Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փետրվարի 15-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում մասնակցում են «Թարմացում Լեռնային Ղարաբաղի հարցով» խորագրով քննարկման, որը վարում է ԱՄՆ-Ռուսաստան հիմնադրամի նախագահ և գործադիր տնօրեն Սելեստա Վալենդերը։
Թոք շոուի ձևաչափով քնարկումն անցավ բավականին կտիվ: Հատկանշական է, որ քնարկումից առաջ տեղի էր ունեցել երկու ղեկավարների հանդիպումը։ Համաժողովի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ։
Հղում պատմությանը
Ալիևն իր ելույթում վկայակոչեց ՄԱԿ-ի չորս բանաձևերը, որոնք ընդունվել է արղախյան պատերազմի ընթացքում: Դրանցում կոչ է արվում կողմերին դադարեցնել պատերազմը: Նրան հակադարձեց Փաշինյանը՝ նշելով. «Առաջին հերթին Ադրբեջանն է, որ չի պահպանել Անվտանգության խորհրդի փաստաթղթի պայմանները: Ինչ վերաբերում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի փաստաթղթերին՝ դրանց ընդհանուր իմաստն է՝ առանց պայմանների և անհապաղ հաստատել հրադադար»:
Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է, դա պատմական փաստ է, ասաց Ալիևը՝ ներկայացնելով ղարաբաղյան հակամարտության պատմության ադրբեջանական վարկածը, խոսում է «հայկական ագրեսիայի մասին»։
Փաշինյանն ելույթում խոսեց ղարաբաղյան հարցում միկրոհեղափոխությունների գաղափարի մասին, որոնք նախաձեռնել է ինքը։ «Ես առաջինը խոսեցի, որ հակամարտության կարգավորումը պետք է ընդունելի լինի բոլոր կողմերի համար», - ասաց նա՝ հավելելով, որ չարժե՝ Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդները կրկնեն նույն բաները։ «Միջազգային հանրությունը հոգնել է՝ լսելով նույն բաները», - ասաց նա՝ հիշեցնելով, որ Լեռնային Ղարաբաղը անկախություն ձեռք բերեց Խորհրդային Միությունից և Խորհրդային Ադրբեջանից։
«Ղարաբաղը մտցվել է Ադրբեջանի կազմի մեջ միայն ԽՍՀՄ ձևավորման գործընթացում», - հավելեց Փաշինյանը՝ նշելով, որ տարածքային ամբողջականության մասին խոսելով՝ պետք է որոշենք՝ որ երկրի մասին է խոսքը:
Հանդիպման ժամանակ նաև հնչեցին հարցեր: Հարցին՝ ինչ կուզեիք տեսնել միջազգային հանրությունից որպես լուծման օժանդակություն, Ալիևն ասաց. «Մենք եկել ենք այստեղ՝ ասելու ճշմարտությունը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է Հայաստանին բացատրեն, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստան չէ։ Միջազգային ավելի մեծ ճնշում պետք է լինի Հայաստանի վրա, որ նա կատարի ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերը»:
Նրա խոսքով, հայկական զորքերը պետք է անհապաղ հեռացվեն բռնագրավված տարածքներից՝ յոթ շրջաններից, որտեղ հայերը երբեք չեն ապրել։ «Հայերը փոխել են մեր շրջանների անունները և մեզ ասում են, որ հաշտվենք այս իրողության հետ», - ասաց նա։
Ակնակլիքը միջազգային հանրությունից
Փաշինյանն իր հերթին հայտարարեց, որ կոչ է անում միջազգային հանրությանը՝ արձանագրել այս փաստը՝ հակամարտության ռազմական լուծում չի կարող լինել։ «Ես հասկանում եմ իմ պատասխանատվությունը նաև տարածաշրջանի անվտանգության հարցում։ Մեր երկուստեք անելիքն այն է՝ ձևավորել երկարատև խաղաղություն», - ասաց նա՝ կոչ անելով Ալիևին շատ հեռու չգնալ պատմական ակնարկներում, քանի որ դա ճիշտ չէ։
Հայաստանի վարչապետը նաև նշեց, որ հանձնառու է բանակցային գործընթացին․ «Դրանք պետք է տեղի ունենան ՄԽ ձևաչափով։ Մենք պատրաստ ենք գործադրել իրական ջանքեր՝ իրական փոփոխություն բերելու»։ «Անհնար է այս տևական հակամարտությունը լուծել մեկ-երկու քայլով։ Մեզ անհրաժեշտ են այս հարցում միկրո-հեղափոխություններ», - ասաց նա՝ կրկնելով, որ լուծումը պետք է ընդունելի լինի Ադրբեջանի, Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար։
«Նախագահ Ալիևը հրաժարվում է խոսել ԼՂ ներկայացուցիչների հետ։ ԼՂ-ն ճանաչվել էր որպես բանակցային կողմ՝ ԵԱՀԿ-ի կողմից», - ասաց նա, որին հակադարձեց Ալիևը. «Լեռնային Ղարաբաղը բանակցային կողմ չէ։ Մեր տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի»:
Ալիևն ու Փաշինյանը խոեսցին անցյալ տարի տեղի ունեցած լրագրողների այցի մասին: «Տեղի են ունեցել լրագրողների այցեր, պետք է շարունակել այդ քայլերը», - ասաց Ալիևը։
Կարգավորման ճանապարհը
Ալիևը կարծում է, որ հակամարտության կարգավորումը պետք է տեղի ունենա փուլային ճանապարհով։ «Նախ պետք է տեղի ունենա տարածքների վերադարձ, վերաբնակեցում։ Առանց տարածքները վերադարձնելու հնարավոր չի լինի քննարկել կարգավիճակի հարցը», - ասաց նա։
Փաշինյանը հակադարձեց, որ կարգավորում ասելով Ադրբեջանը խոսում է տարածքների մասին: «Բայց հայերի համար, Արցախի համար սա առաջին հերթին անվտանգության խնդիր է: Ներկա ստատուս քվոն ձևավորվել է այն բանից հետո, երբ Ադրբեջանն ի պատասխան Արցախի բնակչության ինքնորոշման մասին պահանջներին, սկսեց ռազմական գործողություններ խաղաղ բնակչության դեմ», - ասաց նա՝ միևնույն ժամանակ նշելով, որ Դուշանբեի հանդիպումից հետո տեղի ունեցավ առաջնագծում լարվածության նվազեցում։
Եզրափակիչ մեկնաբանություններ
«Վարչապետ Փաշինյանը խոսում է ինքնորոշումից: Ուզում եմ ասել, որ հայ ժողովուրդն ինքնորոշվել է՝ ունի Հայաստան պետություն, խորհուրդ եմ տալիս երկրորդ անգամ ինքնորոշվել երկրագնդի վրա որևէ այլ տեղ՝ Ադրբեջանի տարածքից դուրս», - ասաց Ալիևը։
Փաշինյանը հակադարձեց, որ ինքնրոշորման մասով Ալիև ճիշտ չէ: Նա ևս մեկ անգամ հղում կատարեց պատմությանը. «Տիգրան Մեծի ժամանակներում մեր ամբողջ տարածաշրջանում երկու ազգ կար՝ հայեր և վրացիներ։ Դա կարելի է գտնել պատմության ցանկացած դասագրքում»
Այնուհետև Փաշինյանը կարևորեց անվտանգության ապահովման խնդիրը: «Որևէ մեկը չի կարող հրաժարվել անվտանգությունից։ Իմ որդին ծառայում է Լեռնային Ղարաբաղում, նա կամավոր գնած Ղարաբաղ ծառայելու՝ պաշտպանելու իր հայրենակիցներին», - ասաց նա՝ հավելելով, որ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը պատրաստ են իրոք ջանք գործադրել այս հակամարտությունը լուծելու համար։