Ազգային ժողովը մարտի 31-ին առանց խորհրդարանական ընդդիմության պատգամավորների մասնակցության ընդունեց Համաճարակի հետևանքով հայտարարված արտակարգ դրության ժամանակ քաղաքացիների զանգերը և տեղաշարժը վերահսկող «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացումներ կատարելու վերաբերյալ փաթեթը:
Ընդդիմությունը բոյկոտեց
Այն այսօր ավելի վաղ տապալվեց ԱԺ-ում՝ ընդդիմության բոյկոտի ու «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների մի հատվածի նիստին չմասնակցելու հետևանքով: Սակայն քիչ հետո, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իշխանությունը փնտրում է եղանակ, որպեսզի կրկին ԱԺ ներկայացնի այդ օրենսդրական փաթեթը:
Արտահերթ նիստն անցավ առանձ ընդդիմության ներկայացուցիչների: Ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները հայտնել էին, որ չեն մասնակցելու արտահերթ նիստին, քանի որ իշխանությունները խախտում են պառլամենտարիզմի սկզբունքը:
ԱԺ նիստում բաղի «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» եւ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքներում փոփոխությունների փաթեթից, որն ընդունվեց առաջին ընթերցմամբ, երկրորդը ընթերցմամբ ընդունվեց «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագիծը: Այն առաջին ընթերցմամբ արդեն ընդունվել էր:
Քվեարկություններից հետո ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը կոչ արեց բոլոր խմբակցություններին ենթադրաբար ժամը 21.30-ից լինել ԱԺ-ում. «Ժամը 21.30-21.45-ի շրջանում մենք կգումարենք մեր երկրորդ նիստը, այս նախագծերի երկրորդ ընթերցման համար»:
«Շոու» և «թաքուն նիստ»
Մեկ անգամ մերժված օրենսդրական փոփոխությունների փաթեթը կրկին Ազգային ժողով ներկյացնելու ու այն արտահերթ նիստի ռեժիմով քննարկելու նախաձեռնությունը քննադատել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«ԱԺ նիստի ավարտից հետո բոլորս գնում ենք մեր գործերով, կոնկրետ ես եկել եմ տուն և 17:05-ին Գևորգ Գորգիսյանին է զանգել աշխատակազմի ղեկավարը և տեղեկացրել, որ ժամը 17:00-ին արտահերթ նիստ է։ Ամեն ինչ ունի սահմաններ, կարծում եմ, և սա իրականում բոլոր սահմաններն է ացնում», - ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց նա։
Մարուքյանի կարծիքով, որ նախագիծը կապ չունի կորանվիրուսի հետ, այն մտահոգիչ է ու ԼՀԿ մտահոգություններն այդպես էլ չեն փարատվել, դրա համար էլ դեմ են քվեարկել։
«Աշխարհում կա պրակտիկա, երբ խորհրդարանը մի բան մերժում է, իշխանությունը դա երկրորդ անգամ չպետք է բերի։ Հիմա ունենք իրավիճակ, երբ խորհրդարանը մերժել է, կառավարությունը նորից բերել է, որ զոռբայությամբ անցնի», - ասաց Մարուքյանը:
Տապալված օրենսդրական փաթեթը վերստին ԱԺ ներկայացնելու նախաձեռնությունը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանի կարծիքով ցույց է տալիս, որ իշխանությունը «խորապես թքած ունի թե՛ պառլամենտարիզմի գաղափարի, թե՛ խորհրդարանական կառավարման երկիր ունենալու գաղափարի վրա»:
«Աղմկահարույց օրինագծի քվեարկության տապալումից հետո գործադիրը որոշում է կայացնում արտահերթ նիստ հրավիրելու վերաբերյալ, որի մասին խորհրդարանական ընդդիմությունը տեղեկացվում է նիստի մեկնարկին գրեթե զուգահեռ: Եթե ի սկզբանե իշխանությունների համար կյանքի ու մահվան հարց էր «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքներում լրացում կատարելու վերաբերյալ նախագծի անցկացումը, թո՛ղ բարի լինեին և ապահովեին իշխանական «Իմ քայլը» խմբակցության 88 պատգամավորի ներկայությունը , ոչ թե հետո «Сам себе режиссер»-ի սկզբունքով արտահերթ նիստ հրավիրեին, անցկացնեին ցանկալի օրինագծերն ու խորհրդարանական ամբիոնից հոխորտային, թե ընդդիմությունը չի մասնակցում քննարկմանը», - նշել է նա:
«Այո՛, գլխավոր քաղաքական ինստիտուտի նկատմամբ նման քամահրական վերաբերմունքի դեպքում մենք չենք պատրաստվում մաս դառնալ այս շոուին: Հասկանում ենք, որ երկրում արտակարգ դրություն է, և այս դեպքում իշխանությունը պետք է դրսևորի արտակարգ գիտելիքներ և ունակություններ վիճակը շտկելու համար, ոչ թե առաջնորդվի արտակարգ ամենաթողության սինդրոմով և հանդես գա ցանկացած գնով ուզածին հասնելու երեխայական գործելաոճով», - հավելել է Տոնոյանը: