26.11.2024
Սիրիայում Անկարայի սադրանքների հետևում թաքնված է ԱՄՆ-ն
prev Նախորդ նորություն

Թբիլիսին ու Թեհրանը բանակցում են Հայաստանի տարածքով գազ տարանցելու համար

Թեհրանն ու Թբիլիսին բանակցում են Իրանում արդյունահանված շուրջ 200 միլիոն խորանարդ մետր գազի` Հայաստանի տարածքով Վրաստան արտահանման հեռանկարների շուրջ: Այս մասին երեկ Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեի և Իրանի նավթարդյունաբերության նախարար Բիժան Նամդար Զանգանեի միջև Թեհրանում կայացած բանակցությունների ավարտին հայտարարել է դրանց մեկ այլ բարձրաստիճան մասնակիցը` Իրանի ազգային գազային ընկերության ղեկավար Ալիռեզա Քամելին, հայտնում է TACC գործակալությունը:

«Վրաստանի թե՛ մասնավոր և թե՛ պետական սեկտորի ընկերությունները շահագրգռված են իրանական գազի ձեռքբերման հարցում: Ակնկալվում է, որ գազի արտահանումը Վրաստան կմեկնարկի իրանական տոմարով նոր տարում, այսինքն մարտի 21-ից հետո»,- հայտարարել է Քամելին` նշելով, որ սկզբում կողմերը նախնական համաձայնագիր կստորագրեն:

«Առաջին համաձայնագրի գործողության ժամկետը յոթ ամիս է լինելու: Այդ համաձայնագիրը հիմք կհանդիսանա հետագա համագործակցության համար: Եթե գործարքի տնտեսական նպատակահարմարությունը ապացուցվի փորձով, արդեն կքննարկվեն Վրաստան գազի արտահանման միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերը»,- նաև ասել է իրանցի պաշտոնյան: Քամելիի խոսքով, սակայն, իրանական գազի արտահանման այս տարբերակը կյանքի կոչելուց առաջ «Վրաստանը Հայաստանից այդ երկրի տարածքով գազի տարանցման թույլտվություն պետք է ստանա»:

Թեհրանում չեն հստակեցնում, թե տեխնիկապես ինչպես է հնարավոր գործող խողովակաշարերի պարագայում Իրանից Հայաստանի տարածքով դեպի Վրաստան գազի արտահանում իրականացնել: Դեռ դեկտեմբերին ռուսական «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերը հայտարարել էր, որ խոսքն, ըստ ամենայնի, այսպես կոչված «սվոփային մատակարարումների» մասին կլինի: Այդ դեպքում Իրանը կարող է գազ մատակարարել Հայաստանին «Գազպրոմ»-ին պատկանող գազատարով, ռուսական ընկերությունն էլ նույն ծավալի գազ կմատակարարի Վրաստանի տարածք` «Հյուսիս-Հարավ» մագիստրալային խողովակաշարով, հայտնում է Ազատությունը:

Հարկ է նկատել սակայն, որ Իրանի հետ կնքվելիք գազային գործարքների մասին Վրաստանի իշխանությունները առայժմ որևէ հստակ տեղեկատվություն չեն հաղորդում: Վրաստանի էներգետիկայի նախարարն առայժմ գերադասում է խոսել միայն էլեկտրաէներգիայի սեզոնային մատակարարումների հնարավորության մասին, որոնց ընթացքում, ըստ Կալաձեի, Հայաստանը տարանցիկ դեր կխաղա:

«Հետաքրքրական է, որ գարնանն ու ամռանը, երբ մեր երկրում էլեկտրաէներգիայի, ինչպես նաև ջրային ռեսուրսների ավելցուկ է նկատվում, Իրանը հակառակը` էլեկտրականության սուր պահանջարկ է զգում և ներկրումներ է իրականացնում Հայաստանից: Նման իրավիճակում մենք հնարավորություն ունենք Հայաստանի միջոցով էլեկտրաէներգիայի մատակարարումներ իրականացնել դեպի Իրան, իսկ ձմռանը, երբ Վրաստանում էներգիայի սպառումը առավելագույն ցուցանիշների է հասնում, մենք կարող ենք հակառակ քայլին դիմել` Հայաստանի տարածքով Իրանից էլեկտրաէներգիա ներկրելով»,- ասել է Կալաձեն:

Կախա Կալաձեի՝ Թեհրանում անցկացրած բանակցությունները միայն էներգետիկ համագործակցությամբ չսահմանափակվեցին: Իրանական աղբյուրները փոխանցում են, որ Կալաձեն Իսլամական Հանրապետության փոխարտգործնախարար Մորտեզա Սարմադիի հետ բանակցությունների ժամանակ ուրվագծել է այն հիմնական ոլորտները, որոնցում Թբիլիսին մտադիր է խորացնել հարաբերությունները Իրանի հետ: Էներգետիկայից բացի նշվել են նաև տուրիզմն ու տարանցիկ փոխադրումները: