24.11.2024
ՀՀ Գլխավոր շտաբի պետը դիմել է զինծառայողների ծնողներին ու հարազատներին
prev Նախորդ նորություն

«Գեղարվեստական տպագրության II միջազգային բիենալեն» շարունակում է հիացական կարծիքներ ստանալ

Կրակովի Գեղարվեստի ակադեմիայի դոկտոր, պրոֆեսոր Մաթեուշ Օտրեբան, որը նաև «Գեղարվեստական տպագրության Երկրորդ միջազգային բիենալե, Երևան 2019»-ի միջազգային ժյուրիի նախագահն է, անդրադարձել է բիենալեին:


«Մշակույթների երկխոսություն» կազմակերպության նախաձեռնությամբ և ջանքերով 2019 թվականի սեպտեմբերի 7-ից նոյեմբերի 7-ը Երևանում իրականացվել է «Գեղարվեստական տպագրության Երկրորդ միջազգային բիենալե, Երևան 2019» գեղարվեստական տպագրական աշխատանքների լայնածավալ ցուցադրությունը, որին մոտ 400 աշխատանքով մասնակցել է 53 երկրի 227 արվեստագետ։

Արդեն երկրորդ անգամ իրականացվող, սակայն տարածաշրջանում միակը համարվող գեղարվեստական տպագրության այս բիենալեին անհամար արձագանքներ եղան թե՛ տեղական, և թե՛ միջազգային հարթակներում։ Ինչպես մասնակից, այնպես էլ միջազգային ճանաչում ունեցող շատ ու շատ արվեստագետներ, միջազգային հյուրեր ու նաև հայ հանդիսատեսը, չզլացան հիացական տպավորություններ ու խոսքեր շռայլել՝ դրականորեն գնահատելով «Մշակույթների երկխոսություն» կազմակեպության հիմնադիր նախագահ Սոնա Հարությունյանի գլխավորությամբ Բիենալեի կազմկոմիտեի, կազմակերպչական թիմի իրականացրած թե՛ նախապատրաստական, կազմակերպչական և ընթացիկ աշխատանքի ու ցուցադրության ծավալները, և թե՛ ողջ նախաձեռնության որակական կողմը։ Իսկ ցուցադրությունից հետո մասնակից-արվեստագետների շնորհակալական ու նույնքան հիացական նամակները «Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունը շարունակում է ստանալ առ այսօր։

Առանձնահատուկ ուշադրություն է պահանջում «Գեղարվեստական տպագրության Երկրորդ միջազգային բիենալե, Երևան 2019»-ի միազգային ժյուրիի անդամներից և միջոցառման շրջանակում Երևանի տարբեր ցուցասրահներում անհատական ցուցադրություններ, վարպետության դասեր ու զեկուցումներ ունեցած արվեստագետներից յուրաքանչյուրի խոսքը Բիենալեի մասին։ Հայաստան ժամանելով՝ նրանք ոչ միայն սեփական ներկայությամբ պատվեցին Բիենալեն, այլև ունեցան այն անձամբ տեսնելու և գնահատական տալու հնարավորություն։

«Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունն այսուհետ պարբերաբար կնեկայացնի նրանց խոսք-ուղերձները, որոնք հետագայում կզետեղվեն «Գեղարվեստական տպագրության Երկրորդ միջազգային բիենալե, Երևան 2019»-ի լայնածավալ պատկերագրքում։

Իսկ առաջին տպավորությունը, որ ներկայացնում է «Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունը, «Գեղարվեստական տպագրության Երկրորդ միջազգային բիենալե, Երևան 2019»-ի միջազգային ժյուրիի նախագահ, լեհ արվեստագետ, Կրակովի Գեղարվեստի ակադեմիայի դոկտոր պրոֆեսոր Մաթեուշ Օտրեբայինն է։

Ի դեպ, Լեհաստանը «Գեղարվեստական տպագրության Առաջին միջազգային բիենալե, Երևան 2017»-ին առավել կարևոր երկրների շարքում էր՝ 33 մասնակցով, իսկ 2019 թվականի Գեղարվեստական տպագրության Երևանյան միջազգային բիենալեին իր 27 արվեստագետ-մասնակիցների քանակով՝ երկրորդ տեղում՝ Չինաստանից հետո։
Մաթեուշ Օտրեբան ծնվել է 1971թ.-ին, ապրում է Կրակովում, Լեհաստան։ Սովորել է Կրակովի Յան Մատեյկոյի անվան Գեղարվեստի ակադեմիայի գեղարվեստական տպագրության ֆակուլտետում, գերազանց ավարտել “Screen Process Studio” արվեստանոցի գեղարվեստական տպագրության բաժինը, պրոֆեսոր Անժեյ Պիետչի ղեկավարությամբ: Լեհաստանում և արտասահմանում մասնակցել է գեղարվեստական տպագրության և գծանկարչության բազմաթիվ ցուցահանդեսների այդ թվում նաև Գեղարվեստական տպագրության միջազգային տրիենալեին լեհական Տչև քաղաքում, ինչպես նաև Յուվասկյուլայի “Graphica Creativa” Գեղարվեստական տպագրության տիրենալեին Ֆինլանդիայում: Ստացել է Գեղարվեստական տպագրության պրոֆեսորի կոչում Կրակովի Գեղարվեստի ակադեմիայում: Կրակովի գեղարվեստական տպագրության IX միջազգային տրիենալե միության խորհրդի անդամ է։

Մաթեուշ Օտրեբան երկրորդ անգամն էր ներկայացված Գեղարվեստական տպագրության Երևանյան բիենալեի ժյուրիի կազմում, այս անգամ՝ որպես նախագահ։ Ըստ այդմ, նա նաև նախորդ՝ «Գեղարվեստական տպագրության Առաջին միջազգային բիենալե, Երևան 2017»-ը գնահատելու և Երկրորդի հետ համեմատելու հնարավորությունն է ունեցել։


Անհավանական է։ Առաջին բիենալեից անցել է ընդամենը երկու տարի, և ներկայիս ցուցահանդեսը ոչ միայն պարզապես ընտրված աշխատանքների ցուցադրություն է, այլ վերածվել է մի մեծ փառատոնի ու դարձել գեղարվեստական տպագրության տոն։

Անհատական ցուցադրություններով ներկայացվեցին «Գեղարվեստական տպագրության առաջին միջազգային բիենալե, Երևան 2017»-ի մրցանակակիրների (Թոմաշ Վինյարսկի, Մինյե Ժանգ) աշխատանքները, գեղարվեստական տպագրության վարպետության դասեր անցկացրեց գերմանացի նշանավոր արվեստագետ Հերբերտ Մայերը, տեղի ունեցան բազմաթիվ դասախոսություններ և ցուցադրություններ։

Ողջ փառատոնն ինքնին դուրս եկավ մրցութային ցուցադրության սահմաններից։ Եվ ամբողջը համակարգում ու ղեկավարում էր հիանալի և նվիրված մի թիմ՝ Սոնա Հարությունյանի գլխավորությամբ:

Այդ ամենին ես հիացմունքով ու բարի նախանձով էի հետևում։ Եվ չկար բաժանում առավել և պակաս կարևորի, պարզապես կար ընդհանուր նպատակ, որին պետք էր հասնել: Եվ ես՝ լինելով ժյուրիի կազմում և հատկապես՝ որպես նախագահ, մի առավելություն ունեի ի սկզբանե. անմիջականորեն հետևել գեղարվեստական այդ գործընթացին։

Երկար էի մտորում, թե որտեղի՞ց գեղարվեստական նոր փառատոն ստեղծելու այդ վճռականությունն ու ցանկությունը։ Եվ հանկարծ հիշեցի մանկական մի հեքիաթ, որը, նույնիսկ տեղյակ չէի, որ հայկական է։
Գլխավոր հերոսը՝ Ալո-Դինոն, Հազարան Բլբուլին փնտրելու ընթացքում կայացնում է ծանր և անհնարին թվացող որոշումներ։ Նա համարձակ, խիզախ, արդար և վստահելի մարդ է։ Նա երբեք չի ընկրկում բազում դժվարությունների առջև և, ի վերջո, ինչպես սովորաբար լինում է հեքիաթներում, հաղթում է։ Այս պատմությունն այդքան անսպասելի զարթնեց հիշողությանս մեջ, հավանաբար, երբ փորձեցի պատկերացնել, թե ինչ դժվարին ճանապարհ են անցել «Գեղարվեստական տպագրության երկրորդ միջազգային բիենալե, Երևան 2019»-ի կազմակերպիչները։

Բարեբախտաբար այդ ջանքերն արդեն տալիս են հիանալի պտուղներ, և ես համոզված եմ, որ այս իրադարձությունն աստիճանաբար գրավում է իր արժանի տեղը գեղարվեստական տպագրության՝ աշխարհի կարևորագույն միջոցառումների շարքում։