VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր աղբյուրների վկայությամբ` պարետ Տիգրան Ավինյանը հետ է կանչել իր նախկին օգնականին՝ Ժորիկին՝ Գեորգի Մուրադյանին, որը ժամանակին եղել է Հովիկ Աբրահամյանի օգնականը, «Գոնսալեսի»` Նարեկ Սարգսյանի մտերիմ ընկերը։ Ավինյանը խնդրել է օգնել պարետատանը: Որտեղի՞ց եք եկել՝ հարցրինք Մուրադյանին։ «Դուբայում էի աշխատում-ապրում»: Ավինյանն անձա՞մբ խնդրեց, անփոխարինելի եք, փաստորեն։ «Չէ, անփոխարինելի չեմ, զանգեցին պարոն Ավինյանի գրասենյակից, եկա»: Ի դեպ, Դուբայում ի՞նչ վիճակ էր։ «Ընտանիքս այնտեղ է, տնից դուրս չենք գալիս՝ շատ ժոստկի կարանտին է, մերի պես չէ։ Եթե մեկին տեսնեն փողոցում, չասեմ, թե ինչ կանեն։ Մեզ մոտ այդպես չէ»: Ինչո՞ւ վերադարձաք։ «Երկրիս օգնելու»: Եվ ինչո՞վ եք օգնում։ «Կազմակերպչական հատվածում, տարբեր պետություններից բերում-հասցնում ենք դեղորայք-բուժսարքավորումներ»: Պետության խողովակներով չե՞ն կարողանում դա անել։ «Կարողանում են… պարետատունն ինչ խնդիր դնում ա, ես կատարում եմ»: Ձեզ բավարարո՞ւմ է պարետատան աշխատանքը, տեղեկություններ ունեմ` ըմբոստացել եք` ինչ-ինչ հարցերի հետ կապված։ «Չէ, ես ասել եմ ընդամենը, որ պետք է համակարգված աշխատել»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ հայրենի կառավարությունը փորձում է ներկայացնել, որ վերահսկում է իրավիճակը երկրում՝ հակահամաճարակային եւ կանխարգելիչ միջոցառումներ է իրականացնում, օրնիբուն աշխատում է, որ վարակի տարածումը կանխվի, իշխանության ճյուղերից մեկում՝ օրենսդիրում, անվերահսկելի վիճակ էր՝ պատգամավորների մեծ մասը նիստին ներկայացել էին առանց դիմակ ու ձեռնոց։ Բոլորը մոտենում ու նույն բարձրախոսից են ելույթ ունենում, ինչը չէր ախտահանվում եւ կարող է դառնալ վարակի աղբյուրը: Պատճառը կա՛մ տգիտությունն է, կա՛մ մտածում են, որ իրենց արյունը կարմիր է՝ քաղաքացիները կվարակվեն, իրենք՝ ոչ։ Եվ առհասարակ՝ կորոնավիրուսն ո՞ւմ շունն է, որ իրենց նման «դուխով» տղերքը դրանից պաշտպանվեն»:
«Փաստ» թերթը գրում է. «Իշխանությունները, հասկանալով, որ ստեղծված իրավիճակում իրենց համար բավականին դժվար է որոշումներ կայացնել, ձեռնամուխ են եղել «ինտելեկտուալ մոբիլիզացիայի» մի յուրահատուկ գործընթացի։ Ըստ այդմ, «Փաստ» թերթի տեղեկություններով, նախատեսվում է կոնսուլտացիաների գործընթաց սկսել ոչ միայն խորհրդարանական ուժերի, այլեւ արտախորհրդարանական կուսակցությունների եւ հասարակական-քաղաքական կյանքում ակտիվ դերակատարություն ունեցող անձանց եւ կազմակերպությունների հետ։ Խնդիրն այն է, որ Հայաստանին ներկայումս հարկավոր են կոնկրետ լուծումներ, ընդ որում՝ ոչ միայն կարճաժամկետ, օպերատիվ, այլ նաեւ՝ հեռանկարային, որոնք իրենց մեջ կպարունակեն զարգացման ռեսուրս»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը նախօրեից որոշել է աշխատել տանից, կառավարության նիստի ավարտից հետո տուն է գնացել, քանի որ նախարարի տարիքը ռիսկային խմբում է: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նախարարն ասաց, որ ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրությունից հետո իրենք աշխատում են գերծանրաբեռնված, ախտահանում են ՀՀ-ում առկա բոլոր ավտոկանգառները` մոտ 330-ը Երեւանում, նույն քանակի էլ տարբեր մարզերում: Նախարարը մեզ հետ զրույցում հայտարարեց, որ, ցավոք, ԱԻՆ-ի փրկարար ծառայության երկու աշխատակից վարակվել են վիրուսով, այժմ բուժվում են, իսկ իրենց շրջապատի մարդիկ մեկուսացվել են: «Մենք արդեն ունենք երկու դեպք վարակված, ունենք մեկուսացվածներ: Մեկուսացրել ենք մեր հինգերորդ՝ Արաբկիրի ջոկատը, այնտեղից 11 հոգու մենք մեր ուժերով ենք մեկուսացրել, մեր բժիշկներն են հսկողության տակ պահում: Աշխատում ենք, որպեսզի հերթափոխերն այնպես կազմակերպենք, որպեսզի մի հերթափոխը մյուսին չհանդիպի, այսինքն՝ մի հերթափոխը դուրս է գալիս, ախտահանում է իրականացվում ջոկատում, որից հետո նոր խումբը մուտք է գործում»,- ասաց նախարարը: Մեր զրուցակիցը հայտարարեց, որ իրենք ամեն ինչ անում են դեպքերը կանխելու համար»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջերս բավականին դրամատիկ իրադարձություններ են զարգացել Երեւանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի, ժողովրդական լեզվով՝ թաղման բյուրոյի տնօրեն Արման Իսկանդարյանի աշխատասենյակում, ուր վառված լուսամփոփը փոխելիս վերեւից վայր է ընկել «ժուչոկների» մի ամբողջ հավաքածու:Իսկանդարյանն իմքայլական ակտիվիստներից է, տեւական ժամանակ ավագանու անդամ էր, հետո նշանակեցին թաղման բյուրոյի տնօրեն, սակայն վերջերս քաղաքապետի եւ նրա ջրերը սկսել էին նույն առվով չհոսել, ավելին, ըստ մեր տեղեկությունների, պահանջել էին, որ հրաժարական գրի: Ժուչո՞կ եք գտել Ձեր սենյակում՝ հարցրինք Իսկանդարյանին։ «Եկեք չպատասխանեմ այդ հարցին»: Մեր ձեռքի տակ ձեր «ժուչոկների» նկարն է: «Որտեղի՞ց ձեզ»։ Լրագրողներին նման հարցեր չեն տալիս։ «Ես էդ հարցին կպատասխանեմ բացասական»: Բա որ վաղը պարզվեց՝ լրագրողը ճի՞շտ էր։ «Դե որ պարզվեց՝ պարզվեց»: Իսկ ինչո՞ւ են Ձեր եւ Մարությանի հարաբերությունները լարվել, ասում են՝ իրենց մարդուն են ցանկանում նշանակել, Ձեզ չեն վստահում, մանավանդ՝ կորոնավիրոսի սպասվող զարգացումների ֆոնին։ «Իմ ու Մարությանի միջեւ որեւէ լարվածություն չկա»: Դուք պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի հետ ոլորտին առնչվող նոր նախագիծ եք պատրաստում, հնարավո՞ր է դա է պատճառը։ «Չի կարող, նախագիծը համաձայնեցնում ենք բոլորի հետ»:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ինչպես հայտնի է, պայմանավորված Հայաստանում արտակարգ դրությամբ՝ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն հետաձգվել է։ Եվ, ահա, ԱԺ պատգամավոր Վահագն Հովակիմյանը նախագիծ է բերել, որով ամրագրվում է, թե ինչպես եւ երբ է անցկացվելու հանրաքվեն, եւ ինչ է լինելու արտակարգ դրության ավարտից հետո։ Մասնավորապես, նախագծով ամրագրվում է, որ ռազմական կամ արտակարգ դրության պատճառով կասեցված հանրաքվեն անցկացվում է ռազմական կամ արտակարգ դրության ավարտից ոչ շուտ, քան 50, եւ ոչ ուշ, քան 65 օր հետո: Եվ հանրապետության նախագահը ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո` եռօրյա ժամկետում, նշանակում է կասեցված հանրաքվեի գործընթացը մեկնարկելու օրը եւ քվեարկության օրը, որը պետք է լինի կիրակի: Բացի այդ, 5-րդ մասով սահմանվում են կասեցված հանրաքվեն վերսկսելու կարգավորումները: Մասնավորապես, վերսկսված հանրաքվեի գործընթացը մեկնարկելու օրվա եւ քվեարկության օրվա միջեւ ժամանակահատվածը չի կարող պակաս լինել ռազմական կամ արտակարգ դրության պատճառով կասեցված հանրաքվեի կասեցման օրվանից մինչեւ քվեարկության օրն ընկած ժամանակահատվածից։
Բացի այդ, պատգամավորը ցանկանում է ամրագրել, որ ռազմական կամ արտակարգ դրության պատճառով կասեցված հանրաքվեի դեպքում քարոզչության ֆինանսավորման հիմնադրամում մուտքերը սառեցվում են մինչեւ հանրաքվեի վերսկսումը: Հանրաքվեի վերսկսումից հետո քարոզչության կողմերը կարող են օգտագործել իրենց հիմնադրամներում մնացած միջոցները: Եվ արտակարգ դրության պատճառով կասեցված հանրաքվեի վերսկսման դեպքում մինչեւ կասեցման պահը կատարված գործողությունների ընթացքը շարունակվում է կասեցված հանրաքվեի գործընթացը մեկնարկելու օրվանից: Այսինքն՝ ստացվում է, որ հանրաքվեի քարոզարշավը սկսվելու է այն կետից, որտեղ կանգ է առել, այլ ոչ թե ամենասկզբից, եւ սահմանված են նաեւ ժամկետները։ Եվ եթե հաշվի առնենք այսօր ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի այն հայտարարությունը, թե մինչեւ մայիսի կեսը ամեն ինչ կավարտվի, ապա հանրաքվեն արդեն կանցկացվի ամռանը՝ թերեւս հունիսի վերջ կամ հուլիսի սկիզբ»։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2020 թվականի հունվարի 1-ից մինչեւ փետրվարի 13-ը բանակում արձանագրված 13 մահվան դեպքով ՊՆ ԶՈՒ բարոյահոգեբանական վարչության պետն ու ՌՈ պետն ազատվեցին պաշտոնից: Եվ, ահա, մարտի 20-ին ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի պետի տեղակալ-վարչության պետի տեղակալ, գնդապետ Արթուր Պողոսյանին նշանակեցին ԶՈՒ բարոյահոգեբանական վարչության պետ: Սակայն նկատենք, որ, գնդապետի անվան հետ կապված, տարիներ առաջ մամուլում աղմկահարույց հրապարակում է եղել: Մասնավորապես, «Նորաշեն 2007» ընկերության գործունեությունից տուժած մի խումբ բնակիչներ բաց նամակ էին հրապարակել, որտեղ նշել էին, թե 2011թ. փետրվարի 16-ին հարուցված քրգործի նախաքննության շրջանակներում ՀՔԾ պետ Անդրանիկ Միրզոյանը շատ կարեւոր ապացույց ձեռք բերելու նպատակով պաշտոնական հարցում էր կատարել ՀՀ ՊՆ, սակայն ՊՆ-ից նրան պատասխանեցին ակնհայտ կեղծ տեղեկատվությամբ: Դրա կազմակերպիչը ՊՆ ՀՕՊ վարչության պետի տեղակալ, գնդապետ Արթուր Արիսի Պողոսյանն է, որը սույն գործով մեղադրյալի փոխարեն ճանաչվել է վկա: «Նախաքննության ժամանակ նա հրաժարվեց, որ մենք ծանոթ ենք, այնինչ 2008-2010թթ. ընթացքում կատարել ենք մեկ տասնյակից ավելի գործարքներ: Կան բոլոր նոտարական պայմանագրերը»: «Ժողովուրդ» օրաթերթը այս նամակի եւ բանակի բարոյահոգեբանական վիճակը բարելավելու հարցերի շուրջ փորձեց զրուցել գնդապետ Պողոսյանի հետ, սակայն վերջինս ասաց, որ հեռախոսով նպատակահարմար չի գտնում խոսել, կհանդիպենք, եւ մեր բոլոր հարցերին կպատասխանի: Իսկ, ահա, բանակում քրեական ենթամշակույթը արմատախիլ անելու հարցին ի պատասխան՝ նշեց. «Համալիր միջոցառումներ են լինելու, եւ ոչ միայն մեր նախարարության մասշտաբով, տարբեր գերատեսչություններ առնչություն կունենան, պետք է գիշեր-ցերեկ բոլորովս քրտնաջան աշխատենք եւ կարողանանք դա կատարել»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Արցախում Արցախի նախագահի եւ խորհրդարանական ընտրություններին մասնակցել է 76 471 ընտրող կամ ընտրողների ընդհանուր թվի 72,7 տոկոսը: Սա բարձր ցուցանիշ է՝ հաշվի առնելով նաեւ կորոնավիրուսային վարակի տարածվածությունն աշխարհում։ Ինչպես հայտնի է, խորհրդարանական ընտրություններին մասնակցում էր 12 քաղաքական ուժ, իսկ արդեն նախագահի պաշտոնի համար պայքարում էր 14 թեկնածու։ Եվ երեկ նախնական արդյունքները վկայում էին, որ ընտրությունների արդյունքները կանխորոշվում են առաջին փուլում, եւ Արցախի նախագահ կդառնա Արայիկ Հարությունյանը։ Իսկ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով՝ նրա ղեկավարած «Ազատ հայրենիք-ՔՄԴ» դաշինքին հաջորդում էր Սամվել Բաբայանի «Միասնական Հայրենիք» կուսակցությունը»։
«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանությունները մտադիր են անդրադառնալ դեռեւս 1991-ին սեփականաշնորհված գյուղատնտեսական որոշ վարելահողերի վերանայման հարցին։ Սա պայմանավորված է նրանով, որ շատ սեփականատերեր, որոնք ունեն մի քանի հեկտար մշակովի հողեր, վերջին 20-25 տարիներին ՀՀ-ում չեն բնակվում, ավելին՝ անգամ այլ պետությունների քաղաքացիներ են, միաժամանակ իրենց սեփականություն հանդիսացող վարելահողերը առավելապես անմշակ են եւ ժամանակի ընթացքում վերածվում են խոպանի։ Հաջորդ եւ առավել առանցքային առիթն այն է, որ գրեթե բոլոր համայնքներում նախկին որոշ գյուղապետներ սեփականաշնորհել են համայնքների լավագույն հողերը (այսպես կոչված՝ ռեզերվները) եւ սեփական կարիքների համար օգտագործում են վարձակալության անվան տակ։ Դա կատարվել է հետեւյալ ընթացակարգով. հողերը մշակվել են իրենց կառավարման տարիներին, իսկ արդեն պաշտոնավարումը դադարեցնելուց հետո 30-50 տարով պայմանագրեր են կնքվել եւ ներկայումս մշակվում են այդ սկզբունքով։ Այս առիթով, մեր տեղեկություններով, հանձնարարական է իջեցվել հստակ քարտեզագրել եւ մանրամասն ուսումնասիրել բոլոր ռիսկային խնդիրները, որպեսզի համապատասխան օրենսդրական նախաձեռնություն նախապատրաստվի»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախկին իշխանությանը համայնքների խոշորացման ծրագրի համար մեղադրող հեղափոխականները, որոշ տեղեկություններով, պատրաստվում են համայնքների խոշորացման նոր ծրագիր իրականացնել, որը գերազանցելու է 2016-ին սկսածը: Մեր աղբյուրի տեղեկացմամբ, ծրագրի հիմքում սովետական շրջանի մոդելն է, երբ 11 մարզի փոխարեն շրջաններ էին՝ թվով 36: Հնարավոր է՝ կորոնավիրուսը որոշ ժամանակով հետաձգի այդ պլանը, բայց իշխանությունը, համաձայն մեր աղբյուրի, վճռական է տրամադրված»: