25.11.2024
Որքա՞ն գումար է փոխանցվել կորոնավիրուսի դեմ պայքարին
prev Նախորդ նորություն

ՀՀ Գլխավոր շտաբի պետը դիմել է զինծառայողների ծնողներին ու հարազատներին

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ուղերձով դիմել է պարտադիր ժամկետային զինծառայողների ծնողներին, հարազատներին:

Ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Նոր տեսակի կորոնովիրուսային վարակն օրեցօր ընդլայնում է իր սահմանները` ներառելով նաև Հայաստանի Հանրապետությունը: Կանգնած լինելով կորոնավիրուսային վարակի լրջագույն մարտահրավերի առաջ՝ Հայաստանի Հանրապետության իշխանություն¬ները երկրում հաստատեցին արտակարգ դրություն` համազգային և միասնական ջանքերով պայքարելու և կանխելու վարակի լայնածավալ տարածումը, զարգացումն ու դրա բացասական հետևանքները երկրի տնտեսության վրա:


ՀՀ ԶՈՒ ղեկավարության համար զինծառայողը բարձրագույն արժեք է, և հնարավոր ամեն ինչ արվում է նրան առողջական խնդիրներից զերծ պահելու համար:


Ստեղծված իրավիճակում ՀՀ զինված ուժեր վարակի ներթափանցումը կանխելու նպատակով դիմում եմ ձեզ.


Անհարկի չմիջամտել համա­ճա­րակի դեմ զինված ուժերի հրամանատարության, առողջապահության նախարարու­թյան և այլ պետական կառույցների հետ համատեղ լայնածավալ ու բազմապիսի աշխատանքներին ու կանխարգելիչ միջոցա­ռումներին,

Գիտակցված և ըմբռնումով մոտենալ ժամկետային պարտադիր զինծառայողներին արձակուրդ չտրամադրելու որոշմանը. այս քայլը միտված է վերջիններիս շփումը հնարավոր վա­րակակիր քաղաքացիների հետ բացառելուն,
Խուսափել զինծառայողներին սնունդ, հիգիենայի պարագաներ և այլ միջոցներ ուղարկելուց:

Հեռախոսային զրույցների ժամանակ վարակի տարածման կամ հարազատների, բարեկամների, ծանոթների` վարակված լինելու մասին տեղեկատվություն չհայտնել` զինծառայողների մոտ տագնապային տրամադրություն չստեղծելու համար:

Ցուցաբերելով առավելագույն զգուշություն և զսպվածություն` հնարավորություն կընձեռեք ձեր զավակներին անշեղորեն կատարել իրենց պարտականությունները:


Համոզված ու լիահույս եմ, որ մեր համատեղ և փոխըմբռնված աշխատանքի շնորհիվ հաղթահարելու ենք նաև այս մարտահրավերը:


Առողջություն եմ մաղթում բոլորիս»: