VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունը Հրայր Թովմասյանին չեզոքացնելու ճանապարհին երեկ հանգեց սահմանադրական բարեփոխումների նախագիծը հանրաքվեի դնելու որոշմանը։ Սակայն եթե անգամ հաջողվի շրջանցել Սահմանադրական դատարանի համաձայնությունը, այնուամենայնիվ, Սահմանադրությունն ինքնապաշտպանության եւս մեկ մեխանիզմ է սահմանել, որը շրջանցել չի հաջողվի։ Ըստ Սահմանադրության 207-րդ հոդվածի՝ հանրաքվեի դրված ակտն ընդունվում է, եթե դրան կողմ է քվեարկել հանրաքվեի մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան հանրաքվեներին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների մեկ քառորդը: ՀՀ-ում, վերջին տվյալներով, քվեարկելու իրավունք ունի 2 մլն 574 հազար 916 մարդ, որի մեկ քառորդը կազմում է 643 հազար 729 ձայն։ Այսինքն, որպեսզի հանրաքվեն ավարտվի ցանկալի ելքով, իշխանություններին հարկավոր է ստանալ մոտ 650 հազար ձայն։ Համեմատության համար նշենք, որ 2018 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ, երբ հեղափոխական էյֆորիան պիկի էր հասել, իշխանությունը հավաքել է 884 հազար 849 ձայն։ Բայց պետք է հաշվի առնել ոչ միայն այն, որ համապետական ընտրություններին մասնակցությունը միշտ ակտիվ է, իսկ Փաշինյանի ռեյտինգն էլ օր-օրի նվազում է, եւ դժվար է պատկերացնել, որ 650 հազար մարդ կմասնակցի հանրաքվեին եւ կողմ կքվեարկի իշխանությունների նախաձեռնած փոփոխություններին, որոնցով ոչ թե սուպերվարչապետական համակարգն է փոխվելու, այլ ընդամենը ՍԴ գործող կազմից են ուզում ազատվել»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի նախագահի եւ ԵԱՀԿ ու ԵԽ անդամ երկրների` Հայաստանում հավատարմագրված դեսպանների նախօրեի հանդիպումն անցել է բավականին սառը մթնոլորտում։ Չնայած Արարատ Միրզոյանն ու Ռուբեն Ռուբինյանը մանրամասն ներկայացրել են ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակը եւ փորձել են շահել դեսպանների համակրանքն ու որեւէ դրական արձագանք կորզել նրանցից, այդուհանդերձ, վերջիններս բավականին զուսպ են եղել եւ գրեթե ոչ մի դրական մեսիջ չեն հղել։ Ըստ տեղեկությունների, նաեւ այս հանդիպումն է եղել պատճառը, որ իմքայլականները որոշել են օրակարգից հանել հակասահմանադրական ակնառու փոփոխությունների նախագծերը՝ Վահագն Հովակիմյանի հեղինակած, որով փորձ էր արվում յուրացնել ՍԴ լիազորությունները եւ շրջանցել ՍԴ եւ ՀՀ նախագահի կարծիքը՝ սահմանադրական փոփոխությունների ժամանակ»:
«Իրավունք»․ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, սահմանադրական փոփոխությունների տխրահռչակ նախագծի հեղինակ Վահագն Հովակիմյանին, որը կիլոմետրերով հեռու է իրավաբանությունից, բայց լուրջ դեմքով երեկ ԱԺ ամբիոնից հանդես էր գալիս որպես հիմնական զեկուցող, լուրջ չեն վերաբերվում անգամ հարազատ խմբակցությունում։ Երեկ ակնհայտ էր իմքայլականների քմծիծաղը Հովակիմյանի արտահայտած մտքերի վերաբերյալ։ Հատկապես իրավաբանական կրթություն ունեցող պատգամավորները ծափ ու ծիծաղի էին վերածել Հովակիմյանի ակտիվությունը, ոմանք էլ հեգնում էին, թե դարձել է օրվա «հերոսը»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ թոհուբոհի մեջ աննկատ չմնաց ԲՀԿ-ականների խորամանկ տրյուկը։ Նրանք, ի տարբերություն ԼՀԿ-ի, բավականին զուսպ էին իշխանություններին քննադատելու հարցում, եւ երբ եկավ ելույթների պահը, ԱԺ դահլիճում մարդ չմնաց՝ գնացին Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպման, իսկ երբ վերադարձան, ելույթների հերթագրումն ավարտվել էր։ Հարցրինք, թե ինչու այդ «ճակատագրական» պահին լքեցին խրամատը, սակայն ո՛չ Միքայել Մելքումյանը, ո՛չ Իվետա Տոնոյանը հստակ պատասխան չտվեցին, ասացին միայն, որ շատ կարեւոր հանդիպում ունեին։ Ապա միայն Միքայել Մելքումյանը ելույթ ունեցավ՝ ԲՀԿ խմբակցության անունից»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանական շրջանակներում, դեռ «արջին» չսպանած, կիսում են նրա մորթին, որոշում, թե ովքեր են դառնալու ապագա ՍԴ դատավորներ։ «Առայժմ հայտնի է նախկին օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի անունը, որը «նոն ստոպ» հարցազրույցներ է տալիս։ Ավելին` ՍԴ նախագահի պոտենցիալ թեկնածու` ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի վերջին շրջանի «երկչոտ» պահվածքի ֆոնին կարող է նաեւ ՍԴ նախագահի հավակնություններ ունենալ։ Նա թիմի անդամ չէ, բայց եվրոպական կառույցների հետ լավ հարաբերություններ, փորձ ունի, լեզուներ գիտի։ Եվ այնպես չէ, որ Եվրոպան ահավոր դեմ է այն ամենին, ինչ տեղի է ունենում հայոց պառլամենտում, չմտածեք, որ սիրտները ցավում է Հայաստանի համար՝ իրենք զգուշացնում են, մնացածը մեր որոշելիքն է։ Եթե ուզում ենք բռնապետությունում ապրել՝ խնդրեմ»,- ասաց ԱԺ մեր աղբյուրը»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Պարզվում է` «Իմ քայլի» ոչ բոլոր պատգամավորներն են «համաձայն» եղել ստորագրել ՍԴ դատավորներին վերաբերող օրինագիծը։ Առանց ամբողջ ցուցակը նրանց ցույց տալու, ասվել է, որ բոլորը ստորագրելու են։ Երբ ոմանք իմացել են, որ ընդամենը 37 հոգի են ստորագրողները, եւ նրանց մեջ չկան Փաշինյանի եղբորորդին ու աներորդին, նաեւ մի քանի իրավաբան, առավոտյան մի քանի հոգով բացատրություն են պահանջել ԱԺ ղեկավարությունից եւ հայտարարել, որ դեմ կքվեարկեն։ Նիստը չսկսված նախագծի հետկանչումն ու ստորագրություններով համալրելը նաեւ սրանով է պայմանավորված եղել: Ի վերջո, ներկայացվել է 44 հոգու ստորագրությամբ։ Ի դեպ, երեկ ՍԴ-ի ստեղծման 24-ամյակն էր, եւ Սահմանադրական դատարանում այդ առիթով ֆուրշեթ է եղել, շամպայն են բացել` միմյանց շնորհավորել: Հարցին` դրսից հյուրեր չե՞ն եղել, ասացին․ «Ոչ, մենք մերոնցով էինք»:
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ՍԴ-ին առնչվող օրենքի նոր փաթեթը «կենաց-մահու» կռիվ է դարձել իշխանությունների համար: «Իմքայլական» բոլոր պատգամավորները հատ-հատ մշակվել են. Բադասյանը թրեյնինգներ է անցկացրել նրանց հետ` «հետքայլի տեղ չունենք` за нами Москва» բովանդակությամբ: «Իմքայլականներին» հանրամատչելի բացատրվել է, որ եթե օրինագծի տակ չստորագրեն եւ չքվեարկեն, կհամարվեն դավաճան: Մոտիվացիան բացատրվել է առաջին հերթին հնի ու նորի, ապա նոր միայն Հրայրից, որպես «խանգարող հանգամանք», ազատվելու, եւ ոչ սահմանադրությունը ցանկացած տեղից «խուզելու» իրենց իրական մտահոգությամբ: Միաժամանակ հասկացրել են պատգամավորներին, որ հոգով «ուզեն» այդ օրինագծի ընդունումը, որովհետեւ իրենց «կյանքը» եւս վտանգվում է, եթե չկարողանան Փաշինյանի ուզածով անել։ Նիկոլը կմտածի, որ այս պառլամենտն ընդհանրապես բանի պետք չէ, եւ անպայման կցրի այն, ինչի մտադրությունն առանց այդ էլ ունի: Բայց քանի որ քայլական պատգամավորներն արդեն իսկ առել են իշխանության, գործուղումների, բարձր աշխատավարձի, պարգեւավճարների հանց երկնքից իջած մանանա հիշեցնող համը, պատրաստակամություն են հայտնել մեկ մարդու նման ստորագրելու օրինագծի նախագծի տակ»:
«Իրատես» թերթը գրում է. «Զարմանալի ազգ ենք։ Նիկոլ Փաշինյանի իշխանություն գալուց հետո գրեթե ամեն օր քննարկումների ծիրում էր այն, որ իշխանությանը հակակշռող ընդդիմություն չի ստեղծվում, չկա, չի ձեւավորվում։ Հիմա էլ պարզվում է, որ որոշ ուժեր փորձում են այս հարցում համախմբում իրականացնել, բայց նույն ընդդիմադիր հատվածից արդեն խանգարողներ կան։ Մեր տեղեկություններով, այս օրերին ընդդիմադիր որոշ թեւերի շրջանում սկսվել է ակտիվ պայքար՝ դաշտը նոր դեմքերի, ուժերի չթողնելու համար։ Կարապ-խեցգետին-գայլաձուկ եռյակի պես ամեն մեկը փորձում է իրենով ծածկել արտախորհրդարանական ընդդիմադիր հատվածը։ Ի դեպ, նրանց չի էլ հետաքրքրում, որ հին դեմքերը եւ ուժերը հանրային վստահության խնդիր ունեն։ Ոչ մեկը չի փորձում զիջել, ասպարեզը թողնել։ «Ոչ ոք չի ուզում տանուլ տալ, բոլորդ էլ վերցնել եք ուզում. բոլորինը` ինձ, իմը՝ ինձ, նրանը՝ ինձ, քոնը՝ ինձ։ Մազալու են մարդիկ»,- կասեր հայտնի ֆիլմի նույնքան հայտնի հերոսը, որը պատկերավոր բնութագրում է մեր այսօրվա վիճակը։ Իսկապես «մազալու» են այս ընդդիմադիրները»:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հայտնի «Օֆշորի» գործով 6 տարի բանտում անցկացրած ադամանդագործ Աշոտ Սուքիասյանը ՀՀ վերաքննիչ դատարանի կողմից արդարացվել է եւ 2020 թվականի հունվարի 31-ին քրեակատարողական հիմնարկից ազատ արձակվել: Ինչպես հայտնի է, 2013 թվականին գործարար Փայլակ Հայրապետյանը հայտարարել էր, թե իրեն պատկանող մոտ 100 միլիոն ԱՄՆ դոլարի անշարժ գույքը 2009թ. գրավ է դրել բանկերից մեկում, որը գնահատել է 33 միլիոն դոլար եւ դրա դիմաց գործարար Աշոտ Սուքիասյանին հատկացրել 10.7 միլիոն դոլար: Վերջինս, պայմանավորվածության համաձայն, այդ գումարը Աֆրիկայում ոսկու եւ ալմաստի արդյունահանման մեջ ներդնելու փոխարեն, փոխանցել է կիպրոսյան օֆշորային մի քանի ընկերությունների, այդ թվում՝ Wlispera Holdings Limited-ին, իսկ Փայլակ Հայրապետյանը զրկվել է ունեցվածքից: Կիպրոսի ռեգիստրի պաշտոնական կայքում Wlispera Holdings Limited-ի բաժնետեր նշվում էին Աշոտ Սուքիասյանը, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը: Եվ, ահա, 2017 թվականին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը «Օֆշորի» գործով մեղադրյալ Աշոտ Սուքիասյանին 16 տարվա ազատազրկման դատապարտեց: Նա բողոքարկել էր վճիռը ՀՀ վերաքննիչ դատարանում եւ Նոր Հայաստանում ճանաչվեց անմեղ: ՀՀ վերաքննիչ դատարանը գտել է, որ Սուքիասյանը խարդախությամբ եւ փողերի լվացմամբ չի զբաղվել, այլ հարկերից, տուրքերից կամ պարտադիր այլ վճարումներից չարամտորեն խուսափել է: Գործարար Հայրապետյանը այս որոշումը բողոքարկել է ՀՀ վճռաբեկ դատարանում»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրեր առաջ Սամվել Բաբայանի ղեկավարած «Միասնական հայրենիք» կուսակցությունը հայտարարություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ առաջիկա օրերին արտահերթ համագումար են անցկացնելու, որտեղ որոշվելու է նախագահական ընտրություններին առաջադրվող կամ սատարվող թեկնածուի անունը: Մինչ այդ հանրության շրջանում հնարավոր տարբեր վարկածներ էին շրջանառվում: Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպումներից հետո լուրեր շրջանառվեցին, թե նա է սատարվող թեկնածուն, այնուհետեւ Ստեփանակերտում լուրեր տարածվեցին, թե Բաբայանը հանդիպել է ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի հետ, եւ նրա որոշումը Մայիլյանի օգտին կլինի: Սակայն, «Փաստ» թերթի՝ արցախյան աղբյուրների փոխանցմամբ, Սամվել Բաբայանն ի վերջո որոշում է կայացրել գնալ սեփական թեկածուով: Նախնական տեղեկությունների համաձայն, Բաբայանի թեկնածուն կլինի Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Գագիկ Նազլուխանյանը, որն աշխատել է տարբեր գերատեսչություններում եւ հանդիսանում է Բաբայանի հավատարիմ դեմքերից մեկը»:
«Փաստ» թերթը գրում է. «Ասֆալտին փռելու, ապօրինի զենքի կասկածանքով բռնել-բաց թողնելու, Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին արտաքուստ ստվերվեց մի բավականին ուշագրավ տեղեկատվություն: Բանն այն է, որ ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից ՀՀ ոստիկանությունում իրականացրած ուսումնասիրությունների արդյունքներով ՀՀ ոստիկանության կողմից 2020 թվականի կարիքների համար կազմակերպված մի շարք ապրանքների եւ ծառայությունների ձեռքբերման նպատակով իրականացված գնման գործընթացներում տնտեսվել են խոշոր դրամական միջոցներ: Խնայողությունները կազմել են՝ 2020 թվականի համար միջնաժամկետ ծախսային ծրագրով հաստատված նշված ապրանքների, աշխատանքների եւ ծառայությունների ձեռքբերման նպատակով նախատեսված ֆինանսական միջոցների նկատմամբ՝ 956 մլն 272 հազար ՀՀ դրամ, 2020 թվականի համար նշված ապրանքների, աշխատանքների եւ ծառայությունների ձեռքբերման նպատակով կազմակերպված գնման ընթացակարգերում հայտերով ներկայացված նախահաշվային գների նկատմամբ՝ 505 մլն 132 հազար ՀՀ դրամ: «Փաստ» թերթի տեղեկություններով, ոստիկանության համապատասխան ստորաբաժանումները բոլոր մատակարարների հետ սկսել են բանակցությունների վերաբացման գործընթաց՝ առավել ցածր սակագների հնարավորություններ գտնելու նպատակով: Պատահական չէ, որ նույն ՊՎԾ հաղորդագրության մեջ նշված է, որ ՀՀ ոստիկանությունում խնայողություններն ունեն ավելանալու միտում»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի հազար խոշոր հարկատուների ցանկը մեկ ընկերությունով պակասել է: Խոսքը «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության մասին է, որը շահագործում էր Ալավերդու պղնձաձուլական գործարանը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընկերությունը հազար խոշոր հարկատուների անցած տարվա ցանկից դուրս է մնացել: Պատճառն այն է, որ ընկերությունը տևական ժամանակ է՝ չի շահագործում Ալավերդու պղնձաձուլարանը, մինչդեռ 2018 թվականին ընկերությունը պետական բյուջե կատարել է 996 մլն 993 հազար դրամի հարկային վճարում, իսկ 2017 թվականին՝ 902 մլն 919 հազար դրամի: Բայց, մյուս կողմից, խոշորների ցանկում տեղ է գտել «Թեղուտ» ընկերությունը, որը, ինչպես հայտնի է, շահագործում է Թեղուտի հանքավայրը: Այս ընկերությունը անցած տարի պետական բյուջե վճարել է 2 մլրդ 355 հազար դրամ, իսկ 2018 թվականին կատարած հարկային վճարումները կազմել են 3 մլրդ 973 մլն 256 հազար դրամ: Գաղտնիք չէ, որ Հայաստանի պետական բյուջեի հարկային մուտքերի մեծ մասը հիմնված է հանքարդյունաբերությունից գանձված հարկերի վրա, և որքան տատանվում են վճարվելիք գումարները, այդքան զգայուն է դառնում մեր տնտեսությունը: և զարմանալի չէ, քանի որ անցած տարի Հայաստանի ամենախոշոր հարկատուներից մեկը եղել է հանքարդյունաբերությամբ զբաղվող «Զանգեզուր» պղնձամոլիբդենային կոմբինատը, որը զբաղեցրել է ցանկի 2-րդ հորիզոնականը»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Ռուսաստանի իշխանությունները կարող են էականորեն խստացնել Հայաստանից այդ երկիր արտահանվող գյուղատնտեսական արտադրանքին ներկայացվող սանիտարահիգիենիկ պահանջները: Որոշ ապրանքների արտահանում կարող է ընդհանրապես արգելվել նույն այդ չափանիշների խստացման պատճառով: Այս պայմաններում Հայաստանի իշխանությունները պետք է փնտրեն իրացման այլ շուկաներ»:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Փետրվարի 5-ի առավոտյան Իսակով պողոտայում վթարի ենթարկված 99 համարի երթուղայինի վարորդը հարբած չի եղել: Ինչպես հայտնի է, այդ օրը՝ վթարից հետո, Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը շտապեց հայտարարություն տարածել, թե 99 երթուղու վարորդը հարբած վիճակում վթարի է ենթարկվել Իսակով պողոտայում, առավոտյան «դիսպետչերական» կետում պարտադիր գրանցում չի անցել: Հիվանդանոցում, սակայն, պարզվել է, որ վարորդի արտաշնչած օդի մեջ առկա է եղել 0,091 մգ ալկոհոլ: Իսկ ՀՀ վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 126-րդ հոդվածը սահմանում է. «Անձը համարվում է ոչ սթափ վիճակում գտնվող, եթե ստուգմամբ պարզվում է, որ նրա մեկ լիտր արյան մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը 0.8 գրամից կամ մեկ լիտր արտաշնչած օդի մեջ 0.4 միլիգրամից ավելի է»: Իսկ ինչո՞ւ էր ստում Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակը: Իհարկե, չի բացառվում, որ նա այս հարցում իր առաքելությունն է ունեցել՝ փրկելով քաղաքապետ Մարությանի, տրանսպորտի վարչության ԺՊ Էդգար Գալստյանի եւ ողջ վարչության դեմքը: Այնուամենայնիվ, «Ժողովուրդ» օրաթերթը երեկ եղավ N35 «դիսպետչերական» կետում, որտեղ վարորդը պետք է ուղեգիրը ներկայացներ: Ենթակարգավար Վարդեւան Ռեւազյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց. «Այո, վարորդը երեկ չի ներկայացել «դիսպետչերական» կետ ուղեգիրը «պեչատելու» համար: Սա առաջին դեպքն է՝ այդ վարորդի հետ կապված, երբեւէ խմած չի եկել աշխատանքի»:
«Իրավունք» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Վիլեն Գաբրիելյանին դեռ 2018-ին էին պաշտոն խոստացել։ Հիշեցնենք, որ օրեր առաջ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամն Վիլեն Գաբրիելյանը (Նավակ ճոճողը) նշանակվեց «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ տնօրեն։ Ինչպես մեր աղբյուրն է տեղեկացնում՝ Վիլեն Գաբրիելյանը հերթական քայլողն է եղել, ում դեռ 2018-ից էին պաշտոն խոստացել։ Մեր աղբյուրը հավաստիացնում է, որ Վիլեն Գաբրիելյանը, նույն ինքը՝ «Նավակ ճոճողը» շատ մտերիմ հարաբերությունների մեջ է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ իշխանափոխությունից հետո Տեր-Պետրոսյանը միջնորդել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար դառնա կա՛մ Վլադիմիր Կարապետյանը, կա՛մ Վիլեն Գաբրիելյանը, սակայն վարչապետ Փաշինյանն ընտրել է Վլադիմիր Կարապետյանին, քանի որ Նավակ ճոճողը մասնագիտությամբ դեղագործ է։ Բայց Նիկոլ Փաշինյանն իր խոսքի տերն էր, վերջապես գտավ համապատասխան աշխատանք «բազմակողմանի զարգացած» դեղագործի համար։ Այստեղից կարելի է եզրակացնել, որ քայլած քարը գետնին չի մնում»:
«Ժամանակ» թերթը գրում է. «2020 թվականի փետրվարի 5-ին «Լիդիանը» հեռացվել է Տորոնտոյի ֆոնդային բորսայի ցուցակներից՝ վերջինիս պահանջներին չհամապատասխանելու պատճառով: Բնապահպանները համարում են, որ դա տեղի է ունեցել Ամուլսար տանող ճանապարհների արդեն 17 ամիս շարունակվող շրջափակման և ընդդեմ հանքի շահագործման Ջերմուկ համայնքի բնակիչների հստակ դիրքորոշման հետևանքով»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի դպրոցները հայտնվել են շատ հակասական վիճակում: Այս տարվանից էականորեն՝ մոտ 20 տոկոսով պակասեցվել է դպրոցների ֆինանսավորումը: Մյուս կողմից՝ պետությունը բարձրացրել է ուսուցիչների աշխատավարձի դրույքաչափը: Սա նշանակում է, որ դպրոցների տնօրենները ստիպված պետք է կրճատեն ուսուցիչներին՝ նման ֆինանսավորման պայմաններում դպրոցի գոյությունը պահպանելու համար: Գյուղական դպրոցներից մեկի տնօրենը մեզ տեղեկացրեց, որ ինքը ստիպված կրճատելու է 7-8 մանկավարժի»: