Ռուսաստանից ՀՀ քաղաքացիները կարող են վերադառնալ բացառապես օդային ճանապարհով. ԱԳՆ
Ռուսաստանում գտնվող ՀՀ քաղաքացիները կարող են Հայաստան վերադառնալ բացառապես օդային ճանապարհով։ Այս մասին ասուլիսում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարարի խոսնակ Աննա Նաղդալյանը։
Նա հիշեցրեց, որ Ռուսաստանի կառավարությունը որոշում է կայացրել, որով արգելել է օտարերկրացիների մուտքն իր երկիր: Իր հերթին ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել, որ ՌԴ-ում գտնվող բոլոր ՀՀ քաղաքացիները, նրանց ընտանիքի անդամները, ինչպես նաև այն անձինք, ովքեր չունեն քաղաքացիություն, բայց ունեն ՀՀ-ում բնակվելու իրավունք, կարող են օդային ճանապարհով վերադառնալ Հայաստան։
«Ցամաքային ճանապարհը քաղաքացիների տեղաշարժի համար փակ է, իսկ բեռնատարների տեղաշարժի համար որևէ սահմանափակումներ չկան: Մեր բոլոր քաղաքացիները, ովքեր ցանկանում են Ռուսաստանից վերադառնալ Հայաստան, պետք է օգտվեն բացառապես օդային ճանապարհից»,- շեշտեց Նաղդալյանը։
VERELQ-ը հիշեցնում է, որ Հայաստանում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ը արտակարգ դրություն է հայտարարվել: Ավելի վաղ կառավարությունը պարզաբանել է, թե ի՞նչ է այն իրենից ենթադրում: