Եվրամիություն-Հայաստան. աջակցություն բարեփոխումների դիմաց
Շվեդիան այն երկրների խմբում է, որոնք ջանք են գործադրում Արևելյան գործընկերությունը առաջ մղելու և այն Եվրամիության օրակարգում որպես գերակայություն ամրագրելու համար: Այս մասին Հայասանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսին Երևանում այսօր հայտարարեց Արևելյան գործընկերության նախաձեռնող երկրներից Շվեդիայի արտգործնախարար Մարգոտ Վալստրյոմը:
«Դուք կարող եք վստահել մեզ, հույս դնել մեզ վրա: Արևելյան գործընկերության հետ կապված, թերևս, ավելի անհատական մոտեցման ականատեսը կլինենք: Սա նշանակում է երկրների հետ առանձին-առանձին գործ ունենալ՝ կիրառելով «ավելին՝ ավելիի դիմաց» սկզբունքը: Կարծում ենք, ակտիվացված շփումները առաջ գնալու լավագույն ճանապարհն են, որովհետև պետք է հստակ իմանանք, թե այստեղ ինչ է կատարվում, ինչ առաջընթաց ունեն բարեփոխումները: Շրջանակային համաձայնագրի կնքումն այս ամենի լավագույն ցուցիչը կլինի», - հայտարարեց դիվանագետը՝ հավելելով, որ Հայաստանն ավելի մեծ աջակցություն կստանա Եվրամիությունից միայն ավելի շատ բարեփոխումների դիմաց, հայտնում է Ազատությունը:
Նոր շրջանակային համաձայնագրի շուրջ Հայաստանի ու Եվրամիության բանակցությունները մեկնարկել են անցած դեկտեմբերին Բրյուսելում՝ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ու Եվրամիության արտաքին քաղաքականության ու պաշտպանության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինի մասնակցությամբ: Սպասվում է, որ Մոգերինին հաջորդ ամիս կայցելի Երևան, ինչը կարող է նոր թափ հաղորդել բանակցություններին:
Այնուհետև նույն օրն ընդունելով Մարգոտ Վալստրյոմին՝ Հայաստան - Եվրամիություն բանակցություններից է խոսել նաև նախագահ Սերժ Սարգսյանը՝ մեծապես գնահատելով Եվրամիության աջակցությունը Հայաստանում իրականացվող բարեփոխումներին:
Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը, ով ևս հանդիպել է Մարգոտ Վալստրյոմին՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ միասին, հայտնել է, որ Հայաստանի իշխանությունները միջազգային հանրության առջև երեք քննություն ունեն հանձնելու, որոնցից առաջինը սահմանադրական հանրաքվեն էր:
«Դժբախտաբար, Հայաստանի իշխանությունները ձախողեցին առաջին քննությունը: Երկրորդ քննությունը Ընտրական օրենսգիրքն է, որը հետևելու է սահմանադրակաան հանրաքվեին: Եվ վերաջապես՝ 2017 թվականի մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունները: Դրանք վճռական նշանակություն են ունենալու Հայաստանի ապագայի համար, և առաջիկա ընտրությունների արդյունքները շատ ավելի կարևոր են, քան նախորդ ընտրություններինը», - ասել է նա: