- ասաց նա:
Փաշինյանը շեշտեց՝ անգամ տանը պատրաստված, ինքնագործ դիմակները կարող են պաշտպանել քաղաքացիներին կորոնավիրուսի վտանգներից:
VERELQ-ը հիշեցնում է, որ մայիսի 24-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 6661 դեպք, որոնցից 3064-ն` առողջացած, 81-ը` մահվան ելքով:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր տեղեկացրեց, որ կորոնավիրուսային հիվանդության բուժման համար ծավալված 186 ռեանիմացիոն մահճակալից այս պահին զբաղված է 154-ը, ազատ է ընդամենը 32-ը: Նրա խոսքով, ունենք 230 ծանր և 52 ծայրահեղ ծանր պացիենտ: