VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ մեկնարկեց Սերժ Սարգսյանի եւ մյուսների դատավարությունը։ Հանրապետականն ու Սերժ Սարգսյանին մերձ շրջանակները համընդհանուր մոբիլիզացիա էին հայտարարել։ Թերեւս՝ իշխանություններին ցույց տալու համար, որ իրենք ուժ են եւ հեշտ չեն հանձնելու իրենց նախագահին։Սակայն դատարան ժամանած Սերժ Սարգսյանը կոչ արեց իր համախոհներին՝ գնալ իրենց գործին։ Մի դեմարշ էլ նա դատարանում արեց՝ դատավորի հարցին պատասխանելիս ոտքի չկանգնեց։ Մեղադրողի դիտարկումին ի պատասխան՝ դատավորը թույլատրելի համարեց, որ նստած պատասխանեն իր հարցերին»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Անանյան եղբայրների հաջող վերադասավորումից հետո Մհեր Անանյանը հայտնվեց Ֆլեշի Բարսեղի տնտեսական կայսրության բուրգի վերին հատվածներում և «Արարատբանկի», այսինքն՝ Բարսեղ Բեգլարյանի ֆինանսների պատասխանատուն է։ Սակայն երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հանցակիցը նրա հետ միասին մեղադրվում է պետգնումների շրջանակում ինչ-որ զեղծարարության մեջ, իսկ Մհեր Անանյանը ոչ միայն պետգնումների եզակի մասնագետներից է և տիրապետում է դրա բոլոր հնարքներին, այլև ղեկավարել է Գնումների գործակալությունը, իսկ վերջին տարիներին ֆիննախի գնումների բողոքները լսող երկու անձանցից մեկն էր։ Այնպես որ, չի բացառվում, որ Մհեր Անանյանը հզոր մասնագիտական աջակցություն ցուցաբերելով շեֆին՝ Ֆլեշի Բարսեղին, անուղղակի օգնի նաև Սերժ Սարգսյանին մաքուր դուրս գալու մոտ «կես միլիարդանոց մեղադրանքից»։ Մհեր Անանյանը 2008թ. նախագահական արյունալի ընտրությունների ժամանակ նաև 2-րդ ընտրատարածքային հանձնաժողովի նախագահն էր: Սերժ Սարգսյանի հազվագյուտ վստահելիներից մեկը»:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երեկ Հայաստանում աննախադեպ իրավիճակի ականատես եղանք. նույն օրը եւ գրեթե նույն ժամին երկու տարբեր դատարաններում ընթանում էր Հայաստանի երկրորդ եւ երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի գործերով դատական նիստերը: Եվ եթե երկրորդ նախագահի գործով դատական նիստերն արդեն երկար ժամանակ է՝ ընթանում են, եւ մի տեսակ սովորական է դարձել, որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրյալի աթոռին է, ապա Սարգսյանի պարագայում երեկ առաջին նիստն էր, արտասովորության զգացողություն կա ամենուր եւ ամենքի մոտ: Դա ոչ թե այն պատճառով է, որ անհավատալի է` Սերժ Սարգսյանը ինչպես կարող էր կասկածվել որեւէ հանցանքի մեջ, այլ պարզապես տարիներ առաջ դժվար էր պատկերացնել, որ կգա այս օրը երբեւէ: Կարելի է ասել՝ ՀՀԿ վերնախավը ավանդույթի ուժով ամեն ինչ արել էր դատարանի դիմաց բազմություն ապահովելու համար` գործի դնելով գործարարների ռեսուրսները. «բերման էին ենթարկվել» ՀՀԿ-ական գործարարների աշխատակիցները: Ու թեեւ դատական նիստը նախատեսված էր 15:00-ին, սակայն երկու ժամ առաջ արդեն դատարանի բակում էին երդվյալ հանրապետականներն ու նաեւ գործարար-նախկին պատգամավորները:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում թե՛ Արկադի Համբարձումյանը, թե՛ Արայիկ Գրիգորյանը վստահեցնում էին, որ ոչ մեկին չեն ստիպել գալ դատարանի դիմաց. վերջիններս եկել են իրենց ցանկությամբ՝ հետեւելով ղեկավարների օրինակին: Հետաքրքիրն այն է, որ ՀՀԿ-ականների կազմակերպած բողոքի ակցիայի «պլակատների» մեծ մասը ընդհանրապես կապ չուներ Սերժ Սարգսյանի դատական գործի հետ, քանի որ պաստառների վրա գրված էր. «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում. Սերժ Սարգսյան», իսկ դատարանում քննվում էր քրեական գործ՝ դիզելային վառելիքի հափշտակության վերաբերյալ: Այսպիսով, 2018թ. թավշյա հեղափոխությունից հետո աննախադեպ իրավիճակ է Հայաստանում. երկրորդ եւ երրորդ նախագահները մեղադրյալի աթոռին են, մեկը՝ 2008թ. մարտի 1-ի օրերին սահմանադրական կարգի տապալման, մյուսն էլ՝ պետական բյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակություն կազմակերպելու համար, եւ եթե Քոչարյանը գտնվում է անազատության մեջ, ապա Սարգսյանի խափանման միջոցը չհեռանալու մասին ստորագրությունն է»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանի իշխանության օրոք Ոստիկանության զորքերի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Լևոն Երանոսյանը 2013-2015թթ. իր ղեկավարած կառույցում կանանց դասակ է ունեցել, որը համալրված է եղել մարմնավաճառներով, որոնք էլ ոստիկանական ծառայության փոխարեն, բավարարել են Երանոսյանի սեռական քմահաճույքները։ Այդ դասակի կին հրամանատարը թավշյա հեղափոխությունից հետո դուրս է եկել ոստիկանական համակարգից և համալրել Քոչարյանի աջակիցների ջոկատը»:
«Փաստ» թերթը գրում է. «Փաստի» աղբյուրների փոխանցմամբ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ուժեղացնել ազգային անվտանգության ծառայության գաղտնալսում իրականացնող ստորաբաժանման աշխատանքներն ու զգալիորեն ավելացնել այդ գործով զբաղվողների քանակը: Նույն աղբյուրի փոխանցմամբ, հանձնարարված է գաղտնալսել ու արտաքին հսկողություն իրականացնել բոլոր այն անձանց նկատմամբ, ովքեր քննադատում են Նիկոլ Փաշինյանին: Գաղտնալսման ենթակա են ոչ միայն ՀՀ վարչապետին քննադատողները, այլեւ նրանց ընտանիքների անդամներն ու մերձավորները: Իրավապահ համակարգի մեր աղբյուրի փոխանցմամբ, գաղտնալսվողների նման աննախադեպ քանակ երբեք չի եղել: Այլ կերպ ասած, ԱԱԾ -ի ռեսուրսի մի հսկայական հատված կենտրոնացած է երկրի ներսում Փաշինյանի ընդդիմախոսների նկատմամբ հսկողություն իրականացնելու եւ դրա մասին վարչապետին զեկուցելու վրա: Ըստ նույն աղբյուրի, ԱԱԾ սպաներից շատերը պարզապես ապշած են ստեղծված աննախադեպ վիճակից»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ «Իմ քայլի» էլիտան առավոտից ոտքի վրա էր. դրամահավաքի գործընթացն ամբողջովին կլանել էր ակտիվին: Ճի՞շտ է, որ բոլոր գործարարներին, հանքարդյունաբերողներին իմքայլականները, այդ թվում եւ կառավարության աշխատակազմից, հորդորել են ակտիվ մասնակցել դրամահավաքին՝ հարցրինք «Իմ քայլից» Հրաչ Հակոբյանին։ «Ո՞վ է ասում, անունը տվեք, հիմա լիքը բան են ասելու էս ընթացքում»: Հա, բողոքում են, արձանագրում են, որ Նիկոլն ասում էր` առաջ «չամադաններով Բաղրամյան 26 էին գնում, հիմա «Դվին» ռեստորան ենք գնալու, նրանց ասվել է` պետք չի «երեւաք»՝ ներկայացուցիչ ուղարկեք: «Դե թող մի հատ անուն-ազգանունը հրապարակի»: Որ փռեք ասֆալտի՞ն, տանեք նստացնե՞ք։ «Չէ, թող ի՛նքը մեզ դատի տա, մի հատ ըտենց իրավական քայլի դիմի, եթե վստահ է, որ նման բան է եղել, հիմա էդ մարդը կարա, չէ՞, ասի նաեւ, որ հորդորել ենք տունը ծախի, բերի մուծի»: Նման բան է՞լ եք ասել։ «Չէ, օրինակի համար եմ ասում»: Դուք ո՞ւմ եք հորդորել, ասում են` 4-5 հոգու պետք է «հորդորեիք», չե՞ք հորդորել Սամվել Ալեքսանյանին, նա ձեր ընտրատարածքի ընտրողներից է։ «Ոչ, չեմ հորդորել»:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երեկ «Դվին» ռեստորանում «Այո»-ի շտաբը կազմակերպել էր դրամահավաք-երեկո՝ Սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի ծախսերը հոգալու նպատակով: Եվ, ահա, արդյունքում հավաքվեց 205 մլն դրամից ավել գումար՝ առանց բանկային փոխանցումները հաշվարկելու: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ դրամահավաքին հիմնականում ներկա են եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները, այլ կուսակցություններից գործընկերներ, աջակիցներ։ Մենք տեղեկացանք, որ նախապես կուսակցության անդամներին, պատգամավորներին ասված է եղել այդ օրվա համար հյուրեր հրավիրել, որոնք եւս կկարողանան գումար հանգանակել: Ընդ որում, ներքին որոշում է եղել այնպես անել, որ գործարարներ գրեթե չլինեն դրամահավաք-երեկոյի ժամանակ, իսկ յուրաքանչյուր քարոզի, մասնակցի հրավերով, պետք է գոնե 3-4 հոգի ներկայանար: ՔՊ-ականներն այդպես էլ վարվել են եւ փորձել հրավիրել այնպիսի մարդկանց, որոնց ներկայությունը շահարկման առիթ չի հանդիսանա: Բացի գումարներ հանգանակելուց երեկ ներկաները հնարավորություն են ունեցել նաեւ դեմ դիմաց զրուցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, փորձել անձամբ նրանից ճշտել հետագա անելիքները: Ինչպես հայտնի է, այսօր տեղի կունենա շտաբի պետ Սուրեն Պապիկյանի ասուլիսը, որի ժամանակ մանրամասներ կներկայացվեն քարոզարշավի ընթացքից: Հստակ որոշում է առկա, որ արձակուրդում կլինեն Սուրեն Պապիկյանն ու Տիգրան Ավինյանը, իսկ, ահա, մյուս ՔՊ-ական նախարարներն ու մարզպետները կփորձեն քարոզարշավը կազմակերպել աշխատանքային ժամի ավարտից հետո»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Նախորդ տարեվերջին ստեղծված «Ազգային օրակարգ» կուսակցությունը, որի նախագահը Ավետիք Չալաբյանն է, ակտիվորեն ներգրավվելու է սահմանադրական հանրաքվեի «Ոչ»-ի աշխատանքներին: Մասնավորապես, մեր տեղեկություններով, Չալաբյանը հանձն է առել ֆինանսավորել «Ոչ»-ի շտաբի քարոզչական պաստառների տպագրության և դրանց տեղադրման հետ կապված ծախսերը»:
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանը փետրվարի 11- ին հայտարարություն արեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից դուրս գալու մասին եւ հայտարարեց, որ այսուհետ որպես անկախ պատգամավոր է հանդես գալու: Պատճառը նա չբացատրեց, միայն գրեց. «Բազմաթիվ իրադարձություններ, վերջին տարիների ընթացքում գոյացնելով մի իրավիճակ, որն անպայման պետք է փոխվեր, ստիպեցին վերջապես կայացնել «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից դուրս գալու որոշում»: Հայտարարությամբ հանդես եկավ նաեւ ԲՀԿ խորհրդարանական խմբակցությունը: «Տիգրան Ուրիխանյանը «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության կազմում անցել է երկարամյա քաղաքական ճանապարհ, սակայն այս փուլում պատգամավորի մոտեցումներն ու սկզբունքները համահունչ չեն «Բարգավաճ Հայաստան» խմբակցության մոտեցումների հետ: Այդ իսկ պատճառով, այս պահից սկսած՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դադարեցնում է համագործակցությունը Տիգրան Ուրիխանյանի հետ: Վերջինս իր գործունեությունը շարունակելու է անկախ պատգամավորի կարգավիճակով»,- ասվում է ԲՀԿ հայտարարության մեջ: Եվ չնայած իր հայտարարության մեջ Ուրիխանյանը շնորհակալություն է հայտնել Գագիկ Ծառուկյանին եւ խմբակցության գործընկերներին, սակայն պարզ է, որ նա ինչ-որ բանով արժանացել է Գագիկ Ծառուկյանի զայրույթին եւ հեռացվել խմբակցությունից:
Ավելին՝ տեղեկություններ կային, որ Գագիկ Ծառուկյանը նրա ձեռքից վերցրել է մանդատը եւ անգամ որոշած է եղել նրա պատգամավորական լիազորությունները դադարեցնել, սակայն դա չի արել միայն այն պատճառով, որ Ուրիխանյանից հետո մանդատ ստանալու հերթը Մարինա Խաչատրյանինն է, ով հայտնի է իշխանություններին եւ մասնավորապես Նիկոլ Փաշինյանին դաժանաբար քննադատելու մոլուցքով, իսկ Ծառուկյանը նոր պրոբլեմներ չի ուզում ունենալ: Այս փաստը Տիգրան Ուրիխանյանը հերքում է: Մեզ հետ զրույցում նա ասաց. «Ծառուկյանը բարձր բարոյական արժեհամակարգի տեր անձնավորություն է»: Ապա հավելեց, որ այդ խոսակցությունները բացարձակ ոչ մի կապ չունեն իրականության հետ եւ որ իր համար անակնկալ են: «Իրականությանը ոչ միայն չեն համապատասխանում, այլեւ դրա համար հող էլ չկա, ու խոսելն էլ է անիմաստ»: Պատգամավորին հարցրինք՝ այնուամենայնիվ, անհասկանալի մնաց, թե ինչու դուրս եկաք խմբակցությունից: Նա բացականչեց. «Ինչպես թե, ձեր կայքը, ձեր թերթը նույնիսկ գրեց, թե ինչու՝ առանձին, ուրույն քաղաքական կուրս իրականացնելու համար»: Փաստորեն, չէիք կարողանում ԲՀԿ-ի հետ, չէր ստացվում, հարցրինք նրան: «ԲՀԿ-ի հետ, ինչպես նշեցի, անցել ենք շատ դժվարին, շատ փշոտ, բայց, միեւնույն ժամանակ, հետաքրքիր ժամանակ, որի արդյունքում, կարծում եմ, շահել են շատ ու շատ քաղաքացիներ, եւ շատ բան հաջողվել է անել»: Եվ, Ուրիխանյանի խոսքով առանձին կուրս իրականացնելու համար անհրաժեշտ են առանձին գործեր: Անհամբերությամբ սպասում ենք այդ նոր՝ «առանձին» գործերին»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մարտի 1-ի նախօրյակին սեւազգեստ մայրերը կրկին բարձրացնում են Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդներին 30 միլիոն դրամ փոխհատուցում տալու եւ իրենց չտալու թեման, համարում են, որ անարդար է Երեւանի կենտրոնում զոհվածներին փոխհատուցումներ տալ, իսկ բանակում զոհված իրենց որդիների համար՝ ոչ։ «Հանցագործության տուժողներին փոխհատուցում տրվում է քրեական դատավարության սահմանած կարգով, ես տեղյակ չեմ, թե ինչ հիմքով է տրվել այդ փոխհատուցումը, բայց եթե քրեական դատավարության կարգով տրված լիներ, ապա այն պետք է հաստատված լիներ համապատասխան դատավճռով»,- ասաց ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը: Տրվել է կառավարության որոշմամբ՝ կառավարությունը նման իրավասությամբ օժտված չէ՞։ «Անկեղծ ասած` կառավարությունն ում ցանկանա, կարող է գումար հատկացնել, բայց դա քաղաքական քայլ էր` իմ կարծիքով, որովհետեւ հանցագործության պատճառած վնասը փոխհատուցվում է դատարանով, սակայն նման որոշում չկա։ Խնդիրն այլ տեղ է. եթե Մարտի 1-ի տուժածներին փոխհատուցել են որպես հանցագործությունից տուժածների, ուրեմն պետք է այն տարածվի հանցագործություններից տուժած բոլորի վրա»: Բոլորի` ո՞ւմ։ «Ցանկացած հանցագործության, որի հետեւանքով մարդ է սպանվել, պետք է կառավարության կողմից տրվի փոխհատուցում, եւ նորմը պետք է կիրառվի բոլորի վրա` անխտիր, բացառվի խտրականությունը»:
«Փաստ» թերթը գրում է. «Ֆինանսների նախարարության գնումների համակարգում Էջմիածնի քաղաքապետարանը ներկայացրել է 2020 թվականի իր գնումների պլանը, որն, ի դեպ, ներկայացման առաջին օրվանից ի վեր փոփոխվել է արդեն չորրորդ անգամ։ Գնման պլանում մանրամասնորեն նշված է, թե քաղաքապետարանն ինչ ապրանքներ եւ ծառայություններ է մտադիր ձեռք բերել այս տարի։ Ցանկից տեղեկանում ենք, որ քաղաքապետարանը կգնի գրասենյակային եւ տնտեսական իրեր, օդորակիչներ, որոշակի գումար է նախատեսված մեքենաների նորոգման, ավտոպահեստամասերի գնման, էլեկտրաէներգիայի, բնական գազի, ջրամատակարարման, ֆիքսված եւ բջջային հեռախոսակապի, ինտերնետի եւ փոստային ծառայությունների համար։ Քաղաքապետարանը 19 մլն 115 հազար դրամ մտադիր է ծախսել համաքաղաքային միջոցառումների անցկացման, կես միլիոն դրամ՝ ծաղկեպսակների եւ ծաղիկների ձեռքբերման նպատակով։ Շատ ծառայությունների եւ ապրանքների ձեռքբերումը միտված է քաղաքապետարանի բնականոն գործունեության ապահովմանը։ Սա որեւէ մեկը չի վիճարկում, այլ հարց է, որ մշտապես հարցեր է առաջացնում գնման գործընթացների ժամանակ մրցույթների կազմակերպումը, խոսքն, ի դեպ, բոլոր ոլորտների գերատեսչությունների մասին է։ Գյուղապետարանների եւ քաղաքապետարանների գնումների ցանկերում «Փաստի» ուշադրությունից չեն վրիպում այն ապրանքները, որոնք առաջին հայացքից վստահաբար անմիջական կապ չունեն գերատեսչության աշխատանքի հետ։ Եվ այսպես՝ Էջմիածնի քաղաքապետարանը 2020 թվականին մտադիր է ձեռք բերել 5 հատ ոսկե մատանի՝ ադամանդե քարերով։ Ի դեպ, նշենք, որ մատանիների գնման «անհրաժեշտությունն» առաջացել է գնումների պլանում կատարված չորրորդ փոփոխության ժամանակ»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Հայաստանի անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում կադրային զտում է, եւ կոմիտեի նորանշանակ ղեկավար Սուրեն Թովմասյանը լծվել է հին կադրերից ազատվելու գործին: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ներկայիս ղեկավարն այս ընթացքում փորձում է ձերբազատվել ոչ միայն Սարհատ Պետրոսյանի կադրերից, այլեւ նրանցից, որոնք տասնյակ տարիներ աշխատել են այս համակարգում: ակ՝ այս տարեսկզբին աշխատանքից ազատվեց Անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման ղեկավար Արթուր Պետրոսյանը, բայց, ըստ պաշտոնական հաղորդագրության, Պետրոսյանն ազատվել է առողջական խնդիրների պատճառով: Եվ այս ընթացքում Կադաստրի կոմիտեում թափուր պաշտոններ կան, որոնք զբաղեցնելու համար մրցույթներ են տեղի ունենում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաեւ, որ Կադաստրի կոմիտեում զուգահեռ բարեփոխումների գործընթաց է սկսվել, որը ղեկավարում է տեղակալ Դավիթ Սողոմոնյանը: Խոսքը կադաստրային քարտեզների մասին է: Պարզվում է՝ կադաստրային քարտեզները կոմիտեի աշխատակազմը փորձում է բերել այն տեսքի, որպեսզի բնակիչը խնդիր չունենա: Իսկ մինչ այդ, նշենք, որ այս երեւույթը դատական քաշքշուկների, բանկային խնդիրների պատճառ է դառնում: «Ժողովուրդ» օրաթերթին հասած մասնագետի խոսքով՝ Կադաստրի դատական հայցերի գերակշիռ մասը չի բավարարվում, ինչի հետեւանքով Կադաստրը Արդարադատության նախարարությանը պարտք է ավելի քան 200 մլն դրամ»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, 2020 թվականի հունվարի 22-ին Ազգային ժողովը ամբողջությամբ ընդունեց քրեական ենթամշակույթին հարող անձանց՝ «օրենքով գողերի» վերաբերյալ օրենքի նախագիծը: Եվ, ահա, օրենքի ընդունումից հետո նկատում ենք, որ ոստիկանության դիմակավորված աշխատակիցները քրեական ենթամշակույթ կրող անձանց են բերման ենթարկում: Ոստիկանության հրապարակված տեսանյութերում մի շարք կասկածելի դրվագներ կան. Գեղարքունիքի մարզում քրեական ենթամշակույթ կրող անձանց բերման ենթարկելու կադրերում երևում է, որ մարդկանց պառկեցնում են չոր ասֆալտին և տանում ոստիկանության համապատասխան բաժիններ, մինչդեռ այնտեղ այդ օրերին առատ ձյուն էր: Չի բացառվում, որ ոստիկանությունը նախկին կադրերն է օգտագործում` ցույց տալու, թե գործ է անում: Օրերս էլ ապօրինի զենք պահելու կասկածանքով բերման էր ենթարկվել Նորատուսցի Ալիկ անունով Ալիկ Բանդուրյանը, որը ոստիկանության մոտ ծիծաղում, կատակներ էր անում՝ ցույց տալով, թե որքան անլուրջ է վերաբերվում ոստիկանության գործողություններին: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանից հետաքրքրվեց՝ արդյոք այդպես է պատկերացնում քրեական ենթամշակույթի դեմ պայքարը: «Ես չեմ կարող ոստիկանության աշխատանքից գոհ լինել կամ դժգոհ լինել, քանի որ ոստիկանության պետը պետք է գնահատի: Ոստիկանությունը բավականին լայն լիազորություններ ունի ու, կախված լիազորությունների բնույթից, տարբեր դեպքերում տարբեր կերպ է իր լիազորությունները իրականացնում», – նշեց նա` դժվարանալով ասել, թե օրենքի ընդունումից հետո քանի քրեածին տարր է դարձի եկել»:
«Իրավունք» օրաթերթը գրում է. «Տևական ժամանակ է՝ հանրության շրջանում տեղեկություններ են շրջանառվում, որ գազի սակագինը ապրիլի 1-ից թանկանալու է (այլ տարբերակով՝ թանկացման հայտ է ներկայացվելու) առնվազն 11 դրամով՝ դառնալով 150 դրամ մեկ խորանարդի համար: Ավելին, ըստ մեր որոշ աղբյուրների, որոնք միշտ էլ աչքի են ընկել քաջատեղյակությամբ, գազն այս պահին արդեն իսկ փաստացի թանկացել է: Պարզապես, ըստ այդ լուրերի, ավելորդ աղմուկից խուսափելու համար այդ ավելորդ մասը փոխհատուցվում է պետական բյուջեից: Որքանո՞վ են վերոնշյալ լուրերը համապատասխանում իրականությանը, փորձեցինք պարզել «Գազպրոմ Արմենիայի» լրատվական ծառայությունից: Այնտեղից սակայն, ինչպես ենթադրելի էր, հերքեցին տարածված լուրը առ այն, որ այս պահին թանկացել է, և որ բյուջեն է այն փոխհատուցում. «Պաշտոնապես հերքում ենք Ձեր կողմից մատնանշված լուրերը, դրանք չեն համապատասխանում իրականությանը»: Հարցին, իսկ ապրիլի մեկից գազի թանկացման մասին լուրերը և՞ս հերքում են, մեզ պատասխանեցին. «Այս պահին որևէ մեկնաբանություն չենք տալիս, մենք նախապես ասել էինք, որ, այո, ներկայումս ընկերությունում քննարկվում է սակագնի վերանայման հայտ: Մնացածը՝ ըստ սահմանված կարգի և սահմանված ժամկետներում կծանուցվի»: