Հայաստանում կորոնավիրուսի հետևանքների մեղմման համար հաստատվել է սոցիալ-տնտեսական աջակցության 14 ծրագիր՝ ծայրահեղ բարդ ընթացակարգերով: Այս մասին այսօր՝ ապրիլի 20-ին, խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում ասաց «Լուսավոր Հայասան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Նրա խոսքով, աշխարհի շատ պետություններ կորոնավիրուսի ճգնաժամի հետևաքների մեղմման նպատակով իրենց քաղաքացիներին պետական անվերադարձ աջակցություն են տրամադրել ՀՆԱ-ի 5-10%-ի չափով: «Այս ծրագրերի շրջանակում մեր ՀՆԱ-ի 0.84%-ի չափով գումար է անվերադարձ տրամադրվում։ Իսկ 150 միլիարդ դրամը, որ տրամադրվում է՝ որպես աջակցություն, մեծամասամբ հետ եկող փող է։ Վարկ ենք տալիս, սուբսիդավորում ենք դրա տոկոսները։ Էդ վարկի տոկոսներն ու եղած սոցիալական աջակցության գումարը միասին մեր ՀՆԱ-ի 1%-ն էլ չի կազմում»,- ներկայացրեց Մարուքյանը։
Նրա խոսքով Հայաստանում հաստատված աջակցության 14 ծրագիրը ծայրահեղ բարդ ընթացակարգերով են գրոծում: «Ընկերություն կա միլիարդավոր դրամների հարկ է վճարում, 150 հազար դրամի ուշացում ունի, և ըստ այս չափանիշների այլևս չի համարվում բարեխիղճ հարկատու, և չի կարողանում օգտվել 0 տոկոսով վարկերից», - ասաց նա:
Նրա խոսքով, տվյալ իրավիճակում կառավարության՝ ծրագրերի խիստ նպատակայնությունը կարող է ավելի շատ վնասներ հասցնել: «Աջակցության 14 ծրագրերի փոխարեն պետք է լինեին երկու՝ մեկ տնտեսական և մեկ սոցիալական ծրագրեր, և պետք է տրամադրվեր ՀՆԱ-ի մինչև 10%-ի չափով աջակցություն», - ասաց նա։
Նա նաև նշեց, որ սոցիալական աջակցության ծրագրերը նաև ուշացած են, և բոլոր կարիքավորներին չեն վերաբերում. «Օրավարձով աշխատող և վարձով բնակվողների համար որևէ բան արվե՞լ է, կամ արտագնա աշխատողների համար, ովքեր անդադար գումար են ուղարկել Հայաստան։ Գյուղեր կան, որ ամբողջությամբ արտագնա աշխատանքով են ապրել։ Հիմա էդ գյուղերում մարդիկ տանը նստած են, ի՞նչ պետք է անեն, նրանք շինարարության տարբեր ոլորտներում բարձր կարգի վարպետներ են։ Էլի անհասկանալի իրավիճակ է»։
Մարուքյանը աջակցության 14 ծրագիր ունենալու իմաստը չի տեսնում, քանի որ տվյալ իրավիճակում աջակցությունը պետք է լինի զանգվածային:
«Կարծում եմ՝ հիմա էլ ուշ չէ, որ իրավիճակի դրամատիզմին համահունչ աջակցություն տրամադրվի, այլապես սա բերելու է տնտեսական և սոցիալական մեծ կոլապսի», - ասաց նա՝ հավելելով, որ մեկ կամ մի քնաի ունևորի աջակցություն չտրամադրելու համար այնպիսի չափանիշներ են մշակվել, որ բազմաթիվ կարիքավորներ ևս աջակցություն չեն ստանում: «Սա իմաստազրկում է ողջ գործընթացը», - ասաց նա: