Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Երևանում նախկին բարձրաստիճան պաշտոնայների՝ ապօրինի կառուցած առանձնատներին՝ նշելով, որ հարկ եղած դեպքում պետք է կիրառել «անցումային արդարադատության գործիքակազմ»:
Փաշինյանն այս խնդրի մասին խոսեց գյուղական բնակավայրերում տների կառուցման վերաբերյալ քննարկման ժամանակ: «Գյուղերում կառուցվում են առանց որևէ ճարտարապետական նախագծի՝ 4 պատ, տանիք, աստիճան, և դրանով ամեն ինչ ավարտվում է»,- ասաց նա ու անդրադարձավ մայրաքաղաքում ապօրինի կառուցված առանձնատներին:
«Երևանի գլխավոր զբոսայգին մեջ-մեջ են արել, ապօրինի կառուցել դղյակներ, հիմա էլ եկել ու ասում են օրինականացրեք: Հակառակ պարագայում դատի կտանք: Ըստ էության, ապօրինի օտարված տարածքնեի վրա կառուցվել են աօրինի շինություններ: Պարզվում է, որ նախկինում օրենսդրությունը կազմվել է այնպես, որ Երևանի քաղաքապետարանն այլ տարբերակ չունենա, քան այդ շինություններն օրինականացնելն է», - ասաց Փաշինյանը:
Վարչապետն Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին հանձնարարեց այս հարցը քննարկել Երևանի քաղաքապետի հետ ու լուծումներ գտնել: «Խնդրին պետք լուծում տալ: Սա ուղղակի արհամարհանք է հանրության կարծիքի նկատմամբ: Սա շատ կարևոր հարց է, անհրաժեշտության դեպքում այստեղ պետք է անցումային արդարադատության գործիքներ կիրառել ու գնալ առաջ», - ասաց նա:
Նախարարն իր հերթին նշեց, որ այնպես, ինչպես վարչապետն է ներկայացրել, լուծումներ կան: «Մենք խորությամբ կուսումնասիրենք խնդիրը և կտանք հստակ պատասխան: Այնքանով, որքանով դուք ներկայացրեցիք, առաջին տպավորությունն այն է, որ լուծում կա», - ասաց Ռուստամ Բադասյանը:
Խնդրին անդրադարձավ նաև վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը՝ նշելով, որ ապօրինի շինությունների հարցով ձևավորվել է աշխատանքային խումբ:
«Նպատակն է ուսումնասիրել և լուծումներ առաջարկել օրենսդրական դաշտում Ձեր նշած խնդիրներին: Մասնավորապես ապօրինի շինությունների օրինականացման հետ կապված: Առանցքային հարց է արդեն գոյություն ունեցող ապօրինի շենք-շինությունները: Այս ուղղությամբ աշխատանքներ տարվում են», - ասաց Աղաջանյանը՝ խոստանալով մինչև օրվա վերջ զեկուցել վարչապետին տարվող աշխատնքների մասին: