25.11.2024
Եվրամիություն-Հայաստան. աջակցություն բարեփոխումների դիմաց
prev Նախորդ նորություն

Սեյրան Օհանյանը չի բացառում, որ Թուրքիան կարող է խախտել Հայաստանի սահմանը

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, որն այսօր հյուրընկալվել էր Երեւանի պետական համալսարանում, ըստ էության չբացառեց, որ ռուս-թուրքական հարաբերությունների սրման ֆոնին Թուրքիան կարող է խախտել Հայաստանի օդային սահմանը՝ նշելով, որ այդ պարագայում Երևանը կձեռնարկի պաշտպանական գործողություններ:

Հայտնի է, որ Ռուսաստանի Հարավային ռազմական օկրուգի ռազմակայաններում, այդ թվում՝ Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմակայանում, նախօրեին սկսվել են ռազմական պատրաստականության անակնալ ստուգումներ՝ Հարավային ռազմական օկրուգի բոլոր զորամասերը բերելով ռազմական ամբողջական պատրաստականության, հայտնում է "Հայկական ժամանակը":

ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողների հետ հանդիպման ժամանակ, պատասխանելով ներկաներից մեկի հարցին, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարեց. «Հարավային օկրուգում իրականացվող միջոցառումներին մասնակցում է նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված 102-րդ ռազմական բազան: Կարծես թե իրենց այդ հանկարծակի ստուգումը համատեղվել է մեր՝ Երեւանում տեղակայված 5-րդ զորամիավորման հանկարծակի ստուգման հետ, որը մենք մեկ օր առաջ էինք իրականացրել: Եւ այդ երկու ստուգումների ընթացքում համատեղ, եթե խնդիրներ լինեն, անպայման մենք կարծարծենք: Իսկ ինչ վերաբերում է հակաօդային պաշտպանությանը, եթե խնդիրներ առաջադրվեն Հարավային օկրուգին, որոնք վերաբերում են հենց մեր տարածաշրջանի հակաօդային պաշտպանության խնդիրների կատարմանը, ապա դրանում մենք մեր մասնակցությունը կունենանք»:

Հիշեցնենք, որ այս օրերին Ռուսաստանում նաեւ առաջ է քաշվել 1921 թվականի մարտի 16-ի ռուս-թուրքական բարեկամության եւ եղբայրության մասին պայմանագիրը չեղյալ հայտարարելու հարցը: Նման առաջարկով Ռուսաստանի նախագահ Վլադմիր Պուտինին են դիմել Պետդումայի կոմկուսի երկու պատգամավորներ:

Թե որքանով է հավանական, որ ռուս-թուրքայան վերոնշյալ պայմանագիրն իսկապես չեղյալ արվի եւ դա ինչ ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի վրա, Օհանյանը պատասխանեց, որ այդ զարգացումների մասին ինքը տեղյակ չէ: «Ես, ճիշտն ասած, չեմ լսել: Այնպիսի հարց եք տալիս, չեմ լսել, տեղյակ չեմ»,- ասաց նա: